43-51. Փիլիպպոսի և Նաթանայելի կոչումը – Գրադարան – Mashtoz.org

43-51. Փիլիպպոսի և Նաթանայելի կոչումը

⁓ Հվհ 1, 21; 5, 39; 6, 15.69; 7, 41-42.52; 12, 13.21; 21, 2
≈ Մտթ 4, 11; 8, 20-22; 9, 9; 13, 54-58; 14, 33; 16, 16; 25, 31;
Մրկ 1, 13; Ղկս 9, 59; Գրծ 26, 22; Հռմ 2, 29; Ծնդ 28, 10-17;
2Օր 18, 18; 2Սմ 7, 14; Սղմ 2, 7; Ես 7, 14; 53, 2; Երմ 23, 5; Եզկ 34, 23
 
43Հաջորդ օրը Նա որոշեց ճանապարհ ընկնել դեպի Գալիլեա: Եվ հանդիպեց Փիլիպպոսին: Եվ Հիսուսը նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»: 44Արդ, Փիլիպպոսը Բեթսաիդայից էր, Անդրեասի ու Պետրոսի քաղաքից: 45Փիլիպպոսը գտավ Նաթանայելին և նրան ասաց. «Ո՛ւմ մասին որ գրել են Մովսեսը Օրենքի մեջ և մարգարեները, գտել ենք Նրան. Հիսուսին՝ Հովսեփի որդուն, Նազարեթից»: 46Եվ Նաթանայելը նրան ասաց. «Նազարեթից հնարավո՞ր է, որ մի որևիցէ լավ բան դուրս գա»: Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»: 47Հիսուսը տեսավ Նաթանայելին, որ Իր մոտ էր գալիս, և նրա մասին ասաց. «Ահա՛ ճշմարտապես մի իսրայելացի, որի մեջ խարդախություն չկա»: 48Նաթանայելը Նրան ասաց. «Որտեղի՞ց ինձ գիտես»: Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Նախքան, որ Փիլիպպոսը կկանչեր քեզ, մինչ դու թզենու տակ էիր, ես տեսա քեզ»: 49Նաթանայելը պատասխանեց Նրան. «Ռաբբի՜, Դու Աստծո Որդին ես, Դու Իսրայելի Թագավորն ես»: 50Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Որովհետև ասացի քեզ, որ տեսա քեզ թզենու տակ, դու հավատո՞ւմ ես: Սրանցից ավելի մեծ բաներ ես տեսնելու»: 51Եվ նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. տեսնելու եք երկինքը բացված և Աստծո հրեշտակներին, որ բարձրանում և իջնում են Մարդու Որդու վրա»:
1, 43 - «հանդիպեց». Հուն. «εὑρίσκει» - «հյուռիսկեյ». Բառացի՝ գտավ: Գրաբարը. «գտանէ»։ Բնագիրն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ Հիսուսը կանխավ գիտեր, թե ո՛ւմ է փնտրում, ուստի առաքյալների ընտրությունը պատահական հանդիպումների արդյունք չէ, այլ՝ հստակ որոնելու, նրանց ետևից գնալու և գտնելու:
 
1, 45 - «Նաթանայել». Անուն, որ առաջացել է Նաթան և աստվածային Էլ անունների միությունից և նշանակում է «Աստծուց տրված», Աստվածատուր: Խոսքը, ամենայն հավանականությամբ, Բարթողոմեոս Առաքյալի մասին է (Մտթ 10, 3; հմմտ. Հվհ 21, 2): Նաթանայելը առաքյալի անունն է, իսկ Բարթողոմեոսը՝ հայրանունը (բար-Թոլոմայոս, Թողոմեոսի որդի):
 
1, 47 - «խարդախություն». Հուն. «δόλος» - «դոլոս». Առաջնային իմաստով նշանակում է խայծ, փոխաբերական իմաստով՝ խարդախություն, նենգություն, դավաճանություն, խաբեություն, ստություն. այս ամենը՝ միամիտների նկատմամբ կիրառված, նրանց ''խայծով որսալու'' նպատակով: Գրաբարը. «նենգութիւն»։
 
1, 48-51 - Խորհրդավոր խոսակցություն է տեղի ունենում Հիսուսի ու Նաթանայելի միջև: Հովհաննես Ավետարանիչը չի մանրամասնում, թե խոսքն ինչի՛ մասին է, երբ Հիսուսն ասում է, թե «տեսել է» Նաթանայելին թզենու տակ: Ամենայն հավանականությամբ, իրենց՝ ներկաներին էլ ո՛չ Հիսուսը, ո՛չ Նաթանայելը չեն հայտնել իրականության մանրամասնությունները: Կարող ենք միայն ենթադրել, որ թզենու շուքին նստած, կամ ծնրադիր, կամ երեսնիվայր գետնին տարածված, Նաթանայելը բուռն աղոթքի մեջ է եղել և առ Աստված բարձրացրել է իր հոգու աղաղակը, հարցնելով, թե արդյոք Աստված տեսնո՞ւմ է իրեն, իր հոգու տվայտանքը (Սղմ 13 [12]-ի կամ ա՛յլ սաղմոսների խոսքերով), գալո՞ւ է արդյոք փրկելու Իր հավատարիմներին, այնպես՝ ինչպես Մովսեսի ժամանակ «տեսավ», «լսեց» և «իջավ» ազատելու իսրայելացիներին Եգիպտոսի ստրկությունից (հմմտ. Ել 3, 7-10): Հիսուսի խոսքը Նաթանայելն ընկալում է որպես իր աղոթքին տրված պատասխան. Աստված «տեսել է» իրեն, «լսել է» իր աղաղակը, և ահա՛ Աստծո Որդին՝ Իսրայելի սպասված Թագավորը՝ Մեսսիան, անձամբ եկել է ի կատար ածելու իր աղոթքը: Հիսուսն ընդունում և հաստատում է Նաթանայելի հավատքի դավանությունը, բայց իսկույն սրբագրում է այն. նրանք Իրեն տեսնելու են ո՛չ միայն փառքի, այլ՝ նաև չարչարանքների ու խաչելության խոնարհության մեջ (հրեշտակները Մարդու Որդու վրա ''բարձրանում'' և ''իջնում'' են. – պատկերը վերցված է Հակոբի մարգարեական երազից. Ծնդ 28, 10-17): ꟷ
- Հովհաննեսը մյուս Ավետարանիչներից ավելի շատ է ընդգծում այն գերբնական ճանաչողությունը, որ Հիսուսն ուներ մարդկանց և իրադարձությունների վերաբերյալ (հմմտ. 2, 24-25; 4, 17-19.29; 6, 61.64.71; 13, 1.11.27-28; 16, 19.30; 18, 4; 21, 17): ꟷ
- «Աստծո Որդին». Հուն. «ὁ Υἱὸς τοῦ Θεοῦ» - «հո Հյուիոս տու Թէու». Հին Կտակարանում գործածվում է որպես Դավիթ թագավորի աստվածային որդեգրության տիտղոս (2Սմ 7, 14; Սղմ 2, 7; 89, 27), այստեղ մատնացույց է անում Հիսուսի աստվածությունը (հմմտ. 20, 28), և «Իսրայելի Թագավոր» տիտղոսի ընկերակցությամբ՝ հասկացվում է մեսսիական իմաստով:
 
1, 49 - «Դու Իսրայելի Թագավորն ես». Հուն. «σὺ Βασιλεὺς εἶ τοῦ Ἰσραήλ» - «սյու Բասիլեուս էի տու Իսռաէլ». Ավետարանի սկզբում Հովհաննեսը գրանցում է այն, ինչը որ հրեաների սպասումն էր. Մեսսիան որպես ազգային Փրկիչ, Ազատագրող, Դավթից սերած Թագավոր: Մի քանի էջ հետո, սամարացիների բերանով, կկատարվի համամարդկային հավատքի դավանությունը. «Նա՛ է ճշմարտապես Փրկիչն աշխարհի» (հուն. «οὗτός ἐστιν ἀληθῶς ὁ Σωτὴρ τοῦ κόσμου» - «ուտոս էստին ալեթօս հո Սօտեռ տու կոսմու» (4, 42):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։