16-21. Հիսուսը քայլում է ջրի վրայով – Գրադարան – Mashtoz.org

16-21. Հիսուսը քայլում է ջրի վրայով

→ Մտթ 14, 22-33; Մրկ 6, 45-52
≈ Մտթ 8, 24; Սղմ 76, 20
 
16Արդ, երբ երեկո եղավ, Նրա աշակերտները ծովեզերք իջան, 17և մի նավակ նստելով՝ ճանապարհ ընկան դեպի ծովի մյուս կողմը, Կաֆառնաումի ուղղությամբ: Եվ արդեն մութն ընկավ, և Հիսուսը դեռ չէր եկել նրանց մոտ: 18Ծովն էլ հողմի ուժգին փչելուց փոթորկվում էր: 19Շուրջ քսանհինգ կամ երեսուն ասպարեզ թիավարելուց հետո՝ տեսան Հիսուսին, որ քայլում էր ծովի վրայով ու մոտենում էր նավակին, և սարսափեցին: 20Բայց Նա նրանց ասաց. «Ես եմ, մի՛ վախեցեք»: 21Ուստի կամենում էին Նրան նավակի մեջ առնել: Սակայն նավակն իսկույն հասավ այն երկիրը, ուր գնում էին:
6, 16-21 - Հինգերորդ «նշանը» վերաբերվում է Հիսուսին, մինչ մասնակցում է Աստծո զորությանը (հմմտ. զուգահեռ պատմությունները, որ հետևում են հացերի բազմացմանը Մտթ 14, 22-33 և Մրկ 6, 45-52 հատվածներում, և այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի նշանակության համար՝ տե՛ս այդ հատվածների համապատասխան ծանոթագրությունները):
 
6, 21 - «հասավ». Հուն. «ἐγένετο» - «էգենետօ». Բառացի՝ եղավ, թերևս ուզում է ասել՝ հանկարծակի հայտնվեց, հրաշալի կերպով հասավ, այնպես՝ որ աշակերտները չնկատեցին, չզգացին հեռավորության հաղթահարումը: ꟷ
- «գնում էին». Հուն. «ὑπῆγον» - «հյուպեգոն». Գործածված է այն նույն բայը, որով Հովհաննեսը սովորաբար մատնանշում է Հիսուսի ընթացքը դեպի Հայրը (7, 33; 8, 21; 13, 3.33.36; 14, 4.5.28; 16, 5.10.17): Այսինքն՝ նավակը, որի մեջ Առաքյալներն էին, ուստի՝ Եկեղեցին, աշխարհի փոթորկահույզ ծովում թիավարելով, Հիսուսին նավակի մեջ առնելով՝ իսկույն (անշեղ) հասնում է իր նպատակակետին, այսինքն՝ Հորը: Թերևս արձագանք կա այստեղ նաև Սղմ 107 [106], 30-ին. « ... նրանց առաջնորդում է դեպի փափագված նավահանգիստը ... »:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։