15-27. Պետրոսի ուրացումները – Գրադարան – Mashtoz.org

15-27. Պետրոսի ուրացումները

→ Մտթ 26, 58.69-75; Մրկ 14, 54.66-72; Ղկս 22, 54-62
⁓ Հվհ 7, 14-26; 18, 18; 19, 3; 20, 3
≈ Մտթ 10, 27; Ղկս 22, 53; Գրծ 3, 1; 23, 2; Ես 45, 15-19; 48, 16
 
15Արդ, Սիմոն Պետրոսը գնում էր Հիսուսի ետևից, և աշակերտներից մի ուրիշը: Քանի որ այդ աշակերտը ծանոթ էր քահանայապետին, նա էլ Հիսուսի հետ մտավ քահանայապետի տան բակը: 16Պետրոսը, մինչդեռ, կանգ առավ դռան մոտ, դրսում: Մյուս աշակերտն, այնժամ, – նա, որ ծանոթ էր քահանայապետին, – դուրս ելավ և դռնապանի հետ խոսեց, և Պետրոսին ներս մտցրեց: 17Աղախինը՝ դռնապանը, Պետրոսին այդ ժամանակ հարցրեց. «Մի՞թե դու էլ այդ մարդու աշակերտներից ես»: Նա պատասխանեց. «Ո՛չ, չեմ»: 18Այնտեղ գտնվող ծառաներն ու ոստիկանները, մինչ այդ, խարույկ էին վառել, քանի որ ցուրտ էր, և տաքանում էին: Եվ ահա՛, Պետրոսն էլ էր կանգնել նրանց հետ ու տաքանում էր:
19Քահանայապետն, այնժամ, հարց տվեց Հիսուսին Նրա աշակերտների և Նրա ուսմունքի մասին: 20Հիսուսը պատասխանեց նրան. «Ես բացահայտ եմ խոսել աշխարհին. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում և տաճարի մեջ, որտեղ հավաքվում են բոլոր հրեաները, և ոչինչ ծածուկ չեմ խոսել: 21Ինչո՞ւ ես ինձ հարցաքննում: Հարցաքննիր նրանց, ովքեր լսել են, թե ի՛նչ եմ ասել իրենց. ահա՛, նրանք գիտեն, թե ի՛նչ եմ ես ասել»: 22Երբ Նա այս բաներն ասաց, կողքը կանգնած ոստիկաններից մեկը մի ապտակ տվեց Հիսուսին, ասելով. «Այդպե՞ս ես պատասխանում քահանայապետին»: 23Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե վատ խոսեցի, ցո՛ւյց տուր վատը. իսկ եթե լավ, ինչո՞ւ ես հարվածում ինձ»: 24Այնժամ Աննասը Նրան կապված ուղարկեց Կայիաֆաս քահանայապետի մոտ:
25Մինչ այդ, Սիմոն Պետրոսն այնտեղ էր և տաքանում էր: Ուստի, ասացին նրան. «Դու էլ նրա աշակերտներից չե՞ս»: Նա հերքեց և ասաց. «Ո՛չ, չեմ»: 26Քահանայապետի ծառաներից մեկը, որ ազգական էր նրան, որի ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս տեսա քեզ պարտեզում, նրա հետ»: 27Պետրոսն, այնժամ, դարձյալ հերքեց, և իսկույն մի աքաղաղ կանչեց:
18, 15-16 - «աշակերտներից մի ուրիշը ... Մյուս աշակերտն». Հմմտ. 13, 23 և 13, 23+:
 
18, 18 - «խարույկ». Հուն. «ἀνθρακιά» - «անթռակյա». Ճշգրիտ իմաստով՝ այրվող ածուխների կույտ, ածխի կրակ: Միայն Հովհաննեսի կողմից գործածված եզր է (այստեղ և 21, 9 տողում, ուր գրաբարը թարգմանում է «կրակետղ կայծականց»):
 
18, 20 - Համանման խոսք է գտնվում նաև Մրկ 14, 49 տողում: Հովհաննեսը պատմում է միայն մի դեպքի մասին, ուր Հիսուսն ուսուցանում է ժողովարանում (6, 59), մինչ շատ անգամներ է ուսուցանում տաճարում (7, 14.28; 8, 20; 10, 23):
 
18, 21 - Փաստը, որ Աննասը Հիսուսին պաշտպանող կամ մեղադրող վկաներ չի կանչում լսելու, կարող է նշանակել, որ հանդիպումը պաշտոնական չի նկատում:
 
18, 23 - «ցո՛ւյց տուր վատը». Բառացի՝ վկայի՛ր վատի մասին:
 
18, 24 - Հմմտ. Մտթ 26, 3.57: Թերևս Հովհաննեսն այստեղ ակնարկում է Կայիաֆասի առաջ տեղի ունեցած դատավարությանը, որ նկարագրվում է համատես երեք Ավետարաններում:
 
18, 27 - «Աքաղաղի կանչ» ասելով հռոմեացիները հասկանում էին գիշերվա երրորդ քառորդը՝ կեսգիշերից մինչև ժամը 3ը (հմմտ. Մտթ 14, 25 տողի ծանոթագրությունը): Ոմանք հարց են առաջ քաշել առ այն, թե Երուսաղեմում կարո՞ղ էին աքաղաղներ լինել, հաշվի առնելով, որ հռոմեական օրենքով արգելված էր թռչուններ բուծել քաղաքում. բայց ոչ մի տվյալ չկա՝ հաստատելու համար, թե այդ արգելքը գործնականում պահվում էր կամ ո՛չ: Ուրիշներ կարծում են, որ «մի աքաղաղ կանչեց» արտահայտությունը հարկավոր է հասկանալ ո՛չ թե բառացի իմաստով, այլ՝ զինվորական շեփորների հնչման, որոնցով ազդարարվում էր երրորդ հսկման ավարտը, որն էլ հենց «աքաղաղի կանչ» էր կոչվում: Այս առումով հետաքրքրական նշում է պահպանվել Մարկոսի Ավետարանում, ուր (13, 35) «աքլորականչ» եզրը («ἀλεκτοροφωνία» - «ալեկտոռոֆօնի՛ա») գործածված է որպես օրվա մի հստակ հատվածի անուն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։