21-30. Զգուշացում անհավատ հրեաներին – Գրադարան – Mashtoz.org

21-30. Զգուշացում անհավատ հրեաներին

⁓ Հվհ 1, 10; 3, 11.14.31; 4, 34; 7, 28.32-36; 8, 24; 10, 30; 12, 32.48-50; 13, 33-36; 16, 32; 17, 14;
≈ Մտթ 8, 20; Ել 3, 14; 2Օր 24, 16; Առկ 1, 28; Ես 43, 11; Եզկ 18, 20; 33, 12-20
 
21Նա, ապա, կրկին ասաց նրանց. «Ես գնում եմ և դուք փնտրելու եք ինձ, և ձեր մեղքի մեջ եք դուք մեռնելու: Ո՛ւր ես եմ գնում, դուք չեք կարող գալ»: 22Հրեաներն ուստի ասում էին. «Արդյոք ինքնասպանությո՞ւն է գործելու, քանի որ ասում է. ''Ո՛ւր ես եմ գնում, դուք չեք կարող գալ''»:
23Եվ Նա նրանց ասում էր. «Դուք ներքևից եք, ես վերևից եմ. դուք այս աշխարհից եք, ես այս աշխարհից չեմ: 24Ես ձեզ ասացի, ուրեմն, որ մեռնելու եք ձեր մեղքերի մեջ. արդարև, եթե չեք հավատում, որ Ես Եմ, մեռնելու եք ձեր մեղքերի մեջ»: 25Նրանք, ուստի, ասում էին Նրան. «Ո՞վ ես դու»: Հիսուսն ասաց նրանց. «Սկիզբը, որ և խոսում եմ ձեզ: 26Շա՜տ բաներ ունեմ ձեր մասին խոսելու և դատելու: Բայց Նա, Ով ուղարկել է ինձ, ճշմարիտ է. և ես, ինչ որ լսել եմ Նրանից, ա՛յն եմ խոսում աշխարհին»: 27Նրանք չհասկացան, որ Նա Հոր մասին էր խոսում իրենց:
28Հիսուսն, այնժամ, ասաց նրանց. «Երբ Մարդու Որդուն կբարձրացնեք, այդ ժամանակ կիմանաք, որ Ես Եմ, և որ ոչինչ ինքս ինձնից չեմ անում, այլ՝ ի՛նչ որ ուսուցանում է ինձ Հայրը, ա՛յն եմ ես խոսում: 29Եվ Նա, Ով ուղարկել է ինձ, իմ հետ է. ինձ մենակ չթողեց, որովհետև ես միշտ անում եմ այն բաները, որ Իրեն հաճելի են»: 30Երբ Նա այս բաներն ասաց, շատերը հավատացին Իրեն:
8, 21-23 - Այս տողերն առանձնանում են մի շարք հակադրություններով («ես ... , դուք ... », «դուք ... , ես ... »), որոնք ակնառու կերպով ընդգծում են Հիսուսի մտքի ու ընկալումների և Իրեն չընդունողների մտքի ու ընկալումների միջև գոյություն ունեցող վիհը:
 
8, 21 - «մեղքի». Որոշ ձեռագրեր, 24րդ տողի հետ նույնացնելով, այստեղ ևս գործածում են հոգնակի թիվը: Գրաբարը ևս: Այստեղ, սակայն, «մեղքը» բարոյական թերացումների իմաստ չունի, այլ՝ մատնանշում է անհավատության (անվստահության) դիրքորոշումը, մեղանչելը ճշմարտության դեմ, որով մարդը փակվում է Աստծո շնորհի դիմաց, և հետևաբար՝ չի կարողանում փրկություն գտնել, մնալով անհուսության մեջ («ձեր մեղքի մեջ եք դուք մեռնելու»): Հմմտ. Մտթ 12, 31-32 և 12, 31-32+:
 
8, 24 - «եթե չեք հավատում, որ Ես Եմ». Հուն. «ἐὰν γὰρ μὴ πιστεύσητε ὅτι Ἐγώ Εἰμι» - «էան գառ մէ պիստէուսետէ հոտի Էգօ Էիմի». Քանի դեռ փրկության բարի լուրը լսողը չի ընդունում, որ Հիսուսն Աստված է, Հորը հայտնելու նպատակով եկած Որդին. քանի դեռ չի հավատում Նրա աստվածային ինքնությանը («Ես Եմ») և որ Աստված Ինքն է խոսում և գործում հանձինս Նրա. քանի դեռ չի վստահում ու չի ապավինում Նրան, չի կարող մեղքի քավության և հավիտենական փրկության ապահով հույս ունենալ: – Հմմտ. 1, 4+ և 6, 35+, և 1, 14+-ի 4-5րդ մասերը:
 
8, 25 - «Սկիզբը». Հուն. «Τὴν ἀρχὴν» - «Տէն առխէն». Ոմանք թարգմանում են «սկզբից», բայց հունարեն բնագիրը և հայրախոսական ամենահին շրջանի թարգմանությունները (օրինակ՝ Վուլգաթան) ներկայացնում են այն տարբերակը, որը նախընտրում ենք նաև մենք այստեղ, որովհետև հավատարիմ կերպով համապատասխանում է հունարեն բնագրին, առանց մեկնաբանությունների հավելման, և առավել ճշգրիտ կերպով համապատասխանում է հատվածի ընդհանուր ենթատեքստին («Ես Եմ» - «Սկիզբը»): Գրաբարը ևս բավական մոտ է այս ընկալմանը. «Նախ՝ զի եւ խօսիմս իսկ ընդ ձեզ»։ – Հմմտ. 1, 1 և 1, 1+:
 
8, 28 - «կբարձրացնեք». Հուն. «ὑψώσητε» - «հյուփսօսետէ». Տե՛ս 3, 14 և 3, 14+: ꟷ
- «կիմանաք, որ Ես Եմ». Հուն. «τότε γνώσεσθε ὅτι Ἐγώ Εἰμι» - «տոտէ գնօսեսթէ հոտի Էգօ Էիմի». Հին Կտակարանում, «կիմանաք, որ Ես Եմ» կամ «որ ես Տերն եմ» (բնագրային եբրայեցերենում. «որ ես Յահվեն եմ») բանաձևը հաստատում և հռչակում է աստվածային զորությունը, կամ ավետում է Յահվեի բացառիկ ու մեծաշռինդ միջամտությունները (Ել 10, 2; Եզկ 6, 7.10.13; և այլն; հմմտ. Ես 43, 10): Այստեղ ավետվում է Հիսուսի փառավորումը խաչի վրա Իր «բարձրացման» ու Հարության միջոցով: Այդ իրադարձությունները կպատասխանեն հրեաների հարցին (25), բայց դատապարտելով նրանց անհավատությունը (հմմտ. 19, 37; Հյտ 1, 7; Մտթ 26, 64; 1Կր 2, 8):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։