19-28. Հովհաննեսի վկայությունը – Գրադարան – Mashtoz.org

19-28. Հովհաննեսի վկայությունը

⁓ Հվհ 1, 7-8.15; 5, 33; 6, 14; 7, 27.40; 10, 40
≈ Մտթ 3, 3.6-13.26; 16, 14; 17, 10-13; 21, 25; Մրկ 1, 2-8; Ղկս 3, 1-18; 10, 22; Գրծ 13, 25; 1Տմ 6, 16; 2Օր 18, 15; Ես 40, 3
 
19Եվ սա՛ է Հովհաննեսի վկայությունը, երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեին նրան. «Դու ո՞վ ես»: 20Եվ նա խոստովանեց և չուրացավ, այլ՝ խոստովանեց, թե. «Ես Քրիստոսը չեմ»: 21Այնժամ հարցրեցին նրան. «Ուրեմն ի՞նչ. դու Եղիա՞ն ես»: Եվ նա ասաց. «Չեմ»: «Մարգարե՞ն ես դու»: Եվ նա պատասխանեց. «Ո՛չ»: 22Նրանք, ուստի, ասացին նրան. «Ո՞վ ես: Որպեսզի պատասխան տանք նրանց, ովքեր մեզ ուղարկել են: Ի՞նչ ես ասում ինքդ քո մասին»: 23Պատասխանեց.
 
Ես անապատում բարբառող ձայն եմ.
ուղղեցե՛ք Տիրոջ ճանապարհը,
 
ինչպես ասաց Եսայի մարգարեն»: 24Եվ ուղարկվածները փարիսեցիների կողմից էին: 25Եվ նրանք հարցրեցին նրան ու ասացին նրան. «Ուրեմն ինչո՞ւ ես մկրտում, եթե դու Քրիստոսը չես, ո՛չ էլ Եղիան, ո՛չ էլ մարգարեն»: 26Հովհաննեսը պատասխանեց նրանց՝ ասելով. «Ես մկրտում եմ ջրով, բայց ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում. 27մեկը, որ գալիս է ինձնից հետո, որին ես արժանի չեմ՝ արձակելու Նրա կոշիկների կապերը»: 28Սա տեղի ունեցավ Բեթանիայում, Հորդանանի մյուս կողմում, որտեղ Հովհաննեսը մկրտում էր:
1, 19-28 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի իմաստի համար՝ տե՛ս Մտթ 3, 1-17+:
 
1, 19 - «հրեաները». Ավետարանի դրվագների ճնշող մեծամասնության դեպքում այս եզրը գործածվում է ո՛չ թե հրեա ժողովրդի ամբողջության իմաստով, այլ՝ վերաբերվում է ժողովրդի իշխանավորներին, հատկապես՝ Երուսաղեմի Ատյանին, քահանայապետներին, փարիսեցիներին ու սադուկեցիներին, և ի մասնավորի՝ նրանց, ովքեր մերժում են հավատալ Հիսուս Քրիստոսին (հմմտ. 2, 18; 5, 10; 7, 13; 9, 22; 18, 12; 19, 38; 20, 19):
 
1, 20 - «Քրիստոսը». Հուն. «Χριστός» - «Խռիստոս». Նշանակում է Օծյալ և համապատասխանում է հրեական Մեսսիա թագավորական տիտղոսին («מָשִׁיחַ» - «Մըշիախ»): Այդ անվան ներքո հրեաներն ի մասնավորի հասկանում էին սպասված Փրկչին, ով վերականգնելու էր Դավթի թագավորությունը:
 
1, 21 - «Չեմ ... Ո՛չ ... ». Հրեաներն ավանդաբար ակնկալում էին, որ Մեսսիայի գալստից առաջ երկիր էր վերադառնալու Եղիա Մարգարեն՝ որպես Նախակարապետ, պատրաստելու համար Օծյալ Փրկչի ժամանումը (Մղք 3, 22-23; Մտթ 17, 10-13): Հակառակ այն բանի, որ Հիսուսն Ինքը հետագայում հաստատելու էր, որ այդ մարգարեությունն իրոք կատարվել էր հանձինս Հովհաննես Մկրտչի (Մտթ 11, 14; Մրկ 9, 13), Հովհաննեսն ինքը մերժում է տեսնել իրեն այդ դերի մեջ: Մյուս կողմից, Մովսեսը դարեր առաջ հռչակել էր, որ Աստված հարուցելու էր մի նոր Մարգարե (2Օր 18, 15-18; հմմտ. Գրծ 3, 22), պատվիրելով լսել, այսինքն՝ հետևել Նրան: Հովհաննեսը խոստովանում է, որ խոսքն իր մասին չէ: Մի կողմից նկատելի ու գնահատելի է Հովհաննեսի խոնարհությունը, որով մերժում է բարձր կարծիք արտահայտել իր մասին. մյուս կողմից, տեսանելի է նրա սերը ճշմարտության հանդեպ, որով չի ցանկանում գողանալ փառքը, որ պատկանում է Ուրիշին: Բայց հատկապես, ուսանելի է աստվածաշնչյան մարգարեին հատուկ նրա դիրքորոշումը, որ կայանում է լիակատար կոնկրետության մեջ. նա ընդամենը կատարում է այն առաքելությունը, որ զգացել է, որ պետք է կատարի, առանց մտահոգվելու, թե ինչպիսի՛ դիրք, դերակատարություն կամ պաշտոն է ինքը զբաղեցնում փրկության ընդհանուր պատմության ներսում, քանի որ այդ պատմության գլխավոր դերակատարն ինքը չէ, այլ՝ Աստված:
 
1, 23 - «Պատասխանեց». Հուն. «Ἔφη» - «Է՛ֆե». «Ֆեմի» բայը նշանակում է ասել, հռչակել՝ լուսաբանել իմաստով («ֆաօ» - «փայլել» արմատից): Հետևաբար, բառացի հնարավոր կլիներ թարգմանել՝ հռչակեց, բացատրեց, լուսաբանեց: ꟷ
«Ես անապատում բարբառող ձայն եմ». Հուն. «Ἐγὼ φωνὴ βοῶντος ἐν τῇ ἐρήμῳ» - «Էգօ ֆօնէ բոօնտոս էն տէ էռեմօ». Բառացի՝ «Ես ձայն աղաղակող անապատում», առանց «լինել» բայի («եմ» - «է՛իմի»), որը Հովհաննես Ավետարանիչը բացարձակ կերպով վերապահում է Հիսուսին՝ «Ես Եմ» անուն-արտահայտությամբ (տե՛ս 8, 24.28.58; հմմտ. 4, 26): Գրաբարը. «Ես ձայն բարբառոյ յանապատի»։
 
1, 26 - «կա». Հուն. «ἕστηκεν» - «էստեկեն». Բառացի՝ կանգնած է: Հովհաննեսի միտքը թերևս այն է, որ այդ Մեկը, որ կա, արդեն ոտքի ելած կանգնած է, կազմ ու պատրաստ, և շուտով հրապարակ է իջնելու՝ կատարելու Իր գործը:
 
1, 28 - «Բեթանիայում, Հորդանանի մյուս կողմում». Հորդանանի մյուս կողմում գտնվող այս Բեթանիայի տեղակայման վայրն անհայտ է: Հնարավոր է, որ մի կոնկրետ բնակավայր մատնանշելուց ավելի, – ինչպես Երուսաղեմի մոտ գտնվող Բեթանիան, – խոսքը կարող է վերաբերվել մի առավել ընդարձակ տարածաշրջանի՝ Բաթանեայի գավառին (եբր.՝ Բաթանայա), որ գտնվում է Հորդանանի մյուս կողմում և Հին Կտակարանում անվանվում է Բասան (Թց 32, 32-33; 2Օր 3, 8; 4, 47): Այլոք առաջարկում են նույնացնել այս Բեթանիան ա՛յլ տեղանքների հետ, ինչպես օրինակ Բեթաբառան և Ալ-Մաղթասը, բայց հիմնավորումները համոզիչ չեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։