Հավատքը – Գրադարան – Mashtoz.org

Հավատքը

Հովհաննես Առաքյալն ուղիղ խոսքով նկատել է տալիս ընթերցողին, որ իր Ավետարանը շարադրել է, «որպեսզի դուք հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծո Որդին, և որպեսզի հավատալով՝ դուք կյանք ունենաք Նրա Անունով» (20, 31): Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն առաջնորդում է հավիտենական կյանքին, որովհետև հավատքի միջոցով մարդը միանում է Հիսուսին և մասնակից է դառնում մեղքի ու մահվան դեմ տարած Նրա հաղթանակին. «Սա՛ է հաղթանակը, որ պարտության է մատնել աշխարհին. մեր հավատքը» (1Հվհ 5, 4). ինչպես նաև, որովհետև հավատալով՝ մարդը կատարում է Հայր Աստծո պատվիրանը. «Սա՛ է Իր պատվիրանը. որ հավատանք Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի Անվանը» (1Հվհ 3, 23; հմմտ. Մտթ 17, 5; Մրկ 9, 6; Ղկս 9, 35): Հավատքը մարդու պատասխանն է Աստծո սիրույն, որ բացահայտվել է հանձինս Քրիստոսի. «Աստված, արդարև, այնքա՜ն սիրեց աշխարհը, որ Որդուն՝ Միածնին տվեց, որպեսզի ամեն ոք, որ Նրան հավատում է, չկորչի, այլ՝ հավիտենական կյանք ունենա» (3, 16): Հիսուսն Ինքը ցույց է տալիս հավատքի կարևորությունը հրաշալի բժշկումների ժամանակ. Ղազարոսի վերակենդանացումից առաջ Մարթային ասում է. «Ով ողջ է և հավատում է ինձ, երբեք չի մեռնի հավիտյան» (11, 26; հմմտ. նաև 5, 24; 6, 40.47; և այլն):

Աստվածային Հայտնության դիմաց երկուսն են դիրքորոշումները, որոնք մարդիկ որդեգրում են. ոմանք հավատում են և, հետևաբար, այժմվանից իսկ մասնակից են դառնում, որոշակի կերպով, աստվածային կյանքին. «Ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք ունի» (3, 36; հմմտ. 5, 24). ուրիշներ չեն հավատում և, հետևաբար, իրենք իրենց դուրս են թողնում պարգևված փրկության ազդեցության գոտուց, ուստի դատապարտվում են. «Ով չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ չհավատաց Աստծո Միածին Որդու Անվանը» (3, 18):

Չորրորդ Ավետարանը պատմաժամանակագրական հաշվետվություն չէ, այլ՝ կենդանի վկայություն, որի նպատակն է ամրապնդել ընթերցողի հավատքը՝ հավիտենական կյանքի ձեռքբերման հեռանկարով (20, 31): Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն իր բանական հիմքը գտնում է վկայության մեջ նրանց, ովքեր տեսել և լսել են Հիսուսին (21, 24; հմմտ. Ղկս 1, 1-4), և հավատարմորեն ավանդել են այն, ինչը որ Նա արել և ուսուցանել է: Հավատալ, հետևաբար, նշանակում է ճանաչել և ընդունել հայտնված ճշմարտությունը, կամ ավելի ճիշտը՝ հեղինակությունը Աստծո, որ հայտնվում է: Հովհաննեսի Ավետարանում «հավատալ» և «ճանաչել» բայերը բազմաթիվ անգամներ միասին են գործածվում միևնույն նախադասության մեջ, և որոշ դեպքերում ուղղակի փոխգործածելի են (6, 69; 17, 8; և այլն): «Ճանաչել» բայը, ինչպես ողջ աստվածաշնչյան լեզվամտածողության մեջ, չունի միայն տեսական իմացականությանը վերաբերվող նշանակություն, այլ՝ մատնանշում է փորձառական ճանաչողությունը, որն էլ իր հերթին հանգում է անպայմանադիր հարելուն Ճշմարտությանը, այսինքն՝ Հիսուս Քրիստոսին: Հավատքի ակտը, հետևաբար, իր մեջ ներառում է և՛ սկզբնական վստահասիրտ ինքնահանձնումի պահը, և՛ ավարտական հասուն ճանաչողության լիությունը: Ստացված վկայության շնորհիվ ճանաչելով գերբնական ճշմարտությունը, մարդը տալիս է իր ազատակամ հավանությունը, և այն իր սրտի մեջ ընդունելով՝ ընդունակ է դառնում ճանաչելու Աստծո խորին ճշմարտությունը:

Հավատքը կարող է տարբեր աստիճանների հասնել: Ավետարանի նպատակներից մեկը հենց ցույց տալն է Առաքյալների աճը հավատքի մեջ, որ կատարվում է Հիսուս Քրիստոսի շուրջ միշտ ավելի խորաթափանց ճանաչողության ընկերակցությամբ:

Հավատքը Աստծո ձրիաշնորհ պարգևն է և, միաժամանակ, մարդու ազատակամ պատասխանը. մարդը, հավատալու համար, կիրառում է իր լիակատար ու վավերական ազատությունը, երբ ընդունում է Աստծո շնորհը, որն իրեն ընդունակ է դարձնում սեփական համաձայնությունը տալու հայտնված ճշմարտությանը. միաժամանակ, սակայն, և անկապտելի կերպով, քանի դեռ մարդը պանդուխտ է այս աշխարհում, ապահով ազատությունը նրան հնարավորություն է տալիս նաև մերժելու Աստծո պարգևը: Ուստի Հիսուսը բազմաթիվ անգամներ հորդորում է հավատալ Իրեն, քանի որ մարդը, լինելով ազատ, կարող է և չընդունել իր Փրկչին (8, 24; 3, 36; 15, 22; և այլն), հակառակ բոլոր ուժգին ու հիմնավոր պատճառների, որոնք իրեն մղում են հավատալու: Եվ զուգահեռաբար, հենց Աստծո Որդին է, որ մեզ իմացականություն է տալիս՝ հավատալու համար (1Հվհ 5, 20), այնպես՝ ինչպես ոչ ոք չի կարող հավատալ Նրան, եթե Հայրը դա չի պարգևում (6, 65):

Ամփոփելով, հավատքը արդյունքն է Աստծո ներգործության, Ով Առաքյալների քարոզչության միջոցով սերունդներին է ավանդում Քրիստոսի մասին վկայությունը, պարգևելով նաև ներքին շնորհը՝ այն ընդունել կարողանալու համար. և, միաժամանակ, արդյունքն է մարդու ազատության, որով նա ճանաչում և ընդունում է Աստծո վկայության ճշմարտությունը և կամովին ու բերկրալի սրտով հանձնվում է Քրիստոսին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։