Խորհուրդները – Գրադարան – Mashtoz.org

Խորհուրդները

Հովհաննես Ավետարանիչը հաճախ է խոսում հրեական տոնակատարությունների, հատկապես՝ Զատիկի մասին: Առնվազն չորս անգամ հիշատակում է այդ հանդիսավոր օրը (2, 13.23; 5, 1; 6, 4; 12, 1), ի տարբերություն համատես Ավետարանների, որոնք Զատիկը հիշատակում են միայն մեկ անգամ: Մյուս կողմից, Հովհաննեսի Ավետարանը նկարագրում է այն խորին ու խորհրդավոր կապը, որ գոյություն ունի Հիսուսի Մարմնի ու Երուսաղեմի Տաճարի միջև, որը մարդկանց մեջ Աստծո ներկայության պատկերն էր. ներկայություն, որ կատարյալ կերպով իրականացել է Քրիստոսի մարդկային բնության մեջ (հմմտ. 2, 19): Հայտնության գրքում Ավետարանիչն ասում է, որ երկնային Երուսաղեմը տաճար չի ունենալու, որովհետև Աստծո Գառն է լինելու իր տաճարը, Հիսուս Քրիստոսը, ընդմիշտ հաղթանակած (Հյտ 21, 22):

Հինկտակարանյան բոլոր տոնակատարությունները նախերգանքն էին քրիստոնեական Ծեսի, այնպես՝ որ հին Զատիկը փոխարինվում է Նորով, որի ժամանակ Քրիստոսն է անբիծ Զոհը, որ մեր համար շահում է փրկությունը (հմմտ. 1Կր 5, 7): Հովհաննեսն իր Ավետարանում նշմարել է տալիս ծիսական կյանքի ողջ կարևորությունը, որի նպատակը սրբագործումն է Քրիստոսի՝ մեր Զատիկի միջոցով:

Հովհաննեսն անցում է կատարում զգայականից հոգևորին, օգնում է տեսնել, որ Հիսուսի կողմից կատարված արարքների ետևում կան և գործում են փրկարար գերբնական իրականություններ, և որ Քրիստոսի մարդկային բնության միջոցով բացահայտվում են Նրա Աստվածության զորությունները: Բնական, տեսանելի և նյութական իրականությունները դառնում են միջոց՝ նշանակելու և հաղորդելու համար, աստվածային կամքի համաձայն, անտեսանելի շնորհը, հոգու սրբագործումը: Ընդարձակ իմաստով կարող ենք հաստատել, որ Հովհաննեսի համար Քրիստոսը Հայր Աստծո «խորհուրդն» է, և Եկեղեցին էլ «խորհուրդն» է Քրիստոսի, այսինքն՝ նշանն ու գործիքն է Աստծո հետ սերտ միության և մարդկային ողջ զարմի միության:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։