01-44. Ղազարոսի վերակենդանացումը – Գրադարան – Mashtoz.org

01-44. Ղազարոսի վերակենդանացումը

⁓ Հվհ 1, 9-10.14; 2, 11.19; 3, 35; 5, 24-25.27-29; 6, 40.69; 8, 12.51.59; 9, 3; 10, 31.34; 11, 21.32.38.45; 12, 1-11.17-19.30.35; 13, 21; 14, 5; 17, 1; 19, 40; 20, 5-7.24-29
≈ Մտթ 7, 7; 9, 24.36; 14, 19.23; 16, 16; 22, 23; Մրկ 6, 34; 10, 32; 11, 24; Ղկս 7, 37; 10, 38-39; 19, 41; 1Հվհ 2, 10-11; 3, 14; Ես 49, 9
 
1Այդ ժամանակ մի հիվանդ մարդ կար՝ Ղազարոսը, Բեթանիայից՝ Մարիամի և նրա քույր Մարթայի գյուղից: 2Սա, արդ, այն Մարիամն էր, որ անուշահոտ յուղով օծել էր Տիրոջը և իր վարսերով չորացրել էր Նրա ոտքերը: Նրա եղբայր Ղազարոսն էր հիվանդ: 3Քույրերն, ուստի, Նրա մոտ մարդ ուղարկեցին՝ ասելու. «Տե՜ր, ահավասիկ նա, ում Դու սիրում ես, հիվանդ է»:
4Երբ Հիսուսը դա լսեց, ասաց. «Այս հիվանդությունը մահաբեր չէ, այլ՝ Աստծո փառքի համար է, որպեսզի դրանով Աստծո Որդին փառավորվի»: 5Հիսուսն, արդարև, սիրում էր Մարթային և նրա քրոջը, ու Ղազարոսին: 6Երբ, ուրեմն, լսեց, որ հիվանդ է, դրանից հետո դեռ երկու օր մնաց այնտեղ, ուր գտնվում էր: 7Դրանից հետո, ապա, Իր աշակերտներին ասաց. «Գնանք նորից Հուդեա»: 8Աշակերտներն ասացին Նրան. «Ռաբբի՜, դեռ նոր հրեաներն ուզում էին քարկոծել Քեզ, և Դու նորից այնտե՞ղ ես գնում»: 9Հիսուսը պատասխանեց. «Օրը տասներկու ժամ չունի՞: Եթե մեկը ցերեկն է քայլում, չի գայթում, որովհետև տեսնում է այս աշխարհի լույսը. 10իսկ եթե մեկը գիշերն է քայլում, գայթում է, որովհետև լույսն իր մեջ չէ»: 11Նա այս բաներն ասաց, իսկ հետո այս խոսքն ասաց նրանց. «Ղազարոսը՝ մեր ընկերը, ննջեց. բայց ես գնում եմ, որպեսզի արթնացնեմ նրան»: 12Այնժամ աշակերտներն ասացին Նրան. «Տե՜ր, եթե ննջել է, կառողջանա»: 13Բայց Հիսուսը նրա մահվան մասին էր խոսում, մինչդեռ նրանք կարծեցին, թե քնով հանգստանալու մասին էր ասում: 14Այնժամ, ուստի, Հիսուսը բացահայտ ասաց նրանց. «Ղազարոսը մեռավ: 15Եվ ես ուրախ եմ, որ այնտեղ չէի. ձե՛ր համար, որպեսզի դուք հավատաք: Բայց գնանք նրա մոտ»: 16Այնժամ Թովմասը, որ Դիդիմոս էր կոչվում, մյուս աշակերտներին ասաց. «Մենք էլ գնանք, որ Նրա հետ մեռնենք»:
17Երբ Հիսուսը եկավ, նրան արդեն չորս օրից ի վեր գերեզմանի մեջ դրված գտավ: 18Արդ, Բեթանիան մոտ էր Երուսաղեմին, մոտավորապես տասնհինգ ասպարեզ հեռավորության վրա. 19և բազմաթիվ հրեաներ էին եկել Մարթայի ու Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեին եղբոր համար: 20Մարթան, ուրեմն, երբ լսեց, որ Հիսուսը գալիս է, Նրան ընդառաջ գնաց. Մարիամը, մինչդեռ, նստած էր տանը: 21Մարթան, հետևաբար, ասաց Հիսուսին. «Տե՜ր, եթե Դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մեռնի: 22Բայց հիմա էլ գիտեմ, որ ի՛նչ էլ խնդրես Աստծուց, Աստված կտա Քեզ»: 23Հիսուսը նրան ասաց. «Եղբայրդ հարություն է առնելու»: 24Մարթան Նրան ասաց. «Գիտեմ, որ հարության ժամանակ՝ վերջին օրը, հարություն է առնելու»: 25Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը: Ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մեռնի, կապրի. 26իսկ ով ողջ է և հավատում է ինձ, երբեք չի մեռնի հավիտյան: Հավատո՞ւմ ես այս բանին»: 27Ասաց Նրան. «Այո՛, Տե՜ր, ես հավատացի, որ Դու ես Քրիստոսը՝ Աստծո Որդին. Նա, որ գալու էր աշխարհ»:
28Եվ երբ այս բաներն ասաց, գնաց և կանչեց Մարիամին՝ իր քրոջը, նրան ծածուկ ասելով. «Վարդապետը եկել է, և կանչում է քեզ»: 29Եվ նա, երբ լսեց, իսկույն վեր կացավ և գնաց Նրա մոտ: 30Արդ, Հիսուսը դեռ գյուղ չէր մտել, այլ՝ տակավին այն տեղում էր, որտեղ Մարթան հանդիպել էր Իրեն: 31Հրեաներն, ուստի, որ նրա հետ տանն էին և նրան մխիթարում էին, երբ տեսան Մարիամին, որ աճապարանքով վեր կացավ և դուրս ելավ, նրա ետևից գնացին՝ կարծելով, թե. «Գերեզման է գնում, որպեսզի այնտեղ լաց լինի»: 32Մարիամն, ուրեմն, երբ հասավ այն տեղը, ուր Հիսուսն էր, Նրան տեսնելով՝ Նրա ոտքերն ընկավ, ասելով Նրան. «Տե՜ր, եթե Դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մեռնի»: 33Հիսուսն, այնժամ, երբ տեսավ, թե նա ինչպե՛ս էր ողբում, և թե ինչպե՛ս էին ողբում նրա հետ եկած հրեաները, խորապես հուզվեց Իր հոգում ու խռովվեց, 34և ասաց. «Որտե՞ղ եք նրան դրել»: Նրանք ասացին Նրան. «Տե՜ր, ե՛կ և տե՛ս»:
35Հիսուսն արտասվեց: 36Հրեաներն, ուստի, ասում էին. «Տեսե՛ք, ինչքա՜ն էր նրան սիրում»: 37Նրանցից ոմանք, սակայն, ասացին. «Սա, որ կույրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաև այնպես անել, որ սա չմեռներ»:
38Հիսուսն, այդ ընթացքում, տակավին խորապես հուզված Իր ներսում, գնաց գերեզմանի մոտ: Արդ, դա մի քարայր էր, և մուտքը քարով փակված էր: 39Հիսուսն ասաց. «Վերցրե՛ք հեռացրե՛ք քարը»: Հանգուցյալի քույրը՝ Մարթան, ասաց Նրան. «Տե՜ր, արդեն վատ հոտ է արձակում, քանի որ չորս օրվա է»: 40Հիսուսը նրան ասաց. «Չասացի՞ քեզ, որ եթե հավատաս, կտեսնես Աստծո փառքը»: 41Նրանք, այնժամ, վերցրեցին հեռացրեցին քարը: Եվ Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՜յր, գոհություն եմ հայտնում Քեզ, որ լսեցիր ինձ: 42Այո՛, ես գիտեի, որ Դու միշտ լսում ես ինձ. բայց շուրջս կանգնած մարդկանց այս բազմության համար ասացի դա, որպեսզի հավատան, որ Դու ես ուղարկել ինձ»: 43Երբ այս բաներն ասաց, բարձր ձայնով գոչեց. «Ղազարո՜ս, դո՛ւրս արի»: 44Հանգուցյալը դուրս ելավ՝ ոտքերն ու ձեռքերը գերեզմանալաթերով կապված, և դեմքը՝ վարշամակով փաթաթված: Հիսուսը նրանց ասաց. «Արձակեցե՛ք նրան և թողեք, որ գնա»:
11, 1-44 - Ղազարոսի վերակենդանացման դրվագը Հովհաննեսի Ավետարանի ամենաերկար պատմությունն է, բացառությամբ, անշուշտ, Հիսուսի չարչարանքների ու խաչելության պատմության: Այն բնորոշ է միայն Հովհաննեսին և բացակայում է մյուս երեք Ավետարաններում:
 
11, 1 - Նախադասության ընդհանուր ոճն ու ձայներանգը մտածել են տալիս, որ Հովհաննեսի առաջին ընթերցողները քաջ ծանոթ էին Մարթային ու Մարիամին (հմմտ. Ղկս 10, 38-42): ꟷ
- «Ղազարոս». Հուն. «Λάζαρος» - «Լա՛զառոս». Եբր. « אֶלְעָזָר » - «Էլազառ», կամ «Էլիազառ» (Եղիազար): Նշանակում է «Աստված օգնեց»:
 
11, 2 - «այն Մարիամն էր». Հովհաննեսի այս նշումը դարերի ընթացքում առիթ է տվել կարծելու, թե խոսքը Ղկս 7, 37-50 հատվածում հիշվող մեղավոր (անանուն) կնոջ մասին է: Այս նույնացումը, սակայն, ամենայն հավանականությամբ սխալ է: Հովհաննեսն ակնարկում է իր իսկ Ավետարանում հիշվող մի ա՛յլ (թեև նմանատիպ) դրվագի (12, 1-8; հմմտ. Մտթ 26, 6-13; Մրկ 14, 3-9): ꟷ
- «անուշահոտ յուղով». Հուն. «μύρον» - «մյուռոն». Տե՛ս Մրկ 14, 3+-ի երրորդ մասը:
 
11, 3 - «սիրում ես». Հուն. «φιλεῖς» - «ֆիլեիս». Ընկերության, հարգանքի, համակրանքի, գորովի սեր արտահայտող բայն է («φιλέω» - «ֆիլեօ»): Նոր Կտակարանում գործածված 25 անգամներից 15ը պատկանում է Հովհաննեսին. 13ը՝ Ավետարանում (5, 20; 11, 3.36; 12, 25; 15, 19; 16, 272; 20, 2; 21, 15.16.173), իսկ 2ը՝ Հայտնության գրքում (3, 19; 22, 15): – «Նա, ում Դու սիրում ես» արտահայտությունը մի բառով հնարավոր կլիներ թարգմանել «ընկերդ, մտերիմդ»:
 
11, 4 - «մահաբեր չէ ... Աստծո փառքի համար է». Հիսուսի խոսքերը չեն նշանակում, թե Ղազարոսի հիվանդությունը մահով չի վերջանալու, – ինչպես որ իրականում տեղի է ունենում (14), – այլ՝ որ այդ մահը վերջին հանգրվանը չի լինելու, այլ՝ միայն մի անցում դեպի «Աստծո փառքը»: Ո՛չ այն իմաստով, որ ամբոխը Աստծուն փառաբանելու է Հիսուսի կողմից կատարված հրաշքի համար, այլ՝ այն իմաստով, որ այս հրաշքը մի հանգրվան է լինելու, Իր իսկ մահվան միջով, դեպի Իր իսկ փառավորումը (11, 53; 12, 23-24; 17, 1):
 
11, 5 - «սիրում էր». Հուն. «Ἠγάπα» - «Էգապա». Այս անգամ գործածվում է նախասիրության բանական մակարդակի սեր արտահայտող բայը («ἀγαπάω» - «ագապաօ»): Նոր Կտակարանում գործածված 143 անգամներից 72ը պատկանում է Հովհաննեսին. 37ը՝ Ավետարանում (3, 16.19.35; 8, 42; 10, 17; 11, 5; 12, 43; 13, 12.23.343; 14, 15.214.232.24.28.31; 15, 92.122.17; 17, 232.24.26; 19, 26; 21, 7.15.16.20), 31ը՝ Նամակներում (1Հվհ 2, 10.152; 3, 10.11.142.18.23; 4, 72.8.102.112.12.192.203.212; 5, 12.22; 2Հվհ 1, 1.5; 3Հվհ 1, 1), իսկ 4ը՝ Հայտնության գրքում (1, 5; 3, 9; 12, 11; 20, 9): ꟷ
- «նրա քրոջը». Որոշ ձեռագրեր ճշգրտում են. «նրա քրոջը՝ Մարիամին», իսկ որոշ ձեռագրեր փոխում են հերթականությունը. «Մարիամին և նրա քրոջը՝ Մարթային», ինչը որ, վստահաբար, վանական միջավայրերի ազդեցության հետևանք է (տալու համար առաջնությունը «լավագույն մասն ընտրած» Մարիամին. Ղկս 10, 42): Գրաբարը ևս այդպես է. «Եւ սիրէր Յիսուս զՄարիամ եւ զՄարթա զքոյր նորա եւ զՂազար»։
 
11, 6 - Հաշվի առնելով ընկերային սերտ մտերմությունը Ղազարոսի և նրա ընտանիքի հետ, ավելի բնական կլիներ ակնկալելը, որ Հիսուսն իսկույն ճանապարհ ընկներ դեպի Բեթանիա, փոխանակ այդտեղ դեռ երկու օր սպասելու: Սա՝ մարդկանց ակնկալիքների ու ժամանակների համաձայն մտածելով, ո՛չ թե՝ ըստ Աստծո կամքի ու ժամանակի, որն է միայն կարևոր Հիսուսի համար: 5րդ և 6րդ տողերը, հետևաբար, հարկավոր է կապակցության մեջ դնել 4րդ տողի հետ, ուր Հիսուսը Ղազարոսի հիվանդությունը դիտել է տալիս մի ավելի ընդարձակ համայնապատկերի ներսում, որի մեջ սերն էլ իր տեղն է գտնում որպես դրդապատճառ և նշան, որպեսզի կատարվի այն հրաշքը, որի նպատակը Աստծո փառքն է՝ Որդու փառավորմամբ:
 
11, 8 - «Ռաբբի՜». Վերջին անգամն է Նոր Կտակարանում, որ աշակերտները Հիսուսին դիմելու համար գործածում են պատվո այս տիտղոսը (վարդապետ, ուսուցիչ): ꟷ
- «դեռ նոր». Հուն. «νῦν» - «նուն». Բառացի՝ այժմ, հենց հիմա:
 
11, 9 - «գայթում». Հուն. «προσκόπτω» - «պռոսկոպտօ». Ոտքը ինչ որ խոչընդոտի խփել, ոտքով հարվածել, գայթել (հմմտ. Մտթ 18, 8-9+-ի առաջին մասը):
 
11, 10 - «լույսն իր մեջ չէ». Հնում կարծում էին, թե լույսը ո՛չ միայն ընկալվում էր աչքի կողմից, այլ՝ գտնվում էր հենց աչքի ներսում (հմմտ. նաև Մտթ 6, 23; Ղկս 11, 34):
 
11, 15 - «հավատաք». Որոշ ձեռագրեր հավելում են. «ինձ»: Գրաբարը ևս. «զի դուք հաւատասջիք ինձ»։
Հավատքը, որն արդեն իսկ թվում էր ձեռքբերված՝ Կանայի հրաշքով («հավատացին Իրեն». 2, 11), ակնհայտ է, որ տակավին ամբողջական չէր, կամ ավելի ճիշտը՝ այն հավատքը չէր, որն ակնկալում էր Հիսուսն Ինքը (ա՛յլ բան է հավատալ հրաշագործի, ա՛յլ բան է հավատալ-վստահել Փրկիչ Աստծուն): Ղազարոսի վերակենդանացումը, որով որոշակի առումով նախապատկերվում է Հիսուսի իսկ Հարությունը, ներածում է Աստծո զորության հանդեպ լիակատար հավատքի թեմայի մեջ, մի զորության, որ կարող է ամեն ինչ. նաև՝ հաղթել մահվանը:
 
11, 16 - «Թովմասը, որ Դիդիմոս». Ինչպես Թովմաս («Θωμᾶς» - «Թօ՛մաս») անունը – արամայերեն «Թէ՛օմա» – , նաև Դիդիմոսը հունարեն տառադարձությունն է մի արամայերեն եզրի (հմմտ. Ծնդ 25, 24; 38, 27; Երգ 4, 5; 7, 4), որ նշանակում է «երկվորյակներ» («թօ'ամիմ»): Թովմաս Առաքյալի այս մականունը հիշատակվում է միայն Հովհաննեսի Ավետարանում (այստեղ և 20, 24; 21, 2): Գրաբարը նախընտրում է թարգմանել. «Ասէ Թովմաս՝ անուանեալն երկուորեակ», կորցնելով եզրի գործածումը որպես հատուկ անուն: ꟷ
- «մյուս աշակերտներին». Հուն. «συμμαθηταῖς» - «սյումմաթետաիս». Բառացի՝ աշակերտակիցներին: Գրաբարը. «ցաշակերտակիցսն»։ ꟷ
- «Նրա հետ մեռնենք». Բնավ պարզ չէ, թե Թովմասի խոսքը հեգնակա՞ն է, թե՞ արիության սրտանց ու անկեղծ կոչ է:
 
11, 17 - «չորս օրից ի վեր». Միջինարևելյան ժողովուրդների հավատալիքների համաձայն, ննջեցյալի հոգին դիակի շուրջը պտտվում էր երեք օր շարունակ, ապա հեռանում էր: Ուստի, չորրորդ օրվանից սկսում էր մարմնի քայքայումը և այլևս ոչ մի հույս չէր մնում վերակենդանացման:
 
11, 18 - «տասնհինգ ասպարեզ». Հուն. «σταδίων δεκαπέντε» - «ստադիօն դեկապենտե». Մեկ ասպարեզը համապատասխանում էր 184 մետրի, ուստի նշված հեռավորությունը մոտ 2,8 կմ էր:
 
11, 19 - «բազմաթիվ հրեաներ էին եկել». Հուղարկավորության հրեական արարողությունները բավական բարդ ու հոդավորված էին և պահանջում էին առնվազն տասը հոգու ներկայությունը: Թաղումը տեղի էր ունենում մահվան միևնույն օրը, բայց ողբը տևում էր երեսուն օր:
 
11, 20 - «Մարթան ... ընդառաջ գնաց. Մարիամը ... նստած էր տանը». Երկու քույրերի կողմից դրսևորված տարբեր վարվելակերպերը լիովին համաձայնվում են նրանց բնավորությունների հետ, այնպես՝ ինչպես նկարագրված է Ղկս 10, 38-42 հատվածում. Մարթան ակտիվ է և շարժվում է, մինչդեռ Մարիամը մնում է տանը՝ իր վշտի մեջ ամփոփված:
 
11, 21 - Մարթայի կողմից այստեղ արտասանված խոսքերը նույնն են, ինչ քրոջ՝ Մարիամի խոսքերը (32), բայց Մարթայի հավատքը գերազանցում է քրոջ հավատքին (22):
 
11, 23 - «հարություն է առնելու». Հուն. «Ἀναστήσεται» - «Անաստեսետայ». Բառացի՝ կրկին ոտքի է կանգնելու: Տե՛ս նաև Մտթ 28, 6+:
 
11, 25 - «Ես եմ հարությունը և կյանքը». Հուն. «Ἐγώ εἰμι ἡ ἀνάστασις καὶ ἡ ζωή» - «Էգօ էիմի հէ անաստասիս կայ հէ զօէ». Գրաբար. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք»։
 
11, 26 - Հմմտ. 8, 51-52+:
 
11, 27 - Թվարկվում են տարբեր տիտղոսներ, որոնք նախապես տրվել էին Հիսուսին և այստեղ ներկայացվում են միասին:
 
11, 28 - «ծածուկ». Հուն. «λάθρᾳ» - «լաթռա». Այսինքն՝ շշուկով, ականջին, այնպես՝ որ մյուսները չլսեն: Գրաբարը. «լռելեայն», ինչը որ կարելի է հասկանալ նաև այն իմաստով, որ կանչեց ո՛չ թե խոսքեր արտասանելով, այլ՝ դեմքի ու ձեռքի շարժումներով, ժեստերով հասկացրեց, որ «Վարդապետը եկել է, և կանչում է քեզ»:
 
11, 30 - Նշումը, որ Հիսուսը դեռ գյուղ չէր մտել, ինչպես նաև ընդգծումը, որ Մարթան Մարիամին կանչում է «ծածուկ» կերպով, կարող է հուշել, որ Հիսուսը փորձում է գաղտնի պահել Իր ժամանումն ու ներկայությունը, հաշվի առնելով այն, ինչ ասվել էր 8րդ տողում:
 
11, 33 - Մարիամի հոգում տակավին բացակայում է հույսի քաջությունը, որը որ անմնացորդ կերպով համոզված հավատքի արդյունքն է: Սրա համար է, որ նրա վարմունքը նույնացվում է մյուս հրեաների վարմունքի հետ, որոնք տակավին չեն ճանաչում Հիսուսին: ꟷ
- «ողբում». Հուն. «κλαίω» - «կլայօ». Նշանակում է լացել, բայց բարձրաձայն, աղիողորմ, անզսպելի ողբ արտահայտելով: ꟷ
- «խորապես հուզվեց». Հուն. «ἐνεβριμήσατο» - «էնեբռիմեսատո». Հուզմունքի տարբեր զգացումներ միասին արտահայտող բայ է. պարզ հուզվելուց բացի, կարող է նշանակել նաև ցնցվել, խստությամբ հանդիմանել, վրդովվել, դժգոհություն հայտնել, և – սա կարևոր է տվյալ դեպքում – զայրանալ: Գրաբարն ընդգծում է այս վերջին իմաստը. «խռովեցաւ յոգի իւր իբրեւ զայրացեալ»։ Զայրույթի այս հակազդեցության պատճառը, սակայն, չի կարող բնականաբար կապակցության մեջ դրվել այն փաստի հետ, որ տվյալ անձինք ողբում են իրենց հարազատի կորուստը, այլ՝ այն հավաստման հետ, որ մահն ինքը ևս մեկ անգամ գործի է դրել իր իշխանությունը, ևս մեկ անգամ մահը հաղթանակել է: Մահվան այս հաղթանակը, սակայն, վերջնական հաղթանակ չէ: Մահն էլ է պարտության մատնվելու Նրա կողմից, Ով «հարությունն ու կյանքն» է (25; հմմտ. Հյտ 21, 1-7):
 
11, 34 - Հիսուսին ուղղված այս հրավերը՝ գրեթե ձեռքով հպվելու մահվան իրականությանը, նմանվում է Փիլիպպոսի կողմից Նաթանայելին ուղղված հրավերին՝ մոտիկից ծանոթանալու Հիսուսին («Արի՛ և տե՛ս». 1, 46):
 
11, 35 - «արտասվեց». Հուն. «Ἐδάκρυσεν» - «Էդակռյուսեն». Արտասվելու գործողություն մատնանշող բազմաթիվ բայերի շարքին, Նոր Կտակարանում միայն մեկ անգամ գործածվում է «δακρύω» - «դակռյուօ» բայը, որն ի մասնավորի նշանակում է առատ արցունք թափել: Հիսուսի այս փղձկալն ու առատ արցունքներով լալը նշանն է այն տառապանքի, որով Նա, Իր մարդկային բնությամբ, կրում է մտերիմ ընկերոջ մահվան վշտի փորձառությունը:
 
11, 37 - Այս նախադասության մեջ ամփոփված է ողջ զարմանքը, որ ծնվում է հասկանալու անկարողությունից, թե ինչպե՛ս կարող է Հիսուսը (Աստված) թողնել, որ մահվան (կամ հիվանդության, կամ ինչ որ մի դժբախտության) փորձառությունն ունենա Իր մտերիմներից մեկը, որին Ինքն այդքա՜ն սիրում է:
 
11, 38 - «գերեզման». Հուն. «μνημεῖον» - «մնեմեյոն». Այսինքն՝ հուշակոթող, դամբարան, ժայռափոր մեծարժեք գերեզման: ꟷ
- «և մուտքը քարով փակված էր». Բառացի՝ «և մի քար գլորված էր դրա [մուտքի] դիմաց»:
 
11, 41 - «աչքերը վեր բարձրացրեց». Աչքերը վեր բարձրացնելը աղոթքի նախանշանն է (հմմտ. Մտթ 14, 19; Ղկս 18, 13; Հվհ 17, 1):
 
11, 42 - «ասացի դա». Հուն. «εἶπον» - «էյպոն». Որոշ ձեռագրերում հանդիպում է «անում եմ դա» տարբերակը: Գրաբարը ևս. «առնեմ»։
 
11, 43 - «բարձր ձայնով գոչեց». Հիսուսի աղաղակը վերակոչում ու ամրացնում է 5, 28-ում ասվածը. «Հասնում է մի ժամ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, լսելու են Նրա ձայնը և դուրս են ելնելու»: Հիսուսի այս բարձր ձայնով գոչելը, ինչպես որ այլուր՝ ամբոխի աղաղակները, – լինի գովքի (12, 13), թե դատապարտության (18, 40; 19, 6.12.15), – արտահայտվում են «κραυγάζω» - «կռաուգազօ» բայով, որ գործածվում է հատկապես Հովհաննեսի կողմից (Նոր Կտակարանում 9 անգամներից 6-ն իրենն են):
 
11, 44 - «գերեզմանալաթերով». Հուն. «κειρία» - «կեյռի՛ա». Սույն եզրը ողջ Նոր Կտակարանում հանդիպում է միայն այս տողում: Կարող է նշանակել նաև վիրակապ: Խոսքը նեղ ու երկար շերտերով կտրված լաթերի մասին է, որոնցով փաթաթում էին ննջեցյալի մարմինը, և ապա կապում, ամրացնում էին չվաններով: Գրաբարը. «ել մեռեալն ոտիւք կապելովք, եւ ձեռօքն երիզապնդօք»։ ꟷ
- «վարշամակով». Հուն. «σουδάριον» - «սուդառիոն». Նշանակում է վուշե ծածկոց, մեծ թաշկինակ, նուրբ քող, գլխաշոր: Հմմտ. Մտթ 27, 59-60+-ի առաջին մասը: Նոր Կտակարանում հանդիպում է ևս 3 անգամ. Ղկս 19, 20; Հվհ 20, 7; Գրծ 19, 12: ꟷ
- «Արձակեցե՛ք նրան». Աշակերտներին ուղղված Հիսուսի այս հրամանը՝ արձակելու Ղազարոսին գերեզմանալաթերի կապանքներից, կարծես ընդհանուր հրաման է բոլոր ժամանակների բոլոր քրիստոնյաներին՝ մերձենալու բոլոր մարդկանց, ովքեր անշարժացած են հոգևոր մահվան կապանքների մեջ, և արձակելու նրանց: Հարկավոր է ի նկատի ունենալ, որ հրեական ծիսական մաքրության օրենքների համաձայն՝ մեծ պղծություն էր դիակին հպվելը: Հիսուսի հրամանը գերազանցել է տալիս այդ ընկալմանը: ꟷ
- «թողեք, որ գնա». Ղազարոսն ինքը, վերակենդանացած, չի վերադարձվում համայնքին, այլ՝ Քրիստոսի աշակերտի ազատությանը (գործածված է «ὑπάγω» - «հյուպագօ» բայը), ճանապարհի վրա, որ տանում է դեպի Հայրը (հմմտ. 6, 21+-ի երկրորդ մասը):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։