22-39. Հիսուսը Աստծո Որդին է – Գրադարան – Mashtoz.org

22-39. Հիսուսը Աստծո Որդին է

⁓ Հվհ 1, 1.12-13; 2, 11; 3, 35; 5, 18.36; 6, 39.64; 8, 25.45.59; 10, 3-4.10.14; 14, 10-11; 17, 12.21
≈ Մտթ 5, 17; 26, 65-66; Ղկս 4, 30; 22, 67.70-71; Գրծ 3, 11; Հռմ 3, 19; 8, 32-39; 1Կր 2, 14; 1Հվհ 4, 4; 2Օր 32, 39; 33, 3; 1Մկբ 4, 36.59; Սղմ 82, 6; Առկ 28, 5; Իմս 3, 1; Ես 43, 13; 51, 16; Երմ 1, 5; 23, 4
 
22Այդ ժամանակ Երուսաղեմում Նավակատիքի տոնն էր: Ձմեռ էր, 23և Հիսուսը շրջում էր տաճարի մեջ, Սողոմոնի կամարակապ սրահում: 24Հրեաներն, ուստի, Նրա շուրջը հավաքվեցին, և ասում էին Նրան. «Մինչև ե՞րբ ես մեր հոգին անորոշության մեջ պահելու: Եթե դու ես Քրիստոսը, բացահայտ ասա՛ մեզ»: 25Հիսուսը պատասխանեց նրանց. «Ես ասացի ձեզ, բայց դուք չեք հավատում: Գործերը, որ ես անում եմ իմ Հոր անունով, դրանք վկայում են իմ մասին: 26Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք: 27Իմ ոչխարները լսում են իմ ձայնը, և ես ճանաչում եմ նրանց, և նրանք գալիս են իմ ետևից: 28Եվ ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, և նրանք երբեք չեն կորչելու հավիտյան, և ոչ ոք երբևէ չի հափշտակելու նրանց իմ ձեռքից: 29Իմ Հայրը, որ նրանց տվեց ինձ, ամենքից ավելի մեծ է, և ոչ ոք ոչինչ չի կարող հափշտակել Հոր ձեռքից: 30Ես և Հայրը մի ենք»:
31Հրեաները դարձյալ քարեր վերցրեցին, որպեսզի քարկոծեին Նրան: 32Հիսուսը պատասխանեց նրանց. «Բազմաթիվ լավ գործեր ցույց տվեցի ձեզ Հորից: Այդ գործերից ո՞ր մեկի համար եք քարկոծում ինձ»: 33Հրեաները պատասխանեցին Նրան. «Լավ գործի համար չենք քարկոծում քեզ, այլ՝ աստվածանարգության, և որովհետև դու, մարդ լինելով, աստվածացնում ես ինքդ քեզ»: 34Հիսուսը պատասխանեց նրանց. «Ձեր Օրենքի մեջ գրված չէ՞, թե. ''Ես ասացի. դուք աստվածներ եք'': 35Եթե աստվածներ է կոչում նրանց, որոնց Աստծո խոսքն ուղղված էր, – և Գրվածքը չի կարող անվավեր հռչակվել, – 36նրան, ում Հայրը սրբագործեց և աշխարհ ուղարկեց, դուք ասում եք, թե. ''Անարգում ես Աստծուն'', որովհետև ասացի. ''Աստծո Որդի՞ եմ'': 37Եթե իմ Հոր գործերը չեմ անում, մի՛ հավատացեք ինձ. 38բայց եթե անում եմ, անգամ եթե ինձ չեք հավատում, գործերի՛ն հավատացեք, որպեսզի գիտենաք և ճանաչեք, որ Հայրն իմ մեջ է, և ես՝ Հոր մեջ»: 39Նրանք, ուստի, դարձյալ ուզում էին բռնել Նրան, բայց Նա խույս տվեց նրանց ձեռքից:
10, 22 - «Նավակատիքի». Հրեական այս տոնը («חֲנֻכָּה ‎ » - «Հանուկկա»), որ տևում էր ութ օր, կատարվում էր Դեկտեմբեր ամսին, Տաղավարահարացից երեք ամիս հետո (7, 2), հիշատակելու համար Ք.ա. 164 թվականին Մակաբայեցիների կողմից խորանի նոր օծումն ու տաճարի վերընծայումը Անտիոքոս Չորրորդ Եպիփանի կողմից իրականացված սրբապղծումից հետո (Դն 8, 13; 9, 27; հմմտ. 1Մկբ 4, 36-59; 2Մկբ 1, 18-2, 19; 10, 1-8): Եբրայեցերեն եզրի իմաստն արտահայտելու համար Հովհաննեսն այստեղ գործածում է «ἐγκαίνια» - «էնկաինիա» գոյականը, որ նշանակում է վերանորոգում, վերաբացում: Եվ սա միակ դեպքն է, որ այս գոյականը գործածվում է ողջ Նոր Կտակարանում:
 
10, 23 - «կամարակապ սրահում». Հուն. «στοά» - «ստոա». Սյուներով ու կամարներով կառուցված սրահ, միջանցք: Եզրը գործածվում է միայն Հովհաննեսի (5, 2; 10, 23) և Ղուկասի (Գրծ 3, 11; 5, 12) կողմից: Տաճարի տարածքի արևելյան եզրին կառուցված լինելով, «Սողոմոնի» կոչվող այս կամարակապ միջանցքը պաշտպանում էր ներքին բակը անապատից փչող օդի սառը հոսանքներից:
 
10, 24 - «անորոշության մեջ». Հուն. «αἴρεις» - «աիռեիս». Բառացի՝ վերցնելու, վեր բարձրացնելու, օդի մեջ պահելու: Գրաբարը. «Մինչեւ յե՛րբ թափես զոգիս մեր»։ ꟷ
- «բացահայտ». Հուն. «παρρησία» - «պառռեսի՛ա». Սույն եզրի իմաստի վերաբերյալ՝ տե՛ս 7, 4+: – Հրեաները ցանկանում են, որ Հիսուսը խոսի բացահայտ, և ո՛չ այլևս առակի առեղծվածային ոճով (հմմտ. 10, 6; 16, 25.29): Ավելի ծանրակշիռ ու պնդող ձայնով, քան 2, 18; 5, 16; 6, 30; 8, 25 տողերում, հրեաները Հիսուսին ուղղում են մեսսիական հարցումը, որը համատես Ավետարաններում Հիսուսին տալիս է քահանայապետը՝ Նրան մահվան դատապարտելուց առաջ (Մտթ 26, 63):
 
10, 25 - «Ես ասացի ձեզ». Հիսուսի նախորդ հայտարարությունները բավական հստակ կերպով ներկայացնում էին Իրեն որպես Աստծո առաքյալը (հմմտ. 2, 19; 5, 17-20.39; 6, 32-33; 8, 24.28-29.56-58; 9, 37):
 
---
 
10, 24-25 - Հրեաների պահանջը՝ իմանալու, թե Հիսուսը Մեսսիան է (հմմտ. Ղկս 22, 67), բազմաթիվ անգամներ արդեն պատասխան էր ստացել՝ ուղղակի կամ անուղղակի կերպով (հատկապես 7րդ գլխում): Եվ իրոք, Հիսուսը պատասխանում է՝ հաստատելով. «Ես ասացի ձեզ» (25), և իսկույն հավելում է, որ նաև հաստատել է Իր ասածները Իր գործերի վկայությամբ: Բայց ակնհայտ է, որ հրեաները պահանջում են մի պատասխան, որն իրենց համար ունենա միանշանակ ու աներկբա խոստովանության նկարագիր («բացահայտ ասա՛ մեզ»): Չեն կարողանում ըմբռնել և հասկանալ – այն ժամանակ՝ իրենք, այսօր՝ մենք – , որ դա չի համապատասխանում Հիսուսի (Աստծո) կամքին ու վարվելակերպին, քանի որ նման ուղղակի հաստատումը նրանցից կխլեր հավատքի գիտակից ու ազատակամ պատասխանի հնարավորությունն ու արժանապատվությունը:
 
---
 
10, 26 - «իմ ոչխարներից չեք». Որովհետև չեք լսում իմ ձայնը և չեք հետևում ինձ (27): Հիսուսի հոտին պատկանելը կամ չպատկանելը անհատի անձնական ընտրության արդյունքն է:
 
---
 
10, 26 - Հիսուսին հավատալու համար՝ հարկավոր է ներքուստ միացած լինել Նրան. լինել «վերևից» (8, 23), «Աստծուց» (8, 47), «ճշմարտությունից» (18, 37), Իր հոտի ոչխարներից (10, 14): Հավատքը ենթադրում է հոգևոր նմանակցություն, հարազատություն, կերպարանակցություն ունենալ ճշմարտության հետ (3, 17-21; հմմտ. Գրծ 13, 48; Հռմ 8, 29):
 
---
 
10, 30 - «Ես և Հայրը մի ենք». Հուն. «Ἐγὼ καὶ ὁ Πατὴρ ἕν ἐσμεν» - «Էգօ կայ հո Պատեռ հեն էսմեն». Որոշ ձեռագրեր, 29րդ տողի առաջին մասի նմանությամբ, գրում են «իմ Հայրը»: Գրաբարը ևս. «Ես եւ Հայր իմ մի եմք» (նույնը նաև 29րդ տողի երկրորդ մասում և 32րդ տողում. «'ի ձեռաց Հօր իմոյ ... 'ի Հօրէ իմմէ»):
Ուժգին շեշտադրումով հաստատելով Ամենասուրբ Երրորդության մեջ Հոր և Որդու կատարյալ միությունը, այս տողն արդարացնում և ամրապնդում է 28-29րդ տողերում ասվածը, հավաստելով, որ Հիսուսի խոսքերն ու գործերը նույն Ինքն Աստծո խոսքերն ու գործերն են: Հրեաները պահանջում էին, որ Հիսուսը բացահայտ կերպով ասեր իրենց, որ Մեսսիան է (24), բայց Հիսուսը պատասխանում է, լիովին բացահայտ կերպով, որ ո՛չ միայն նրանց կողմից սպասված մարդկային Մեսսիան է, այլ՝ Հոր Որդին, Ինքնին Աստված: Եվ Իր խոսքն այնքա՜ն միանշանակ է և այնքա՜ն լավ է հասկացվում հրեաների կողմից, որ իսկույն քարեր են վերցնում՝ Նրան սրբապղծության մեղադրանքով մահապատժի ենթարկելու համար (31-33.39):
Հրաժեշտի Իր ճառի մեջ Հիսուսն ապա ընդգծելու է նաև, որ Հոր և Որդու միությունն իր մեջ ներառում է նաև հավատացյալների համայնքը՝ բոլոր ազգերի միջից Սուրբ Հոգու շնչով ի մի հավաքված Եկեղեցին (17, 11):
 
10, 32 - «լավ գործեր». Տե՛ս 10, 11 և 10, 11+-ի առաջին մասը:
 
10, 33 - «մարդ լինելով, աստվածացնում ես ինքդ քեզ». Հուն. «ἄνθρωπος ὢν, ποιεῖς σεαυτὸν Θεόν» - «անթռօպոս օն, պոյեիս սէաուտոն Թէոն». Բառացի՝ մարդ լինելով, ինքդ քեզ Աստված ես սարքում: Դեպքին ականատես և Հիսուսի խոսքերն իրենց ականջներով լսած հրեաները միանշանակ կերպով հասկանում են, որ Նրա խոսքերը նշանակում են, որ Ինքը մարդացած Աստված է, որ Իր մարդկային բնության արտաքին կերպարանքի ներքո ներկայանում է Ինքը՝ Աստված:
 
10, 34 - «Օրենքի». Երբ Աստվածաշնչում խոսվում է «Օրենքի» մասին, սովորաբար հասկացվում է Հնգամատյանը (հմմտ. նաև 12, 34; 15, 25 և 1Կր 14, 21), մինչդեռ այստեղ խոսքը վերաբերվում է Հին Կտակարանին ընդհանուր առմամբ (35. «Գրվածքը»), քանի որ կատարված մեջբերումը Սաղմոսաց գրքից է (82, 6):
 
10, 35 - «անվավեր հռչակվել». Հուն. «λυθῆναι» - «լյութենայ». Բառացի՝ լուծարվել, խզվել, արձակվել (ամբողջը միասին պահող շղթան կտրելու իմաստով): Գրաբարը. «եղծանել»։
 
10, 36 - «սրբագործեց». Հուն. «ἡγίασεν» - «հեգիասեն». «Ἁγιάζω» - «հագիազօ» բայն է, որ նշանակում է սրբացնել, սրբագործել, նվիրագործել, այսինքն՝ ինչ որ մի բան կամ ինչ որ մի անձ առանձնացնել, հատկացնել, սահմանել ինչ որ մի սրբազան նպատակի, գործածության կամ առաքելության համար: Նույնն է, որ գործածվում է «Հայր մեր»ի մեջ (տե՛ս Մտթ 6, 9 և 6, 9+-ի երրորդ մասը): Տվյալ խոսքի իմաստն այն է, որ Հայրը Որդուն սահմանեց՝ իրականացնելու մարդկության փրկության սուրբ գործը:
Սա առաջին անգամն է, որ Նոր Կտակարանում ասվում է, որ Հիսուսը սրբագործվել, նվիրագործվել է Հայր Աստծո կողմից: Այս բանի համար թերևս առիթ է հանդիսանում Տաճարի Նավակատիքի տոնի մթնոլորտը (հմմտ. 10, 22 և 10, 22+), որտեղ գաղափարները պտտվում են օծման, ընծայման թեմաների շուրջը: Իրոք, միևնույն «Ἁγιάζω» - «հագիազօ» բայն է, որ Հին Կտակարանի հունարեն Յոթանասնից թարգմանության մեջ գործածվում է Մովսեսի կողմից խորանի օծման ու նվիրագործման դրվագում (Թց 7, 1):
Աստվածաշնչյան ուսմունքի կարևորագույն եզրերից մեկը լինելով, Նոր Կտակարանում գործածված է 28 անգամ, հատկապես Պողոս Առաքյալի նամակներում. Մտթ 6, 9; 23, 17.19; Ղկս 11, 2; Հվհ 10, 36; 17, 17.192; Գրծ 20, 32; 26, 18; Հռմ 15, 16; 1Կր 1, 2; 6, 11; 7, 142; Եփս 5, 26; 1Թղ 5, 23; 1Տմ 4, 5; 2Տմ 2, 21; Եբր 2, 112; 9, 13; 10, 10.14.29; 13, 12; 1Պտ 3, 15; Հյտ 22, 11: ꟷ
- «Անարգում ես Աստծուն». Հուն. «Βλασφημεῖς,» - «Բլասֆեմեիս». Գրաբար. «հայհոյես»։ Տե՛ս Մտթ 9, 3+-ի առաջին մասը:
 
10, 39 - «խույս տվեց». Բառացի՝ ելավ, դուրս ելավ, գնաց:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։