01-11. Շնացած կինը – Գրադարան – Mashtoz.org

01-11. Շնացած կինը

⁓ Հվհ 5, 14;  ≈ Մտթ 7, 1-5; 12, 10; 22, 15; Ղկս 7, 37-50; 20, 20; 21, 37-38;
Հռմ 2, 1.22; Ղևտ 20, 10; 2Օր 17, 7; 22, 22-24; Սղմ 103, 8.13-14; Եզկ 18, 32; 33, 11
 
1Հիսուսն, այնժամ, ճանապարհ ընկավ դեպի Ձիթենյաց Լեռը: 2Բայց արևածագին նորից տաճար եկավ, և ողջ ժողովուրդը գնում էր Նրա մոտ, և Ինքը նստած՝ ուսուցանում էր նրանց: 3Օրենսգետներն ու փարիսեցիներն, այնժամ, Նրա մոտ բերեցին շնության մեջ բռնված մի կին, և նրան մեջտեղում կանգնեցնելով՝ 4ասացին Նրան. «Վարդապետ, այս կինը բռնվել է ակնհայտ շնության մեջ: 5Արդ, Մովսեսն Օրենքի մեջ պատվիրել է մեզ՝ քարկոծել այսպիսիներին: Դու, հիմա, ի՞նչ ես ասում»: 6Սա, սակայն, ասում էին Նրան փորձելու համար, որպեսզի Նրան մեղադրելու պատճառ ունենային: Բայց Հիսուսը, դեպի վար խոնարհված, սկսեց մատով գրել գետնի վրա: 7Ապա, քանի որ համառում էին Նրան հարցապնդելու մեջ, գլուխը վեր բարձրացրեց և ասաց նրանց. «Ձեր միջից անմե՛ղը թող որ առաջինը քար գցի նրա վրա»: 8Եվ կրկին վար խոնարհվելով՝ շարունակեց գրել գետնի վրա: 9Իսկ նրանք, լսելով դա, մեկ առ մեկ հեռացան՝ ավագներից սկսած. և Նրան մենակ թողեցին, և կնոջը՝ Նրա առաջ կանգնած:
10Հիսուսն, այնժամ, ոտքի կանգնեց և ասաց նրան. «Ո՜վ կին, ո՞ւր են: Քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»: 11Եվ նա ասաց. «Ոչ ոք, ո՜վ Տեր»: Հիսուսն, այնժամ, ասաց նրան. «Ես էլ չեմ դատապարտում քեզ: Գնա՛, և այսուհետև մի՛ մեղանչիր այլևս»:
8, 1-11 - Ակնհայտ շնության մեջ բռնված կնոջ պատմությունը բացակայում է ամենահին ձեռագրերում, իսկ ուրիշ ձեռագրերում զետեղվում է Ավետարանի ա՛յլ հատվածներում: Գրեթե վստահաբար կարող ենք ասել, որ այն չի պատկանում Հովհաննեսի գրչին. լեզվական, քերականական և բառապաշարի առումով այն ավելի մոտ է համատես երեք Ավետարաններին և, ամենայն հավանականությամբ, Ղուկասի գործն է (կարող է լինել Ղկս 21, 38 տողի շարունակությունը; հմմտ. նաև Ղկս 7, 37-48): Թերևս այստեղ է դրվել Երմ 17, 13 տողին կատարվող ակնարկի պատճառով (հմմտ. 8, 6), և նախապատրաստելու համար այն խոսքը, որ ասում է. «Ես ոչ ոքի չեմ դատում» (8, 15):
 
8, 3 - «Օրենսգետներն ու փարիսեցիները». Որոշ ձեռագրերում ավելացվում են նաև քահանայապետները: Գրաբարում ևս:
 
8, 5 - «Մովսեսն ... պատվիրել է». Հմմտ. Ղևտ 20, 10 և 2Օր 22, 22-24:
 
8, 6 - «փորձելու համար». Հուն. «πειράζοντες» - «պեյռազոնտես». Հմմտ. Մտթ 19, 3+-ի երկրորդ մասը: ꟷ
- «մեղադրելու պատճառ ունենային». Հրեական իշխանությունները, քանի որ իրավասու չէին մահապատիժ կիրառելու (հմմտ. 18, 31, ինչպես նաև Մտթ 26, 66+), շնացող կնոջ դեպքը գործածում են սոսկ Հիսուսին մեղադրելու պատճառ ունենալու համար, այնպես՝ ինչպես Կայսրին վճարելիք հարկի դեպքում (հմմտ. Մտթ 22, 15-22 և Մրկ 12, 13-17, և համապատասխան ծանոթագրությունները): Եթե Հիսուսը պաշտպաներ կնոջը, կհակառակվեր Մովսիսական Օրենքին. իսկ եթե դատապարտեր կնոջը, հակառակված կլիներ Հռոմեական Օրենքին: ꟷ
- «գրել». Հուն. «κατέγραφεν» - «կատեգռաֆեն». Հեղինակն այստեղ գործածում է «կատագռաֆօ» բայը, – միակ անգամն է ողջ Նոր Կտակարանում, – որ նշանակում է «նշաններ գծել», նշանագրել: Ամենայն հավանականությամբ՝ խոսքը վերաբերվում է մի պարզ արարքի, որ Հիսուսի կողմից գործադրվում է որպես ուշադրություն շեղող հնարք, ցույց տալու համար, որ բնավ հետաքրքրված չէ այն խնդրով, որ դրվում է Իր առջև: Այդուհանդերձ, սակայն, հայրախոսական ողջ ավանդությունն այս տողը կապակցության մեջ է դնում Երմ 17, 13 տողի հետ. «Ո՜վ Տեր, հո՜ւյս Իսրայելի, բոլոր նրանք, որ թողնում են Քեզ, ամոթահար են մնալու. նրանք, որ հեռանում են Քեզնից, գրվելու են հողի փոշու վրա, որովհետև լքեցին Տիրոջը՝ կենդանի ջրերի աղբյուրին»:
 
8, 7 - «անմեղը». Հուն. «ἀναμάρτητος» - «անամառտետոս». Բառացի՝ անշեղ, անվրեպ, անսխալ, անմեղադրելի, անստգտանելի. մեկը, ով երբևէ չի շեղվել, չի վրիպել իր կյանքի ընթացքի մեջ, սխալ չի գործել, ուստի մեկն է, ում անհնարին է որևէ մի հարցում մեղադրել, որևէ ստություն գտնել իր վարքում: ꟷ
- «առաջինը քար գցի». Հունարենի կազմությունն այնպիսին է, որ հնարավոր է հասկանալ և՛ որպես «թող որ առաջինը քար գցի», և՛ որպես «թող որ առաջին քարը գցի»: – Ըստ Օրենքի, առաջին քարերը պետք է գցվեին վկաների կողմից (2Օր 13, 10; 17, 7):
 
8, 9 - «լսելով դա». Որոշ ձեռագրեր ավելացնում են. «և իրենց խղճի կողմից դատապարտություն ստանալով»: ꟷ
- «ավագներից». Հուն. «πρεσβυτέρων» - «պռեսբյուտեռօն». Նշանակում է ծեր, տարեց մարդ, բայց նաև՝ ավագ: Այս եզրով Նոր Կտակարանը սովորաբար մատնանշում է ժողովրդի ավագներին՝ Երուսաղեմի Ատյանի անդամներին (երեց): Ուստի համատեքստը հուշում է, որ հեղինակը հենց նրանց է, որ ի նկատի ունի, քանի որ դրվագի սկզբում նշվել է, որ կնոջը Հիսուսի մոտ բերել էին օրենսգետներն ու փարիսեցիները, և նրանք էին, որ երկդիմի հարցերով փորձում էին Հիսուսին: ꟷ
- «ավագներից սկսած». Որոշ ձեռագրեր ավելացնում են. «մինչև վերջինները»: Գրաբարը ևս, հետևյալ տեսքով. «առաջիններից մինչև վերջինները» - «յառաջնոցն մինչեւ 'ի վերջինսն»։ ꟷ
- «Նրան». Որոշ ձեռագրեր, բացատրելու նպատակով, որպես ծանոթագրություն, ավելացնում են. «Հիսուսին»: Գրաբարը ևս: ꟷ
- «Նրա առաջ». Հուն. «ἐν μέσῳ» - «էն մեսօ». Կարող է նշանակել նաև «միջև» կամ «մեջտեղում»:
 
8, 10 - «ոտքի կանգնեց». Որոշ ձեռագրեր ավելացնում են. «և ուրիշ ոչ ոք չտեսավ, կնոջից բացի»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։