01-20. Ոտնլվա – Գրադարան – Mashtoz.org

01-20. Ոտնլվա

⁓ Հվհ 1, 10.48; 2, 4; 3, 35; 6, 64.70-71; 7, 30; 8, 20.24; 10, 18; 13, 2.12.27.34; 14, 26.29; 15, 3.12-13; 16, 4.28; 17, 2
≈ Մտթ 3, 14; 4, 1; 7, 24; 10, 24.40; 11, 29; 20, 28; 23, 8-12; 26, 17.20; Մրկ 9, 37; Ղկս 6, 40; 9, 48; 12, 37; 17, 7-10; 22, 3.24-30; Գղտ 2, 20; Փլպ 2, 5.8; Եփս 5, 2; Կղս 3, 13; 1Տմ 5, 10; Հկբ 1, 25; 1Պտ 2, 21; 5, 3; 1Հվհ 3, 16; Սղմ 41, 10; Սրք 32, 1; Ես 56, 2
 
1Զատկի տոնից առաջ, ապա, Հիսուսն իմանալով, որ Իր ժամը հասել էր, որպեսզի այս աշխարհից անցներ Հոր մոտ, սիրած լինելով յուրայիններին, որ աշխարհում են, նրանց մինչև վերջ սիրեց: 2Եվ ընթրիքի ժամանակ, – երբ դևը Հուդա Սիմոնի Իսկարիովտացու սրտի մեջ արդեն դրել էր, որ մատնի Նրան, – 3իմանալով, որ Հայրն ամեն բան Իր ձեռքն էր հանձնել, և որ Ինքն Աստծուց էր եկել և Աստծո մոտ էր գնում, 4վեր կացավ ընթրիքից և զգեստները մի կողմ դրեց, և մի սրբիչ վերցնելով՝ Իր գոտկատեղին կապեց: 5Ապա կոնքի մեջ ջուր լցրեց և սկսեց աշակերտների ոտքերը լվանալ ու գոտկատեղին կապած սրբիչով չորացնել: 6Արդ, երբ Սիմոն Պետրոսին մոտեցավ, նա Նրան ասաց. «Տե՜ր, Դու իմ ոտքերը լվանա՞ս»: 7Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Ինչը որ ես անում եմ, դու հիմա չես հասկանում, բայց հետո կհասկանաս»: 8Պետրոսն ասաց Նրան. «Ո՛չ, իմ ոտքերը Դու չես լվանա հավիտյան»: Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե չլվանամ քեզ, իմ հետ բաժին չես ունենա»: 9Սիմոն Պետրոսն ասաց Նրան. «Տե՜ր, ո՛չ միայն ոտքերս, այլ նաև՝ ձեռքերս ու գլուխս»: 10Հիսուսն ասաց նրան. «Ով ամբողջությամբ լվացվել է, ա՛յլ կարիք չունի, եթե ո՛չ միայն՝ ոտքերը լվանալու, քանի որ ամբողջությամբ մաքուր է. և դուք մաքուր եք, բայց ո՛չ բոլորդ»: 11Նա, արդարև, գիտեր, թե ո՛վ էր մատնում Իրեն. դրա համար ասաց, թե. «Ո՛չ բոլորդ եք մաքուր»:
12Երբ, ուրեմն, նրանց ոտքերը լվաց և Իր զգեստները վերցրեց ու կրկին բազմեց, նրանց ասաց. «Գիտե՞ք, թե ի՛նչ արեցի ձեզ: 13Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում. իսկապես՝ այդ եմ: 14Եթե, ուրեմն, ես՝ Տերս և Վարդապետս, ձեր ոտքերը լվացի, դուք էլ պարտավոր եք մեկդ մյուսի ոտքերը լվանալ: 15Հիրավի, մի օրինակ տվեցի ձեզ, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, նաև դուք անեք: 16Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ստրուկն ավելի մեծ չէ, քան իր տերը, ո՛չ էլ առաքյալն՝ ավելի մեծ, քան իրեն ուղարկողը: 17Այս բաներն իմանալով՝ երանելի եք, եթե դրանք գործադրում եք: 18Ձեր բոլորի մասին չեմ խոսում. ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ: Բայց որպեսզի կատարվի Գրվածքը. ''Նա, ով ուտում է իմ հացը, իմ դեմ բարձրացրեց իր կրունկը'', 19այժմվանից իսկ ասում եմ ձեզ, նախքան կատարվելը, որպեսզի երբ կատարվի, դուք հավատաք, որ Ես Եմ: 20Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով կընդունի նրան, ում ես ուղարկելու եմ, նա ի՛նձ կընդունի. իսկ ով ընդունում է ինձ, ընդունում է Նրան, Ով ուղարկել է ինձ»:
13, 1-20 - Ոտնլվան – Հիսուսի ինքնախոնարհեցման ու մահվան միջոցով մեղքերից մեր լվացման խորհրդապատկերը – Հովհաննեսի Ավետարանում գրավում է Ամենասուրբ Հաղորդության խորհրդի հաստատման տեղը, այնպես՝ ինչպես նկարագրվում է համատես Ավետարաններում: Տեսարանը զուգահեռ է Բեթանիայում օծման դրվագի հետ (12, 1-8): Երկու դեպքերում էլ իրադարձությունները կատարվում են ընթրիքի ժամանակ (12, 2; 13, 2), ակնարկ է կատարվում ոտքերին (12, 3; 13, 5), գործածվում է «ἐκμάσσω» - «էկմասսօ» - «սրբել, չորացնել» բայը (12, 3; 13, 5; բայ, որ Նոր Կտակարանում գործածում են միայն Ղուկասն ու Հովհաննեսը, միայն այս երկու դրվագների դեպքում, ընդհանուր ընդամենը 5 անգամ. Ղկս 7, 38.44; Հվհ 11, 2; 12, 3; 13, 5): Հակադրվում են, մինչդեռ, «օծել» (12, 3) և «լվանալ» (13, 5) բայերը, ինչպես նաև փաստը, որ Բեթանիայում աշակերտների հասարակությունն է, – հանձինս Մարիամի խորհրդապատկերված, – որ հարգանքի տուրք է մատուցում Հիսուսին. այստեղ, մինչդեռ, Հիսուսն է, որ գորովալի հոգատարություն է ցուցաբերում աշակերտների նկատմամբ, և նրանց տալիս է վարքի մի կանոն, որին պետք է այդուհետև հետևեն (13, 13-15):
 
13, 1 - «Զատկի տոնից առաջ». Մինչ համատես Ավետարանների ժամանակագրությամբ՝ Հիսուսը մահանում է Զատկի օրը (հմմտ., օրինակի համար, Մրկ 14, 12-16; Ղկս 22, 15), Հովհաննեսի ավանդության համաձայն՝ դա տեղի է ունենում զատկական շաբաթ օրվա նախորդ օրը. այն օրը, որ կոչվում էր Նախապատրաստության (19, 14.31.42; տե՛ս Մտթ 27, 62+ և 26, 17+), որի մեջ են կենտրոնանում Հիսուսի կյանքի վերջին ժամերին վերաբերվող բոլոր իրադարձությունները (հմմտ. 13, 1-19, 42):
Համատես Ավետարաններում Վերջին Ընթրիքը նկատվում է որպես զատկական ընթրիք: Հովհաննեսի ժամանակագրության համաձայն, ընթրիքը (13, 2) պետք է որ կատարված լինի հինգշաբթի օրը երեկոյան (հմմտ. Մտթ 27, 62): Նշանակալի է, որ Բեթանիայի դրվագից հետո՝ այս վերջին Զատիկն այլևս չի անվանվում «հրեաների Զատիկ» (2, 13; 6, 4; 11, 55), քանի որ այդուհետև հասկացվում է Հիսուսի Զատիկը: ꟷ
- «այս աշխարհից անցներ Հոր մոտ». Հուն. «μεταβῇ ἐκ τοῦ κόσμου τούτου πρὸς τὸν Πατέρα» - «մետաբէ էկ տու կոսմու տուտու պռոս տոն Պատեռա». Հիսուսի մահը ներկայացվում է որպես անցում (ելք) այս աշխարհից՝ Հոր մոտ: Այս գաղափարն արտահայտելու համար Հովհաննեսը գործածում է «μεταβαίνω» - «մետաբաինօ» բայը (տեղը փոխել, տեղափոխվել մի տեղից մի ա՛յլ տեղ). նույն բայն է գործածվում 5, 24 և 1Հվհ 3, 14 տողերում, մատնանշելու համար անցումը մահից՝ կյանքի: ꟷ
- «մինչև վերջ սիրեց». Հուն. «εἰς τέλος ἠγάπησεν» - «էիս տելոս էգապեսեն». Հիսուսի մահով պսակվելու է հանուն սիրո ապրված Իր կյանքը: Ո՛չ միայն այն իմաստով, որ Հիսուսն այդպիսով ցույց է տալու, որ յուրայիններին սիրեց մինչև Իր կյանքի ավարտը, մինչև Իր վերջին շունչը, այլ՝ մանավանդ այն իմաստով, որ նրանց սիրեց մինչև հնարավոր վերջին կետը, այսինքն՝ նվիրաբերելով Իր ողջ Անձը անմնացորդ կերպով: Սա կարծես մի աստվածային գաղտնիք է, որի լիակատար հայտնությունը վերապահված է Նրա կյանքի վերջին պահերին (հմմտ. 13, 34; 15, 9.13; 17, 23; 1Հվհ 3, 16; Հռմ 8, 35; Գղտ 2, 20; Եփս 3, 19; 5, 2.25):
 
13, 2 - «ընթրիքի ժամանակ». Ընթրիքը, որի մասին խոսվում է այստեղ, օրվա գլխավոր ճաշն է («δεῖπνον» - «դեիպնոն»), որ ուտում էին երեկոյան ո՛չ շատ ուշ, աշխատանքային օրվա ավարտին, իսկ շաբաթ օրը՝ ծիսական պաշտամունքից հետո: Ավետարանում ոչ մի տարր չի գտնվում, որ կարող է հուշել, թե խոսքը վերաբերվում է հրեական Զատկվա ծիսական ճաշկերույթին: ꟷ
- «դևը ... դրել էր». Փրկչի չարչարանքներն ու մահը մի ողբերգություն են, որին ակտիվորեն ներգրավված է անտեսանելի աշխարհը. մարդկանց ձեռքով գործում է դիվային զորությունը (հմմտ. 6, 71-72; 8, 44; 12, 31; 13, 27; 16, 11; Հյտ 12, 4.17; 13, 2; Ղկս 22, 3; 1Կր 2, 8):
 
13, 3 - «Իր ձեռքն էր հանձնել». Բառացի՝ Իր ձեռքերի մեջ էր դրել:
 
13, 5 - Այլոց ոտքերը լվանալը, խոնարհ ծառայության նշան լինելուց բացի, նշան էր նաև սիրալիր ու հոգատար հյուրընկալության (Ծնդ 18, 4; 1Սմ 25, 41; Ղկս 7, 44): Սովորական պայմաններում, սակայն, դա ստրուկներին վերապահված գործ էր:
 
13, 7 - «հիմա չես հասկանում ... հետո կհասկանաս». Հուն. «οἶδα» - «օյդա» բայն է, որ բառացի նշանակում է գիտակցել, գիտենալ, ընկալել, մտովի տեսնել: Գրաբարը. «դու այժմ ոչ գիտես, բայց ապա գիտասջիր»։
 
13, 8 - «Պետրոսն». Այստեղ, ուր Առաքյալը յուրահատուկ դիմադրություն է ցույց տալիս Հիսուսի կամքին և չի հասկանում Նրա արարքի նշանակությունը, հիշատակվում է իր կես անվամբ միայն, ի տարբերություն 6րդ և 9րդ տողերի, ուր հիշվում է իր երկու՝ հին ու նոր անուններով: ꟷ
- «իմ հետ բաժին չես ունենա». Սեմաբանություն է՝ մատնանշելու համար հարաբերության բացակայությունը, կամ մինչ այդ գոյություն ունեցած հարաբերությունից բացառվելը (հմմտ. Մտթ 24, 51; Ղկս 12, 46; Գրծ 8, 21; 2Կր 6, 14-16; Սղմ 50, 18; 1Թգ 12, 16): Այստեղ հավասարազոր է ասելու. «Չես կարող իմ մտերիմներից մեկը լինել», «Չես կարող մասնակցել իմ գործին»: Վարդապետի հոգին չհասկանալով, Պետրոսն ինքն իրեն բացառած կլինի Նրա հետ որևէ հաղորդակցությունից, որևէ մասնակցությունից Նրա գործին ու Նրա փառքին:
 
13, 10 - «Ով ամբողջությամբ լվացվել է». Հուն. «λούω» - «լուօ» բայն ի մասնավորի մատնանշում է ջրավազանի մեջ ամբողջ մարմնի լվացումը, լոգանքը: Ուստի, «Ὁ λελουμένος» - «Հո լելումենոս» արտահայտությունը հստակ ակնարկ է Մկրտության ծիսակարգին: Պատահական չէ, որ անմիջապես հետո՝ ջրի մեջ այս ամբողջական ընկղմվելը հակադրվում է սովորական լվացվելուն, որն արտահայտվում է «νίπτω» - «նիպտօ» բայով, որը շատ հաճախ է գործածվում Հովհաննեսի կողմից, հատկապես այս տողերում (5.6.8.10.12.14): «Λούω» - «լուօ» բայը մկրտական նշանակությամբ է գործածում նաև Պողոս Առաքյալը (հմմտ. 1Կր 6, 11; Եփս 5, 26; Տիտ 3, 5; Եբր 10, 22): ꟷ
- «միայն՝ ոտքերը լվանալու». Մկրտությունը մկրտվողին պարգևում է ամբողջական մաքրագործում, մեկընդմիշտ, այնպես՝ որ այլևս կարիք չունի կրկնվելու: Մկրտությամբ ամբողջովին մաքրագործված անձը, սակայն, տակավին ''քայլում է'' երկրի վրա, ուստի հնարավոր է, որ նրա ''ոտքերը'' կեղտոտվեն: Նման դեպքերում, նա կարիքը չունի Մկրտությամբ կրկին ամբողջովին լվացվելու, այլ՝ լվանալու միայն ''կեղտոտված տեղերը'', ինչը որ հստակ ակնարկ է մեղքերն արձակելու առաքելական իշխանությանը (հմմտ. 20, 22-23; տե՛ս նաև Մտթ 16, 19 և 16, 19+-ի երկրորդ մասը):
 
13, 11 - «ո՛վ էր մատնում». Որոշ ձեռագրերում ապառնի ժամանակով է: Գրաբարում ևս. «որ մատնելոցն էր»։
 
13, 15 - «օրինակ». Հուն. «ὑπόδειγμα» - «հյուպոդեիգմա». Ավետարանիչներից միայն Հովհաննեսն է գործածում այս եզրը, և միայն այս տողում: Խոսքը վերաբերվում է այն մոդելին, բնօրինակին, որի նմանությամբ՝ աշակերտները պետք է ''վրձնեն'' կամ ''քանդակեն'' իրենց վարքը: ꟷ
- «նաև դուք անեք». Ո՞ւմ: Չի հստակեցնում: Ինձ, միմյանց, յուրաքանչյուր անձի, որ կհանդիպեք:
 
13, 16 - Հովհաննեսյան տարբերակն է մի ասույթի, որ հանդիպում է նաև համատես Ավետարաններում (հմմտ. Մտթ 10, 24; Ղկս 6, 40): ꟷ
- Միակ դեպքն է, որ Հովհաննեսը գործածում է «ἀπόστολος» - «ապոստոլոս» եզրը: Ուշագրավ է նաև «ստրուկ» («δοῦλος» - «դուլոս») և «առաքյալ» եզրերի համատեղ գործածումը միևնույն նախադասության մեջ, և սա՝ Ոտնլվայի համատեքստում:
 
13, 18 - Հինկտակարանյան Գրվածքներին հղում կատարելով (ինչպես 12, 37-43 հատվածում), կանխավ ակնարկվում է Հուդայի դավաճանությանը՝ գործածելով Սղմ 41, 10-ի խոսքերը, ուր Դավիթը բողոքելով ողբում է իր ընկեր ու խորհրդական Աքիթոֆելի դավաճանության պատճառով (հմմտ. 2Սմ 15, 12): Դավաճանությունը ներկայացվում է վեր բարձրացված կրունկի պատկերով, ինչը որ արհամարհանքի ու հակառակության նշան է:
 
13, 19 - «այժմվանից իսկ ասում եմ ձեզ». Նույն խոսքը – որ հանդիպում է նաև Հին Կտակարանում (Ես 48, 5) – աննշան տարբերակներով գործածվում է նաև 14, 29; 16, 4 և Մտթ 24, 25 տողերում:
 
13, 20 - Այս նախադասությունն ամենայն հավանականությամբ ընդօրինակվել է Մտթ 10, 40 տողից, ուր ներկայանում է որպես Տասներկու Առաքյալներին տրված ուսուցումների վերջաբան:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։