31-37. Գեղարդի հարվածը – Գրադարան – Mashtoz.org

31-37. Գեղարդի հարվածը

⁓ Հվհ 1, 33; 7, 37-39; 19, 14;  ≈ Գղտ 3, 13; 1Հվհ 5, 6-8; Հյտ 1, 7;
Ել 12, 46; Թց 9, 12; 2Օր 21, 23; Սղմ 34, 21; Եզկ 47, 1; Զքր 12, 10
 
31Հրեաներն, այնժամ, քանի որ Նախապատրաստության օրն էր, որպեսզի մարմինները խաչի վրա չմնային շաբաթ օրվա ընթացքում, – այդ շաբաթ օրն, արդարև, հանդիսավոր օր էր, – Պիղատոսին խնդրեցին, որ նրանց սրունքները կոտրեն և [մարմինները] վերցվեն հեռացվեն: 32Զինվորներն, ուստի, եկան և առաջինի սրունքները կոտրեցին, ապա մյուսինը, որ խաչվել էր նրա հետ: 33Երբ, սակայն, Հիսուսին մոտեցան, տեսան, որ Նա արդեն մահացել էր. Նրա սրունքները չկոտրեցին, 34այլ՝ զինվորներից մեկը նիզակով խոցեց Նրա կողը, և իսկույն արյուն և ջուր ելավ:
35Եվ նա, ով տեսավ, վկայեց. և նրա վկայությունը ճշմարիտ է, և նա գիտի, որ ճշմարիտն է ասում, որպեսզի դուք էլ հավատաք: 36Արդարև, այս բաները պատահեցին, որպեսզի կատարվեր Գրվածքը. «Նրա ոսկորներից ոչ մեկը չպիտի ջարդվի»: 37Եվ դարձյալ, մի ուրիշ Գրվածք ասում է. «Նայելու են Նրան, Ում խոցել են»:
19, 31 - «սրունքները կոտրեն». Մահն արագացնելու նպատակով: Սրունքները կոտրելուց հետո դատապարտյալն այլևս չէր կարողանում վեր պահել իրեն, կախվում էր երկու ձեռքերի մեջ խրված գամերից և շնչահեղձ էր լինում:
 
19, 34 - «խոցեց». Հուն. «ἔνυξεν» - «էնյուքսեն». Բառացի՝ կսմթեց, ծակեց, խայթեց: Միայն Հովհաննեսի կողմից միայն այս տողում գործածված եզր է: ꟷ
- «կողը». Որոշ ձեռագրերում հոգնակի է, գրաբարում ևս. «զկողս»։ ꟷ
- «արյուն և ջուր». Այս իրադարձության նշանակությունը բացատրվելու է քիչ անց՝ հինկտակարանյան երկու տողերի մեջբերմամբ (36-37): Արյունը (Ել 24, 8; Ղևտ 1, 5) վկայում է աշխարհի փրկության համար ընծայված Գառան զոհաբերության իսկությունը (6, 51), իսկ ջուրը, որ Հոգու խորհրդանշանն է, պատկերում է Նրա հոգևոր արգասավորությունը: Եկեղեցու բազմաթիվ Հայրեր այս ջրի մեջ տեսել են Մկրտության խորհրդապատկերը, իսկ Արյան մեջ՝ խորհրդապատկերը Ամենասուրբ Հաղորդության. այս երկու խորհուրդները միասին՝ նշանն են Եկեղեցու՝ Նոր Եվայի, որն ահա՛ ծնվում է Նոր Ադամի բացված կողից (հմմտ. Եփս 5, 23-32):
 
19, 35 - «նա, ով տեսավ». Թերևս 26րդ տողի աշակերտը, որն, ամենայն հավանականությամբ, նույն ինքը Հովհաննես Ավետարանիչն է: ꟷ
- «նա գիտի». Կա՛մ վկան ինքը, կա՛մ Քրիստոսը, կա՛մ Աստված, որի դատաստանին է նա իրեն հանձնում:
 
19, 36-37 - Հինկտակարանյան մեջբերումներից առաջինը, որոնց ակնարկվում է այս տողում, վերաբերվում է զատկական գառանը (հմմտ. Ել 12, 46; Թց 9, 12), իսկ երկրորդը՝ տառապող Արդարին (հմմտ. Սղմ 34, 21; Զքր 12, 10), թեև երկու դեպքում էլ խոսքը չի վերաբերվում սպասվող Մեսսիայի մասին ուղղակի մարգարեությունների, այլ՝ Հովհաննեսի կողմից տրված աստվածաբանական մեկնաբանությունների: «Նայելու են Նրան, Ում խոցել են» խոսքն այստեղ կարող է հասկացվել երկու՝ դրական և բացասական իմաստներով. թշնամիները Նրան նայում են իրենց ակնթարթային հաղթանակը տոնող գոհունակությամբ, բայց իրականում՝ իրենց ինքնադատապարտության համար, մինչդեռ հավատարիմներն իրենց հայացքները Նրան ուղղելով լուսավորվում են, շնորհներով լցվում և ձեռք են բերում փրկությունը (հմմտ. Ես 60, 1-5; Հվհ 3, 14-15.36; 6, 40; 12, 32-33; 1Հվհ 4, 9-10; հմմտ. նաև Իմս 2, 18-20; Ես 53; 1Կր 5, 7):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։