13-22. Վաճառականների վտարումը Տաճարից – Գրադարան – Mashtoz.org

13-22. Վաճառականների վտարումը Տաճարից

→ Մտթ 21, 12-17; Մրկ 11, 11.15-17; Ղկս 19, 45-46;
⁓ Հվհ 2, 23; 4, 48; 5, 39; 6, 4.30; 11, 55; 12, 1; 14, 26
≈ Մտթ 12, 6.38-40; 16, 1; 21, 12; 26, 61; 27, 40; Մրկ 11, 15; Ղկս 2, 49; 19, 45;
1Կր 3, 17; 6, 19; Նեե 13, 7; Սղմ 69, 10; Մղք 3, 1-4; Զքր 14, 21
 
13Եվ մոտ էր հրեաների Զատիկը, և Հիսուսը Երուսաղեմ ելավ: 14Եվ տաճարի մեջ եզներ ու ոչխարներ ու աղավնիներ վաճառողներ գտավ, և լումայափոխներ՝ նստած: 15Եվ պարաններից մտրակ շինելով՝ բոլորին տաճարից դուրս վռնդեց, ոչխարների ու եզների հետ միասին, և լումայափոխների մետաղադրամները գետնին թափեց ու սեղանները շուռ տվեց: 16Եվ աղավնիներ վաճառողներին ասաց. «Տարե՛ք դրանք այստեղից: Իմ Հոր տունը առևտրի տուն մի՛ դարձրեք»: 17Նրա աշակերտները հիշեցին, որ գրված է. «Քո տան նախանձախնդրությունը սպառելու է ինձ»:
18Այդ ժամանակ պատասխանեցին հրեաները և ասացին Նրան. «Ի՞նչ նշան ես ցույց տալիս մեզ, որ այս բաներն անում ես»: 19Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Քանդեցե՛ք այս տաճարը և ես երեք օրում կվերականգնեմ այն»: 20Այդ ժամանակ հրեաներն ասացին. «Քառասուն և վեց տարի կառուցվեց այս տաճարը, իսկ դու երեք օրո՞ւմ կվերականգնես այն»: 21Բայց Նա Իր մարմնի տաճարի մասին էր խոսում: 22Իսկ երբ մեռելներից հարություն առավ, Նրա աշակերտները հիշեցին, որ Նա այս բանն ասել էր, և հավատացին Գրվածքին ու խոսքին, որ Հիսուսն ասել էր:
2, 13 - «Զատիկը». Հովհաննեսի կողմից Զատկվա առաջին հիշատակությունն է: Հաջորդների համար՝ հմմտ. 6, 4 և 13, 1:
 
2, 14-22 - Դեպքերի ու իրադարձությունների հաջորդականությունը Ավետարաններում շատ հաճախ պայմանավորված է աստվածաբանական պատճառներով, և ո՛չ թե՝ պատմական կամ ժամանակագրական: Ինչպես այստեղ Տաճարի մաքրագործումը, որը Մատթեոսն (21, 12-17) ու Մարկոսը (11, 15-19) զետեղում են Հիսուսի կյանքի վերջին օրերի ընթացքում: ꟷ
- Այս հատվածի որոշ մանրամասնությունների, գաղափարների և գործածված եզրերի իմաստի համար՝ տե՛ս Մտթ 21, 12-17+ և Մրկ 11, 15-19+:
 
2, 17 - Սղմ 69, 10-ից քաղված մեջբերումը թերևս ակնարկում է այն հակադրությանը, որ գնալով առավել ու առավել զգալի է դառնալու Հիսուսի ու ''հրեաների'' միջև (5, 16.18): ꟷ
- «աշակերտները հիշեցին». Որոշ ձեռագրեր ավելացնում են «հետո»: Գրաբարը ևս. «Ապա յիշեցին աշակերտքն»։ ꟷ
- «սպառելու է». Հուն. «καταφάγεταί» - «կատաֆագետայ»։ Բառացի՝ անմնացորդ լափելու, խժռելու է: Գրաբարը. «կերիցէ զիս»։
 
2, 19 - Հիսուսի այս խոսքը – «Λύσατε τὸν ναὸν» - «Լյուսատէ տոն նաոն» - «Քանդեցե՛ք այս տաճարը» – տարբեր ձևակերպումներով գտնվում է նաև Մտթ 24, 2; 26, 61; 27, 40; Մրկ 13, 2; 14, 58; 15, 29; Ղկս 21, 6 տողերում (հմմտ. Գրծ 6, 14): Ինչպես որ մեկնաբանվում է հենց Ավետարանիչների կողմից (հմմտ. 2, 21 և Հյտ 21, 2), Հիսուսը խոսում էր Իր Մարմնի տաճարի մասին՝ ակնարկելով Իր խաչելությանն ու հարությանը, ինչպես նաև Եկեղեցու՝ Նոր Երուսաղեմի ծննդին, որ ձևավորվելու էր Իր հարուցյալ ու փառավորյալ Մարմնի շուրջը:
 
---
 
2, 19 - Հովհաննեսն իր Ավետարանում սիրում է ընդգծել Հիսուսի այն խոսքերը, որոնք իրենց բնական և ուղղակի իմաստից բացի (որը միակ իմաստն էր, որ հասկանում էին Իրեն լսողները), կարող են մեկնաբանվել նաև ա՛յլ՝ հոգևոր, գերբնական, փոխաբերական, այլաբանական, պատկերավոր իմաստներով (հմմտ. 2, 21 - տաճար. 3, 3 - ի վերուստ ծնունդ. 4, 15 - կենդանի ջուր. 6, 54 - կենդանի հաց. 7, 35 - մեկնել. 8, 33 - ստրկություն. 11, 11 - վերարթնացնել. 12, 34 - բարձրացնել. 13, 9 - լվանալ. 13, 36 - հետևել. 14, 22 - հայտնվել. և այլն): Այստեղից էլ ծնվում են թյուրիմացությունները, որոնք սակայն առիթ են հանդիսանում, որպեսզի Քրիստոսը դրանց շուրջ ծավալի Իր ուսուցումը (հմմտ. 3, 11 և 3, 11+):
 
---
 
2, 20 - «Քառասուն և վեց տարի». Այս տվյալը ճշգրիտ կերպով համապատասխանում է հրեա պատմիչ Հովսեփ Ֆլավիոսի կողմից տրված տեղեկություններին: Տաճարի վերակառուցումը սկսվել էր Ք.ա. 19 թվականին: Այս դեպքը, հետևաբար, տեղի է ունեցել Ք.հ. 28 թվականին:
 
2, 21 - «Նա Իր մարմնի տաճարի մասին էր խոսում». Հարություն առած Քրիստոսի Մարմինը լինելու է կենտրոնը հոգով և ճշմարտությամբ մատուցված պաշտամունքի (4, 21.24), աստվածային ներկայության վայրը (1, 14), հոգևոր տաճարը, որտեղից առատորեն բխում է Կենդանի Ջրի աղբյուրը (7, 37-39; 19, 34): Այլաբանական մեծագույն պատկերներից մեկն է, որ խիստ հոգեհարազատ է Հովհաննես Ավետարանչին (հմմտ. Հյտ 21, 22; համեմատել նաև Պողոս Առաքյալի հետ՝ 1Կր 12, 12-13):
 
2, 22 - «հիշեցին». Ինչպես 17րդ տողում, այստեղ էլ՝ աշակերտները «հիշում են»: Այս բայը – «μιμνήσκομαι» - «միմնեսկոմայ» - «հիշել, մտաբերել» – աստվածաբանական տեսանկյունից դիտված կենտրոնական կարևորություն ունի Նոր Կտակարանում, և ապա նույնքան կենտրոնական կարևորություն է ունենալու Եկեղեցու կյանքում՝ ծիսական տեսանկյունից դիտված (Սուրբ Պատարագը որպես Քրիստոսի Խաչելության-Հարության հիշատակ և Վերադարձի սպասում):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։