15-19. Հիսուսն ու Պետրոսը – Գրադարան – Mashtoz.org

15-19. Հիսուսն ու Պետրոսը

⁓ Հվհ 1, 42.48; 6, 68; 12, 33; 13, 31.36-38; 16, 30; 17, 1; 18, 17.25-27
≈ Մտթ 16, 17-19.22; Ղկս 22, 31-32; 1Պտ 5, 2-4
 
15Երբ ապա ճաշեցին, Հիսուսը Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմոն Հովհաննեսի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան նրանք»: Ասաց Նրան. «Այո՛, Տե՜ր: Դու գիտես, որ նվիրված եմ Քեզ»: Ասաց նրան. «Արածեցրո՛ւ իմ գառներին»: 16Դարձյալ, ասաց նրան երկրորդ անգամ. «Սիմոն Հովհաննեսի, սիրո՞ւմ ես ինձ»: Ասաց Նրան. «Այո՛, Տե՜ր: Դու գիտես, որ նվիրված եմ Քեզ»: Ասաց նրան. «Հովվի՛ր իմ ոչխարներին»: 17Երրորդ անգամ ասաց նրան. «Սիմոն Հովհաննեսի, նվիրվա՞ծ ես ինձ»: Պետրոսը տրտմեց, որ Նա երրորդ անգամին իրեն ասաց. «Նվիրվա՞ծ ես ինձ»: Եվ ասաց Նրան. «Տե՜ր, Դու ամեն ինչ գիտես: Դու գիտես, որ նվիրված եմ Քեզ»: Հիսուսը նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին: 18Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. Երբ ավելի երիտասարդ էիր, դու ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր ո՛ւր որ կամենում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես և ուրիշ մեկը կկապի քո գոտին, և կտանի ո՛ւր որ չես կամենում»: 19Արդ, սա ասաց՝ մատնանշելու համար, թե նա ի՛նչ մահով էր փառավորելու Աստծուն: Եվ այս բանն ասելուց հետո՝ նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»:
21, 15-23 - Սույն հատվածում վերականգնվում է Պետրոսի կերպարը՝ հատուկ շեշտադրում կատարելով Եկեղեցու մեջ նրա պաշտոնի ու դերակատարության վրա: Առաջին երեք տողերում (15-17) առատորեն գործածվում են տարբեր հոմանիշներ. երկու բայ՝ «սիրել»ու համար. «ἀγαπάω» - «ագապաօ» և «φιλέω» - «ֆիլեօ». երկու բայ՝ «հովվել»ու և «արածեցնել»ու համար. «βόσκω» - «բոսկօ» և «ποιμαίνω» - «պոյմաինօ». երկու գոյական՝ «ոչխարներ» ու «գառներ» ասելու համար. «πρόβατον» - «պռոբատոն» և «ἀρνίον» - «առնիոն». երկու բայ՝ «գիտենալ»ու համար. «οἶδα» - «օյդա» և «γινώσκω» - «գինօսկօ»։
 
21, 15 - «Սիմոն Հովհաննեսի». Որոշ ձեռագրերում Պետրոսի հայրանունը տրվում է Հովնանի ձևով, համապատասխանեցնելով Մատթեոսի տարբերակին (16, 17): Գրաբարում ևս. «Սիմովն Յովնանու»։ Տե՛ս 1, 42+: ꟷ
- «սիրո՞ւմ ես ... նվիրված եմ». Հուն. «ἀγαπᾷς ... φιλῶ» - «ագապաս ... ֆիլօ». Հիսուսի հարցը ակնարկում է բանական մակարդակի մաքուր ու բարձրակարգ սիրույն, որին Պետրոսը չի համարձակվում նույն եզրով պատասխանել և նախընտրում է ընկերային գորով, համակրանք ու նվիրվածություն արտահայտող սիրո եզրը (հաջորդ երկու տողերում ևս): ꟷ
- «ավելի, քան նրանք». Այն բանից հետո, ինչ ուրացավ իր Վարդապետին ու Տիրոջը, և ապա սրտանց զղջաց, անկեղծ արտասվեց ու ստացավ Նրա ներումը, Պետրոսի հոգին լցվել է երախտագիտության մի զգացումով, որն անհայտ է մյուսներին: Այդ իսկ պատճառով, նրա սերն ավելին է, քան մյուսներինը (հմմտ. Ղկս 7, 36-50):
 
21, 17 - «Երրորդ անգամ». Սիրո ու նվիրվածության եռակի արտահայտությունը գալիս է փոխարինելու եռակի ուրացմանը (13, 38; 18, 17.25-27): ꟷ
- «նվիրվա՞ծ ես ինձ». Հուն. «φιλεῖς με» - «ֆիլեիս մե». Երրորդ անգամին Հիսուսը կարեկցանքով զիջում է Պետրոսին և այլևս չի ակնարկում այն բարձրակարգ սիրույն, որի մասին հարցրել էր նախորդ երկու անգամներին: Կարեկցալի զիջողություն Աստծո կողմից, որը սակայն, պարադոքսալ կերպով, տրտմություն է ծնում Պետրոսի (որևէ հավատացյալի) հոգում (Աստծո սիրույն ու սրբությանը չհամապատասխանելու գիտակցությունից ծնված տրտմությունը): ꟷ
- «գիտես ... գիտես». Հուն. «οἶδας ... γινώσκεις» - «օյդաս ... գինօսկեիս». Բայերից առաջինն արտահայտում է մտային մակարդակի վրա տեսնելու, իմանալու իմաստը, մինչ երկրորդը գործնական, փորձառական մակարդակի գիտենալն է: Գրաբարը. «զամենայն գիտես ... զամենայն ճանաչես»։ ꟷ
- «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին». Սեփական հոտի հանդեպ հոգատարություն ցուցաբերելու այս պատկերը ներկա է նաև 1Պտ 5, 2-4 և Գրծ 20, 28 տողերում (հմմտ. նաև Սղմ 23):
 
21, 18 - «գոտիդ կապում». Հուն. «ζώννυμι» - «զօննումի». Առավել սեղմ իմաստով՝ գոտեպնդվել, որպես զգեստավորվելու վերջին գործողություն: Նոր Կտակարանում սույն եզրը գործածված է ընդամենը 3 անգամ, որոնցից երկուսն այստեղ, իսկ մեկը՝ Գրծ 12, 8 տողում, բոլորն էլ Պետրոսի վերաբերյալ:
 
21, 19 - «նա ի՛նչ մահով էր փառավորելու Աստծուն». Հնագույն միաբերան վկայությունների համաձայն՝ Պետրոսը մարտիրոսանում է Հռոմում, Ներոն կայսեր օրոք, Ք.հ. 64 կամ 67 թվականին, Հիսուսի նման խաչվելով: ꟷ
- «Արի՛ իմ հետևից». Կարծես թե շարունակվում է Ոտնլվայի դրվագի վերջում Հիսուսի կողմից Պետրոսին ուղղված խոսքը (13, 36):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։