01-18. Նախաբան – Գրադարան – Mashtoz.org

01-18. Նախաբան

⁓ Հվհ 1, 19-34; 3, 3-6.11.19.35; 5, 26; 6, 46; 8, 12.24; 10, 30.35; 12, 35-36.46; 14, 17; 17, 5-6
≈ Մտթ 3, 1; 11, 27; 21, 38-43; Մրկ 1, 4; Ղկս 1, 3-17.57-60; 3, 3; 9, 28-35; Հռմ 3, 24; 6, 14; 10, 4; Գղտ 3, 26; Կղս 1, 15-20; 2, 9-10; Եբր 1, 1-3; Հկբ 1, 18-21; 2Պտ 1, 16-17; 1Հվհ 1, 1-3; 2, 8; 3, 2; 4, 2.12; 5, 13.18; Հյտ 19, 13; 21, 3; Ծնդ 1, 1-5; Ել 25, 8; 33, 20; 34, 6; 2Օր 4, 7; Սղմ 24, 10; 39, 11; 84, 11; Առկ 8, 22-31; Սրք 43, 31; Ես 7, 4; 40, 5; 60, 1; Ովս 2, 22
 
 
1Սկզբում էր Բանը,
և Բանն Աստծո մոտ էր,
և Բանն Աստված էր:
2Նա սկզբում Աստծո մոտ էր.
3ամեն բան Նրա միջոցով ստեղծվեց,
և առանց Նրա չստեղծվեց ոչ մեկն այն բաներից, որ գոյություն ունեն:
4Նրա մեջ կյանք էր
և կյանքը մարդկանց լույսն էր.
5և լույսը խավարի մեջ շողում է,
բայց խավարը չըմբռնեց նրան:
6Մի մարդ եկավ՝ Աստծուց ուղարկված,
նրա անունը՝ Հովհաննես:
7Նա որպես վկա եկավ,
որպեսզի վկայություն տա լույսի մասին,
որպեսզի իր միջոցով ամեն ոք հավատա:
8Ինքը չէր լույսը,
այլ՝ եկել էր, որպեսզի լույսի մասին վկայեր:
9Լույսն էր ճշմարիտը,
որ աշխարհ գալով՝
լուսավորում է յուրաքանչյուր մարդու:
10Նա աշխարհի մեջ էր,
և աշխարհը Նրա միջոցով ստեղծվեց,
սակայն աշխարհը Նրան չճանաչեց:
11Նա յուրայինների մոտ եկավ,
բայց յուրայինները Նրան չընդունեցին:
12Իսկ ովքեր ընդունեցին Նրան,
Նա նրանց իշխանություն տվեց՝ դառնալու Աստծո զավակներ,
նրանց, ովքեր հավատում են Իր Անվանը.
13ովքեր ո՛չ արյունից,
ո՛չ էլ մարմնի կամքով,
ո՛չ էլ այր մարդու կամքով,
այլ՝ Աստծուց ծնվեցին:
14Եվ Բանը մարմնացավ
և բնակվեց մեր մեջ.
և մենք տեսանք Իր փառքը,
փառքը որպես Միածնի՝ Հորից,
շնորհով և ճշմարտությամբ լի:
15Հովհաննեսը վկայում է Նրա մասին
և աղաղակում է՝ ասելով. «Ահա՛ Նա, ում մասին ասացի.
''Նա, որ ինձնից հետո է գալիս,
ինձնից առաջ անցավ,
որովհետև ինձնից առաջ էր''»:
16Նրա լիությունի՛ց մենք բոլորս ստացանք,
նաև շնորհ՝ շնորհի վրա:
17Որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց.
շնորհն ու ճշմարտությունը հանձինս Հիսուս Քրիստոսի եղան:
18Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել.
Միածինն Աստված,
Նա, որ Հոր ծոցում է,
Նա՛ հայտնեց Նրան:
1, 1-18 - Քրիստոսաբանական այս հայտնի օրհներգը ծառայում է որպես գավիթ՝ Հովհաննեսի Ավետարանի աստվածաբանության մեծաշուք տաճարի համար: Այն ներկայացնում է Աստծո Խոսք-Իմաստությանը՝ Բանին, Ով աշխարհի Լույսն է, և որ մարմնանում ու բնակություն է հաստատում մարդկանց մեջ, և Աստծուց ուղարկված Հովհաննես Մկրտչին, ով վկայում է Նրան:
«Ἐν ἀρχῇ ἦν ὁ Λόγος, καὶ ὁ Λόγος ἦν πρὸς τὸν Θεόν, καὶ Θεὸς ἦν ὁ Λόγος» - «Էն առխէ էն հօ Լոգոս, կայ հօ Լոգոս էն պռոս տոն Թէոն, կայ Թէոս էն հօ Լոգոս» - «Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն» (Հվհ 1, 1):
 
1, 1 - «Սկզբում» ասույթը («Ἐν ἀρχῇ» - «Էն առխէ»), որով սկսվում է Նախաբանը, տեղակայված է ժամանակից ու տարածությունից դուրս ''գտնվող'' տարածաչափության մեջ, որովհետև չի սահմանում մի ճշգրիտ պահ կամ վայր, ե՛րբ և որտե՛ղ ինչ որ մի բան սկիզբ է առնում, այլ՝ մի «սկիզբ» է բացարձակ իմաստով. «սկզբերի սկիզբը», կարող էինք ասել, որ նախորդում է աշխարհի արարմանն ինքնին և ''որտեղ'' միայն Բանն «էր» ի հավիտենից:
Այս տեսանկյունից դիտված, բնական մերձեցումը Ծնդ 1, 1-ի հետ ներկայանում է որպես ձևի մեջ համանման, բայց բովանդակության մեջ տարբեր: Համանման, որովհետև եբրայեցերեն «בְּרֵאשִׁ֖ית» - «բ'ռեշիթ» ասույթը – որ համապատասխանում է Յոթանասնիցի «Ἐν ἀρχῇ» - «Էն առխէ»ին – հիշեցնում է հենց այս «սկիզբը» («רֵאשִׁית» - «ռեշիթ»). միևնույն բացարձակ իմաստով արտահայտված միայն մեկ անգամ (հմմտ. Ես 46, 10): Տարբեր, որովհետև, մինչ Ծնդ 1, 1-ում այդ «սկիզբը» համապատասխանում է արարչության ու ժամանակի սկզբին, այստեղ, մինչդեռ, արարչությունից առաջ է և անդին. արարչություն, որն, իրոք, հիշվում է միայն 3-րդ տողում: Այս իմաստով, 1-ին տողի բացման խոսքերը – որոնք հունարեն բնագրում նաև 2-րդ տողի փակման խոսքերն են – կազմում են Հովհաննեսի ինքնատիպ դիմագիծը՝ մինչ ներկայացնում են այս նախաժամանակյա գոյությունը՝ ծնունդն ու պատճառը այն ամենի, որ գոյության է կանչվելու ''հետո'': ꟷ
Այդ սկզբում «էր» («ἦν» - «էն») «Բանը» («Λόγος» - «Լոգոս»): Անցյալ անկատարը – որն առաջին տողում գործածված է երեք անգամ – Հովհաննեսի մոտ նշանակության տարբեր երանգներ է ստանձնում: Այստեղ մատնանշում է «Բանի», այսինքն՝ Լոգոսի հավիտենական գոյությունը:
Այս եզրը (բան - լոգոս), որ սովորաբար և իր առաջնային իմաստով թարգմանվում է որպես «խոսք», – բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», – բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը: Հատկանշական է, որ գոյություն ունեցող ամեն ինչ հայերենում մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր: Գրվելով մեծատառով, «Բան» - «Լոգոս», հասկացվում է Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (աստվածաբանական հետագա եզրաբանությամբ՝ Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական:
Այս անունը կամ տիտղոսը բացարձակ կերպով բնորոշում է նախապես գոյություն ունեցող Էակին («ὁ Λόγος» - «հօ Լոգոս». 1, 1.14), առանց որևէ մասնավորեցման (ինչպես 1Հվհ 1, 1 և Հյտ 19, 13 տողերում): Թեև մի քանի տող հետո այս բնորոշումը ներկայացվելու է որպես հստակ կերպով բանաձևված (1, 14) և ակնհայտ դարձված հանձինս Հիսուս Քրիստոսի (1, 17), բացման այս տողում գրությունը սահմանափակվում է ներկայացնելով Լոգոսին որպես հավիտենական Իրականություն, որ շարունակում է ապրել և գործել: ꟷ
- Հունարեն բնագրում, 1-ին տողի վերջին մասում «Աստված» անունը (առանց որոշյալ հոդի) նախորդում է «Բան» անվանը («καὶ Θεὸς ἦν ὁ Λόγος» - «կայ Թէոս էն հօ Լոգոս»), այն իմաստով, որ Բանն էլ է Աստված (գրաբարը ևս. «եւ Աստուած էր Բանն»), բայց չի նույնանում Աստծո հետ (որոշյալ հոդով, այսինքն՝ Հայրը), որի «մոտ» է ապրում («πρὸς τὸν Θεόν» - «պռոս տոն Թէոն»):
 
---
 
1, 1 - Հին Կտակարանին հայտնի է Աստծո Խոսքի և Իմաստության թեման, որն աշխարհի արարումից առաջ գոյություն ուներ Աստծո մեջ (հմմտ. Առկ 8, 22; Իմս 7, 22), որի միջոցով է ամեն ինչ ստեղծվել (Հովհաննեսը «Աստծո մեջ» հասկացողությունն ուղղում է՝ դարձնելով «Աստծո մոտ»): Առաքվել է երկիր՝ հայտնելու համար աստվածային կամքի գաղտնիքները: Իր առաքելությունն ավարտելով՝ վերադարձել է Աստծո մոտ (Ես 55, 10-11; Առկ 8, 22-36; Սրք 24, 3-32; Իմս 9, 9-12; հմմտ. նաև, արարչագործ դերակատարության վերաբերյալ՝ Ծնդ 1, 3.6 և այլն; Ես 40, 8.26; 44, 24-28; 48, 13; Սղմ 33, 6; Հդթ 16, 14; Սրք 42, 15; կատարած առաքելության վերաբերյալ՝ Իմս 18, 14-16; Սղմ 107, 20; 147, 15-18): Հովհաննես Ավետարանչի համար էլ (13, 3; 16, 28), Բանը Աստծո մոտ էր, կար աշխարհի ստեղծումից առաջ (1, 1-2; 8, 24; 10, 30), եկավ աշխարհ (1, 9-14; 3, 19; 9, 39; 12, 46; հմմտ. Մրկ 1, 38), Հոր կողմից առաքված (3, 17.34; 5, 36.43; 6, 29; 7, 29; 8, 42; 9, 7; 10, 36; 11, 42; 17, 3.25; հմմտ. Ղկս 4, 43), կատարելու համար մի առաքելություն (4, 34), այսինքն՝ հաղորդելու համար աշխարհին փրկության մի պատգամ (1, 33; 3, 11). այդ առաքելությունը կատարելուց հետո վերադարձել է Հոր մոտ (1, 18; 7, 33; 8, 21; 12, 35; 13, 3; 16, 5; 17, 11.13; 20, 17): Նոր Կտակարանում Հովհաննեսին է վիճակվել լիովին հայտնել, մարդեղության փաստի շնորհիվ (1, 14), Բանի (Խոսք-Իմաստության) անձնավոր էությունն ու հավիտենական գոյությունը:
 
---
 
1, 3 - «Նրա միջոցով». Հուն. «δι’αὐτοῦ» - «դի'աուտու». Բնագրի «διά» նախդիրն արտահայտում է միջոցով, պատճառով, նպատակով իմաստները, ուստի «Նրա միջոցով»ը կարող է հասկացվել նաև «Նրա նախաձեռնությամբ», «Նրա ծրագրով», «Նրա համար»: Այս առաջնային իմաստից բացի, երբ վերաբերվում է գործողություններին, կարող է նաև նշանակել մի կողմից մինչև մյուսը կտրել անցնելու իմաստը, այսինքն՝ մի գործողություն, որ կատարվել ու ամբողջացվել է հաջողությամբ (այստեղից էլ՝ «διάμετρος» - «դիամետռոս» - «տրամագիծ» եզրը): Այս իմաստով, ուստի, կարող է նաև նշանակել, որ ամեն բան Նրա կողմից ստեղծվել է լիակատար հաջողությամբ, բանականությամբ: Իմաստի այս երանգով, Հովհաննեսի միտքը կրկին շաղկապվում է Ծննդոցի հետ, ուր ասվում է. «Եվ Աստված տեսավ, որ ամեն ինչ, որ ստեղծել էր, շատ լավ էր» (Ծնդ 1, 31): ꟷ
- «ստեղծվեց». Հուն. «ἐγένετο» - «էգենետո». Բառացի՝ եղավ, ի հայտ եկավ: Գրաբար. «եղեւ»։ Այս «եղավ»ը, «ի հայտ եկավ»ը լավագույնս արտահայտում է ոչնչից արարելու իմաստը. տիեզերքը չկար, ի հայտ եկավ Բանի հրամանով, Արարիչ Խոսքի զորությամբ: ꟷ
- «առանց Նրա չստեղծվեց ոչ մեկն այն բաներից, որ գոյություն ունեն». Գոյություն ունեն ո՛չ միայն տիեզերքն ու արարածները առանձին վերցված, այլ նաև և առաջին հերթին՝ նրանց կառավարող ներքին օրենքները, և՛ ընդհանուր, և՛ մասնավոր հարթությունների վրա: Արդ, ակնհայտ է, որ առանց Բանի ոչ մի բանական օրենք ու կարգուկանոն ի հայտ չի եկել:
 
1, 4 - «Նրա մեջ կյանք էր». Հուն. «ἐν αὐτῷ ζωὴ ἦν» - «էն աուտօ զօէ էն». «Կյանք» եզրը՝ առանց որոշյալ հոդի, հետևաբար՝ ո՛չ թե կյանքի, գոյության ինչ որ մի տեսակ, այնպիսին՝ ինչպիսին ճանաչում ենք ստեղծված արարչության մեջ, այլ՝ ինքնին կյանքերի, գոյությունների ակունքը, «կյանքերի Կյանքը», կարող էինք ասել: Այնպես, որ որոշ հին ձեռագրեր այս տողը թարգմանում են «Նա Կյանքն է» տարբերակով (գրաբարը. «Նովաւ կեանք էր» - «Նրանով կյանք էր»): Հովհաննեսի այս արտահայտությունը շաղկապվում է Ելից գրքում հայտնված Աստվածային Անվան հետ. «אֶֽהְיֶ֖ה» - «Յահվէ» - «[Նա, Ով] Է» (Ել 3, 14): Ինչպես Մարկոսն իր Ավետարանի առաջին իսկ տողում Հիսուսին հռչակել էր Աստծո Որդի (հմմտ. Մրկ 1, 1), Հովհաննեսն էլ, նույն անմիջականությամբ, սկզբից ևեթ հռչակում է, որ մարդացյալ Բանը՝ Հիսուս Քրիստոսը, Յահվէի միևնույն բնությունն ունի, աստվածային միևնույն Էությունը: ꟷ
- «կյանքը մարդկանց լույսն էր». Փարոսը, որը մարդկանց ցույց է տալիս Արարչի Բանականությանը համապատասխանելու ճանապարհը, կյանքն է. այն ամենը, որ ծառայում է կյանքին, համապատասխանում է Արարչի կամքին, մինչդեռ Արարչի կամքին հակառակ է (մեղք է) այն ամենը, որ հակառակվում է կյանքին, այն ամենը, որ մահ է սփռում մարդկանց կյանքում և արարչության մեջ:
 
1, 5 - «խավարը». Այսինքն՝ այն բոլոր չար ուժերը (անձնավորված), որոնք հակառակվում են Արարիչ Բանի բանականությանը, կամքին, չեն ծառայում կյանքին, այլ ընդհակառակը՝ մահվանը (հատկապես հոգևոր իմաստով): ꟷ
- «չըմբռնեց». Հուն. «καταλαμβάνω» - «կատալամբանօ» բայն իր ուղղակի իմաստով նշանակում է ամուր բռնել՝ ուժ գործադրելով, իսկ փոխաբերական իմաստով՝ բռնել մտքի ուժով, հասու լինել, ըմբռնել (գրաբարը. «եւ խաւար նմա ոչ եղեւ հասու»): Որոշ թարգմանություններ նախընտրում են առաջին իմաստը, մենք՝ երկրորդը, նախ՝ որովհետև կապակցվում է 10րդ տողի համանման խոսքի հետ. « ... աշխարհը Նրան չճանաչեց», ապա՝ որովհետև արտահայտում է այդ խոսքի միևնույն իմաստը. սեմական լեզվամտածողությամբ՝ «հասու չեղավ» կամ «չճանաչեց» նշանակում է «մերժեց», «չընդունեց»:
 
1, 6-8 - «Հովհաննեսը» ուղարկված էր Աստծուց, բայց ինքը չէր լույսը, այն իմաստով, որ «ճշմարիտ լույսը» չէր, այլ՝ ընդամենը մի «ճրագ» (5, 35). յուրաքանչյուր ճշմարիտ մարգարեի տիպար օրինակը, որի վերաբերյալ Պողոս Առաքյալը հետագայում ասելու էր. «Մենք, սակայն, այս գանձն ունենք կավե անոթների մեջ, որպեսզի ակնհայտ լինի, որ այս արտակարգ զորությունը գալիս է Աստծուց և ո՛չ թե մեզնից» (2Կր 4, 7):
 
1, 6 - «եկավ». Բառացի՝ եղավ, ի հայտ եկավ: Տե՛ս 1, 3+-ի երկրորդ մասը: – Ինչպես տիեզերքը չկար և ոչնչից ի հայտ եկավ Աստծո զորությամբ, այնպես էլ այժմ, ահա՛, փրկագործությունը սկիզբ է առնում մարդկային ոչնչության մեջ՝ Աստծո արարչական միջամտությամբ:
 
1, 8 - «եկել էր». Հունարեն բնագրում այս բայը բացակայում է: Բառացի՝ «այլ՝ որպեսզի լույսի մասին վկայեր»: Գրաբար. «այլ՝ զի վկայեսցէ վասն լուսոյն»։ Թարգմանության հնարավոր տարբերակ կարող է լինել. «Ինքը չէր լույսը, այլ՝ պետք է լույսի մասին վկայեր»:
 
1, 9 - «ճշմարիտը». Հուն. «τὸ ἀληθινὸν» - «տո ալեթինոն». «Ալեթինոս» ածականը հունարենում մատնացույց է անում ո՛չ թե սոսկ մտային, տեսական ճշմարտությունը, այլ՝ գոյացականը, այսինքն՝ այն, ինչը որ ճշմարիտ է իր գոյությամբ, գոյացությամբ, նյութով, իրական է, հարազատ է, չկեղծված (կարելի է գրեթե ասել՝ օրիգինալ է): ꟷ
- «որ աշխարհ գալով ... ». Հունարեն բնագրի կառուցվածքն այնպիսին է, որ նախադասությունը հնարավոր է թարգմանել նաև այսպես. « ... որ լուսավորում է յուրաքանչյուր մարդու, որ գալիս է աշխարհ»: Որոշ թարգմանություններ նախընտրում են այս տարբերակը: Գրաբարը ևս. «որ լուսաւոր առնէ զամենայն մարդ՝ որ գալոց է յաշխարհ»։
 
1, 10 - «աշխարհը». Հուն. «ὁ κόσμος» - «հո կոսմոս». Բառացի նշանակում է կանոնակարգված համակարգ, մի հարդարված, խնամված, զարդարված բան («կոսմետիկա» եզրի արմատն է): Ապա, որպես կանոնակարգված ընդհանուր համակարգ, մատնանշում է տիեզերքը, երկիրը, աշխարհը, երկրի բնակիչներին, բնության և տիեզերքի որևէ էակ կամ իրականություն՝ որպես գոյության զարդարանք: Այն գաղափարն է, որն հետագայում Պողոս Առաքյալն արտահայտելու էր իր հայտնի խոսքերով. «Արդարև, Նրա մեջ ենք մենք ապրում, շարժվում և գոյություն ունենք» (Գրծ 17, 28): ꟷ
- «Նրան չճանաչեց». Տե՛ս 1, 5+:
 
---
 
1, 10 - «Աշխարհ» եզրը, իր փոխաբերական իմաստով, Հովհաննեսի կողմից գործածվում է մատնանշելու համար մերթ տիեզերքն ու երկրագունդը, մերթ մարդկությունը, մերթ այն մարդկանց ամբողջությունը, ովքեր մերժում են Աստծուն և ատելությամբ հալածում են Քրիստոսին ու Նրա հետևորդներին (7, 7; 15, 18-19; 17, 14): Այս վերջին նշանակության դեպքում Հովհաննեսը կիրառում է հրեական մտքի մեջ սովորական հակադրությունը սատանայի ու չարի իշխանությանը ենթակա «այս աշխարհի» (8, 23; 12, 31; 14, 30; 16, 11; 1Հվհ 5, 19) և «գալիք աշխարհի» միջև, որին տալիս է նաև «հավիտենական կյանք» անունը (12, 25): Առայժմ, աշակերտները պետք է մնան աշխարհի մեջ (17, 11.14; հմմտ. «աշխարհ» եզրի վատթարացնող նշանակությունը Հյտ 6, 15; 13, 3.8; 14, 3; 17, 2.5.8 տողերում; հմմտ. նաև Հռմ 8, 16):
 
---
 
1, 11 - «յուրայինները». Տվյալ համատեքստում սա բազմաշերտ հասկացողություն է: Առաջին հերթին վերաբերվում է յուրաքանչյուր մարդու, որովհետև յուրաքանչյուր բանական մարդ իր մեջ կրում է Բանի պատկերն ու նմանությունը և ներքուստ լուսավորվում է ճշմարիտ Լույսի կողմից: Ուստի, նախևառաջ, այս խոսքը հարկավոր է հասկանալ համամարդկային սկզբնական՝ «ադամական» մեղքի իմաստով. մարդը, որ ապստամբել է իր Արարչի դեմ: Երկրորդ հերթին վերաբերվում է հինկտակարանյան ժամանակների հրեա ժողովրդին, որին տրվեցին Օրենքն ու Մարգարեները, բայց որն այդ ամենին պատասխանեց շարունակական անհավատարմությամբ: Երրորդ հերթին վերաբերվում է մարմնացած Բանի՝ Հիսուս Քրիստոսի ազգակից անհատ հրեաներին, ովքեր չընդունեցին Ավետարանի բարի լուրը: Կարող է տարածվել նաև այն քրիստոնյաների վրա, ովքեր սոսկ անունով Քրիստոսի յուրայիններն են, բայց գործնականում չեն ընդունում Նրան առավել կամ նվազ չափով:
 
1, 12 - «իշխանություն». Հուն. «ἐξουσία» - «էքսուսիա». Նշանակում է տրված, փոխանցված զորություն, իշխանություն, հեղինակություն, ազդեցություն՝ հատկապես բարոյական և հոգևոր, տիտղոս: Այնպես, ինչպես որդեգրությունը որդեգրողի ողջ իրավական կարգավիճակը փոխանցում է որդեգրվածին, նրան դարձնելով իր օրինական ժառանգը: Եվ իրոք, այստեղ խոսքը հե՛նց Աստծո կողմից Քրիստոսի հավատարիմներին որդեգրելու մասին է (ծիսական եզրով ասած՝ Մկրտության). ովքեր հավատում են Աստծո Որդուն (3, 15), դառնում են Աստծո զավակները (Մտթ 5, 9; 6, 9; և այլն; Հռմ 8, 14; Գղտ 3, 26; 4, 5; Հկբ 1, 27; 1Հվհ 3, 1): ꟷ
- «Աստծո զավակներ». Հուն. «τέκνα Θεοῦ» - «տեկնա Թէու». «Տեկնոն» եզրը նշանակում է երեխա՝ և՛ արական, և՛ իգական սեռի, զավակ, զարմ, սերունդ («τίκτω» - «տիկտօ» բայից, որ նշանակում է ծնել, արտաբերել, առաջ բերել): Նշանակալի է և հիշարժան, որ «υἱός» - «հյուիոս» - «որդի» եզրը Հովհաննեսի կողմից վերապահվում է միայն ու միայն Հիսուսին, մինչ մարդկանց վերաբերյալ նա նախընտրում է գործածել «տեկնոն» եզրը:
 
1, 13 - «մարմնի». Հուն. «σάρξ» - «սառքս». Տե՛ս Մտթ 26, 41+-ի երկրորդ մասը: ꟷ
- «կամքով». Հուն. «ἐκ θελήματος» - «էկ թելեմատոս». «Թելեմա» եզրը նշանակում է կամք՝ կամքի ակտ, կամքի գործողություն, կամեցողություն, ցանկանալ իմաստով: Նոր Կտակարանում այն գործածված է 63 անգամ, որոնցից 61ը՝ Աստծո կամք, Աստծո համաձայն ընտրություն իմաստով, և միայն 2 դեպքում է գործածվում մարդկանց վերաբերյալ (այստեղ և Ղկս 23, 25 տողում). իր մեջ բացասական երանգներ պարունակող հասկացողություն չէ, այլ՝ ընդամենը մատնանշում է տվյալ գործողության ակունքը, ծագումը: ꟷ
- «այր մարդու». Հուն. «ἀνδρός» - «անդռոս». Տե՛ս Մտթ 1, 16+: ꟷ
- «Աստծուց ծնվեցին». Հուն. «ἐκ Θεοῦ» - «էկ Թէու». Այս հասկացողությունը ավելի հստակ արտահայտվելու է Նիկոդեմոսի հետ զրույցում, ուր խոսվում է «ջրից և Հոգուց վերստին ծննդյան», այսինքն՝ Մկրտության մասին (հմմտ. Հվհ 3, 3-8): Ընթերցողի ուշադրությունից չպետք է վրիպի, որ «Աստծուց ծնվել» և «Հոգուց ծնվել» արտահայտությունները Հովհաննեսի համար հոմանիշներ են, որով նա միանշանակ կերպով դավանում է – իր Ավետարանի առաջին իսկ էջերից սկսած – Սուրբ Հոգու աստվածությունը՝ Բանի և Հայր Աստծո հետ կատարյալ միությամբ:
 
---
 
1, 13 - Որոշ հին ձեռագրերում հանդիպում է նաև մի տարբերակ, ուր «ովքեր» դերանվան փոխարեն նույնի եզակի թվովն է. «ով»: Այսինքն, 12-13 տողերը այսպիսի տեսք ունեն. « ... նրանց, ովքեր հավատում են Իր Անվանը, ով ո՛չ արյունից, ո՛չ էլ մարմնի կամքով, ո՛չ էլ այր մարդու կամքով, այլ՝ Աստծուց ծնվեց»: Այս տարբերակն ակնարկում է Բանի հավիտենական ծննդին, բայց թերևս նաև, կամ վստահաբար, Հիսուսի կուսական ծննդին Մարիամից (հմմտ. Մտթ 1, 16.18-23 և Ղկս 1, 26-38):
 
---
 
1, 14 - «Եվ Բանը մարմնացավ». Հուն. «Καὶ ὁ Λόγος σὰρξ ἐγένετο» - «Կայ հո Լոգոս սառքս էգենետո». Բառացի՝ «Եվ Բանը մարմին եղավ» (գրաբար. «Եւ Բանն մարմին եղեւ»): Մարմնանալը՝ տեսանելի և շոշափելի դառնալու իմաստով, ո՛չ թե բնության կամ էության անհնարին փոփոխության, կամ ուրիշ բնության հետ նույնքան անհնարին խառնման: Այնպես, ինչպես հղացված միտքը (գաղափարը՝ բանը) մարմնանում է ձայնի հնչողության մեջ և դառնում ընկալելի, հաղորդելի, կամ տեսանելի ու շոշափելի՝ իր կողմից առաջ բերված գործի մեջ: ꟷ
- «բնակվեց». Հուն. «ἐσκήνωσεν» - «էսկենօսեն». Բառացի՝ «վրան խփեց»: Հինկտակարանյան գաղափարներով հարուստ և միայն Հովհաննեսին բնորոշ բայ (Ավետարաններում գործածվում է միայն այս տողում, ևս 4 անգամ Հայտնության գրքում. 7, 15; 12, 12; 13, 6; 21, 3), որի բուն իմաստը սոսկ բնակություն հաստատելը չէ, այլ՝ պատերազմի դաշտում վրան խփելը կողմերից մեկի բանակատեղիում, նրա հետ դաշինք կնքելու և ամբողջական համերաշխության նպատակով, մասնակցելով այդ կողմի կյանքի բոլոր անցուդարձերին: ꟷ
- «մենք տեսանք Իր փառքը». Հովհաննեսը, որ նախապես եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտներից մեկը, անձամբ լսել է նրա վկայությունը, թ». «Ահա՛ Աստծո Գառը», և առաջիններից մեկն է եղել, որ աշակերտել է Հիսուսին (1, 29-39): Ուստի նա, մյուս Առաքյալների հետ, ականատես վկան է եղել Հիսուս Քրիստոսի հանրային կյանքի ողջ ընթացքի, ապրել է Նրա հետ, լսել է Նրա ուսուցումները, տեսել է Նրա հրաշքները, եղել է Վարդապետի «սիրելի աշակերտը» (հմմտ. 13, 23; 19, 26; 21, 20): Ապա եղել է այն երեք Առաքյալներից մեկը (Պետրոսի ու Հակոբոսի հետ), որոնց Հիսուսն Իր հետ էր վերցնում յուրահատուկ դեպքերում (Մրկ 1, 29; 5, 37; 9, 2; 13, 3; 14, 33): Առաքյալներից միակն է, որ ներկա է եղել Խաչի մոտ և տեսել, թե «ինչպե՛ս» է մահացել «մարմնացյալ Բանը», «Միածին Աստվածը» (1, 14.18; 19, 25-27; տե՛ս նաև Մրկ 15, 39+): Նա է, որ հարության լուրը հազիվ առած՝ սիրախենթ վազել, Սիմոն Վեմից «առաջ է անցել», և առաջին Առաքյալն է եղել, որ տեսել է գերեզմանը թափուր, «տեսել է ու հավատացել» (20, 3-8): Ի վերջո, նա է, որ ստացել է ծածուկ իրականությունների Հայտնությունը (Հյտ 1, 1-4): Նա, հետևաբար, ամենայն իրավացիությամբ կարող է ասել. «Այն, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, և մեր ձեռքերը շոշափեցին կյանքի Բանը. – քանի որ կյանքը հայտնվեց, և մենք տեսանք և վկայում ու պատմում ենք ձեզ հավիտենական կյանքի մասին, որ Հոր մոտ էր և երևաց մեզ. – ինչ որ տեսանք և լսեցինք, պատմում ենք նաև ձեզ, որպեսզի դուք էլ հաղորդության մեջ լինեք մեր հետ. իսկ մեր հաղորդությունը Հոր հետ է և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ: Եվ այս բաները գրում ենք ձեզ, որպեսզի մեր ուրախությունը կատարյալ լինի» (1Հվհ 1, 1-4): ꟷ
- «որպես Միածնի՝ Հորից». Հուն. «ὡς μονογενοῦς παρὰ Πατρός» - «հօս Մոնոգենուս պառա Պատռոս». «Միածին» եզրը ճիշտ հասկանալու համար հարկավոր է քննության առնել հունարեն եզրի կազմությունը. «Μονογενής» - «Մոնոգենես» ածականը կազմված է «μόνος» - «մոնոս» - «մեկ, միակ, մենակ» ածականի և «γένος» - «գենոս» - «տեսակ, ցեղ, ազգ, ծնունդ, ընտանիք, սերունդ» գոյականի միությունից, և նշանակում է, հետևաբար, միակ ծնունդ, եզակի տեսակ, իր տեսակի մեջ մեկ և միակ. Միածին՝ Հորից, Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից, ... : Մինչ ամեն բան «ստեղծվել է» Իր միջոցով, Ինքը, որպես Իր տեսակի մեջ մեկ և միակ, եզակի սերունդ, «ծնվել է» Հորից, մի անճառելի աստվածային ծննդյամբ, որին արարածների բանականությունը չի կարող հասու լինել, որովհետև իրենց տեսակին պատկանող հասկացողություն չէ: Դրա վերաբերյալ արարածները սոսկ մոտավոր, ստվերակերպ պատկերներ կարող են գտնել իրենց իրականության, իրենց տեսակի, իրենց ցեղի մեջ: ꟷ
- «շնորհով և ճշմարտությամբ լի». Հուն. «πλήρης χάριτος καὶ ἀληθείας» - «պլեռես խառիտոս կայ ալեթեյաս». Արձագանքն է հինկտակարանյան «ողորմությամբ ու հավատարմությամբ հարուստ» արտահայտության («וְרַב־ חֶ֥סֶד וֶאֱמֶֽת ׀» - «ռաբ-հեսեդ վէ-հէ-մետ». Ել 34, 6; հմմտ. Ովս 2, 16-22), ուր շնորհ և ողորմություն, ճշմարտություն և հավատարմություն զույգերը աստվածաբանական հոմանիշներ են: Հիսուսին աստվածային Յահվե անվան հետ կապակցության մեջ դնելուց հետո (տե՛ս 1, 4+-ի առաջին մասը), այստեղ Հովհաննեսը Նրան կապակցության մեջ է դնում նաև Յահվեին բնորոշ գլխավոր հատկությունների հետ, այն հատկությունների, որոնք Նա դրսևորում է Իր Ժողովրդի հետ ունեցած Իր հարաբերություններում. քանի որ Նա Հոր Միածինն է, բնականաբար Իրենն են նաև Հայր Աստծո բոլոր տիտղոսները:
 
---
 
1, 14 - Աստվածաբանական տեսանկյունից դիտված, «մարմին» եզրը մատնանշում է մարդու տկարության ու մահկանացու լինելու վիճակը (հմմտ. 3, 6; 17, 2; Ծնդ 6, 3; Սղմ 56, 5; Ես 40, 6): Այս եզրի գործածությամբ (հմմտ. Հռմ 7, 5) ընդգծվում է Աստծո Որդու մարդկային բնությամբ գալստյան ռեալիզմը, որը Հովհաննեսի կողմից շարունակ շեշտադրվում է որպես առանցքային կարևորություն ունեցող կետ (հմմտ. 1Հվհ 4, 2; 2Հվհ 7; նաև Պողոս Առաքյալը. Հռմ 1, 3; Գղտ 4, 4; Փլպ 2, 7; Կղս 1, 19):
 
---
 
1, 15 - Այս տողը, որով Նախաբանը մի տեսակ ընդմիջվում է, 14րդ և 16րդ տողերի միջև կարծես թե մտցվել է մի երկրորդ պահի՝ 30րդ տողից քաղվելով: Հովհաննես Մկրտչի վկայությունն այստեղ արտահայտված է ներկա ժամանակով, մինչ 6-8 տողերում անցյալով էր: Այսպիսով Ավետարանիչն ընդգծում է Մկրտչի վկայության մշտական այժմեականությունը:
 
1, 16 - «Նրա լիությունի՛ց». Հուն. «ἐκ τοῦ πληρώματος αὐτοῦ» - «էկ տու պլեռօմատոս աուտու». 14րդ տողի «լի» («πλήρης» - «պլեռես») ածականի հետ կապակցության մեջ, «լիություն» («πληρώματος» - «պլեռօմատոս») գոյականը – որ միայն այս տողում է գործածվում Հովհաննեսի Ավետարանում – ակնարկում է Աստծո գթառատության, կարեկցանքի, ներողամտության ու ողորմության անթերի գերառատությունը, որ գտնվում է Հիսուսի Անձում (հմմտ. Սղմ 5, 8; 51, 3; 106, 45), որից մարդիկ կարող են «ստանալ» անսպառելի կերպով: ꟷ
- «նաև շնորհ՝ շնորհի վրա». Հուն. «καὶ χάριν ἀντὶ χάριτος» - «կայ խառին անտի խառիտոս». Բառացի հնարավոր է թարգմանել նաև «շնորհ՝ շնորհի փոխարեն», բայց այդ «փոխարեն»ը հասկանալով ո՛չ թե փոխանակման, այլ՝ փոխարինման, ավելացման, ուժգնացման, լրացման, ամբողջացման, կատարելագործման իմաստով: Կապակցվում է Հիսուսի հետևյալ խոսքի հետ. «Ով ունի, նրան կտրվի և նա առատության մեջ կլինի» (Մտթ 13, 12 և 13, 12+; 25, 29; Մրկ 4, 25; Ղկս 8, 18; 19, 26; հմմտ. Մտթ 5, 20):
 
1, 17 - «օրենքը Մովսեսի միջոցով ... շնորհն ու ճշմարտությունը հանձինս Հիսուս Քրիստոսի ... ». Ահա՛ բացատրվում է «շնորհ՝ շնորհի վրա» արտահայտության իմաստը. առաջին շնորհը Մովսեսի միջոցով տրված Օրենքն էր, երկրորդ շնորհը՝ հանձինս Հիսուս Քրիստոսի աշխարհ եկած շնորհն ու ճշմարտությունը: Երկրորդով չի ջնջվում առաջինը, այլ՝ լրացվում է, հասցվում իր կատարելությանը (հմմտ. Մտթ 5, 17 և 5, 17+):
 
1, 18 - «Աստծուն». Այսինքն՝ Հորը: ꟷ
- «Միածինն Աստված». Հուն. «Μονογενὴς Θεὸς» - «Մոնոգենես Թէոս». «Միածին» ածականը բնագրում առանց որոշյալ հոդի է, բառացի՝ «Միածին Աստված»: Հավատքի ստույգ և միանշանակ դավանություն է, որով Հովհաննես Ավետարանիչը հռչակում է Հիսուս Քրիստոսի Աստվածությունը, Ավետարանի առաջին իսկ էջից սկսած: – Մի սակավաթիվ խումբ ձեռագրեր (թարգմանություններ), թերևս գաղափարներն առավել հստակեցնելու և նախադասությանը երրորդութենական հստակ նկարագիր հաղորդելու մտադրությամբ, սույն արտահայտությունը փոխարինել են «Միածին Որդին, որ Հոր ծոցում է» արտահայտությամբ: Գրաբարը ևս. «բայց Միածինն Որդի որ է 'ի ծոց Հօր»։ ꟷ
- «հայտնեց». Հուն. «ἐξηγήσατο» - «էքսեգեսատո». «Էքսեգեօմայ» բայը բառացի նշանակում է ցույց տալ ճանապարհը, առաջնորդել, հետևաբար նաև՝ բացատրել, մեկնաբանել, պատմել, հստակեցնել, ցույց տալ առաջնահերթությունները: Գրաբարը. «պատմեաց»։ Ուստի ո՛չ թե հայտնեց, որ Նա կա, գոյություն ունի, այլ՝ հայտնեց, թե Նա ինչպիսի՛ն է, Նրա էությունը (այն, ինչը որ նույն Հովհաննեսն իր նամակներից մեկում հռչակելու է. «Աստված Սեր է». 1Հվհ 4, 8): – Սա այն տեխնիկական եզրն էր, որը հրեական միջավայրում գործածվում էր Օրենքի շուրջ տրված ռաբբինական մեկնաբանությունների համար: Նոր Կտակարանում գործածվում է ընդամենը 6 անգամ. Ղկս 24, 35; Հվհ 1, 18; Գրծ 10, 8; 15, 12.14; 21, 19:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։