22-66. Ճառ Կաֆառնաումի ժողովարանում – Գրադարան – Mashtoz.org

22-66. Ճառ Կաֆառնաումի ժողովարանում

⁓ Հվհ 1, 14.18.21.33.48; 2, 11.18-19; 3, 11-13.16.35; 4, 1.14.34; 5, 26-30.36; 6, 11; 7, 29.37; 10, 28-29; 11, 28.42; 12, 27.32.49-50; 13, 11; 14, 31; 15, 4-5; 17, 6-8.12.21.26
≈ Մտթ 8, 10.20; 12, 38; 13, 54-57; 16, 1-4.12.17; 26, 26-29; Մրկ 6, 1-6; 8, 11; 14, 22-25; 15, 32; Ղկս 4, 22; 11, 29-32; 22, 15-20; 1Կր 10, 3-5; 11, 23-26; 2Կր 3, 6; Եբր 10, 5-10; 1Հվհ 2, 20.24.27; 3, 23-24; 4, 12; Ել 16, 4.13-14.20; 33, 20; Սղմ 78, 24-25; Սրք 24, 18-21; Առկ 9, 1-6; Իմս 16, 20; Ես 54, 13; 55, 1-3; Երմ 31, 33-34
 
22Հաջորդ օրը, ծովի մյուս կողմում մնացած ժողովուրդը տեսավ, որ ուրիշ նավակ չկար այդտեղ, այլ՝ միայն մեկը, և որ Հիսուսն Իր աշակերտների հետ նավ չէր նստել, այլ՝ Նրա աշակերտներն էին միայն մեկնել. 23բայց Տիբերիայից ուրիշ նավակներ էին եկել՝ մոտ այն տեղին, ուր կերել էին հացը՝ Տիրոջ կողմից գոհություն մատուցվելուց հետո. 24երբ, ուրեմն, ժողովուրդը տեսավ, որ Հիսուսն այնտեղ չէ, ո՛չ էլ Նրա աշակերտները, իրենք նավակներ նստեցին և ճանապարհ ընկան դեպի Կաֆառնաում՝ փնտրելու Հիսուսին: 25Եվ Նրան ծովի մյուս կողմում գտնելով, ասացին Նրան. «Ռաբբի՜, ե՞րբ եկար այստեղ»:
26Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. դուք ինձ փնտրում եք ո՛չ որովհետև նշաններ տեսաք, այլ՝ որովհետև կերաք նկանակներից ու կշտացաք: 27Հետամուտ եղեք ո՛չ թե կորստական կերակուրին, այլ՝ այն կերակուրին, որ տևում է հավիտենական կյանքի մեջ, որը Մարդու Որդին կտա ձեզ: Նրան, արդարև, արտոնել է Հայրը՝ Աստված»: 28Նրանք, ուստի, ասացին Նրան. «Ի՞նչ պետք է անենք, որպեսզի Աստծո գործերը գործենք»: 29Հիսուսը պատասխանեց և նրանց ասաց. «Սա՛ է Աստծո գործը. որ հավատաք Նրան, Ում Նա ուղարկել է»:
30Նրանք, այնժամ, ասացին Նրան. «Ուրեմն ի՞նչ նշան ես դու գործում, որ տեսնենք և հավատանք քեզ: Ի՞նչ գործ ես կատարում: 31Մեր հայրերը մանանան կերան անապատում, ինչպես որ գրված է. ''Երկնքից հաց տվեց նրանց ուտելու''»: 32Ուստի Հիսուսն ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Մովսեսը չէ, որ ձեզ հաց տվեց երկնքից, այլ՝ իմ Հայրն է երկնքից տալիս ձեզ ճշմարիտ հացը. 33Աստծո հացն իսկապես Նա է, Ով իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին»: 34Նրանք, այնժամ, ասացին Նրան. «Տե՜ր, ամեն ժամ տո՜ւր մեզ այդ հացը»: 35Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ կյանքի հացը. ով գալիս է իմ մոտ, երբեք քաղց չի զգա, և ով հավատում է ինձ, այլևս երբեք չի ծարավի: 36Բայց ես ասացի ձեզ, որ դուք և՛ տեսաք ինձ, և՛ չեք հավատում: 37Յուրաքանչյուր ոք, որին Հայրը տալիս է ինձ, կգա իմ մոտ, և ով գալիս է իմ մոտ, նրան դուրս չեմ հանի. 38որովհետև երկնքից իջել եմ ո՛չ որպեսզի իմ կամքը կատարեմ, այլ՝ կամքը Նրա, Ով ինձ ուղարկել է: 39Արդ, սա՛ է կամքը Նրա, Ով ինձ ուղարկել է. որ յուրաքանչյուր ոք, որին Հայրը տվել է ինձ, նրանցից ոչ մեկին չկորցնեմ, այլ՝ վերջին օրը հարություն տամ նրան: 40Արդարև, սա՛ է իմ Հոր կամքը. որ յուրաքանչյուր ոք, որ տեսնում է Որդուն և հավատում է Նրան, հավիտենական կյանք ունենա, և ես վերջին օրը հարություն կտամ նրան»:
41Հրեաներն, ուստի, տրտնջում էին Նրանից, որովհետև ասել էր. «Ես եմ երկնքից իջած հացը»: 42Եվ ասում էին. «Սա Հիսուսը չէ՞, Հովսեփի որդին, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք: Ուրեմն ինչպե՞ս է ասում, թե. ''Երկնքից եմ իջել''»:
43Հիսուսը պատասխանեց և նրանց ասաց. «Մի՛ տրտնջացեք իրար մեջ: 44Ոչ ոք չի կարող գալ իմ մոտ, եթե Հայրը, որ ուղարկել է ինձ, չձգի նրան. և ես վերջին օրը հարություն կտամ նրան: 45Գրված է Մարգարեների մոտ. Եվ բոլորն Աստծուց ուսանած կլինեն: Յուրաքանչյուր ոք, որ լսում է Հորից և ուսանում, գալիս է իմ մոտ: 46Այնպես չէ, որ Հորը ինչ որ մեկը տեսել է, այլ՝ միայն Նա, Ով Աստծուց է, Նա է տեսել Հորը: 47Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է, հավիտենական կյանք ունի:
48Ես եմ կյանքի հացը: 49Ձեր հայրերը կերան մանանան անապատում և մեռան: 50Սա՛ է հացը, որ իջնում է երկնքից, որպեսզի ամեն ոք նրանից ուտի ու չմեռնի: 51Ես եմ կենդանի հացը՝ երկնքից իջած. եթե մեկն այս հացից ուտի, կապրի հավիտյան: Եվ հացը, որ ես տալու եմ, հիրավի իմ մարմինն է՝ աշխարհի կյանքի համար»:
52Հրեաներն, այնժամ, սկսեցին վիճաբանել իրար հետ, ասելով. «Սա ինչպե՞ս կարող է իր մարմինը տալ մեզ՝ ուտելու»: 53Հիսուսն, ուստի, ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե չուտեք Մարդու Որդու մարմինը և չխմեք Նրա արյունը, կյանք չունեք ձեր մեջ: 54Ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, հավիտենական կյանք ունի, և ես վերջին օրը հարություն կտամ նրան: 55Իմ մարմինն, արդարև, ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը ճշմարիտ ըմպելիք է: 56Ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, բնակվում է իմ մեջ, և ես՝ իր մեջ: 57Ինչպես որ ուղարկեց ինձ կենդանի Հայրը և ես ապրում եմ Հոր համար, նաև նա, ով ուտում է ինձ, նա էլ կապրի իմ համար: 58Սա՛ է հացը՝ երկնքից իջած, ո՛չ ինչպես հայրերը կերան և մեռան: Ով այս հացն ուտում է, կապրի հավիտյան»:
59Այս բաները Նա ասաց ժողովարանում, Կաֆառնաումում ուսուցանելիս: 60Նրա աշակերտներից շատերն, ապա, երբ լսեցին, ասացին. «Անընդունելի է այս խոսքը: Ո՞վ կարող է ընկալել այն»: 61Հիսուսը, մինչդեռ, Ինքն Իր մեջ իմանալով, որ Իր աշակերտներն այդ բանի վերաբերյալ էին տրտնջում, ասաց նրանց. «Սա գայթակղեցնո՞ւմ է ձեզ: 62Իսկ եթե տեսնեք Մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առա՞ջ էր: 63Հոգին է կենդանարար, մարմինը ո՛չ մի բանով չի օգնում: Խոսքերը, որ ես ասացի ձեզ, հոգի են, և կյանք են: 64Բայց կան ձեզնից ոմանք, որ չեն հավատում»: Հիրավի, Հիսուսը սկզբից ևեթ գիտեր, թե ովքե՛ր են նրանք, որ չեն հավատում, և թե ո՛վ է նա, որ մատնելու է Իրեն: 65Եվ ասում էր. «Դրա համար ասացի ձեզ, որ ոչ ոք չի կարող գալ իմ մոտ, եթե նրան տրված չէ Հորից»:
66Դրանից հետո Նրա աշակերտներից շատերը ետ քաշվեցին և այլևս չէին շրջում Նրա հետ:
6, 25-27 - Ամբոխի կողմից ներկայացված հարցադրումը զետեղվում է զուտ մարդկային մակարդակի վրա: Հիսուսի պատասխանը գնում է ընկալման այս հարթությունից շա՜տ ավելի անդին և ընդգծում է այդ մարդկանց անկարողությունը՝ ընկալելու «նշանների» ճշմարիտ նշանակությունը: Այդ պատճառով է, որ նրանք մեղադրվում են այն բանի մեջ, որ հետևում են Հիսուսին ո՛չ որովհետև հավատում են, մինչև իսկ ո՛չ որովհետև «նշաններ» (հրաշքներ) է գործել, այլ՝ սոսկ ու պարզապես որովհետև ուտելու բան է տվել իրենց և, հետևաբար, ընդունակ է գտնվել բավարարելու իրենց նյութական կարիքները:
 
6, 27 - Այս տողում շարադրված նախադասությունը հիշեցնում է «ջրի աղբյուրը, որ ցայտում է հավիտենական կյանքի համար» (4, 14): Կերակուրը, որ ամբողջությամբ ձևավորում ու իրագործում է մարդու կյանքը, Հիսուս Քրիստոսն Ինքն է: Սա՛ է կերակուրը, որ սնում է և որի տված ուժը անցողիկ չէ, ինչպիսին որ է երկրային ուրիշ որևիցէ սննդի կողմից տրվածը. բայց, Նրան գտնելու համար, հարկավոր է գործի անցնել, պարապ չնստել, և մի նոր ու բացառիկ հարաբերության մեջ մտնել Նրա հետ, Ում Աստված արտոնել է կատարելու այդ եզակի առաքելությունը: ꟷ
- «Հետամուտ եղեք». Հուն. «ἐργάζεσθε» - «էռգազեսթէ». Բառացի՝ անձամբ փնտրեցեք, զբաղվեցեք դրանով, անձնական աշխատանքով ձեռք բերեցեք: Գրաբարը. «Երթայք գործեցէք»։ ꟷ
- «կտա». Որոշ ձեռագրերում հանդիպում է «տալիս է» տարբերակը: ꟷ
- «արտոնել է». Հուն. «ἐσφράγισεν» - «էսֆռագիսեն». Բառացի՝ կնքել, վրան կնիք է դրել, այսինքն՝ վերին հեղինակությամբ վավերացրել, արտոնել է: – Գրաբարը. «քանզի զնա հայր կնքեաց Աստուած»։ Կնիքը, որ Հայրը դրել է Որդու վրա, Սուրբ Հոգին է, որը Նա ստացել է Մկրտության ժամանակ (Մտթ 3, 16; հմմտ. Հռմ 4, 11), Աստծո զորությունը՝ «նշաններ» գործելու համար (հմմտ. Մտթ 12, 28; Գրծ 10, 38; Եփս 1, 13; 4, 30; 2Կր 1, 22): ꟷ
- «Աստված». Հուն. «τοῦτον γὰρ ὁ Πατὴρ ἐσφράγισεν ὁ Θεός» - «տուտոն գառ հո Պատեռ էսֆռագիսեն հո Թէոս». Բառացի՝ «Նրան արդարև Հայրը կնքեց Աստվածը»: Այսինքն՝ նախադասությունը բնագրում այնպիսի տեսք ունի, որ գրեթե առանց որևէ կասկածի կարելի է հաստատել, որ «Աստվածը» նշումը հետագա հավելում է, ամենայն հավանականությամբ՝ հրեական միջավայրերի ազդեցությամբ:
 
6, 28-29 - Միակ գործը, որ տանում է փրկության, հավատքն է (հմմտ. Հռմ 3, 28), որն Աստծո պարգևն է, բայց միաժամանակ մարդու կողմից գործ է, ակտ, որ կատարվում է գիտակցաբար և ազատ կամքով: Հավատքի նախադրյալը Հիսուսի՝ Աստծո Միածին Որդու ընդունումն է: Ա՛յլ գործեր «անելուց» առաջ, հարկավոր է «անել» այս առաջին գործը. հավատալ, այսինքն՝ վստահել Աստծո կողմից Ուղարկվածին: Միմիայն այս վստահասիրտ հավատքից է, որ կարող են բխել մյուս բոլոր գործերը, առանց որոնց՝ հավատքը մեռած է (հմմտ. Հկբ 2, 14-26):
 
6, 30 - Տեսանելի, շոշափելի նշանի միևնույն պահանջը գտնվում է նաև Մտթ 12, 38-42 և Մրկ 8, 11-12 հատվածներում (տե՛ս համապատասխան տողերի ծանոթագրությունները):
 
6, 31 - Մեջբերումը ստացվել է հինկտակարանյան տարբեր հատվածների միությամբ (հմմտ. Ել 16, 4.15.32-34; Սղմ 78, 24): Հրեաները հավատում էին, որ Աստծուց Իր ժողովրդին անապատում տրված մանանան պետք է հրաշալի կերպով կրկին հայտնվեր վերջին ժամանակներում, Զատկի օրը, որովհետև այն համարում էին մեսսիական ժողովրդի կերակուրը (Սղմ 78, 23-24; 105, 40; Իմս 16, 20-22): Քրիստոնյաները, առաջին իսկ օրերից սկսած, մանանայի մեջ տեսան Ամենասուրբ Հաղորդության Ընթրիքի մարգարեական պատկերներից մեկը (1Կր 10, 3-4): Հիսուսն այստեղ մանանան հիշատակում է երկու ուղղությամբ էլ. մանանան պատկերում է և՛ հավատքի ճշմարիտ սնունդը, հավատք՝ Իր խոսքերի հանդեպ (35-50), և՛ Իր Մարմնի ու Արյան խորհրդական սնունդը, որն հավիտենական կյանքի ակունքն ու երաշխիքն է (51-58):
 
6, 32 - «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ». Հուն. «Ἀμὴν ἀμὴν λέγω ὑμῖν» - «Ամեն ամեն լեգօ հյումին». Գրաբարը, հաշվի առնելով «ամեն» հինկտակարանյան եզրի հարուստ բովանդակությունը, նախընտրում է չթարգմանել այն. «Ամէն ամէն ասեմ ձեզ»։ Տե՛ս Մտթ 5, 18+-ի առաջին մասը:
Այստեղ ևս – ինչպես հաճախաբար (25 անգամ. 1, 51; 3, 3.5.11; 5, 19.24.25; 6, 26.32.47.53; 8, 34.51.58; 10, 1.7; 12, 24; 13, 16.20.21.38; 14, 12; 16, 20.23; 21, 18) և բացառապես Հովհաննեսի Ավետարանում – կրկնակի Ամենը ընդգծում է արտասանվելիք խոսքի հանդիսավորությունն ու կարևորությունը: Հիսուսն, արդարև, պատրաստվում է հռչակելու, որ հենց Ինքն է երկնքի Հացը, մարդկանց Աստծո կողմից տրված պարգևը:
 
6, 33 - «Նա է, Ով իջնում է երկնքից». Բառացի՝ երկնքից Իջնողն է: Տե՛ս նաև 3, 31+-ի առաջին մասը: – Գրաբարը. «որ իջանէն յերկնից»։
 
6, 35 - «Ես եմ». Հուն. «Ἐγώ εἰμι» - «Էգօ էիմի». Հունարեն արտահայտությունը հիշեցնում է Մովսեսին հայտնված Աստվածային Անունը (Ել 3, 14; հմմտ. Հվհ 8, 24; և այլն): ꟷ
- «երբեք քաղց չի զգա ... երբեք չի ծարավի». Հինկտակարանյան Իմաստության նման (Առկ 9, 1), Հիսուսը մարդկանց հրավիրում է խնջույքի: Հովհաննեսի ընկալմամբ՝ Հիսուսն Աստծո Իմաստության մարմնացումն է, կամ մարմնացած Իմաստությունը, որին հինկտակարանյան հայտնությունն արդեն ձգտում էր անձնականացնել: Իր այդ համոզումը հիմնվում է Հիսուսի ուսուցման վրա, որը համատես Ավետարաններում արդեն տեսանելի է (Մտթ 11, 19; Ղկս 11, 31-32), բայց այստեղ շատ ավելի շեշտադրված է. Իր ծագումը խորհրդավոր է (7, 27-29; 8, 14.19; հմմտ. Հոբ 28, 20-28). միայն Ինքն է ճանաչում Աստծո խորհուրդները և դրանք հայտնում է մարդկանց (3, 11-12.31-32; հմմտ. Մտթ 11, 25-27; Իմս 9, 13-18; Բրք 3, 29-38). Նա կենդանի հաց է, որ հագեցնում է Իրենով սնվողի գոյութենական քաղցը (6, 35; հմմտ. Առկ 9, 1-6; Սրք 24, 19-22; Մտթ 4, 4; հմմտ. 2Օր 8, 3):
 
6, 37 - «Յուրաքանչյուր ոք». Հուն. «Πᾶν» - «Պան». Նշանակում է ամենը կամ ամենքը, բայց «ամեն ոք»ի, «յուրաքանչյուր ոք»ի, «որևիցէ մեկ»ի իմաստով, որպես ամբողջությունը կազմող մաս: – Գրաբարը. «Զամենայն զոր տայ ինձ Հայր»։ ꟷ
- «գալիս է». Գնալ, քայլել դեպի Հիսուսը՝ նշանակում է հավատալ Իրեն: Հիսուսի հանդեպ հավատքը անշարժ (ստատիկ) իրականություն չէ, այլ՝ մի ընթացք է, շարժուն (դինամիկ) իրականություն:
 
6, 38 - Երկու կամքերի ընդգծումը, և Հիսուսի լիակատար պատրաստակամությունը՝ կամովին հետևելու Հոր կամքին, ներկա է նաև Գեթսեմանիի պարտեզում Հիսուսի հոգեվարքի դրվագում (Մտթ 26, 39; Մրկ 14, 36; Ղկս 22, 42):
 
6, 39 - «վերջին օրը». Հուն. «ἐν τῇ ἐσχάτῃ ἡμέρᾳ» - «էն տէ էսխատէ հեմեռա». Հմմտ. 10, 28-29; 17, 12; 18, 9; Մտթ 18, 14: Այստեղ առաջին անգամ գործածվում է – և հետո գործածվելու է բավական հաճախակի կերպով (հմմտ. 6, 40.44.54; 7, 37; 11, 24; 12, 48) – «վերջին օրը» արտահայտությունը, մատնանշելու համար Քրիստոսի վերադարձի օրը. «տոնի վերջին՝ ամենահանդիսավոր օրը» (7, 37) նրա համար, ով ընդունած կլինի Հիսուսին:
 
6, 40 - «տեսնում է». Հուն. «θεωρέω» - «թէօռէօ» բայի ճշգրիտ նշանակության համար՝ տե՛ս Մրկ 3, 11+:
 
6, 41-43 - «տրտնջում էին ... Մի՛ տրտնջացեք». Հրեաների այս տրտնջոցները հիշեցնում են իրենց նախահայրերի նմանատիպ տրտնջոցները Մովսեսի դեմ, անապատում (հմմտ. Ել 16, 2.7-8; 17, 3; Թց 11, 1; 14, 27; 1Կր 10, 10):
 
6, 44 - «եթե Հայրը ... չձգի նրան». Իր ժողովրդի մասին խոսելով, Աստված ասել էր. «Հրապուրելով ձգելու եմ նրան, տանելու եմ նրան անապատ, և այնտեղ խոսելու եմ նրա սրտին» (Ովս 2, 16): Իսկ Երգ Երգոցում հարսն աղերսել էր. «Ձգի՜ր ինձ քո ետևից» (Երգ 1, 4): Բայց ''հրեաները'', մերժելով գնալ դեպի Հիսուսը, այսինքն՝ Նա, Ում Հայրն ուղարկել է, անարդյունավետ են դարձնում Աստծո կանչը:
Ձգելու թեման – այստեղ գործածված միևնույն «ἑλκύω» - «հելկյուօ» բայով, որն Ավետարաններում միայն Հովհաննեսի մոտ է գործածվում (5 անգամ) – վերադառնում է 12, 32 տողի հայտնի խոսքի մեջ. «Եվ ես, երբ երկրից վեր բարձրանամ, ամենքին դեպի ինձ կձգեմ»:
 
6, 45 - «Մարգարեների». Մեջբերման խոսքը, որպես այդպիսին, Հին Կտակարանում չի հանդիպում: Այն ամենայն հավանականությամբ ստացվել է՝ միմյանց կցելով Ես 54, 13 և Երմ 31, 34 տողերը, ցույց տալու համար, որ Աստծուց է բխում հավատքը նրանց, ովքեր ընդունում են Հիսուսին: Դրա համար էլ Հովհաննեսն ասում է «Մարգարեների մոտ», հոգնակի թվով ու անորոշ ձևով:
 
6, 48-59 - Հմմտ. Մտթ 26, 26-29; Մրկ 14, 22-25; Ղկս 22, 15-20; 1Կր 11, 23-26:
Այս տողերում Հովհաննեսը – ով իր Ավետարանում կանգ չի առել Ամենասուրբ Հաղորդության խորհրդի հաստատման կոնկրետ դրվագի վրա – ներկայացնում է նույնի հոգևոր-միստիկ-աստվածաբանական ընթերցումը:
 
6, 49 - «Ձեր հայրերը». Իսրայելում, Դավթի սերնդին պատկանող ընտանիքում մարդացած լինելով հանդերձ, Աստծո Միածին Որդին անձնական հարթության վրա չի նույնանում այդ ժողովրդի հետ: Իսրայելի նախահայրերը Իր նախահայրերը չեն. Ինքը միայն մեկ Հայր ունի՝ Աստված (հմմտ. 1, 1; 8, 58; 17, 5; 1Հվհ 1, 1):
 
6, 51 - «իմ մարմինն է». Հուն. «ἡ σάρξ μού ἐστιν» - «հէ սառքս մու էստին». Մինչ համատես երեք Ավետարանները և Պողոս Առաքյալը Ամենասուրբ Հաղորդության հաստատման դրվագում գործածում են «σῶμά» - «սօմա» եզրը, որ նշանակում է «մարմին», ընդհանուր հասկացողությամբ, Հովհաննեսը նախընտրում է գործածել «σάρξ» - «սառքս» եզրը, որն իր առաջնային բուն իմաստով նշանակում է «միս» և, հետևաբար, մատնանշում է մարդու մարմնեղեն թանձր մասը՝ «միսն ու արյունը»: Ուստի, բառացի թարգմանության դեպքում, այս տողը կունենա հետևյալ տեսքը. «Եվ հացը, որ ես տալու եմ, հիրավի իմ միսն ու արյունն է՝ աշխարհի կյանքի համար»: Եվ այսպես ավելի լավ է հասկացվում հրեաների զարմանքն ու գայթակղությունը՝ ի լուր Հիսուսի այս խոսքի:
 
6, 52 - «վիճաբանել». Հուն. «Ἐμάχοντο» - «Էմախոնտո». Բառացի՝ կռվում էին: Գրաբարը. «Մարտնչէին ընդ միմեանս»։ Այս բայի գործածումը ցույց է տալիս, թե ի՛նչ աստիճանի բուռն վիճաբանություն է ծագում Հիսուսի ունկնդիրների միջև: Խոսքն այլևս տրտնջոցի կամ պարզ քննադատության մասին չէ (41), այլ՝ բորբոքված բանակռվի:
 
6, 54-58 - «ուտում է». Հուն. «τρώγων» - «տռօգօն». Հովհաննեսը այստեղ ևս զարմանալի ընտրություն է կատարում. «ἐσθίω» - «էսթի՛օ» - «ուտել» բայը գործածելու փոխարեն, որով արտահայտվում է մարդկանց սնվելու գործողությունը, գործածում է «տռօգօ» բայը, որով մատնանշվում է կենդանիների սնվելը և բառացի նշանակում է կրծել, ցորենի հասկը կամ եգիպտացորենի կոճը հատիկ առ հատիկ ուտել: Նոր Կտակարանում այս բայը գործածվում է ընդամենը 6 անգամ, որոնցից 4ը այս դրվագում (6, 54.56.57.58; մյուս 2ը՝ Մտթ 24, 38; Հվհ 13, 18): Հովհաննեսի կողմից այս ընտրությունը հավանաբար կատարվում է՝ պլաստիկ կերպով ընդգծելու համար Հիսուսի «մսով ու արյամբ» սնվելու իրական փորձառությունը (55): Այս տեսանկյունից դիտված, հացի և գինու հաղորդութենական իմաստից բացի, Հովհաննեսը ակնարկ է կատարում նաև Հիսուսի մահվանը, որն հարկավոր է «սպառել» – մասնակցելով դրան – հավիտենական կյանքն ունենալու համար:
 
6, 56 - «բնակվում է». Հուն. «μένει» - «մենեյ». Բառացի՝ մնում է: Սրանում է կայանում հավիտենական կյանքը (54). ընդմիշտ հաղորդության մեջ մնալ Հիսուսի հետ:
 
6, 57 - «ով ուտում է ինձ, ... կապրի իմ համար». Ամենասուրբ Հաղորդությունը քրիստոնյային հաղորդում է կյանքը, որը Որդին ունի Հորից. Որդուն հաղորդվողը մուտք է գործում Ամենասուրբ Երրորդության կյանքի մեջ:
 
6, 58 - «հայրերը». Քանի որ դրվագի սկզբում (49) ընդգծվել էր «ձե՛ր» հայրերը, Հովհաննեսը կարևոր չի նկատում նույնը կրկնել նաև այստեղ, գտնելով, որ ինքնըստինքյան պարզ է, թե խոսքը ո՛ւմ մասին է: Որոշ ձեռագրեր, համենայն դեպս, կամենալով նույնացնել երկու տողերը, այստեղ ևս ավելացնում են «ձեր»: Գրաբարը ևս. «հարքն ձեր»։
 
6, 60-71 - Աշակերտներից ոմանք (ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր) դժվարանում են ըմբռնել և ընդունել Կյանքի Հացի ճառում բովանդակված քրիստոսաբանությունը (ա՛յլ խոսքերով ասած՝ չեն կարողանում հավատալ Հիսուսի խոսքին, վստահել Նրան, Նրա ուսուցմանը): Այդ աշակերտներին (ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր) Հիսուսն ուղղում է Իր հորդորը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե չուտեք Մարդու Որդու մարմինը և չխմեք Նրա արյունը, կյանք չունեք ձեր մեջ: [...] Խոսքերը, որ ես ասացի ձեզ, հոգի են, և կյանք են» (53.63): Եվ Պետրոսը (Եկեղեցին) պատասխանում է. «Տե՜ր, [...] Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես: Եվ մենք հավատացինք և ճանաչեցինք, որ Դու Աստծո Սուրբն ես» (68-69) Ամենասուրբ Հաղորդության խորհրդի մեջ: «Հավատացինք և ճանաչեցինք». նախ՝ հավատացինք, և միայն այդպե՛ս՝ ընդունակ եղանք ճանաչելու:
 
6, 60 - «Անընդունելի». Հուն. «Σκληρός» - «Սկլեռոս». Բառացի՝ կարծր, կոշտ, կոպիտ: Գրաբարը. «Խիստ է բանդ այդ»։ ꟷ
- «խոսքը». Հուն. «ὁ λόγος» - «հո լոգոս». Ովքեր չեն ընդունում Քրիստոսի Մարմնի ու Արյան խորհրդի մեջ ամփոփված քրիստոսաբանությունը, չեն հավատում Հիսուսի խոսքին, նշանակում է, որ անընդունելի են համարում խոսքը Նրա, Ով անձամբ Խոսքն է (Բանը), Ով ի սկզբանե Աստծո մոտ էր, և Ով Ինքն իսկ Աստված է (1, 1; 20, 28): ꟷ
- «ընկալել». Հուն. «ἀκούειν» - «ակուէին». Բառացի՝ լսել (ականջ դնել, ընդունել իմաստով): Գրաբարը. «ո՞վ կարէ լսել դմա»։
 
6, 62 - Ակնարկում է Համբարձմանը: Այդ դրվագում ևս խոսվում է ոմանց երկմտության, կասկածների մասին, մինչ Առաքյալները (Եկեղեցին) երկրպագում են Հարուցյալ Հիսուսին (հմմտ. Մտթ 28, 17 և 28, 17+):
 
6, 63 - «Խոսքերը, որ ես ասացի ձեզ, հոգի են, և կյանք են». Հուն. «Τὰ ῥήματα ἃ ἐγὼ λελάληκα ὑμῖν πνεῦμά ἐστιν καὶ ζωή ἐστιν» - «Տա հռեմատա հա էգօ լելալեկա հյումին պնէումա էստին կայ զօէ էստին». Քրիստոսի Մարմնի ու Արյան խորհուրդը ընկալելու համար հարկավոր է դուրս գալ (դարձի գալ) սոսկ նյութական, սոսկ մարդկային, սոսկ աշխարհային սահմանափակ տրամաբանությունից (անթլփատ սրտից, կարծրասրտությունից), և թույլ տալ, որ Սուրբ Հոգին մտցնի մեզ Աստծո տրամաբանության մեջ: – Տե՛ս նաև Մտթ 19, 8+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։