31-59. Հիսուսը և Աբրահամը – Գրադարան – Mashtoz.org

31-59. Հիսուսը և Աբրահամը

⁓ Հվհ 1, 1; 2, 19; 3, 11; 4, 9.12; 5, 24-28.38-39.41; 6, 40.47; 7, 18.20.28-29; 8, 24; 10, 26.31.39; 11, 25-26; 12, 39; 14, 2-3; 15, 14; 18, 37
≈ Մտթ 4, 1; 12, 34; 13, 17-18; 21, 33-46; Մրկ 1, 38; 3, 9.21; Ղկս 4, 29; 17, 22; Հռմ 5, 12; 6, 17-20; 2Կր 5, 21; Գղտ 4, 30; 5, 1; Եբր 3, 5-6; 9, 14-28; 1Պտ 1, 19; 2, 22; 2Պտ 2, 4; 1Հվհ 3, 5.8-15; 4, 6; 5, 1;  Ծնդ 2, 17; 3, 1-4; 15, 6; 17, 1.17; 21, 10; Ել 4, 22; 2Օր 32, 6; Իմս 1, 13; 2, 24; Երմ 2, 14
 
31Հիսուսն, այնժամ, Իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք իմ խոսքի մեջ մնաք, ճշմարտապես իմ աշակերտները կլինեք. 32և կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ»: 33Նրանք պատասխանեցին Նրան. «Աբրահամի սերունդ ենք և երբեք ոչ ոքի ստրուկը չենք եղել: Ինչպե՞ս ես դու ասում, թե. ''Ազատ կլինեք''»: 34Հիսուսը պատասխանեց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ յուրաքանչյուր ոք, որ մեղք է գործում, մեղքին ստրուկ է: 35Արդ, ստրուկն ընդմիշտ չի մնում տանը. որդին մնում է ընդմիշտ: 36Եթե, ուրեմն, Որդին ազատի ձեզ, իսկապես ազատ կլինեք: 37Գիտեմ, որ Աբրահամի սերունդ եք. բայց ուզում եք սպանել ինձ, որովհետև իմ խոսքը տեղ չի գտնում ձեր մեջ: 38Ի՛նչ որ տեսել եմ Հոր մոտ, ես ա՛յն եմ խոսում: Դուք էլ, ուրեմն, ի՛նչ որ լսել եք ձեր հորից, ա՛յն եք անում»: 39Նրանք պատասխանեցին և ասացին Նրան. «Մեր հայրն Աբրահամն է»: Հիսուսն ասաց նրանց. «Եթե Աբրահամի զավակներ լինեիք, Աբրահամի գործերը կգործեիք: 40Այժմ, մինչդեռ, ուզում եք սպանել մի մարդու՝ ինձ, որ ասացի ձեզ ճշմարտությունը, որ լսել եմ Աստծուց: Աբրահամը նման բան չի արել: 41Դուք ձեր հոր գործերն եք անում»: Նրանք, այնժամ, ասացին Նրան. «Մենք պոռնկությունից չենք ծնվել: Մենք միայն մի Հայր ունենք. Աստվա՛ծ»: 42Հիսուսն ասաց նրանց. «Եթե Աստված ձեր Հայրը լիներ, դուք կսիրեիք ինձ, որովհետև ես Աստծուց եմ ելել և եկել: Իրոք, ինքս ինձնից չեմ եկել, այլ՝ Նա է ինձ ուղարկել: 43Ինչո՞ւ իմ ասածները չեք ընկալում: Որովհետև ընդունակ չեք լսելու իմ խոսքը: 44Դուք ձեր հորից՝ դևից եք, և ձեր հոր ցանկություններն եք կամենում կատարել: Նա սկզբից ևեթ մարդասպան էր, և հաստատուն չմնաց ճշմարտության մեջ, որովհետև ճշմարտություն չկա նրա մեջ: Նա, երբ որ ստում է, ինքն իրենից է խոսում, որովհետև ստախոս է և ստի հայրը: 45Իսկ ես, որ ճշմարտությունն եմ խոսում, ինձ չեք հավատում: 46Ձեզնից ո՞վ կարող է փաստել, թե ես մեղավոր եմ: Եթե ճշմարտությունն եմ խոսում, դուք ինչո՞ւ չեք հավատում ինձ: 47Ով Աստծուց է, Աստծո խոսքերը լսում է: Դուք ա՛յս պատճառով չեք լսում. որովհետև Աստծուց չեք»:
48Հրեաները պատասխանեցին և ասացին Նրան. «Մենք մի՞թե իրավացիորեն չենք ասում, որ սամարացի ես դու և քո մեջ դև կա»: 49Հիսուսը պատասխանեց. «Իմ մեջ դև չկա, այլ՝ պատվում եմ իմ Հորը, իսկ դուք անպատվում եք ինձ: 50Ես, հիրավի, իմ փառքը չեմ փնտրում. կա Մեկը, որ այն փնտրում է և որ դատում է: 51Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մեկն իմ խոսքը պահի, երբեք մահ չի տեսնի հավիտյան»: 52Հրեաներն, այնժամ, ասացին Նրան. «Այժմ գիտենք, որ քո մեջ դև կա: Աբրահամը մեռավ, նաև մարգարեները, իսկ դու ասում ես. ''Եթե մեկն իմ խոսքը պահի, երբեք մահ չի ճաշակի հավիտյան'': 53Մի՞թե դու ավելի մեծ մեկն ես, քան մեր հայրը՝ Աբրահամը, որ մեռավ: Մարգարեներն էլ մեռան: Ո՞վ ես դու հավակնում լինել»: 54Հիսուսը պատասխանեց. «Եթե ես ինքս ինձ փառավորեի, իմ փառքը ոչինչ կլիներ. իմ Հայրն է ինձ փառավորում, որի մասին դուք ասում եք, թե. ''Մեր Աստվածն է'', 55սակայն չգիտեք Նրան: Ես, մինչդեռ, գիտեմ Նրան: Իսկ եթե ասեի, թե՝ չգիտեմ Նրան, ձեր նման ստախոս կլինեի: Բայց ես գիտեմ Նրան և Նրա խոսքը ես պահում եմ: 56Աբրահամը՝ ձեր հայրը, ուրախացավ, որ տեսնելու է իմ օրը. ու տեսավ և ուրախացավ»: 57Հրեաներն, այնժամ, ասացին Նրան. «Հիսուն տարեկան դեռ չկաս, և Աբրահամի՞ն ես տեսել»: 58Հիսուսն ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. նախքան Աբրահամի ծնվելը՝ Ես Եմ»: 59Նրանք, այնժամ, քարեր վերցրեցին, որ գցեն Նրա վրա, բայց Հիսուսը թաքնվեց և տաճարից դուրս ելավ:
8, 31-33 - «Իրեն հավատացած հրեաներին ... Նրանք պատասխանեցին Նրան». Դրվագը սկսվում է Հիսուսի կողմից Իրեն հավատացած հրեաներին ուղղված խոսքով (31-32), բայց 33րդ տողից, ուր սկսվում է հակաճառությունը, ակնհայտ է, որ երկխոսությանը միջամտում են ա՛յլ հրեաներ, ովքեր Հիսուսին չէին հավատում, այլ ընդհակառակը՝ թշնամական կեցվածք ունեին Նրա հանդեպ: Խոսքը, թե. «Մենք մի՞թե իրավացիորեն չենք ասում, որ սամարացի ես դու և քո մեջ դև կա» (48), չէր կարող արտասանված լինել «Իրեն հավատացած հրեաների» կողմից: Հիսուսի կտրուկ խոսքերն էլ, ուստի, – «Դուք ձեր հորից՝ դևից եք» (44), – ուղղված չէ Իրեն հավատացածներին, այլ՝ նրանց, ովքեր չեն հավատում:
 
8, 31 - «իմ խոսքի մեջ». Հուն. «ἐν τῷ λόγῳ τῷ ἐμῷ» - «էն տօ լոգօ տօ էմօ». Նրանք, ովքեր կատարել են Հիսուսի նկատմամբ հավատքի առաջին քայլը, «ճշմարտապես» Նրա աշակերտները լինելու, «ճշմարտությունը ճանաչելու» և ճանաչված ճշմարտության միջոցով «ազատ լինելու» համար կարիքն ունեն «մնալու» («μένω» - «մենօ». հմմտ. 1, 32+-ի երկրորդ մասը) Նրա խոսքի մեջ, այսինքն՝ հարատևելու, որովհետև իրենց հավատքը տակավին տկար է և ամրապնդվելու ու հասունանալու կարիք ունի:
 
8, 32 - «ճշմարտությունը կազատի ձեզ». Ավետարանի այս հանրահայտ խոսքի մեջ ուժգին կերպով դուրս է ցայտում Հիսուսի կողմից ընծայվող հայտնության զորությունը: Ճշմարտության ճանաչումը Աստծո հետ միության զոդն է, որով մարդը դառնում է «որդի» (որդեգիր), և հետևաբար՝ նաև մեղքի ստրկությունից ազատ: Հավատքը մարդուն ներածում է Քրիստոսի ազատության և շնորհի այս նոր կարգի մեջ (Գղտ 4, 5). երկրորդ ծնունդը, որին ամեն ոք կանչված է (1, 13; 3, 3; Հռմ 8, 19.33):
 
---
 
8, 32 - «կճանաչեք ճշմարտությունը». Հիսուսը ճշմարտությունն է, Հոր պարգևի և Նրա փրկարար ծրագրի ամբողջական իրականությունը (14, 6; 17, 17; հմմտ. Հյտ 3, 7; 19, 11): Նրա մեջ ներկա են դարձել Հին Օրենքի կողմից ավետված իրականությունները (1, 17): Նա հռչակում է խոսքերը, որոնք լսել է Հորից, Ով իսկ առաքել է Իրեն (3, 11; 8, 26.40; և այլն), մեզ հայտնում է այն, ինչ Ինքը ճանաչում է (1, 18), և մեզ կոչ է անում հավատալու, վստահելու, հավատք ընծայելու Իրեն (3, 12; 8, 45-47): Նա ճշմարիտ լույսն է (1, 9). Նա կարող է ասել. «Ես ճշմարիտ հացն եմ» (6, 35): Նրա փառավորումից հետո (12, 32), ճշմարտության Հոգին (14, 17) հավատացյալներին առաջնորդելու է դեպի ամբողջական ճշմարտության ձեռքբերումը (16, 13): Հավատացյալը, որ «ճշմարտությունից է» (18, 37; 1Հվհ 3, 19; հմմտ. 2Թղ 2, 10-12), նվիրագործվում, սրբագործվում է ճշմարտության մեջ (17, 17-19), բնակվում է ճշմարտության մեջ (8, 31), քայլում, ընթանում է ճշմարտության մեջ (2Հվհ 4; 3Հվհ 4), ճշմարտություն է գործում (3, 21), գործակցում է ճշմարտությանը (3Հվհ 8), պաշտում է Հորը հոգով և ճշմարտությամբ (4, 23-24), ազատված է ստից ու կեղծիքից (8, 44):
 
---
 
8, 33 - «երբեք ոչ ոքի ստրուկը չենք եղել». Առանց հաշվի առնելու փաստը, որ հրեաները սխալ են հասկանում Հիսուսի խոսքը, – ինչպես միշտ, Նա խոսում է հոգևոր իրականություններից, և ինչպես միշտ, նրանք հասկանում են սոսկ նյութական, մարմնական, ցեղային իմաստով, – հրեաների կողմից առաջ քաշված պնդումը կեղծ է նաև պատմական տեսանկյունից դիտված: Բազմաթիվ անգամներ և երկար դարեր շարունակ, Եգիպտոսի ստրկությունից սկսած, հրեաները ստրկացած են եղել տարբեր կայսրությունների: Նաև այս տեսանկյունից դիտված – երկրային իրականությունների – , Քրիստոսի խոսքը հրավիրում է հարել ճշմարտությանը, որովհետև միմիայն ճշմարտությունն է, որ «կազատի ձեզ»:
 
8, 34 - «մեղքին ստրուկ է». Բազմաթիվ ձեռագրերում բացակայում է «մեղքին» նշումը, նախադասությանը տալով հետևյալ տեսքը. « ... յուրաքանչյուր ոք, որ մեղք է գործում, ստրուկ է»: Ա՛յլ ձեռագրեր նախընտրում են գործածել հոգնակի թիվը, գրաբարը ևս. «ամենայն որ առնէ զմեղս՝ ծառայ է մեղաց»։ Հավանական է, որ «մեղքին» նշումը ավելացվել է՝ հետևելով Հռմ 6, 17.20 տողերին: Պողոսի ու Հովհաննեսի այս տողերից բացի, սույն արտահայտությունը Նոր Կտակարանում հանդիպում է միայն 2Պտ 2, 19 տողում, «ապականության ստրուկներ» տարբերակով:
 
8, 35 - Թերևս ակնարկ է կատարվում Իսմայելին ու Իսահակին (Ծնդ 16 և 21), կամ էլ՝ ստրուկի ազատ արձակմանը վեց տարի հետո (Ել 21, 2; 2Օր 15, 12):
 
8, 38 - «ձեր հորից». Հունարեն բնագրում բացակայում է «ձեր» դերանունը, խոսքը որոշակի անորոշության մեջ թողնելով: Որոշ ձեռագրեր խնդիրը լուծում են առաջին դեպքում մեծատառի, իսկ երկրորդ դեպքում փոքրատառի գործածումով: Ա՛յլ ձեռագրեր նախընտրում են երկու դեպքերում էլ ավելացնել «իմ» և «ձեր» դերանունները, – գրաբարը ևս. «առ Հօր իմում ... 'ի հօրէն ձերմէ» – , 41րդ և 49րդ տողերի նմանությամբ:
 
8, 39 - Հրեաները Աբրահամի «զավակները» չեն (ինչպես Իսահակը), քանի որ չեն հավատում (հմմտ. Հռմ 4, 3). նրանք Աբրահամի սոսկ «ցեղից» են (ինչպես Իսմայելը՝ ստրկուհու որդին. հմմտ. 34-35 տողերը): Այս վիճաբանության վերաբերյալ՝ հմմտ. Գղտ 4, 21-31: Առավել ևս, հետևաբար, նրանք Աստծո զավակները չեն, քանի որ չեն հավատում Հիսուսին (1, 12; 3, 7-9; և այլն):
 
8, 41 - «պոռնկությունից». Այսինքն՝ կռապաշտությունից (հմմտ. Մտթ 12, 39+):
 
8, 43 - «ասածները». Հուն. «λαλιὰν» - «լալիան». Բառացի՝ խոսվածքը, խոսելաձևը, բառապաշարը, բարբառը: Նոր Կտակարանում սույն եզրը հանդիպում է միայն 3 անգամ. Մտթ 26, 73; Հվհ 4, 42 տողերում և այստեղ: ꟷ
- «ընդունակ չեք». Հուն. «οὐ δύνασθε» - «ու դյունասթէ». Բառացի՝ կարողությունը, ուժը չունեք: Գրաբար. «ոչ կարէք»։
 
8, 44 - «ձեր հորից». Հունարեն բնագրում, 38րդ տողի նման, բացակայում է «ձեր» դերանունը:
«Աստծուց» - «սատանայից» հակադրությունը բնորոշ է Հովհաննես Առաքյալի մտահամակարգին (հմմտ. 1Հվհ 3, 8-12): Աստծո կամ սատանայի ընտանիքին պատկանելը որոշվում է մարդու գործերով, որոնցով արտահայտվում է սիրո առկայությունը կամ բացակայությունը. Առաջին Նամակում այդ սերը հասկացվում է քրիստոնեական համայնքի անդամների նկատմամբ, այստեղ՝ Հիսուսի (42): Եվ բնականաբար, ով սեփական կամքով ու ընտրությամբ անդամակցում է սատանայի ընտանիքին, – ով «սկզբից ևեթ մարդասպան էր» (Աբելի սպանությունը Կայենի ձեռամբ. հմմտ. Ծնդ 4, 8) և «ստախոս ու ստի հայրը» (Ադամին ու Եվային խաբելը. հմմտ. Ծնդ 3, 1-24) – , չի կարող սիրել Հիսուսին: ꟷ
- «ստում է». Հուն. «λαλῇ τὸ ψεῦδος» - «լալէ տո փսեուդոս». Բառացի՝ կեղծիք է ասում: «Փսեուդոս» եզրը Նոր Կտակարանում գործածված է 10 անգամ, Ավետարաններում սա միակ դեպքն է (մյուսներն են. Հռմ 1, 25; Եփս 4, 25; 2Թղ 2, 9.11; 1Հվհ 2, 21.27; Հյտ 14, 5; 21, 27; 22, 15): – Սուտը, կեղծիքը, Աստծո խոսքի ու ճշմարտության հակառակն է (1, 1; 8, 31), կապված է ոչնչին ու չարին (հմմտ. Հռմ 1, 25; 2Թղ 2, 9-12; և այլն): Հրեաները, որ մերժում են Հիսուսի ճշմարտությունը (8, 40; հմմտ. 1Պտ 2, 22), ենթարկվում են ճշմարտության բոլոր թշնամիների գլխին (հմմտ. 12, 31; 13, 2; 1Հվհ 2, 14):
 
8, 46 - «փաստել». Հուն. «ἐλέγχει» - «էլենխեյ». Նշանակում է մեղադրել, հանդիմանել, դիմակազերծել՝ անհերքելի փաստերով ու ապացույցներով (հանդիմանելը՝ փաստերը դիմացը – դեմ հանդիման – դնելու իմաստով): Գրաբարը. «Ո՞ 'ի ձէնջ յանդիմանէ զիս վասն մեղաց»։ – Մեղավոր լինելը, մեղքը, որի մասին խոսվում է այստեղ, բարոյական խնդիրների չի վերաբերվում, այլ՝ գլխավոր ու աններելի մեղքին. անհավատարմությունն Աստծուն, Նրանից ստացած առաքելության կատարման մեջ:
 
8, 48 - «սամարացի ես դու և քո մեջ դև կա». Հիսուսը (նաև Հովհաննես Մկրտիչը) հրեաների կողմից ուրիշ անգամներ էլ էր որակավորվել իբրև դիվահար (հմմտ. Մտթ 9, 34; 11, 18; 12, 24; Հվհ 7, 20; 8, 52; 10, 20; և այլն): Սա միակ հիշատակումն է Ավետարաններում, ուր Նա որակավորվում է իբրև սամարացի (հմմտ. Մտթ 10, 5+):
 
8, 51-52 - «մահ չի տեսնի ... մահ չի ճաշակի». «Երբեք մահ չի տեսնի հավիտյան» արտահայտությունը նշանակում է «չի մեռնի հավիտենական մահով» (հմմտ. Հյտ 20, 6), որովհետև ով հավատում է Հիսուսին, ստանում է հավիտենական կյանքը (հմմտ. 11, 25): Հրեաները, սակայն, ևս մեկ անգամ տառացի սխալ մեկնաբանություն են տալիս Հիսուսի խոսքին և, ո՛չ պատահաբար, «տեսնել» («θεωρέω» - «թէօռէօ») բայը փոխարինում են «ճաշակել» («γεύομαι» - «գէուոմայ») բայով (ճաշակելը՝ փորձառությունն ունենալու իմաստով), այդպիսով ցույց տալով, որ Հիսուսի խոսքերը հասկանում են ֆիզիկական մահվան իմաստով:
 
8, 53 - «Ո՞վ ես դու հավակնում լինել». Բառացի՝ Ո՞ւմ ես ինքդ քեզ սարքում: Գրաբարը. «դու զո՞վ առնես զքեզ»։
 
8, 54 - Իր պատասխանի մեջ Հիսուսը կրկնում է այն, ինչ ասել էր 49-50 տողերում. Իր սեփական «փառքը» չէ, որ Ինքը փնտրում է, այլ՝ Հայր Աստծո «փառքը», ուստի Հայրն էլ իր հերթին «փառավորում է» Որդուն: Այս բայը («δοξάζω» - «դոքսազօ» - «փառավորել, փառաբանել»), որ խիստ կարևոր է նորկտակարանյան աստվածաբանության համար, յուրահատուկ կերպով սիրելի է Հովհաննեսին. ամբողջ Նոր Կտակարանում գործածված 62 անգամներից (Մտթ 5, 16; 6, 2; 9, 8; 15, 31; Մրկ 2, 12; Ղկս 2, 20; 4, 15; 5, 25.26; 7, 16; 13, 13; 17, 15; 18, 43; 23, 47; Գրծ 3, 13; 4, 21; 11, 18; 13, 48; 21, 20; Հռմ 1, 21; 8, 30; 11, 13; 15, 6.9; 1Կր 6, 20; 12, 26; 2Կր 3, 102; 9, 13; Գղտ 1, 24; 2Թղ 3, 1; Եբր 5, 5; 1Պտ 1, 8; 2, 12; 4, 11.14.16) 25ը պատկանում է Հովհաննեսին (23ը Ավետարանում. 7, 39; 8, 542; 11, 4; 12, 16.23.283; 13, 312.323; 14, 13; 15, 8; 16, 14; 17, 12.4.5.10; 21, 19; իսկ 2ը Հայտնության գրքում. 15, 4; 18, 7):
 
8, 56 - «որ տեսնելու է իմ օրը». Այսինքն՝ Հիսուսի գալուստը: Եվս մեկ անգամ, Հիսուսն Իր վերաբերյալ գործածում է մի արտահայտություն, որը Հին Կտակարանում վերապահված էր միայն ու միայն Աստծուն. «Յահվեի օրը» (հմմտ. Ամս 5, 18): ꟷ
- «տեսավ և ուրախացավ». Աբրահամը տեսավ Հիսուսի «օրը» (ինչպես որ Եսային «տեսավ Նրա փառքը». 12, 41), «հեռվից» (հմմտ. Եբր 11, 13; Թց 24, 17), մի մարգարեական իրադարձության շրջանակներում. Իսահակի ծնունդը, որ պատճառ հանդիսացավ Աբրահամի ծիծաղի և ուրախության համար (Ծնդ 17, 17): Հիսուսն Իրեն ներկայացնում է որպես Աբրահամին տրված խոստման ճշմարիտ առարկան, որպես Աբրահամի ուրախության բուն, ճշմարիտ և իրական պատճառ. Ինքը որպես հոգևոր Իսահակ (հմմտ. Ծնդ 12, 1-3):
 
---
 
8, 56 - Հրեական մի հնագույն, արտաաստվածաշնչյան ավանդության համաձայն՝ Աբրահամին ի վերուստ տրվել էր ճանաչել գալիք ժամանակների գաղտնիքները, հատկապես այն ամենը, որ առնչվում էր մեսսիական դարաշրջանին:
 
---
 
8, 57 - «Հիսուն տարեկան». Հիսուն տարեկան հասակը նկատվում էր որպես սահմանային տարիք՝ մարդու աշխատանքային գործունեության համար (հմմտ. Թց 4, 3.39; 8, 25): Հիսուսի զրուցակիցներն այս տվյալը գործածում են՝ Նրան հեգնանքով պատասխանելու համար, որ մեկ մարդու ամբողջական կյանք անգամ դեռ չէր ապրել, ո՜ւր մնաց թե՝ Աբրահամին տեսած լիներ:
 
8, 58 - «ծնվելը». Հուն. «γενέσθαι» - «գենեսթայ». Նշանակում է՝ գոյության գալը, պատահելը, ծնունդը, ի հայտ գալը: Սույն բայը Հովհաննեսն իր Ավետարանի Նախաբանում գործածում է արարչագործության վերաբերյալ՝ արարածների գոյության գալու, ստեղծվելու իմաստով, մինչդեռ «εἰμί» - «էիմի» - «լինել» բայը («Ἐγὼ Εἰμί» - «Էգօ Էիմի» - «Ես Եմ») Բանին՝ Լոգոսին վերապահված բայն է, որով մատնանշվում է աստվածային գոյությունը ժամանակի ու տարածքի սահմաններից անդին:
 
8, 59 - «քարեր վերցրեցին, որ գցեն Նրա վրա». Հրեաների հակազդեցությունը ցույց է տալիս, որ նրանք ճշգրիտ կերպով հասկացել էին, թե ի՛նչ էին նշանակում և ինչպիսի՛ տարողություն ունեին Հիսուսի խոսքերը. Նա Իր Անձը ներկայացնում էր որպես աստվածային գոյությունը կրող, գոյության աստվածային կերպով ապրող: Ինչը որ նրանց համար ծայրաստիճան ծանր անարգանք էր Աստծո դեմ, որի պատիժը քարկոծմամբ մահվան ենթարկելն էր (Ղևտ 24, 16): Տե՛ս նաև Մտթ 9, 3+-ի առաջին մասը: ꟷ
- «թաքնվեց». Հուն. «ἐκρύβη» - «էկռյուբէ». «Կռյուպտօ» բայը նշանակում է թաքցնել, ծածկել, ծածուկ պահել, գաղտնի դարձնել (հմմտ. Մտթ 11, 25): Գրաբարը նախընտրում է «խույս տալ» տարբերակը. «եւ Յիսուս խոյս ետ»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։