01-24. Հիսուսը տոնի կապակցությամբ գնում է Երուսաղեմ և ուսուցանում է – Գրադարան – Mashtoz.org

01-24. Հիսուսը տոնի կապակցությամբ գնում է Երուսաղեմ և ուսուցանում է

⁓ Հվհ 1, 10; 2, 4.11-12; 3, 11.19; 5, 1-9.16-18.41-44; 8, 12.15.37-41.48-50.52; 9, 22; 10, 20; 12, 42; 14, 22; 15, 18; 17, 1; 19, 38
≈ Մտթ 5, 15; 7, 28; 12, 1-5.11-12.24-27.46; 13, 54-57; 27, 63; Մրկ 3, 22-27; 9, 30; Ղկս 2, 47; 13, 15; 14, 5; Գրծ 4, 13; 7, 8; Հռմ 2, 17-23; 4, 11; Ծնդ 17, 10-12; Ել 23, 14; Ղևտ 12, 3; 23, 34; Թց 29, 12; 2Օր 16, 13; Սղմ 92, 16; Ես 11, 3; Դն 7, 22; Զքր 7, 9; 14, 16-19
 
1Եվ այդ բաներից հետո Հիսուսը շրջում էր Գալիլեայում. հիրավի, չէր կամենում շրջել Հուդեայում, քանի որ հրեաներն ուզում էին սպանել Նրան:
2Մոտ էր, սակայն, հրեաների Տաղավարահարաց տոնը: 3Նրա եղբայրներն, ուստի, ասացին Նրան. «Մեկնի՛ր այստեղից և գնա՛ Հուդեա, որպեսզի Քո աշակերտներն էլ տեսնեն գործերը, որ Դու անում ես: 4Որովհետև ոչ ոք ծածուկ չի գործում, եթե ուզում է հայտնի լինել: Եթե այդ բաներն անում ես, հայտնի՛ր Քեզ աշխարհին»: 5Իրոք, Նրա եղբայրներն էլ չէին հավատում Նրան: 6Հիսուսն, այնժամ, ասաց նրանց. «Իմ ժամանակը դեռ չի հասել. ձեր ժամանակը, մինչդեռ, միշտ պատրաստ է: 7Աշխարհը չի կարող ատել ձեզ, իսկ ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ իր մասին, որ իր գործերը չար են: 8Դո՛ւք գնացեք այդ տոնին. ես այդ տոնին չեմ գնում, որովհետև իմ ժամանակը դեռ չի լրացել»: 9Եվ այդ բաները նրանց ասելով՝ մնաց Գալիլեայում:
10Երբ, սակայն, Նրա եղբայրները գնացին տոնին, այնժամ Ինքն էլ գնաց, ո՛չ բացահայտ կերպով, այլ՝ գաղտնի: 11Հրեաներն, ուրեմն, տոնի ժամանակ փնտրում էին Նրան, և ասում էին. «Որտե՞ղ է նա»: 12Եվ Նրա մասին փսփսոց էր տարածվել ժողովրդի բազմության մեջ: Ոմանք, արդարև, ասում էին. «Լավն է»: Ուրիշներ, մինչդեռ, ասում էին. «Ո՛չ, ընդհակառակը՝ ժողովրդին մոլորեցնում է»: 13Հրեաներից վախենալով, սակայն, ոչ ոք Նրա մասին բացահայտ չէր խոսում:
14Երբ տոնն արդեն հասել էր իր կեսին, Հիսուսը տաճար բարձրացավ և ուսուցանում էր. 15այնպե՜ս, որ հրեաները զարմացել էին՝ ասելով. «Սա ինչպե՞ս գիտի Գրվածքներն առանց ուսանած լինելու»: 16Հիսուսն, այնժամ, պատասխանեց նրանց և ասաց. «Իմ վարդապետությունն իմը չէ, այլ՝ Նրանը, Ով ինձ ուղարկել է: 17Եթե մեկը կամենում է կատարել Նրա կամքը, այս վարդապետության վերաբերյալ կհասկանա, թե արդյոք Աստծո՞ւց է, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում: 18Ով ինքն իրենից է խոսում, սեփական փառքն է փնտրում. իսկ ով փնտրում է փառքը նրա, ով առաքել է իրեն, նա ճշմարիտ է և նրա մեջ անիրավություն չկա: 19Մովսեսը չտվե՞ց ձեզ Օրենքը. բայց ձեզնից ոչ ոք Օրենքը չի պահում: Ինչո՞ւ եք ուզում սպանել ինձ»: 20Ժողովուրդը պատասխանեց. «Դև կա քո մեջ: Ո՞վ է ուզում սպանել քեզ»: 21Հիսուսը պատասխանեց և նրանց ասաց. «Մի գործ արեցի, և բոլորդ զարմացել եք: 22Քանի որ ձեզ Մովսեսն է թլփատությունը տվել, – չնայած որ դա Մովսեսից չէր, այլ՝ նահապետներից, – դուք նաև շաբաթ օրով մարդ եք թլփատում: 23Եթե մի մարդ թլփատվում է շաբաթ օրով, որպեսզի Մովսեսի Օրենքը չխախտվի, ի՞մ վրա եք բարկացել, որ շաբաթ օրով մի մարդ ամբողջովին բժշկեցի: 24Մի՛ դատեք ըստ արտաքին երևույթների, այլ՝ արդար դատաստանով դատեցեք»:
7, 1 - «չէր կամենում». Որոշ ձեռագրերում հանդիպում է «չէր կարողանում» տարբերակը:
 
7, 2 - «Տաղավարահարաց». Հուն. «ἡ σκηνοπηγία» - «հէ սկենոպեգի՛ա». Այսինքն՝ վրաններ խփելու: Դեպի Երուսաղեմ ուխտագնացության երեք տոներից վերջինն ու ամենակարևորն էր (հմմտ. 5, 1+-ի երկրորդ մասը): Սկսվում էր հրեական օրացույցի յոթերորդ ամսվա 15-ին (Սեպտեմբերի ու Հոկտեմբերի միջև): Ծնունդ է առել որպես հողագործական տոն, որ կատարվում էր՝ երախտագիտություն հայտնելու համար աշնանային բերքահավաքի, հացահատիկային մշակաբույսերի հունձքի ու խաղողակութի համար: Հետագայում նույնացվել է անապատում Իսրայելի պանդխտության հետ (Ղևտ 23, 39-43; 2Օր 16, 13-15): Հմմտ. նաև 7, 37:
 
7, 3 - «եղբայրներն». Հուն. «οἱ ἀδελφοὶ» - «հոյ ադելֆոյ». Տե՛ս Մտթ 12, 46+-ի առաջին մասը: – Այս անձինք, որ անվանվում են Հիսուսի «եղբայրները» (հմմտ. 2, 12; 7, 5.10; 20, 17), այսինքն՝ Հիսուսի չորս զարմիկները (հմմտ. Մտթ 13, 55; Մրկ 6, 3), երբեք չեն ներկայացվում որպես Հիսուսի աշակերտներ, այլ՝ կարծես առանձին կարգավիճակ են վայելում սկզբնական Եկեղեցում, Մարիամի՝ Հիսուսի Մոր հետ (հմմտ. Գրծ 1, 14): ꟷ
- «Քո աշակերտներն էլ». Խոսքը Երուսաղեմում և Հուդեայում բնակվող աշակերտների մասին է (հմմտ. 2, 23; 3, 26; 4, 1):
 
7, 4 - «հայտնի». Հուն. «ἐν παρρησίᾳ» - «էն պառռեսի՛ա». Բառացի՝ խոսքի ազատության մեջ: Իմաստը հանրության կողմից ճանաչված, հայտնի լինելն է: – Գրաբարը. «համարձակ լինել», ո՛չ թե խիզախության արդի իմաստով, այլ՝ համարձակ, լիովին արձակ, ազատ լինելու (տե՛ս նաև 7, 26+):
 
7, 5 - «չէին հավատում». Այսինքն՝ դեռևս, տակավին չէին հավատում:
 
7, 6 - «Իմ ժամանակը». Հուն. «Ὁ καιρὸς ὁ ἐμὸς» - «Հո կաիռոս հո էմոս». Հովհաննեսը միայն այս և 8րդ տողում է գործածում «կաիռոս» եզրը, որն ավելի հաճախակի է հանդիպում համատես երեք Ավետարաններում, հատկապես Ղուկասի մոտ: Այն մատնանշում է «հարմար պահը», «սահմանված ժամանակը». այստեղ գործածվում է որպես Հիսուսի մահվան ու հարության «ժամի» հոմանիշ (հմմտ. 2, 4): «Իմ» և «ձեր» ժամանակների միջև հակադրությունը կայանում է սրանում. մինչ Հիսուսի ժամանակը կարգավորվում է ըստ Աստծո կամքի (պատրաստվում է Նրա տնօրինմամբ), մյուսների ժամանակը կախում ունի իրենց անձնական ընտրություններից, և հետևաբար՝ միշտ իրենց տրամադրության ներքո է («միշտ պատրաստ է»):
 
7, 8 - «չեմ գնում». Որոշ ձեռագրերում հանդիպում է «առայժմ չեմ գնում» տարբերակը: ꟷ
- «դեռ չի լրացել». Ակնարկը չի վերաբերվում այդ տոնին (որին Հիսուսն իրականում մասնակցում է. 10), այլ՝ Հիսուսի խաչելությանը, հարությանն ու համբարձմանը (հմմտ. 3, 14; 6, 62; 20, 17):
 
7, 10 - «Ինքն էլ գնաց». Կարող ենք համեմատել Հիսուսի այս գաղտնի ուխտագնացությունը այն մյուս՝ բացահայտ ուղևորության և Երուսաղեմ մուտքի հետ, որ նկարագրված է 12, 12-15 հատվածում, և առաջինի ու երկրորդի դրդապատճառները, որ շարադրված են համապատասխանաբար 7, 8 և 12, 23 տողերում:
 
7, 11-13 - «Հրեաներն ... Հրեաներից». Ինչպես միշտ, հրեա ասելով Ավետարանում հասկացվում են Իսրայելի իշխանությունները, այսինքն՝ Երուսաղեմի Ատյանը (տե՛ս 1, 19+):
 
7, 14-52 - Այս հատվածը կազմված է տարբեր կտորներից, որոնք միմյանց շաղկապված են մեկ ընդհանուր թեմայով: Թյուրիմացություն է տիրում Հիսուսի «ծագման» վերաբերյալ. 1) Նրա մարդկային ծագումը քողարկում, թաքցնում է Նրա աստվածային ծագումը. ինչպե՞ս գիտի, եթե չի սովորել ռաբբիների դպրոցում (14-18). մարդիկ կան, որ գիտեն Նրա մանկության մասին, հետևաբար՝ Նա չի կարող լինել Քրիստոսը (25-30). 2) կարծում են, որ ծնվել է Նազարեթում, հետևաբար՝ չի կարող Քրիստոսը լինել (40-52): Հիսուսի «մեկնումի» թեման (33-36; հմմտ. 8, 21-23) կապակցվում է աստվածային ծագման թեմայի հետ. մարդ Քրիստոսը գնում է այնտեղ, ուր միշտ եղել է (Իր աստվածությամբ. հմմտ. 29 և 34):
 
7, 14 - «տաճար բարձրացավ և ուսուցանում էր». Մի քանի օր է արդեն, ինչ Հիսուսը գտնվում է Երուսաղեմում (յոթ օր տևող տոնն արդեն իր կեսին էր հասել), բայց չի մասնակցում հրեաների տոնին (2.8), որոնք ուզում էին սպանել Իրեն: Եվ իրոք, տաճար է բարձրանում միայն ուսուցանելու նպատակով. և սա առաջին անգամն է, որ դա անում է Երուսաղեմում:
 
7, 15 - «Սա ... առանց ուսանած լինելու». Տաճարի պաշտոնական օրենսգետներն ի նկատի չունեն Հիսուսի կրոնական կրթությունն ընդհանուր առմամբ, քանի որ բոլոր հրեաները յուրաքանչյուր շաբաթ օր ժողովարաններում ընթերցում էին Գրվածքները, լսում էին դրանց շուրջ տրվող մեկնաբանությունները և խորհրդածում ու աղոթում էին դրանցով: Նրանց խոսքի կենտրոնը արհամարհական ձայներանգով արտասանված «սա» ցուցական դերանունն է, որով ուզում են ասել, թե Նա ինչպե՞ս կարող է ուսուցանել Օրենքի պաշտոնական ուսուցիչների նման, որոնք ուսանել են Օրենքի ա՛յլ պաշտոնական ուսուցիչներից, որոնք էլ իրենց հերթին ուսանել են ա՛յլ պաշտոնական ուսուցիչներից, և այսպես շարունակ (հմմտ. Մտթ 15, 2+-ի առաջին մասը), և իրենց ուսուցումը կայանում է սոսկ կրկնելու մեջ այն, ինչ ուսանել էին «նախնիներից» (տե՛ս Մտթ 7, 29+): Հիսուսի ուսուցումը դուրս է գալիս այդ սոսկ մարդկային, խիստ նեղ տրամաբանությունից, տրվում է Հոր իշխանությամբ և Սուրբ Հոգու ազատությամբ, և ահա՛ սա՛ է, որ նախ զարմանք, ապա նաև նախանձ ու թշնամանք է ծնում հրեա իշխանավորների մոտ:
 
7, 16 - «վարդապետությունն». Հուն. «διδαχὴ» - «դիդախէ». Կարևորագույն եզր է նորկտակարանյան և քրիստոնեական հետագա ավանդության մեջ: Նշանակում է ուսմունք, ուսուցում (դոկտրին). «διδάσκω» - «դիդասկօ» - «ուսուցանել, վարդապետել» բայից, որից է սերում նաև «διδάσκαλος» - «դիդասկալոս» - «ուսուցիչ, վարդապետ» գոյականը (հմմտ. Մրկ 4, 38; 12, 32; Հվհ 1, 38; 3, 2; 13, 13.14; և այլն, ընդհանուր՝ 49 անգամ Ավետարաններում):
 
7, 17 - «կհասկանա». Հուն. «γνώσεται» - «գնօսետայ». Բառացի՝ կգիտենա, կճանաչի, անձնական փորձառությամբ: Գրաբարը. «գիտասցէ»։ Եթե մեկն անկեղծ սրտով գործադրում է Աստծո կամքը, կհասնի նաև հասկանալու, որ Հիսուսի ուսմունքը սոսկ մարդկային չէ, այլ՝ բխում է Ինքնին Աստծո հեղինակությունից, Ով այդ հեղինակությունն ու իշխանությունը ամբողջովին տվել է Հիսուսին (տե՛ս Մտթ 7, 29+): Հիսուսը, ա՛յլ խոսքերով ասած, չի փորձում ապացուցել, փաստել Իր կողմից ասվածները. գոհանում է հավաստելով, որ մարդն ինքն է սովորում զանազանել և ճանաչել ճշմարտությունը, այնքան ավելի, որքան ավելի է գործնական գետնի վրա միանում Աստծուն:
 
7, 18 - «ինքն իրենից». Հուն. «ἀφ’ἑαυτοῦ» - «աֆ'հէաուտու». Այսինքն՝ սեփական նախաձեռնությամբ, առանց մանդատ ունենալու: ꟷ
- «անիրավություն». Հուն. «ἀδικία» - «ադիկիա». Անարդարություն, արդարության ու իրավունքի բացակայություն: Սա՝ առաջնային իմաստով: Բայց կարող է նշանակել նաև ճշմարտացիության, ուղղամտության, իրավախոհության, արդար, ճիշտ, ուղիղ դատողության բացակայություն. այդ դեպքում խոսքը կարող է հասկացվել՝ «նա ճշմարիտ է և նրա մեջ սխալ չկա»:
 
7, 19-24 - Թվում է, թե այս տողերն իրենց համատեքստից դուրս են գտնվում և, ամենայն հավանականությամբ, 5, 1-16 հատվածի ավարտական մասն են:
 
7, 20 - «Ո՞վ է ուզում սպանել քեզ». Այս հարցը հասկանալու համար հարկավոր է չմոռանալ, որ դրանք օրերն էին Տաղավարահարաց մեծ տոնի, որի ժամանակ դեպի Երուսաղեմ էին շտապում ուխտագնացներ ո՛չ միայն ամբողջ Հուդեայից ու Գալիլեայից և հարևան երկրներից, այլ՝ նաև հրեական սփյուռքի ամենատարբեր գաղթօջախներից (տե՛ս, օրինակի համար, Մտթ 27, 32+-ի առաջին մասը): Երուսաղեմացիները գիտեին, որ իշխանավորները թշնամաբար էին տրամադրված Հիսուսի դեմ (25-26), մինչդեռ դրսից եկած ուխտավորները տեղյակ չէին Նրա շուրջը զարգացող անցուդարձերին: Սրա համար է, որ մի պահ կարծում են, թե Հիսուսը խենթացել է (դիվահարվել է. «Δαιμόνιον ἔχεις» - «Դայմոնիոն էխեիս». բառացի՝ դև ունես), որովհետև իրենց ծայր աստիճան անհավանական էր թվում, թե նման քայլ հնարավոր է Մովսիսական Օրենքը պահողների կողմից:
 
7, 21 - «Մի գործ արեցի». Մինչև այս դրվագում պատմվող դեպքը, միակ «գործը», այսինքն՝ բժշկումը, որ Հիսուսը կատարել էր շաբաթ օրով, անդամալույծի բժշկումն էր (5, 1-18):
 
7, 22 - «նահապետներից». Հուն. «ἐκ τῶν πατέρων» - «էկ տօն պատեռօն». Բառացի՝ հայրերից: Գրաբարը. «'ի հարց անտի»։ Ութերորդ օրը թլփատելու պատվիրանը տրվել էր Աբրահամին (Ծնդ 17, 12), Մովսեսն այն ընդամենը ընդգրկել էր իր օրենսգրքի մեջ (Ղևտ 12, 3):
 
7, 23 - Հիսուսը պատճառաբանում է ռաբբինական մեթոդով. նրանք թլփատությունը նկատում էին որպես մարմնի մի անդամի «բժշկումը»: Եթե այդպես է, ասում է Հիսուսը, և թույլատրված է շաբաթ օրով բժշկել (թլփատել) մարմնի միայն մի անդամը, որքա՜ն ևս առավել պետք է թույլատրված լինի ամբողջ մարդու բժշկումը:
 
7, 24 - «արտաքին երևույթների». Հուն. «κατ’ὄψιν» - «կատ'օփսին». Բառացի՝ ըստ տեսողության, ըստ տեսածի: Գրաբարը. «ըստ աչս»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։