12-14. Հիսուսը Աննասի և Կայիաֆասի առաջ – Գրադարան – Mashtoz.org

12-14. Հիսուսը Աննասի և Կայիաֆասի առաջ

→ Մտթ 26, 57-68; Մրկ 14, 53-72; Ղկս 22, 54-71
⁓ Հվհ 11, 49-50;  ≈ Ղկս 3, 2
 
12Գունդն, այնժամ, և հազարապետն ու հրեաների ոստիկանները բռնեցին Հիսուսին և կապեցին Նրան, 13և նախ Աննասի մոտ տարան. նա, ուրեմն, աներն էր Կայիաֆասի, որն այդ տարվա քահանայապետն էր. 14իսկ Կայիաֆասը նա էր, ով հրեաներին խորհուրդ էր տվել, թե. «Ավելի լավ է, որ միայն մի մարդ մեռնի ժողովրդի համար»:
18, 12 - «հազարապետն». Հուն. «χιλίαρχος» - «խիլիառխոս». Հազար հոգուց բաղկացած զորագնդի հրամանատար: Եզրը Ավետարաններում գործածված է միայն այստեղ և Մրկ 6, 21 տողում:
 
18, 13 - «Աննաս». Հուն. «Ἄννας» - «Հաննաս». Եբր.՝ Անանո Բեն Սեթ, Երուսաղեմում քահանայապետական պաշտոնը վարել է Ք.հ. 6-15 թվականներին: Պոնտացի Պիղատոսի նախորդ Վալերիուս Գրատուսի կողմից պաշտոնանկ արվելով հանդերձ՝ երկար տարիներ շարունակ ազդեցիկ ներկայություն է եղել Ատյանում, քանի որ իրենից հետո քահանայապետներ են եղել իր փեսան՝ Կայիափասը, և իր հինգ որդիները, մինչև Ք.հ. 63 թվականը: Հրեա պատմիչ Հովսեփ Ֆլավիոսը նրա մասին գրել է. «Ասվում է, որ ամենատարեց Աննասը ծայրաստիճան բախտավոր է եղել: Իրոք որ, իր հինգ որդիները – այն բանից հետո, որ ինքն էլ նախապես այդ պաշտոնը վարել էր շատ երկար ժամանակ – Աստծո քահանայապետներ եղան. նման բան երբեք չէր պատահել մեր քահանայապետներից ուրիշ ոչ մեկին» (Հրեական հնություններ, 20, 9.1): Նոր Կտակարանում Աննասը հիշատակվում է 4 անգամ. Ղկս 3, 2; Հվհ 18, 13.24; Գրծ 4, 6:
Միայն Հովհաննեսն է հիշատակում հարցաքննությունը Աննաս քահանայապետի առաջ, ընդգծելու համար հակադրությունը Հիսուսի «վկայության» ու Պետրոսի «ուրացումի» միջև (հմմտ. 16.19-24): Հավանական չէ, որ Աննասի առաջ տեղի ունեցած այս գիշերային հարցաքննությունը նույնը լինի, ինչ Կայիաֆասի առաջ տեղի ունեցած հարցաքննությունը, որը Մատթեոսն ու Մարկոսը հիշատակում են որպես գիշերը, իսկ Ղուկասը՝ որպես ցերեկը տեղի ունեցած:
 
18, 14 - «ով հրեաներին խորհուրդ էր տվել». Հմմտ. 11, 49-52:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։