28-30. Հիսուսի մահը – Գրադարան – Mashtoz.org

28-30. Հիսուսի մահը

→ Մտթ 27, 48-50; Մրկ 15, 36-37; Ղկս 23, 46
⁓ Հվհ 4, 34; 5, 39; 10, 18; 17, 4
≈ Մտթ 8, 20; Սղմ 22, 16; 69, 22
 
28Այս բանից հետո, Հիսուսն իմանալով, որ ամեն բան այլևս կատարված էր, որպեսզի Գրվածքը կատարվեր, ասաց. «Ծարավի եմ»: 29Այնտեղ քացախով լի մի աման կար. նրանք, ուստի, քացախով թրջված մի սպունգ ամրացրեցին զոպայի ցողունի ծայրին և Նրա բերանին մոտեցրեցին: 30Հիսուսն, այնժամ, երբ քացախը խմեց, ասաց. «Կատարված է»: Եվ գլուխը խոնարհելով՝ հոգին ավանդեց:
19, 28 - «ամեն բան այլևս կատարված էր». Սա կարելի է հասկանալ և՛ տառացի իմաստով, որպես խաչելության հանգրվանների ավարտի, և՛ միստիկ իմաստով, որպես փրկագործության լիակատար իրագործման (30), որի համար էր Ինքը աշխարհ եկել (հմմտ. 6, 51-52):
 
19, 29 - Հովհաննեսը չի հիշատակում թմրեցնող ազդեցություն ունեցող զմռսախառն գինին, որն Հիսուսը հրաժարվում է խմել խաչելության սկզբում (տե՛ս Մտթ 27, 34+), այլ միայն՝ քացախը կամ թթվաշահամ գինին, որն Հիսուսին խմելու են տալիս վերջում (տե՛ս Մտթ 27, 48+): Հովհաննեսի ներկայացման մեջ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե զինվորները դա անում են որպես կարեկցանքի նշան, գոհացնելու համար դատապարտվածի խնդրանքը («Ծարավի եմ»), բայց դա իրականում դաժան ծաղրուծանակի մի վերջին դրսևորում էր, թեև միայն Ղուկասն է այն միանշանակ կերպով մեկնաբանում որպես ծաղրանքի արտահայտություն (23, 36), ակնհայտ ակնարկ կատարելով տառապող արդարին տրվող քացախին (Սղմ 69, 22): ꟷ
- «քացախով». Որոշ ձեռագրեր, հավանաբար Մտթ 27, 34-ի հետ համաձայնեցնելու նպատակով, ավելացնում են «լեղախառն»: Գրաբարը ևս. «քացախով ընդ լեղւոյ»։ ꟷ
- «զոպայի». Հուն. «ὕσσωπος» - «հյուսսօպոս». Գրաբար. «զմշտկաւ զոպայի»։ Հավանական չէ բնավ, որ զոպայի նման նուրբ ու բարակ ցողուն ունեցող բույսը կարողանար հեղուկով թրջված սպունգ պահել՝ այն վեր բարձրացնելու համար: Մատթեոսն (27, 48) ու Մարկոսը (15, 36) ասում են, որ դա կատարվել է եղեգի օգնությամբ («κάλαμος» - «կալամոս»), ինչը որ շատ ավելի հավանական է: Հովհաննեսի կողմից ներկայացված տեղեկությունը, հետևաբար, խորհրդանշական արժեք է ստանում, քանի որ զոպայի տերևալի ցողուններն էին գործածվում՝ զատկական գառան արյունը տների մուտքի դռներին ցողելու համար (Ել 12, 22): Այս առումով նշանակալի է նաև, որ տվյալ եզրը Նոր Կտակարանում գործածված է միայն երկու անգամ. այստեղ և Եբր 9, 19 տողում, ուր ևս արտահայտում է Ուխտի քավարար զոհաբերության ժամանակ օգտագործվող գործիքի իմաստ:
 
19, 30 - «Կատարված է». Հուն. «Τετέλεσται» - «Տետելեստայ». Հոր գործը, այնպես՝ ինչպես ավետվել էր Սուրբ Գրքերի մեջ. աշխարհի փրկությունը՝ Քրիստոսի փրկարար ինքնազոհաբերության միջոցով: Հովհաննեսը չի հիշատակում լքվածության զգացումն արտահայտող աղաղակը, որ գտնում ենք Մտթ 27, 46 և Մրկ 15, 34 տողերում. ավելի կամեցել է պահպանել այս մահվան հանդարտ վեհությունը միայն (հմմտ. Ղկս 23, 46; Հվհ 12, 27+):
Որոշ ձեռագրեր, 28րդ տողի հետ նույնացնելով, գրում են «Ամեն բան կատարված է» («πάντα τετέλεσται» - «պանտա տետելեստայ»): Գրաբարը ևս. «Ամենայն ինչ կատարեալ է»։
- «հոգին ավանդեց». Բնագրի «παρέδωκεν τὸ πνεῦμα» - «պառեդօկեն տո պնէումա» արտահայտությունը կարելի է հասկանալ երկու իմաստով. առաջինը մահանալու տառացի իմաստն է, Մարկոսի «փչեց վերջին շունչը» արտահայտության նման (տե՛ս Մրկ 15, 37+), բայց կարող է մատնանշել նաև Սուրբ Հոգու ավանդումը: Այս առումով՝ հմմտ. 7, 39, ուր Հոգու պարգևումը կապակցության մեջ է դրվում Հիսուսի «փառավորման» հետ, և 20, 22, ուր աշակերտները Սուրբ Հոգին ստանում են Հիսուսի կողմից իրենց վրա փչմամբ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։