Մասն Երկրորդ. Հիսուսը հայտնում է Իր Աստծո Որդին լինելը՝ Իր Չարչարանքներով, Մահվամբ ու Հարությամբ (13, 1 - 21, 25) – Գրադարան – Mashtoz.org

Մասն Երկրորդ. Հիսուսը հայտնում է Իր Աստծո Որդին լինելը՝ Իր Չարչարանքներով, Մահվամբ ու Հարությամբ (13, 1 - 21, 25)

Հովհաննեսի Ավետարանի երկրորդ մասում նշմարվում են երեք ենթաբաժիններ, որոնցից յուրաքանչյուրը բնորոշվում է մի յուրահատուկ թեմայով. Վերջին Ընթրիքը, Փրկչի Չարչարանքներն ու Մահը, Նրա Հարությունը: Այդուհանդերձ, սակայն, շարունակում են ներկա լինել ա՛յլ թեմաներ ևս. Քրիստոսի Ինքնության հայտնությունը և Նրա Անձի հանդեպ երկու հակադիր դիրքորոշումները՝ հավատքի կամ անհավատության:

 

1) Վերջին Ընթրիքը (13, 1 - 17, 26):

Առաջին ենթաբաժինը մեզ ավանդում է Քրիստոսի կողմից Իր աշակերտներին տրված հայտնությունը Վերջին Ընթրիքի մտերմիկ միջավայրում: Բացվում է Տասներեքերորդ գլուխով, ուր Հովհաննեսը ևս մեկ անգամ ընդգծում է, որ դա կատարվում է «Զատիկի տոնից առաջ» (13, 1): Առաջին հերթին պատմվում է Ոտնլվայի դրվագը և Հուդայի դավաճանության բացահայտումը, որի վերաբերյալ Հովհաննեսը դիտավորյալ կերպով նշում է, որ «գիշեր էր» (13, 30), ասելու համար, որ երբ մեկը լքում է Քրիստոսի լույսը, անխուսափելի կերպով ընկնում է խավարի մեջ:

Ապա մեջբերվում են Հիսուսի ճառերը, որոնք տարածվում են մինչև Տասնվեցերորդ գլուխը: Դյուրին չէ ուրվագծել այս հատվածի կառուցվածքը, բայց հիմնականում կարող ենք նշմարել այստեղ երեք գլխավոր թեմաներ. առաջին, եղբայրական սերը, որն իր արմատները գտնում է Քրիստոսի սիրո մեջ և Հիսուսի կողմից հռչակվում է որպես Իր Նոր Պատվիրանը (13, 34-35; 15, 11-17). երկրորդ, Հիսուսի վերադարձի խոստումը (14, 1-3; 16, 16-26), և Աջակից Սուրբ Հոգու առաքումը, Ով ուսուցանելու է ամբողջ ճշմարտությունը (14, 15-17.26; 16, 5-15). երրորդ, Քրիստոսի միությունը Իր հետևորդների հետ՝ խաղողի արմատի ու վազերի նմանությամբ, սիրո և աստվածային պատվիրանների պահպանման մեջ (15, 1-11):

Այս կենտրոնական թեմաների հետ գտնում ենք Հիսուսի ևս մեկ հայտնությունը որպես Աստված (14, 10-11), ինչպես նաև Նրա աշակերտների հանդեպ աշխարհի տածելիք ատելության մասին զգուշացումը (15, 18 - 16, 4): Աշակերտները, սակայն, չպետք է վախենան, քանի որ Փրկիչը հաղթել է աշխարհին (16, 33):

Ենթաբաժինն ավարտվում է Քրիստոսի քահանայական աղոթքով (17, 1-26), ուր վերադառնում են թեմաները Քրիստոսի փառավորման, հավատքի և միմյանց միջև աշակերտների միության. քրիստոնյաները պետք է մեկ լինեն այնպես, ինչպես որ մեկ են Հայրն ու Միածին Որդին (17, 11). միայն այդ միության շնորհիվ է, որ աշխարհը կարող է հավատալ (17, 21.23): Սա լրջագույն պատասխանատվություն է աշակերտների համար:

 

2) Չարչարանքներն ու Մահը (18, 1 - 19, 42):

Երկրորդ ենթաբաժինը, Տասնութերորդ և Տասնիններորդ գլուխներում, Քրիստոսի փրկարար Չարչարանքների պատմությունն է: Խոսքը վերաբերվում է գիշերային դեպքերին, երբ Հիսուսը մատնվում է, ձերբակալվում, հարցաքննության ենթարկվում Աննասի ու Կայիափասի առաջ, որոնց ընթացքում տեղի են ունենում նաև Պետրոսի ուրացումները (18, 1-27). ապա դատավարությունը Պոնտացի Պիղատոսի առաջ (18, 28 - 19, 26), խաչելությունը, մահն ու թաղումը (19, 17-42):

Բազմաթիվ մանրամասնությունների միջոցով Ավետարանիչը ցույց է տալիս, որ Չարչարանքների մեջ կատարվում է Հիսուսի գերագույն հայտնությունը որպես Մեսսիա-Թագավոր, ինչպես նաև՝ հայտնությունը Իր փառքի. երբ հայտարարում է, թե «Ես եմ» (18, 5-8), Պիղատոսի առաջ հռչակվում է թագավոր (18, 33-37; հմմտ. 19, 2-3.19.22), ցույց տալով նաև, որ լիակատար գիտակցություն և բացարձակ վերահսկողություն ունի հասունացող դեպքերի վրա (18, 4; 19, 28), որոնց միջոցով կատարվում է Հոր կամքը (18, 11; 19, 30): Քրիստոսը զատկական նոր Գառն է, որ Իր փրկարար մահով վերցնում հեռացնում է աշխարհի մեղքը (19, 31; հմմտ. 1, 29): Խաչված Քրիստոսի կողից բխում են Արյուն և Ջուր, խորհրդապատկերները Մկրտության և Ամենասուրբ Հաղորդության, որոնցով ծնվում է Եկեղեցին՝ Նոր Եվան, Նոր Ադամի բացված կողից:

Խաչի չարչարանքների մեջ, երբ մարդկանց տվել էր ամեն ինչ, որ ուներ, Իր Մարմինն ու Արյունը, և պատրաստվում էր տալ նաև Իր Հոգին, մահանալուց առաջ նրանց է տալիս միակ հարստությունը, որ մնացել էր Իրեն. Իր Մայրը: Մարիամին որպես Մայր է հանձնում Եկեղեցուն, որն այդտեղ ներկայացված է հանձինս «աշակերտի, որին Հիսուսը սիրում էր», և Եկեղեցուն որպես որդի հանձնում է Մարիամի մայրական խնամքին (19, 25-27):

 

3) Հարուցյալ Հիսուսի երևումները (20, 1 - 21, 25):

Երրորդ ենթաբաժինը, որ տարածվում է Քսաներորդ և Քսանմեկերորդ գլուխների վրա, պատմում է Հարուցյալ Քրիստոսի երևումների մասին, և Հովհաննեսի կողմից գրի է առնվել ընթերցողների հավատքն ամրապնդելու նպատակով (20, 31):

Այս ենթաբաժնում պատմվում են Հիսուսի Հարությունը, որի նշանն է հանդիսանում թափուր գերեզմանը (20, 1-10), ինչպես նաև երևումները Մարիամ Մագդաղենացուն (20, 11-18) և աշակերտներին (20, 19-29):

Հարությունը, Չարչարանքներին ու Մահվանը սերտորեն միացած, Քրիստոսի հայտնության գագաթնակետն է: Զատկական այս իրադարձություններից հետո, և Սուրբ Հոգու լույսի մեջ, Առաքյալները հասկանում են Քրիստոսի մասին հինկտակարանյան մարգարեությունների իմաստը, այնպես՝ ինչպես նաև Հիսուսի խոսքերի ու արարքների իմաստը (20, 8-9; հմմտ. 2, 22; 12, 16): Հարուցյալ Հիսուսն Առաքյալներին պարգևում է Սուրբ Հոգին և նրանց օժտում է մեղքերն արձակելու իշխանությամբ (20, 22-23), գովասանքի խոսքեր ուղղելով նրանց, ովքեր – ի տարբերություն Թովմաս Առաքյալի – հավատում են առանց տեսած լինելու (20, 29): Տիբերական լճի ափին կատարված սքանչելի ձկնորսության դրվագը (21, 1-14) արդեն իսկ նախապատկերում է բազմությունը ժողովուրդների, որոնք Քրիստոսի Արքայություն են բերվելու Եկեղեցու առաքելության արդյունքում, և եկեղեցաբանական այս տեսանկյան մեջ է զետեղվում Քսանմեկերորդ գլխի մնացած մասը, ուր ներկայացվում է Քրիստոսի գառներին ու ոչխարներին հովվելու մանդատի հանձնումը Պետրոսին (21, 15-19): Ավետարանը փակվում է ընդգծելով Ավետարանչի վկայության ճշմարտացիությունը, ով անձամբ տեսել ու լսել է այն բաները, որոնք պատմել է իր Ավետարանի էջերում (21, 24-25):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։