40-53. Կրկին տարաձայնություններ Քրիստոսի ծագման շուրջ – Գրադարան – Mashtoz.org

40-53. Կրկին տարաձայնություններ Քրիստոսի ծագման շուրջ

⁓ Հվհ 1, 46; 3, 1-2; 5, 39; 7, 30.41; 9, 16; 12, 42
≈ Մտթ 2, 6; 7, 28; 13, 54-56; 16, 14; 22, 42; Ղկս 2, 4-11;
Գրծ 5, 35; 2Օր 1, 16-17; 17, 4; 18, 15; 2Սմ 7, 12; Միք 5, 1
 
40Ժողովրդից ոմանք, ուստի, այս խոսքերը լսելով՝ ասում էին. «Սա ճշմարտապես Մարգարեն է»: 41Ուրիշներ ասում էին. «Սա Քրիստոսն է»: Ուրիշներ, մինչդեռ, ասում էին. «Բայց մի՞թե Գալիլեայից էր գալու Քրիստոսը: 42Չէ՞ որ Գրվածքն ասել է, որ Քրիստոսը գալու է Դավթի սերնդից և Բեթղեհեմ գյուղից, որտեղից Դավիթն էր»: 43Ուստի Նրա պատճառով պառակտում եղավ ժողովրդի մեջ:
44Արդ, նրանցից ոմանք ցանկացան բռնել Նրան, բայց ոչ ոք Նրա վրա ձեռք չդրեց: 45Ծառաներն, ապա, քահանայապետների ու փարիսեցիների մոտ վերադարձան, և նրանք ասացին սրանց. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»: 46Ծառաները պատասխանեցին. «Մի մարդ երբևէ չի խոսել այնպես, ինչպես այս մարդն է խոսում»: 47Փարիսեցիներն, այնժամ, պատասխանեցին նրանց. «Արդյոք դուք է՞լ եք մոլորվել: 48Մի՞թե իշխանավորներից կամ փարիսեցիներից որևէ մեկը հավատացել է նրան: 49Իսկ այդ ամբոխը, որ Օրենքը չգիտի, անիծված է»: 50Նիկոդեմոսը, – նա, որ եկել էր Նրա մոտ, – նախկինում նրանցից մեկը լինելով՝ ասաց նրանց. 51«Մի՞թե մեր Օրենքը դատում է մարդուն, եթե նախ չի լսում նրանից և չի տեղեկանում, թե ի՛նչ է արել»: 52Նրանք պատասխանեցին և ասացին նրան. «Արդյոք դո՞ւ էլ Գալիլեայից ես: Քննի՛ր և տե՛ս, որ Գալիլեայից մարգարե չի հառնում»:
53Ապա ամեն ոք իր տուն գնաց:
7, 42 - Հիսուսի Բեթղեհեմում ծնված լինելը հայտնի էր միայն Իր մտերիմներին:
 
7, 48 - «իշխանավորներից կամ փարիսեցիներից». Պատմական արժեքավոր ընդգծում է, որով զանազանություն է դրվում իշխանավորների ու փարիսեցիների միջև: Իշխանավորներն, իրոք, մեծամասնությամբ (եթե ո՛չ ամբողջությամբ) սադուկեցիներ էին:
 
7, 50 - «եկել էր Նրա մոտ». Որոշ ձեռագրեր, 19, 39 տողի հետ նույնացնելով, ավելացնում են «գիշերով»: Գրաբարը ևս. «'ի գիշերին»։ ꟷ
- «նախկինում». Հուն. «πρότερον» - «պռոտեռոն». Գրաբարը. «յառաջագոյն»։ Սույն մակբայը (որն Ավետարանիչներից միայն Հովհաննեսն է գործածում, 3 անգամ. 6, 62; 7, 50; 9, 8) հունարեն բնագրում գտնվում է նախադասության ճիշտ մեջտեղում, այնպես՝ որ հնարավոր է այն կապակցության մեջ դնել նաև նախադասության առաջին մասի հետ. « ... նա, որ նախկինում եկել էր Նրա մոտ ... »: Իմաստային ընդհանուր համատեքստում, սակայն, հաշվի առնելով նաև գործածված բայաձևը («ὢν» - «օն» - «լինելով»), ավելի ճիշտ ենք գտնում այն կապակցության մեջ դնել նախադասության երկրորդ մասի հետ. Նիկոդեմոսը նախկինում, այսինքն՝ Քրիստոսի հետ անձնական հանդիպումից ու զրույցից առաջ, նրանցից մեկն էր, իսկ Ավետարանի շարադրման ժամանակ՝ Քրիստոսի անվախ աշակերտներից ու վկաներից մեկը (հմմտ. 19, 39): ꟷ
- «նրանցից». Խոսքը իշխանավոր կամ փարիսեցի լինելու մասին չէ, այլ՝ վերաբերվում է նրանց, ովքեր չեն հավատում, չեն ընդունում Քրիստոսին:
 
7, 52 - «Գալիլեայից մարգարե չի հառնում». Հմմտ. 1, 46 տողը: Բազմազգ Գալիլեան, ուր հրեաներն ապրում էին հեթանոս ազգերի հետ խառնված, կանխակալ վերաբերմունքի էր արժանանում արմատական դիրքորոշումներ ունեցող հրեաների կողմից:
 
7, 53 - Որոշ ձեռագրերում այս տողը մաս է կազմում հաջորդ գլխին, որպես 8, 1 տող: Գրաբարում ևս այդպես է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։