01-14. Հիսուսը երևում է Գալիլեայի ծովի ափին – Գրադարան – Mashtoz.org

01-14. Հիսուսը երևում է Գալիլեայի ծովի ափին

⁓ Հվհ 1, 45-49; 4, 27; 6, 11; 11, 16; 13, 23; 14, 5; 20, 8.14.19-23.26-29
≈ Մտթ 26, 32; 28, 7; Ղկս 5, 4-10; 24, 16.41-43
 
1Այս բաներից հետո Հիսուսը դարձյալ հայտնեց Իրեն աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մոտ: Եվ ահա՛ այս կերպ հայտնեց. 2միասին էին Սիմոն Պետրոսը, և Թովմասը՝ Դիդիմոս կոչվածը, և Նաթանայելը՝ Գալիլեայի Կանայից, և Զեբեդեոսի որդիները, և Նրա աշակերտներից ուրիշ երկուսը: 3Սիմոն Պետրոսը նրանց ասաց. «Գնում եմ ձուկ որսալու»: Նրանք ասացին նրան. «Մենք էլ ենք գալիս քո հետ»: Դուրս ելան և նավակը մտան, և այդ գիշեր ոչինչ չբռնեցին:
4Երբ արդեն այգաբաց էր, Հիսուսը կանգ առավ ծովափին, բայց աշակերտները չնկատեցին, որ Հիսուսն է: 5Հիսուսն, այնժամ, նրանց ասաց. «Որդյակներ, ուտելու բան չունե՞ք»: Պատասխանեցին Նրան. «Ո՛չ»: 6Եվ Նա նրանց ասաց. «Ուռկանը նավակի աջ կողմը գցեցեք, և կգտնեք»: Գցեցին, ուստի, և չէին կարողանում այն դուրս քաշել՝ ձկների բազմության պատճառով: 7Այնժամ աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, ասաց Պետրոսին. «Տերն է»: Սիմոն Պետրոսն, այնժամ, երբ լսեց, թե «Տերն է», վերնազգեստը վրան գցեց, քանի որ վրայից հանել էր, և ծովը նետվեց: 8Մյուս աշակերտները, մինչդեռ, նավակով եկան՝ քաշելով ձկներով լի ուռկանը, քանի որ ցամաքից հեռու չէին, այլ՝ մոտ երկու հարյուր կանգուն միայն:
9Երբ, այնժամ, ցամաք ելան, վառված ածուխի կրակատեղի տեսան, և վրան դրված ձուկ, և հաց: 10Հիսուսը նրանց ասաց. «Բերե՛ք այդ ձկներից, որ հիմա որսացիք»: 11Սիմոն Պետրոսն, ուստի, նավակ մտավ և ուռկանը ցամաք քաշեց՝ հարյուր հիսուներեք մեծ ձկներով լի. և ուռկանը չպատռվեց, թեև այդքա՜ն շատ էին: 12Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք, ճաշեցե՛ք»: Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել Նրան. «Դու ո՞վ ես», քանի որ գիտեին, որ Տերն է:
13Հիսուսը մոտեցավ և հացը վերցրեց ու տվեց նրանց, և նույն կերպ՝ ձուկը: 14Արդ, սա երրորդ անգամն էր, որ Հիսուսը հայտնվեց աշակերտներին՝ մեռելներից հարություն առնելուց հետո:
21, 1-25 - Ավետարանի այս վերջին գլխում բազմաթիվ տարրեր բնորոշ չեն Հովհաննեսին, իսկ ուրիշներ ավելի մտածել են տալիս Ղուկասի ոճի մասին: Բուն Ավետարանի շարադրումից հետո կատարված հավելում լինելու դեպքում էլ, – ինչպես որ գրեթե միաձայնությամբ կարծվում է, – համենայն դեպս, այս գլուխը Հովհաննեսի Ավետարանի մեջ ներառվել է նրա հրապարակումից առաջ, քանի որ ներկա է բոլոր ձեռագրերում, և հետևաբար՝ արժանի է նկատվելու որպես մի Վերջաբան, որն ամբողջացնող դերակատարությամբ մաս է կազմում Ավետարանին: Հեղինակը կարող է Հովհաննեսի անմիջական աշակերտներից մեկը լինել, կամ Հովհաննեսն ինքը, որ գրում է իր սովորականից մի քիչ տարբեր ոճով ու բառապաշարով:
Համատես Ավետարանների էջերից այս գլխին ամենամոտիկներն են Ղկս 5, 1-11 և Մտթ 14, 28-31 հատվածները: Պատմվող երևումները կարծես թե անկախ են 20րդ գլխում պատմվածներից:
Այս զատկական պատմվածքներում զարգացված թեմաները էականորեն եկեղեցաբանական են. Առաքյալների առաքելությունը, որն արգասաբեր է միայն այն դեպքում, երբ արմատավորված է Քրիստոսի մեջ (1-14). Պետրոսի պաշտոնն ու դերը, և նրա փառավոր մահը (15-19). Հիսուսն ու սիրելի աշակերտը (20-23):
Զեբեդեոսի որդիների մասին խոսելիս (2) Հովհաննեսը միակ ակնարկն է կատարում Հակոբոսին ու Հովհաննեսին, որ գտնվում է իր Ավետարանում (բայց հմմտ. 1, 37), որը սկզբում թերևս ծանոթագրության պես մի բան է եղել՝ նույնականացնելու համար, հինգի մեջ, «մյուս երկու աշակերտներին». մի ընդհանուր ու անորոշ արտահայտություն, որն ամբողջովին համապատասխանում է Հովհաննեսի ոճին (հմմտ. 1, 35): Ընդհանուր յոթ թիվը կարող է խորհրդանշել աշակերտների հասարակության լրիվությունը:
 
21, 2 - «Զեբեդեոսի որդիները». Բառացի՝ Զեբեդեոսյանները:
 
21, 3 - «այդ գիշեր ոչինչ չբռնեցին». Գիշերը, տվյալ դեպքում, թերևս խորհրդանշական ակնարկ է Հիսուսի՝ աշխարհի լույսի բացակայությանը: Առանց Նրա, անհնարին է իրականացնել Աստծո գործը՝ մարդկանց որսը Աստծո Արքայության համար (9, 4-5; հմմտ. Մտթ 4, 19; Մրկ 1, 17; Ղկս 5, 10):
 
21, 5 - «Որդյակներ». Հուն. «Παιδία» - «Պայդի՛ա». Բնագրի տարբերակը «παῖς» - «պաիս» - «երեխա» եզրի նվազական ձևն է, բառացի՝ փոքրիկ երեխաներ, երեխայիկներ, որ կարող է հասկացվել նաև որպես փաղաքշական ձայներանգով ասված խոսք: Գրաբարը. «Մանկունք»։ Թերևս ակնարկում է առաքելական գործում աշակերտների նորածին, լիովին անփորձ լինելուն: Նրանք հմուտ ձկնորսներ էին (հմմտ. Մրկ 1, 20+), բայց «այդ գիշեր» ոչինչ չէին կարողացել բռնել:
 
21, 6 - Աշակերտներին տակավին պակասում է (և միշտ էլ պակասելու է, բոլոր ժամանակներում, բոլոր սերունդների աշակերտներին) կարողությունը՝ ինքնուրույն կերպով հասկանալու, թե ո՛ր ուղղությամբ է հարկավոր գցել առաքելապաշտոն ուռկանները. Հիսուսն է, որ նրանց ցույց է տալիս ''ձկնորսության'' համար առավել հարմար վայրը: Առանց Հիսուսի, որ լուսավորում է նրանց ու առաջնորդում, աշակերտների ջանքը սահմանված է ամուլ մնալու (եթե ապավինում են սոսկ իրենց մարդկային կարողություններին, սոսկ իրենց մասնագիտական ընդունակություններին, մշակույթին, մեթոդներին, թշվառ ռազմավարություններին, և այլն): Հիսուսի հետ, մինչդեռ, ջանքն արգասավոր է, և՝ գերառատորե՛ն: ꟷ
- «բազմության». գերառատություն, որ հիշեցնում է Կանան (2, 6), հացերի բազմացումը (6, 11-13), կենդանի ջուրը (4, 14; 7, 37-39), լավ հովվի կողմից տրված կյանքը (10, 10), Հիսուսի կողմից տրված Հոգու լիությունը (3, 34):
 
21, 7 - «վերնազգեստը». Հուն. «τὸν ἐπενδύτην» - «տոն էպենդյուտեն». Բառացի նշանակում է հավելյալ զգեստ, վրայից հագած շապիկ: Խոսքը վերաբերվում է ձկնորսական վերնազգեստին, որը ձկնորսները հագնում էին՝ գիշերվա ցրտից, քամուց և ալիքներից պաշտպանվելու նպատակով: Միակ տեղն է Նոր Կտակարանում, ուր գործածվում է այս եզրը: ꟷ
- «վրայից հանել էր». Հուն. «γυμνός» - «գյումնոս». Բառացի՝ մերկ էր: Սույն եզրը, սակայն, այդ ուղղակի իմաստից բացի, կարող է նշանակել նաև թեթև հագնված, կամ միայն ներքնազգեստ հագած լինել: Փաստը, որ Պետրոսն իր վրայից հանել էր ձկնորսական վերնազգեստը, թերևս ուզում է ասել, որ հոգեպես հոգնել էր անարդյունավետ ձկնորսությունից, հմուտ ձկնորս լինելով հանդերձ՝ չէր հասկանում, թե ի՛նչ է տեղի ունենում, և զայրացած ու դառնացած՝ վհատվելու մոտ էր: Երբ, մինչդեռ, ընկերոջ օգնությամբ կարողանում է կրկին տեսնել, որ Տերն իրեն մոտ է, իսկույն վրան է առնում առաքելապաշտոն վերնազգեստը, նորովի ոգևորվում է և աշխարհի ծովը նետվում՝ շարունակելու համար Տիրոջից իրեն հանձնված պաշտոնը (հմմտ. Ղկս 22, 32):
 
21, 8 - «երկու հարյուր կանգուն». Մոտ 100 մետր: Տե՛ս Մտթ 6, 27+:
 
21, 9.12-13 - «ձուկ». Հուն. «ὀψάριον» - «օփսառիոն». Բառացի՝ ձկնիկ, փոքր ձուկ (և ընդհանրապես՝ որևիցէ եփված կերակուր, որ ուտվում է հացի հետ): Նոր Կտակարանում գործածված է միայն 5 անգամ, բոլորն էլ Հովհաննեսի Ավետարանում՝ հացերի բազմացման (6, 9.11) և սույն դրվագում (9.10.13): Առաջին հայացքից տարօրինակ է թվում, որ Հիսուսն արդեն ձուկ ուներ, ձկնորս աշակերտների ափ հասնելուց առաջ արդեն: Բայց հաշվի առնելով սույն հատվածում գործածված եզրերը՝ և՛ գոյականները, և՛ բայերը, հասկանալի է դառնում, որ այս տեսարանը հեղինակի և առաջին քրիստոնյաների համար հստակ կապակցվածություն է ունեցել հացերի բազմացման հրաշքի և Վերջին Ընթրիքի ժամանակ Ամենասուրբ Հաղորդության խորհրդի հաստատման հետ (հմմտ. 6, 11+; Մտթ 14, 19+):
 
21, 10 - «որսացիք». Հիսուսն աշակերտներին է վերագրում գործը, թեև նրանց մասնակցությունը սոսկ Իր կողմից տրված ցուցմունքների կատարումն է եղել:
 
21, 11 - «ուռկանը». Հուն. «δίκτυον» - «դիկտյուոն». Ուռկանով կատարված ձկնորսությունը համատես Ավետարաններում խորհրդապատկերում է Երկնքի Արքայության գալուստը (Մտթ 13, 47-50) կամ Առաքյալների առաքելությունը (Մտթ 4, 19-22): Այստեղ, այդ նույն իմաստն առավել սեղմելով, ներկայացնում է Պետրոսի առաջնորդությամբ կատարված առաքելական պաշտոնը (հմմտ. 21, 15-17). մյուս աշակերտները քաշելով բերում են ուռկանը (8), բայց Պետրոսն է այն ցամաք հանում՝ Հիսուսի առաջ ներկայացնելու. և նրա քաշած ուռկանը չի պատռվում (հմմտ. Մտթ 16, 18): ꟷ
- «հարյուր հիսուներեք մեծ ձկներով լի». Այս անգամ գործածվում է «ἰχθύς» - «իխթյուս» եզրը (6.8.11), որ նշանակում է ձուկ և խորհրդաբանական մեծ նշանակություն է ունեցել Քրիստոնեության սկզբնական շրջանում: Ձկան պատկերը քրիստոնյաները գործածում էին միմյանց ճանաչելու համար, հատկապես՝ հալածանքների ժամանակ և վայրերում, ուր Քրիստոնեության դավանումն արգելված էր: Դրա բացատրությունն այն է, որ հունարեն եզրը գործածվում էր որպես համառոտագիր, որի տառերը բացելով՝ ստացվում էր «Ἰησοῦς Χριστὸς, Θεοῦ Υἱὸς, Σωτήρ» - «Յիեսուս Խռիստոս, Թէու Հյուիոս, Սօտեռ» - «Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, Փրկիչ» արտահայտությունը:
Ինչ վերաբերվում է 153 թվին, հաշվի առնելով փաստը, որ այս թիվը ոչ մի բացատրություն չի գտնում Աստվածաշնչում (Նոր Կտակարանում գործածված է միայն այս տողում, Հին Կտակարանում լիովին բացակայում է), պարզ է դառնում, որ այն հարկավոր է հասկանալ խորհրդաբանական իմաստով, Առաքյալների՝ Սիմոն Պետրոսի ու իր ընկերների հիմքի վրա կառուցված Եկեղեցու ընդհանրական առաքելության համատեքստում: Այս առումով, զմայլելի բացատրություններ են գտնվում Հայրախոսական գրականության մեջ:
 
21, 12 - Աշակերտներն հասկանում են, որ իրենց հայտնված անձը Հիսուսն է. հմմտ. 20, 14; Մրկ 16, 12; Ղկս 24, 16: Նշանակալի է, որ ի տարբերություն Էմմավուսի աշակերտների, Առաքյալները հացի բեկումից առաջ արդեն ճանաչում են Հիսուսին (հմմտ. Ղկս 24, 35):
 
21, 14 - Այս տողը կապող օղակ է հանդիսանում 20րդ և 21րդ գլուխների միջև (հմմտ. 20, 19.26):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։