37-50. Եզրափակում. Հրեաների անհավատությունը – Գրադարան – Mashtoz.org

37-50. Եզրափակում. Հրեաների անհավատությունը

⁓ Հվհ 2, 11; 3, 11.17; 5, 39.44; 6, 63; 7, 13.48; 8, 12.26-28.37.47; 9, 22; 12, 53; 13, 20; 14, 7-9
≈ Մտթ 10, 40; 13, 13-14.18-23; Ղկս 8, 21; 11, 28; 20, 16; Գրծ 28, 26-27; Հռմ 10, 16; Եբր 4, 12; 2Օր 18, 18-19; 29, 1-3; 31, 26-29; Ես 6, 1.9-10; 53, 1
 
37Թեպետև Նա այսքա՜ն բազմաթիվ նշաններ էր գործել նրանց առաջ, նրանք չէին հավատում Նրան, 38և այդպես կատարվում էր Եսայի մարգարեի խոսքը, որ ասել էր.
 
«Տե՜ր, ո՞վ հավատաց մեր խոսքին.
Եվ Տիրոջ բազուկը ո՞ւմ հայտնվեց»:
 
39Այդ իսկ պատճառով, նրանք անկարող էին հավատալու, որովհետև Եսային, դարձյալ, ասել էր.
 
40«Նրանց աչքերը կուրացրեց
և կարծրացրեց նրանց սիրտը,
որպեսզի չտեսնեն իրենց աչքերով
և չըմբռնեն իրենց սրտով,
և դարձի չգան, և ես չբժշկեմ իրենց»:
 
41Եսային այս բաներն ասաց, որովհետև տեսավ Նրա փառքը և խոսեց Նրա մասին: 42Այդուհանդերձ, սակայն, իշխանավորների միջից էլ շատերը հավատացին Նրան, բայց փարիսեցիների պատճառով բացահայտ չէին դավանում, որպեսզի ժողովարանից չարտաքսվեին. 43նրանք, արդարև, մարդկային փառքն ավելի սիրեցին, քան Աստվածային փառքը:
44Հիսուսն, այնժամ, բարձր ձայնով գոչեց և ասաց. «Ով հավատում է ինձ, ինձ չէ, որ հավատում է, այլ՝ Նրան, Ով ուղարկել է ինձ. 45և ով տեսնում է ինձ, տեսնում է Նրան, Ով ուղարկել է ինձ: 46Ես որպես լույս եկա աշխարհ, որպեսզի յուրաքանչյուր ոք, որ հավատում է ինձ, խավարի մեջ չմնա: 47Սակայն, եթե մեկն իմ խոսքերը լսում է և չի պահում դրանք, ես չեմ դատապարտում նրան, քանի որ չեմ եկել, որպեսզի դատապարտեմ աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը փրկեմ: 48Ով մերժում է ինձ և իմ խոսքերը չի ընդունում, ունի մեկին, որ իրեն դատապարտում է. խո՛սքը, որ ես խոսեցի, ա՛յն կդատապարտի նրան վերջին օրը. 49որովհետև ես ինքս ինձնից չխոսեցի, այլ՝ Հայրն Ինքը, որ ուղարկել է ինձ, պատվիրեց ինձ, թե ի՛նչ պետք է ասեմ և ի՛նչ պետք է խոսեմ: 50Եվ ես գիտեմ, որ Նրա պատվիրանը հավիտենական կյանք է: Արդ, ի՛նչ որ ես ասում եմ, ինչպե՛ս Հայրն ինձ ասաց, այնպե՛ս եմ ես ասում»:
12, 38 - «և այդպես կատարվում էր». Բառացի՝ որպեսզի կատարվեր: Տե՛ս Մտթ 4, 14+:
 
12, 41 - «որովհետև». Որոշ ձեռագրերում՝ «երբ»: ꟷ
- «Նրա փառքը ... Նրա մասին». Մինչ Եսային տեսել էր Աստծո փառքը՝ երկնային տաճարի մեջ գահին բազմած (հմմտ. Ես 6, 1-8), ասելով «Նրա»՝ Հովհաննեսը հասկանում է Հիսուսին, այդպիսով ևս մեկ անգամ դավանելով Նրան Աստված:
 
12, 42 - «շատերը». Ավետարաններում հիշատակվում են միայն Նիկոդեմոսն ու Հովսեփ Արիմաթեացին, ամենաանվախները այդ «շատերից», որոնք «բացահայտ չէին դավանում», ուստի և արժանանում են Հովհաննեսի խիստ պախարակությանը:
 
12, 43 - «մարդկային փառքն ... Աստվածային փառքը». Հուն. «τὴν δόξαν τῶν ἀνθρώπων ... τὴν δόξαν τοῦ Θεοῦ» - «տեն դոքսան տօն անթռօպօն ... տեն դոքսան տու Թէու». Բառացի՝ «մարդկանց փառքը ... Աստծո փառքը»: Գրաբար. «զփառս մարդկան ... զփառսն Աստուծոյ»։
 
12, 44-50 - Անհավատ հրեաներից հեռանալուց հետո, Հիսուսը, Իր ողջ ուշադրությունը յուրահատուկ կերպով աշակերտների վրա կենտրոնացնելուց առաջ (գլխ. 13-17), մի վերջին հրապարակային հայտարարություն է կատարում (ամենայն հավանականությամբ՝ Իրեն հավատացածների առաջ), որի մեջ ներկայացվում է Հիսուսի առաքելության մի տեսակ ամփոփումը, համառոտությունը՝ Ավետարանին հոգեհարազատ թեմաների վերստին ընդգծումով. հավատքի անհրաժեշտությունը, Հիսուսի նույնացումն Իրեն Առաքողի հետ, Հիսուսը՝ Լույս, լույս-խավար հակադրությունը (44-46), դատաստանը (47-49), հավիտենական կյանքը (50):
 
12, 47 - «չի պահում». Հուն. «μὴ φυλάξῃ» - «մէ ֆյուլաքսէ». «Ֆյուլասսօ» բայն է, որ կանոնի գործնական պահպանում նշանակելուց առաջ, իր առաջնային իմաստով նշանակում է պահակ կանգնել, պաշտպանել, զգոնությամբ հսկել, ակտիվ հետաքրքրություն ցուցաբերել: Համապատասխան «φυλακή» - «ֆյուլակէ» գոյականը մատնանշում է զինվորական պահակներին, ինչպես նաև իրենց վստահված հոտին հսկող հովիվներին:
 
12, 48 - «մերժում է». Հուն. «ἀθετῶν» - «աթետօն». Բացի մերժելու իմաստը, սույն եզրը կարող է նշանակել նաև արհամարհել, անտեսել, մի կողմ դնել, չթողնել, որ ազդեցություն գործի, չեղարկել: ꟷ
- «կդատապարտի». Հմմտ. 2Օր 18, 15-19:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։