15-26. Ճշմարտության Հոգին – Գրադարան – Mashtoz.org

15-26. Ճշմարտության Հոգին

⁓ Հվհ 3, 11; 6, 57; 7, 16.34-35; 8, 21; 10, 30; 13, 34; 14, 16.21.26; 15, 26; 16, 7.13-16.27; 17, 11.21-23.26
≈ Մտթ 10, 19-20; 28, 20; Գրծ 10, 41; Հռմ 8, 26; Եփս 3, 17; 2Կր 3, 18; 6, 16; 1Հվհ 2, 1-5.27; 5, 3; 2Հվհ 1-2; Հյտ 3, 20; 2Օր 6, 4-9; 7, 11; 11, 1; Իմս 6, 12.18; Առկ 8, 17; Սրք 4, 14
 
15«Եթե սիրում եք ինձ, կպահեք իմ պատվիրանները: 16Եվ ես կխնդրեմ Հորից, և Նա ձեզ մի ա՛յլ Աջակցող կտա, որպեսզի ձեր հետ մնա հավիտյան. 17ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև չի տեսնում Նրան, ո՛չ էլ ճանաչում է: Դուք ճանաչում եք Նրան, որովհետև օթևանում է ձեր մոտ և լինելու է ձեր մեջ: 18Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեր մոտ: 19Մի փոքր ժամանակ ևս, և աշխարհն այլևս չի տեսնի ինձ. դուք, մինչդեռ, կտեսնեք ինձ, որովհետև ես կենդանի եմ և դուք կենդանի եք լինելու: 20Այդ օրը դուք կիմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, և ես՝ ձեր մեջ: 21Ով ընդունում է իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է, որ ինձ սիրում է: Արդ, ով սիրում է ինձ, սիրված կլինի իմ Հոր կողմից. ես էլ կսիրեմ նրան, և ինձ կհայտնեմ նրան»:
22Ասաց Նրան Հուդան, ո՛չ Իսկարիովտացին. «Տե՜ր, իսկ ինչպե՞ս եղավ, որ Քեզ պիտի հայտնես մեզ, և ո՛չ թե աշխարհին»: 23Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի. և իմ Հայրը կսիրի նրան, և մենք նրա մոտ կգանք, և նրա մոտ կօթևանենք: 24Ով չի սիրում ինձ, իմ խոսքերը չի պահում. այնինչ խոսքը, որ դուք լսում եք, իմը չէ, այլ՝ Հորը, որ ուղարկել է ինձ:
25Այսքանն ասացի ձեզ, քանի դեռ ձեր հետ եմ: 26Բայց Աջակցողը՝ Հոգին Սուրբ, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, Նա կուսուցանի ձեզ ամեն բան և ձեզ մտաբերել կտա այն ամենը, որ ասել եմ ձեզ ես»:
14, 15 - «կպահեք». Որոշ ձեռագրերում. «պահե՛ք»: Հիսուսը, որպես Աստված, հաստատում է սեր և հնազանդություն ստանալու Իր բնական իրավունքը:
 
14, 16 - «Աջակցող». Հուն. «Παράκλητος» - «Պառակլետոս». Առաջին անգամ Նոր Կտակարանում գործածվում է Պառակլետոս անունը: Միայն Հովհաննեսն է այն գործածում, 5 անգամ (14, 16.26; 15, 26; 16, 7; 1Հվհ 2, 1): Այն սերում է իրավագիտական եզրաբանությունից և մատնանշում է դատապաշտպանին, բայց լեզվաբանական հարթության վրա կարող է նշանակել նաև միջնորդ, բարեխոս, մխիթարող, օգնության հասնող, համապարփակ իմաստով՝ աջակցող: Համապատասխանում է «παρακαλέω» - «պառակալէօ» բային, որ բառացի նշանակում է «մոտիկից ձայն տալ», ուստի աղերսել, աղաչել, մխիթարել, խոսքով պաշտպանել, և այլն: Հովհաննեսը երբեք չի գործածում այս բայը (ո՛չ Ավետարանում, ո՛չ էլ նամակներում), մինչ մյուս հեղինակները լայնորեն գործածում են այն, 109 անգամ: Անցյալում Պառակլետոսը ավանդաբար թարգմանվում էր որպես Մխիթարիչ, բայց դա սույն եզրի հարուստ նշանակությունները խիստ սահմանափակող և Պառակլետոսի ու քրիստոնյայի հարաբերությունը վերջինիս համար սոսկ վշտալի ու կրավորական դարձնող ընտրություն է: Այս երկրորդ Աջակցողը, մինչդեռ, որ գալու է, շարունակելու է առաջին Աջակցողի՝ Հիսուսի վկայության գործը, ո՛չ թե սոսկ մխիթարելով, այլ՝ աջակցելով աշակերտներին, որպեսզի նրանք ակտիվորեն պտղաբերել տան սիրո Նրա կողմից թողնված ժառանգությունը: – Մխիթարության գաղափարը կապակցվում է միայն Հիսուսի մեկնումի իրականությանը. Հիսուսը պատրաստվում է վերադառնալ Հոր մոտ և աշակերտները դրա համար տրտմել են, ուստի Սուրբ Հոգին, գալով, մխիթարելու է նրանց վշտացած սրտերը, միաժամանակ նաև աջակցելով, որ հիշեն Նրա բոլոր պատգամները և ակտիվորեն լծվեն դրանց իրագործմանը:
 
14, 17 - «ճշմարտության Հոգին». Ճշմարիտ կրոնի հիմքն ու նեցուկը (հմմտ. 4, 23; 15, 26; 16, 13), ի հակադրություն այս աշխարհի իշխանի, ով «ստախոս է և ստի հայրը» (8, 44; 1Հվհ 4, 4-6): ꟷ
- «ճանաչում եք». Հմմտ. 10, 14+: ꟷ
- «օթևանում է». Բառացի՝ մնում է: Տե՛ս 1, 32+-ի երկրորդ մասը և 14, 2+:
 
14, 18 - «կգամ ձեր մոտ». Բազմաշերտ խոստում է (բնագիր հունարենը կարող է հասկացվել նաև ներկա շարունակական ժամանակով. «գալիս եմ»). կգամ մահիցս անմիջապես հետո՝ հարություն առած, կգամ ժամանակների վերջում՝ հաստատելու Հոր Արքայությունը, գալիս եմ և կգամ ամեն օր (հմմտ. Մտթ 28, 20) հանձինս իմ Հոգու, որին ուղարկելու եմ ձեր մոտ (հմմտ. 16, 7; Գղտ 4, 6):
 
14, 19 - Աշխարհի համար՝ Հիսուսն այլևս չի լինի (հմմտ. 7, 34; 8, 21): Աշակերտներն, ընդհակառակը, տեսնելու են Նրան ողջ, հարություն առած, մի տեսությամբ, որն այդուհետև միայն զգայական չի լինելու, այլ՝ հոգևոր ու ներանձնական, հավատքի շնորհիվ (20, 29):
 
14, 20 - «Այդ օրը». Հաճախ հանդիպող բանաձև է՝ մատնանշելու համար վախճանաբանական դարաշրջանի գալուստը և աստվածային մեծ միջամտությունների ժամանակը (Ես 2, 17; 4, 1-2; Երմ 4, 9; Զքր 2, 15): «Օր» հասկացողությունը, համենայն դեպս, աստվածաշնչային մտահամակարգի ներսում չի նշանակում մեկ գիշերվա ու մեկ ցերեկվա տևողությունը, այլ՝ ժամանակի մեկ միավոր, ինչպիսին էլ որ լինի դրա տևողությունը: Այստեղ, հետևաբար, կարող է մատնանշել Հիսուսի Հարութեանը հաջորդող ողջ ժամանակաշրջանը: ꟷ
- «ես իմ Հոր մեջ ... դուք՝ իմ մեջ ... ես՝ ձեր մեջ». Հիսուսի ու Իր աշակերտների միջև հաստատված հարաբերությունը համանման է այն զոդին, որով միմյանց միավորված են Հայրն ու Որդին (6, 57; 10, 14-15; 15, 9; և այլն):
 
14, 21 - «ընդունում է». Բառացի՝ ունի: ꟷ
- «պահում է». Այսինքն՝ գործադրում է (պահելը՝ պահպանելու, ակտիվ կերպով հսկելու իմաստով): ꟷ
- «ինձ կհայտնեմ». Բառացի՝ ցույց կտամ: Գրաբարը. «երեւեցուցից»։ «Ἐμφανίζω» - «էմֆանիզօ» բայն է, որն Ավետարաններում գործածված է միայն 3 անգամ. Մտթ 27, 53; Հվհ 14, 21.22:
 
14, 22 - «Հուդան». Այս Հուդան ամենայն հավանականությամբ ո՛չ Հիսուսի զարմիկն է (հմմտ. Մտթ 13, 55; Մրկ 6, 3), ո՛չ էլ առաքյալը, որ Հուդա է անվանվում Ղկս 6, 16 տողում, այլ՝ խոսքը թերևս Թովմասի մասին է (հմմտ. 11, 16), թեև որոշ ձեռագրերում հանդիպում է նաև «Հուդա Քանանացի» տարբերակը: Ուրիշների կարծիքով, սակայն, խոսքը վերաբերվում է Հակոբոսի եղբայր Հուդային (Ղկս 6, 16; Գրծ 1, 13), այլոց համաձայն՝ Թադեոսին (Մտթ 10, 3; Մրկ 3, 18): ꟷ
- «ինչպե՞ս եղավ». Հուդայի հարցը կարող է երկու ձևով մեկնաբանվել. կա՛մ նա մտահոգ է աշխարհի համար և կուզենար, որ ամեն ոք մասնակից դառնա Հիսուսի կողմից տրված հայտնությանը, կա՛մ էլ՝ նա չի կարողանում ըմբռնել Հիսուսի որոշումները, քանի որ ակնկալում էր տեսնել մի հաղթական ու փառավոր Մեսսիա, որ հռչակվում, հաղթանակում ու փառավորվում է ողջ երկրագնդի վրա, ուստի իր համար անհասկանալի է, թե ինչո՛ւ է Հիսուսը ա՛յլ տեսակի, մարդկային փառքի առումով շա՜տ ավելի համեստ հայտնության մասին խոսում:
 
14, 23 - «իմ խոսքը կպահի». Կանի, այսինքն, մի բան, որն աշխարհը մերժում է անել (8, 37.43.47): ꟷ
- «նրա մոտ կօթևանենք». Բառացի՝ նրա հետ օթևան (մնալու տեղ) կկառուցենք, կհաստատենք (տե՛ս 14, 2+):
 
14, 25-26 - «Այսքանն». Բառացի՝ այս բաները: Քանի դեռ ձեր հետ եմ, ուսուցանեցի այնքան, որքան որ առայժմ բավական է: Մնացածը կուսուցանի ձեզ Սուրբ Հոգին՝ Եկեղեցու ժամանակներում: ꟷ
- «մտաբերել». Ո՛չ որովհետև մոռացած կլինեք՝ տեսական հարթության վրա, այլ՝ ենթագիտակցությունից կբերի ուշադրության կենտրոն՝ գործնական դեպքերում:
 
14, 26 - Քրիստոսի մեկնումից հետո, Հոգին փոխարինում է Նրան հավատացյալների մոտ (14, 16-17; 16, 7; հմմտ. 1, 33 և 1, 33+): Եկեղեցու Աջակիցն է, Մխիթարիչը, Դատապաշտպանը, որ բարեխոսում է Հոր մոտ (հմմտ. 1Հվհ 2, 1; Հռմ 8, 26-27), կամ էլ՝ խոսքեր է ներշնչում մարդկային դատարանների առջև (15, 26-27; հմմտ. Ղկս 12, 11-12; Մտթ 10, 19-20; Գրծ 5, 32). ճշմարտության Հոգին է (8, 32), որ առաջնորդում է դեպի ամբողջական ճշմարտության ճանաչումն ու վայելումը (16, 13): Նա օգնում է հասկանալ և ընկալել Քրիստոսի խորհրդավոր ինքնությունը. թե ինչպե՛ս է Նա իրականացնում Գրվածքները (5, 39), թե ո՛րն է Իր խոսքերի իմաստը (2, 19), թե ո՛րն է Իր արարքների, Իր գործերի, Իր «նշանների» նշանակությունը (14, 16; 16, 13; 1Հվհ 2, 20-27; Հռմ 8, 16), որոնք աշակերտները սկզբում չէին կարողանում ըմբռնել (2, 22; 12, 16; 13, 7; 20, 9): Այս ամենն անելով՝ Հոգին «վկայում է» Քրիստոսին (15, 26; 1Հվհ 5, 6-7) և շփոթեցնում է աշխարհի անհավատությունը (16, 8-11; հմմտ. Ղկս 24, 49; Հռմ 5, 5):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։