Հովհաննեսի Ավետարանը հայրախոսական մեկնություններում – Գրադարան – Mashtoz.org

Հովհաննեսի Ավետարանը հայրախոսական մեկնություններում

Հովհաննեսի Ավետարանի մեկնությունները հայրախոսական գրականության մեջ սկսվում են Չորրորդ, Հինգերորդ դարերում: Դրա հիմնական պատճառն այն է, որ առաջին շրջանի Հայրերը մի տեսակ զգուշավորություն էին ցուցաբերում Հովհաննեսի չափազանց միստիկ բանաձևումների նկատմամբ, հաշվի առնելով մանավանդ այն փաստը, որ առաջին դարերում ի հայտ եկած հերետիկոսական որոշ շարժումներ իրենց ուսմունքները իբր թե հիմնում էին Հովհաննեսի Ավետարանի վրա, ինչը և որոշակի վերապահություն էր ստեղծում ուղղափառների մոտ: Վախեր, որոնք առաջին անգամ ցրվեցին Իրենեուս Լուգդունացու կողմից՝ 175-185 թվականների միջև շարադրված «Ընդդեմ հերետիկոսությունների» աշխատության մեջ արտահայտված պարզորոշ դիրքորոշումներով: Իրենեուսի պնդմամբ, Հովհաննեսն իր Ավետարանը գրել է հենց այդ հերետիկոսական (գնոստիկական) ուսմունքներն արմատախիլ անելու դիտավորությամբ:

Երրորդ դարից հայտնի են Հիպպողիտոս Հռոմեացու (170-235) և Որոգինես Ադամանցիուս Ալեքսանդրացու (185-254) մեկնությունները, որոնցից առաջինը, սակայն, մեզ չի հասել, իսկ երկրորդը հասել է ո՛չ ամբողջությամբ: Երկուսն էլ գրվել են գնոստիկական ուսուցումները հերքելու նպատակով:

Մասամբ պահպանված մեկնություն է գրել նաև Դիդիմոս Կույրը (313-398):

Առաջին ծավալուն աշխատությունը պատկանում է Հովհան Ոսկեբերանին (344/354-407), թեև խոսքը վերաբերվում է ո՛չ թե համակարգված մի մեկնության, այլ՝ 88 քարոզների մի շարքի, որոնք Հայրապետն արտասանել է շաբաթը երկու օր, վաղ առավոտյան, մի խումբ ընտրյալ լսարանի առաջ, որոնք Աստվածաշնչի վերաբերյալ բավական գիտելիքների տեր անձինք էին:

Հովհաննեսի Ավետարանի հաջորդ մեկնությունը գրել է Թեոդորոս Մոփսուեստացին (350-428), որի հունարեն բնագրից միայն պատառիկներ են հասել մեզ, մինչ ամբողջ աշխատությունը պահպանվել է թարգմանությունների շնորհիվ:

425-428 թվականների միջև մի աշխատություն է շարադրել Կյուրեղ Ալեքսանդրացին, որն ամենայն իրավացիությամբ կոչվում է «վարդապետական մեկնություն» (թեև նույնքան զգալի է հովվական մտահոգությունը), քանի որ իր նպատակը Հովհաննեսի Ավետարանի ուսմունքային ու աստվածաբանական մեկնությունն է ընդդեմ արիոսականների ու հերետիկոսական ա՛յլ հոսանքների ներկայացուցիչների: Նեստորական հերետիկոսությունը դեռ ի հայտ չէր եկել, և Հովհաննեսի Ավետարանի մեկնության հարցում Թեոդորոս Մոփսուեստացու և Կյուրեղ Ալեքսանդրացու դիրքորոշումները գրեթե ամբողջովին համընկնում են:

Հաջորդը Օգոստինոս Հիպպոնացու (354-430) կոթողային աշխատությունն է, որը, Հովհան Ոսկեբերանի մեկնության նման, 124 քարոզների մի շարք է, որոնք Հայրապետն իր նստավայր Հիպպոնայում արտասանել է 416 թվականից սկսած: Հիմնական տարբերությունը լսարանն է. Օգոստինոսի խոսքն ուղղված է հասարակության բոլոր խավերին:

Չանդրադառնալով ա՛յլ, կրտսեր մեկնությունների, հիշարժան է նաև փաստը, որ Հովհաննեսի Ավետարանի տարբեր հատվածներ ընդարձակ կերպով մեկնաբանվել են նաև Օգոստինոս Հիպպոնացու «Ճառեր»ում: Հովհաննեսի Ավետարանը նաև ուսմունքային հիմքն է հանդիսացել աստվածաբանական աշխատությունների համար. Իրենեուս Լուգդունացին, Աթանաս Ալեքսանդրացին, Հիլարիուս Պիկտավիումացին, Կապադովկյան Հայրերը, Ամբրոսիուս Մեդիոլանումացին և այլոք, Ամենասուրբ Երրորդությանը, Քրիստոսին, Սուրբ Հոգուն նվիրված իրենց աշխատություններում աստվածաբանական քննարկումները հիմնում են հիմնականում Հովհաննեսի Ավետարանի վրա:

Հայրախոսական շրջանի ամենափայլուն մեկնություններն ի մի են հավաքվել և ինքնատիպ կերպով մեկնաբանվել են, ապա, Թովմա Աքուինացու կողմից (1225-1274):

Հայ մատենագրության մեջ դարերի ընթացքում հրապարակ իջած «Հովհաննու Ավետարանի մեկնություն»ների հեղինակները հետևյալներն են. Սարգիս Կունդ (1100՞-1185՞), Գրիգոր Տաթևացի (1344՞-1409), Գրիգոր Խլաթեցի (1349-1425), Մատթեոս Ջուղայեցի (1352՞-1412՞), Աբրահամ Վրդ. Կոստանդնուպոլսեցի (19րդ դար): Դրանք բոլորն էլ Ընդհանրական Սուրբ Հայրերից թարգմանաբար կատարված ու անձնական խմբագրման ենթարկված գեղեցիկ ծաղկաքաղեր են:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։