25-30. Ժողովրդական տարաձայնություններ Քրիստոսի ծագման շուրջ – Գրադարան – Mashtoz.org

25-30. Ժողովրդական տարաձայնություններ Քրիստոսի ծագման շուրջ

⁓ Հվհ 5, 18; 6, 46; 7, 44; 8, 19-20.26.55; 19, 9
≈ Մտթ 11, 27; Ղկս 4, 29; 8, 20; 22, 53
 
25Երուսաղեմացիներից ոմանք, ուրեմն, ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում էին սպանել: 26Բայց ահա՛, խոսում է համարձակ, և ոչինչ չեն ասում իրեն: Թերևս իշխանավորները ճանաչեցի՞ն ճշմարտապես, որ նա է Քրիստոսը: 27Բայց սա գիտենք որտեղի՛ց է. Քրիստոսը, մինչդեռ, երբ որ գա, ոչ ոք չի իմանա որտեղի՛ց է»: 28Հիսուսն, այնժամ, մինչ ուսուցանում էր տաճարում, գոչեց բարձրաձայն և ասաց. «Ե՛վ ինձ գիտեք, և՛ գիտեք որտեղի՛ց եմ: Եվ սակայն, ինքս ինձնից չեմ եկել, այլ՝ ճշմարիտ է Նա, Ով ինձ ուղարկել է, որին դուք չգիտեք: 29Ես գիտեմ Նրան, որովհետև ես Նրանից եմ, և Նա է ինձ ուղարկել»: 30Նրանք, հետևաբար, ուզում էին ձերբակալել Նրան, բայց ոչ ոք Նրա վրա ձեռք չդրեց, որովհետև Նրա ժամը դեռ չէր հասել:
7, 26 - «համարձակ». Հուն. «παρρησίᾳ» - «պառռեսի՛ա». Գրաբարը. «յայտնապէս»։ Տե՛ս 7, 4+: ꟷ
- «իշխանավորները ճանաչեցի՞ն». Որոշ ձեռագրերում հանդիպում է «իշխանավորնե՞րն էլ ճանաչեցին» տարբերակը, տպավորություն ստեղծելով, թե ժողովուրդն արդեն ճանաչել էր, մնացել էին միայն իշխանավորները: Գրաբարը ևս. «գուցէ արդեօք եւ իշխանքն գիտացին»։ – Ուրիշ ձեռագրերում էլ «իշխանավորների» փոխարեն հանդիպում են «քահանայապետները» կամ «ժողովրդի ավագները» տարբերակները:
 
7, 27 - «ոչ ոք չի իմանա որտեղի՛ց է». Բոլորը շատ լավ գիտեին, որ պետք է Բեթղեհեմում ծնվեր (հմմտ. 42; Մտթ 2, 5-6), բայց ժողովրդական մի հավատալիք կար տարածված, ըստ որի՝ Նա պետք է մի անհայտ տեղում թաքնված մնար (հմմտ. Մտթ 24, 26), ոմանց համաձայն՝ երկնքում, մինչև Իր գալստյան օրը: Իր երկնային ծագման մասին խոսելով՝ Հիսուսը պատասխանում է այդ կարծիքին, բայց լսողները ոչինչ չեն հասկանում:
 
7, 29 - «ես Նրանից եմ». Հուն. «παρ’αὐτοῦ εἰμι» - «պառ'աուտու էիմի». Գրաբարը. «'ի նմանէ իսկ եմ»։ Բնագրի հունարեն արտահայտության մեջ կա կրկնակի գաղափարը Աստծո մոտից գալու և Աստծո մոտ լինելու. անթարգմանելի արտահայտություն է, որ բազմիցս է գործածվում Հովհաննեսի կողմից:
 
7, 30 - Ձերբակալության առաջին փորձն է, որ սակայն ձախողվում է, ո՛չ մարդկային անհաջողության պատճառով, այլ՝ «որովհետև Նրա ժամը դեռ չէր հասել»: Հիսուսը ենթակա չէ մարդկանց որոշումներին, այլ՝ Աստծո կամքին, և ժամանակին, որ Հայրը սահմանել է Իր համար (հմմտ. 7, 6 և 7, 6+):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։