35-42. Առաջին աշակերտները – Գրադարան – Mashtoz.org

35-42. Առաջին աշակերտները

→ Մտթ 4, 18-20;  ⁓ Հվհ 1, 29
≈ Մտթ 16, 18-19; Մրկ 3, 16; Ղկս 6, 14; Ես 53, 7
 
35Հաջորդ օրը Հովհաննեսը դեռ այնտեղ էր, և իր աշակերտներից երկուսը. 36և նայելով Հիսուսին, որ անցնում էր, ասաց. «Ահա՛ Աստծո Գառը»: 37Եվ երկու աշակերտները, երբ նրանից այդ խոսքերը լսեցին, գնացին Հիսուսի ետևից: 38Այդ ժամանակ Հիսուսը ետ շրջվելով ու տեսնելով, որ նրանք Իր ետևից էին գնում, ասաց նրանց. «Ի՞նչ եք փնտրում»: Եվ նրանք ասացին Նրան. «Ռաբբի՜», որ թարգմանաբար նշանակում է Ուսուցիչ, «որտե՞ղ ես Դու մնում»: 39Նա նրանց ասաց. «Եկե՛ք և տեսե՛ք»: Գնացին, ուստի, և տեսան, թե Նա որտե՛ղ էր մնում, և Նրա մոտ մնացին այդ օրը: Երեկոյան ժամը չորսն էր մոտավորապես:
40Անդրեասը՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, մեկն էր այդ երկուսից, որ լսեցին Հովհաննեսի խոսքերը և գնացին Նրա ետևից: 41Նա նախ իր եղբայր Սիմոնին գտավ և նրան ասաց. «Գտել ենք Մեսսիային», որ թարգմանվում է Քրիստոս: 42Նա նրան Հիսուսի մոտ տարավ: Նրան նայելով՝ Հիսուսն ասաց. «Դու Սիմոնն ես, Հովհաննեսի որդին. դու կկոչվես Կե՛ֆաս», որ նշանակում է Վեմ:
1, 36 - Մի խումբ ձեռագրեր ավելացնում են Քրիստոս տիտղոսը: Գրաբարը ևս. «Ահաւասիկ Քրիստոս գառն Աստուծոյ»։
 
1, 37 - Երկու աշակերտներից մեկը Անդրեասն էր, Սիմոն Պետրոսի եղբայրը (40): Մյուսը, ըստ ավանդության, ինքը՝ Հովհաննեսն էր, Զեբեդեոսի որդին:
 
1, 39 - «ժամը չորսն էր». Բառացի՝ տասներորդ ժամն էր (արևածագից հաշված), ըստ հռոմեական ժամացույցի: Ամենայն հավանականությամբ՝ հաջորդ օրը, որ սկսվելու էր քիչ անց՝ արևամուտին, շաբաթ էր. երկու աշակերտները, հետևաբար, Հիսուսի մոտ մնացին՝ շաբաթ օրով ճանապարհ անցնելուց խուսափելու նպատակով: – Բազմաթիվ մեկնիչներ նկատել են տալիս, որ այս գրառումը ողջ դրվագին հաղորդում է անձնական վկայության նկարագիր:
 
1, 40 - «Սիմոն Պետրոսի». Մի խումբ ձեռագրեր այս տողում ևս նախընտրում են թարգմանել Պետրոս անունը: Գրաբարը նույնպես. «Սիմովնի Վիմի»։
 
1, 41 - «նախ». Հուն. «πρῶτον» - «պռօտոն». Որոշ ձեռագրեր թարգմանում են «կանուխ», այսինքն՝ առավոտյան շուտ: Հազիվ շաբաթ օրն անցավ, այսինքն, և աշակերտները կարողացան շարժվել քաղաքում, Անդրեասը, ոգևորված, իսկույն գնաց բարի լուրն իր եղբայր Սիմոնին հաղորդելու: ꟷ
- «Մեսսիա». Հուն. «Μεσσίας» - «Մեսսիաս». Եբրայեցերեն եզրը հունարեն տառադարձությամբ գործածվում է միայն այստեղ և 4, 25 տողում: Մյուս բոլոր դեպքերում թարգմանվում է հունարեն համարժեք Քրիստոս տարբերակին:
 
1, 42 - «Հովհաննեսի որդին». Մտթ 16, 17 տողում Սիմոնը հիշատակվում է Բարյոնաս հայրանունով (Հովնանի որդի): Այստեղ և 21, 15 տողում, մինչդեռ, անվանվում է Հովհաննեսի որդի: Ամենայն հավանականությամբ, արամայերեն անունները հունարենի թարգմանելիս՝ Յոնահ (Հովնան) և Յոհանան (Հովհաննես) անունները շփոթվել են: Համենայն դեպս, առավել հավանական է թվում Մատթեոսի տարբերակը, քանի որ հունարեն տեքստում պահպանվել է արամայերեն տարբերակով, առանց թարգմանվելու: Որոշ ձեռագրեր, գրաբարը ևս, սրբագրում են և համաձայնեցնում Մատթեոսի հետ: ꟷ
- «Կեֆաս ... Վեմ». Հուն. «Κηφᾶς» - «Կե՛ֆաս». Տե՛ս Մտթ 16, 18+-ի առաջին երկու մասերը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։