31-36. Հիսուսն ավետում է Իր մոտալուտ մեկնումը – Գրադարան – Mashtoz.org

31-36. Հիսուսն ավետում է Իր մոտալուտ մեկնումը

⁓ Հվհ 2, 11.19; 8, 21.30; 12, 35; 13, 33; 14, 19; 16, 16; 17, 24
≈ 2Օր 4, 29; Առկ 1, 28-29; Ես 55, 6; Ովս 5, 6
 
31Ժողովրդի բազմության միջից, սակայն, շատերը հավատացին Նրան, և ասում էին. «Քրիստոսը, երբ որ գա, մի՞թե ավելի մեծ նշաններ է անելու, քան սա արեց»:
32Փարիսեցիները լսեցին, որ ժողովրդի բազմությունը Նրա մասին այսպիսի բաներ էր շշնջում, և քահանայապետներն ու փարիսեցիները ծառաներ ուղարկեցին, որպեսզի ձերբակալեին Նրան: 33Հիսուսն, այնժամ, ասաց. «Մի փոքր ժամանակ դեռ ձեր հետ եմ, ապա կգնամ Նրա մոտ, Ով ինձ ուղարկել է: 34Փնտրելու եք ինձ, բայց չեք գտնելու. և ո՛ւր ես եմ, դուք չեք կարող գալ»: 35Հրեաներն, ուստի, ասում էին իրար. «Ո՞ւր է սա պատրաստվում գնալ, որ մենք չգտնենք իրեն: Արդյոք հելլենների մեջ ցրվածների մո՞տ է պատրաստվում գնալ, և հելլենների՞ն ուսուցանել: 36Ի՞նչ է այս խոսքը, որ ասաց. ''Փնտրելու եք ինձ, բայց չեք գտնելու. և ո՛ւր ես եմ, դուք չեք կարող գալ''»:
7, 31 - «ավելի մեծ». Հուն. «πλείονα» - «պլեյոնա». Գրաբարը. «աւելի՞ ինչ»։ Ավելի մեծ՝ և՛ ըստ քանակի, և՛ ըստ որակի: – Հին Կտակարանում չեն հանդիպում մատնանշումներ այն մասին (եթե ո՛չ միայն պատկերավոր կերպով), որ Մեսսիան հրաշքներ էր գործելու: Նոր Կտակարանի ժամանակներում, սակայն, կարծես թե ժողովրդական ակնկալիք է առաջ եկել առ այն, որ սպասված Մեսսիան մեծ հրաշագործ, սքանչելագործ է լինելու:
 
7, 32 - «ծառաներ». Հուն. «ὑπηρέτας» - «հյուպեռետաս». Գրաբարը. «սպասաւորս»։ Եզրը իր սկզբնական իմաստով մատնանշում էր նավի տախտակամածից ներքև գտնվող թիավարողներին: Բառացի նշանակում է ենթակա, որևէ աստիճանի կամ տեսակի ստորադաս պաշտոնյա, հրաման կատարող (այստեղից էլ՝ գրաբարի «սպասավոր»ը, այսինքն՝ մեկը, ով հրամանի է սպասում):
 
7, 33 - «Մի փոքր ժամանակ». Հիսուսի տրամադրության ներքո մնացած քիչ ժամանակի թեման հաճախ է ընդգծվում Հովհաննեսի կողմից (12, 35; 13, 33; 14, 19; 16, 16):
 
7, 34 - «Փնտրելու եք ինձ, բայց չեք գտնելու». Հմմտ. Առկ 1, 28-30: Հիսուսը, Ինքնին Աստծո նման, պետք է փնտրվի «քանի դեռ Իրեն գտնելու պատեհ ժամանակն է»: Փաստացի, հրեաները բաց են թողնում այդ «պատեհ ժամանակը», և հեթանոսներն են ստանում փրկությունը նրանց փոխարեն (հմմտ. 12, 20-21):
 
7, 35 - «հելլենների». Հուն. «τῶν Ἑλλήνων» - «տօն Հելլենօն». Հասկացվում է հելլենիստական աշխարհն ընդհանուր առմամբ, ի մասնավորի՝ Միջերկրական Ծովի ավազանի երկրները (հմմտ. նաև 12, 20): Գրաբարը. «հեթանոսաց»։ ꟷ
- «ցրվածների». Հուն. «τὴν Διασπορὰν» - «տէն Դիասպոռան». Գրաբարը. «'ի սփիւռս»։ Հիսուսի խոսքը բառացի հասկանալով, հրեաները կարծում են, թե Նա մտադիր է ա՛յլ երկրներ մեկնել, սփյուռքի հրեաների մոտ, և հելլենիստական աշխարհին մաս կազմող ազգերին ուսուցանել՝ հայտնի փիլիսոփաների նման: «Դիա՛սպոռա» (սփռված սերմ) եզրը Նոր Կտակարանում գործածվում է միայն 3 անգամ (այստեղ և Հկբ 1, 1; 1Պտ 1, 1 տողերում), մատնանշելու համար Պաղեստինի աշխարհագրական սահմաններից դուրս բնակվող հրեաներին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։