01-12. Կանայի հարսանիքը – Գրադարան – Mashtoz.org

01-12. Կանայի հարսանիքը

⁓ Հվհ 1, 14; 4, 54; 11, 40; 19, 26; 20, 27; 21, 2
≈ Մտթ 4, 13; 12, 46-48; 26, 29; Մրկ 1, 24; 7, 3-4; Ղկս 5, 37-39;
Ծնդ 41, 55; Ել 4, 30-31
 
1Եվ երրորդ օրը հարսանիք եղավ Գալիլեայի Կանայում, և Հիսուսի մայրն այնտեղ էր: 2Ուստի հարսանիքի հրավիրվեց նաև Հիսուսը, և Իր աշակերտները: 3Եվ երբ գինին պակասեց, Հիսուսի մայրը Նրան ասաց. «Գինի չունեն»: 4Եվ Հիսուսը նրան ասաց. «Ինձ ու քեզ ի՞նչ, ո՜վ Կին: Իմ ժամը դեռ չի հասել»: 5Նրա մայրը սպասավորներին ասաց. «Ի՛նչ որ ձեզ ասի, արե՛ք»:
6Արդ, քարե վեց ջրամաններ կային այնտեղ՝ հրեաների մաքրագործման համար դրված, որոնցից յուրաքանչյուրը երկու կամ երեք մար տարողություն ուներ: 7Հիսուսը նրանց ասաց. «Լցրե՛ք ջրամանները ջրով»: Եվ լցրեցին դրանք բերնեբերան: 8Եվ ասաց նրանց. «Այժմ վերցրե՛ք դրանց միջից և տարե՛ք սեղանապետին»: Եվ նրանք տարան: 9Եվ երբ սեղանապետը համտեսեց գինի դարձած ջուրը, և չգիտեր, թե այն որտեղից է, – բայց սպասավորները, որ ջուրը լցրել էին, նրանք գիտեին, – սեղանապետը կանչեց փեսային 10և նրան ասաց. «Ամեն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, իսկ երբ հարբած են՝ ցածրորակը: Դու ընտիր գինին պահել ես մինչև հիմա»:
11Հիսուսը Գալիլեայի Կանայում կատարեց նշանների այս սկիզբը և հայտնեց Իր փառքը, և Իր աշակերտներն հավատացին Իրեն: 12Դրանից հետո Նա Կաֆառնաում իջավ, – Ինքը և Իր մայրը, և եղբայրներն ու Իր աշակերտները, – և այնտեղ մնացին մի քանի օր միայն:
2, 1-12 - Կանայի հարսանիքի և գինու վերածված ջրի դրվագը պատմվում է միայն Հովհաննեսի Ավետարանում: Մանավանդ թե, միայն Հովհաննեսն է հիշատակում այս բնակավայրը (4 անգամ, միշտ որպես Գալիլեայի Կանա, կարծես հասկացնելով, որ համանուն ուրիշ բնակավայր էլ է գոյություն ունեցել. 2, 1.11; 4, 46; 21, 2): Հավանաբար, համապատասխանում է այժմյան Հիռբեթ Քանային, որ գտնվում է Նազարեթից 15 կմ հեռավորության վրա, դեպի հյուսիս-արևմուտք: Ավանդաբար, սակայն, մատնանշվում է որպես այժմյան Քաֆր Քեննան, Նազարեթից 6 կմ հեռու, դեպի հյուսիս-արևելք:
 
2, 1 - «երրորդ օրը». Փիլիպպոսի ու Նաթանայելի հետ հանդիպումից հաշված (1, 43): Հովհաննեսի Ավետարանն, այսպիսով, բացվում է մի ամբողջական շաբաթով, հաշվարկված՝ գրեթե օր առ օր, որ ավարտվում է Հիսուսի փառքի հայտնությամբ: Պատկերավոր կերպով ներկայանում է որպես Նոր Արարչության սկիզբ: ꟷ
- «Հիսուսի մայրն այնտեղ էր». Մարիամը ներկա է առաջին հրաշքին, որով հայտնվում է Հիսուսի փառքը (մանավանդ թե, այդ առաջին հրաշքն իր միջամտությամբ է կատարվում), և կրկին՝ ներկա է լինելու Խաչելությանը (19, 25-27): Հովհաննես Ավետարանչի կողմից ակնհայտ դիտավորությամբ՝ երկու դրվագների բազմաթիվ տարրեր համապատասխանում են: – Նշանակալի է փաստը, որ Հովհաննեսը Մարիամին երբեք չի հիշատակում անունով, այլ միշտ՝ Մայր կամ Հիսուսի Մայրը տիտղոսով, ինչը որ գերազանց հարգանքի արտահայտություն է:
 
2, 4 - «Ինձ ու քեզ ի՞նչ». Տե՛ս Մրկ 1, 24+-ի առաջին մասը: Այստեղ Հիսուսն առարկում է, որ Իր ժամը տակավին չի հասել: ꟷ
- «ո՜վ Կին». Առաջին հայացքից բավականին տարօրինակ, նույնիսկ անհարգալից է թվում, որ որդին իր մորը դիմի այս կերպ: Սա՝ մեր արդի չափանիշներով և հաշվի առնելով մեր լեզվական յուրահատկությունները: Բայց երբ թարգմանում ենք սույն եզրը Հիսուսի խոսակցական լեզվին՝ արամայերենի, և համեմատում ենք 19, 26-27 տողերի հետ, ուր այն կրկին գործածվում է Խաչելության դրվագում, նշանակությունն իսկույն լուսաբանվում է՝ որպես հստակ ակնարկ Ծնդ 3, 15.20 տողերին. Մարիամը նոր Եվան է, իր Սերնդի միջոցով հինավուրց օձի գլուխը ջախջախող Կինը, Մայրը բոլոր նրանց, ովքեր ունեն Կյանքը: ꟷ
- «Իմ ժամը». Հիսուսի «ժամը» ժամանակն է Նրա փառավորման, Հոր աջ կողմը Նրա վերադարձի: Ավետարանում նշվում են այդ «ժամի» մոտենալու հանգրվանները (7, 30.39; 8, 20; 12, 23.27; 13, 1; 17, 1): Հայրն Ինքն է հաստատել այդ «ժամը» և, հետևաբար, այն չի կարող փոխվել: Մարիամի միջամտությամբ ստացված հրաշքը, սակայն, տրվում է որպես մարգարեություն՝ այլաբանորեն ավետելու համար մեսսիական ժամանակների ուրախությունն ու առատությունը:
 
2, 5 - «Ի՛նչ որ ձեզ ասի, արե՛ք». Մարիամի մշտապես անփոփոխ խոսքն է բոլոր ժամանակների իր հոգևոր զավակներին (հմմտ. 19, 26-27): «Որ զինչ ասիցէ ձեզ՝ արասջիք»։ Հավատացե՛ք ինձ, ես առաջինը հարցրեցի, թե որոշ բաներ ինչպե՞ս կարող են կատարվել (հմմտ. Ղկս 1, 34): Բայց հավատացի, մի՛շտ: Ինքս ինձ միշտ ասացի. «Ես Տիրոջ աղախինն եմ, թող որ ինձ Իր խոսքի համաձայն լինի» (հմմտ. Ղկս 1, 38): Եվ իմ փորձառությամբ համոզվեցի, որ Աստծո համար անհնարին բան չկա, և թե քանի՜ցս ճշմարիտ էր այս խոսքը. «Երանի՜ նրան, ով կհավատա, որ Տիրոջ կողմից իրեն ասվածները կատարվելու են» (Ղկս 1, 45): Ուստի կրկնում եմ. «Ի՛նչ որ ձեզ ասի, արե՛ք»:
 
2, 6 - «քարե վեց ջրամաններ». Առաջին հերթին ուշագրավ է վեց թվի գործածումը: Ի տարբերություն յոթի, որը կատարելության խորհրդանշանն է, վեցը թերության այլաբանական թիվն է: Հավանաբար, Հովհաննեսն այն գործածել է ակնարկելու համար, որ մաքրագործման հին ծիսակարգերը թերի էին և կարիքն ունեին Հիսուսի կողմից լրացվելու (հմմտ. Մտթ 5, 17 և 5, 17+): Ապա ուշագրավ է նաև, որ ջրամաններն այստեղ քարից են, ուստի – ի տարբերություն կավեղենների – անմաքուր են. հետևաբար, իրենք իսկ անմաքուր լինելով, ինչպե՞ս կարող են ծառայել մարդկանց մաքրագործմանը: ꟷ
- «մար». Հուն. «μετρητής» - «մետռետես». Բառացի՝ չափ («metréō» - «մետռէօ» բայից, որ նշանակում է չափել): Հեղուկների համար գործածվելու դեպքում, որպես չափման միավոր համապատասխանում էր մոտ 40 լիտրի: Հովհաննեսի կողմից հիշատակված ջրամանները, հետևաբար, 80ից 100 լիտր տարողության էին, հետևաբար՝ հարսանիքի հրավիրվածների համար Հիսուսը գինու վերածեց 480ից 600 լիտր ջուր («լցրեցին դրանք բերնեբերան. 7): Այս մեծ քանակությունն ակնարկում է մեսսիական ժամանակվա առատությանը վերաբերվող մարգարեություններին (հմմտ. Երմ 31, 12; Ամս 9, 13-14; Ովս 14, 7; հմմտ. նաև Հյտ 19, 7-9):
 
2, 10 - «ցածրորակը». Հուն. «ἐλάσσων» - «էլասսօն»։ Բառացի՝ նվազագույնը, ցածրագույնը, փոքրագույնը: Գրաբարը. «զյոռին»։
 
2, 11 - «նշանների այս սկիզբը». Հուն. «ἀρχὴν τῶν σημείων» - «առխեն տօն սեմեյօն». «Սկիզբ» եզրը առանց որոշյալ հոդի: Հնարավոր է թարգմանել նաև. «սկիզբ տվեց նշաններին» կամ «սկսեց հրաշքներ գործել»: Գրաբար. «արար սկիզբն նշանաց»։
Որևէ մարգարե պետք է փաստեր իր պատգամի, իր առաքելության վավերականությունը Աստծո անունով կատարված «նշաններով» կամ սքանչելի, հրաշալի գործերով (Ես 7, 11; և այլն; հմմտ. Հվհ 3, 2; 6, 29-30; 7, 3.31; 9, 16.33): Առավել ևս, նշաններ էին ակնկալվում Մեսսիայից. նա պետք է նորոգեր Մովսեսի կողմից կատարված հրաշքները (հմմտ. նաև 1, 21 և 1, 21+): Հիսուսը, հետևաբար, «նշաններ» է գործում՝ մղելու համար մարդկանց հավատալու (վստահելու) Իր աստվածային առաքելությանը (2, 11.23; 4, 48-54; 11, 15.42; 12, 37; տե՛ս նաև 3, 11+), որովհետև Իր «գործերը» վկայում են, որ Իրեն առաքել է Աստված (5, 36; 10, 25.37), որ Հայրն Իր մեջ է (10, 30) Իր փառքի զորությամբ (1, 14): Հայրն Ինքն է կատարում այդ գործերը (10, 38; 14, 10): Շատերն, այդուհանդերձ, մերժում են հավատալ (3, 12; 5, 38-47; 6, 36.64; 7, 5; 8, 45; 10, 25; 12, 37): Այդպիսիների մեղքը «մնում է», չի ջնջվում (9, 41; 15, 24; հմմտ. Մտթ 8, 3):
 
2, 12 - «եղբայրներն». Տե՛ս Մտթ 12, 46+-ի առաջին մասը: ꟷ
- «ու Իր աշակերտները». Մի սակավաթիվ խումբ ձեռագրերում այս նշումը բացակայում է: Գրաբարում ևս: ꟷ
- «մի քանի օր միայն». Հուն. «οὐ πολλὰς ἡμέρας» - «ո՛ւ պոլլաս հեմեռաս»։ Բառացի՝ ո՛չ շատ օրեր: Գրաբարը. «ոչ բազում ինչ աւուրս»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։