25-33. «Ես հաղթեցի աշխարհին» – Գրադարան – Mashtoz.org

25-33. «Ես հաղթեցի աշխարհին»

⁓ Հվհ 2, 25; 8, 29; 10, 6; 12, 31; 14, 21-23.27.30; 16, 19.25; 19, 27
≈ Մտթ 13, 34-35; 26, 31.45.56; Մրկ 14, 27.50; Հռմ 5, 1; 1Հվհ 5, 4; 2, 14; Զքր 13, 7
 
25Այս բաներն այլաբանորեն ասացի ձեզ. գալիս է մի ժամանակ, երբ այլևս այլաբանորեն չեմ խոսի ձեզ, այլ՝ բացահայտ կերպով կավետեմ ձեզ Հոր մասին: 26Այդ օրն իմ անունով կխնդրեք, և ձեզ չեմ ասում, թե՝ ես կհայցեմ Հորը ձեր համար, 27քանի որ Հայրն Ինքը սիրում է ձեզ, որովհետև դուք սիրեցիք ինձ և հավատացիք, որ ես Աստծուց եմ ելել: 28Հորից ելա և եկա աշխարհ. դարձյալ թողնում եմ աշխարհը և գնում Հոր մոտ»:
29Նրա աշակերտներն ասացին. «Ահա՛, հիմա բացահայտ ես խոսում, և այլաբանություններ չես գործածում: 30Հիմա գիտենք, որ ամեն ինչ գիտես, և հարկավոր չէ, որ ինչ որ մեկը հարցնի Քեզ: Դրա համար հավատում ենք, որ Աստծուց ելար»: 31Հիսուսը պատասխանեց նրանց. «Այժմ հավատո՞ւմ եք: 32Ահա՛, գալիս է մի ժամանակ, և արդեն իսկ եկել է, երբ ցրվելու եք յուրաքանչյուրդ առանձին, և ինձ թողնելու եք մենակ: Ես, սակայն, մենակ չեմ, որովհետև Հայրն իմ հետ է:
33Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի խաղաղություն ունենաք իմ մեջ: Աշխարհում նեղություն եք կրելու, բայց քաջալերվեցե՛ք, ես հաղթեցի աշխարհին»:
16, 25 - «բացահայտ կերպով կավետեմ ձեզ Հոր մասին». Հմմտ. Գրծ 1, 3:
 
16, 26 - «ձեզ չեմ ասում, թե՝ ես կհայցեմ Հորը ձեր համար». Հիսուսը է և մնում է միակ Միջնորդը (հմմտ. 10, 9; 14, 6; 15, 5; Եբր 8, 6), բայց աշակերտները, հավատքի և սիրո միջոցով Նրա հետ միայն մեկ ամբողջություն կազմելով, սիրված են լինելու Հոր կողմից. այդպիսով Հիսուսի միջնորդությունը հասնելու է իր լիակատար արդյունավետությանը՝ անմիջական կապ հաստատելով Հոր և հավատքի ու սիրո կատարելությանը հասած աշակերտների միջև:
 
16, 27-28 - «Աստծուց ... Հորից ելա». Որդու այս «ելքը» Հորից հարկավոր է հասկանալ ո՛չ միայն Նրա «մոտից» ճանապարհ ընկնելու և մարդկության փրկության նպատակով աշխարհ գալու իմաստով, այլ մանավանդ՝ որ այդ ծրագիրն իրականացնելու համար Որդին կամովին թողեց այն փառքը, որ ուներ Հոր մոտ, խոնարհվեց, ունայնացրեց Իր Անձը, ծառայի կերպարանք ստանձնեց (հմմտ. Փլպ 2, 5-11):
 
16, 32 - Հմմտ. Մտթ 26, 31 և Մրկ 14, 27, ուր երկուսն էլ մեջբերում են Զքր 13, 7 տողը՝ ցրված ոչխարների վերաբերյալ: Չարչարանքների հովհաննեսյան պատմությունը, սակայն, չի ներկայացնում այս մարգարեության կատարումը (գոնե ամբողջական ձևաչափով). իրոք որ, նախասիրյալ աշակերտին գտնում ենք խաչի մոտ (19, 26-27), և աշակերտներին՝ միասին Երուսաղեմում (20, 19):
 
16, 33 - Ինչպես 14, 27-31 հատվածի դեպքում էր, նաև ներկա ճառը փակվում է աշակերտներին տրված խաղաղության խոստմամբ, և մի հավելյալ հաստատումով, որ Հիսուսը հաղթել է աշխարհին: Խաչելությունը չի նշանակելու հաղթանակ Հիսուսի թշնամիների օգտին, և նմանապես՝ հաղթանակ չեն նշանակելու քրիստոնյաների դեմ սանձազերծված հալածանքները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։