22-36. Հովհաննեսի վերջին վկայությունը – Գրադարան – Mashtoz.org

22-36. Հովհաննեսի վերջին վկայությունը

⁓ Հվհ 1, 18-34; 2, 12; 3, 11.20; 4, 1-2; 5, 1.20; 6, 1; 7, 1.28; 8, 23.26; 17, 2; 19, 11; 20, 31
≈ Մտթ 3, 6.7; 4, 12; 9, 15; 11, 10.27; 22, 2; Մրկ 1, 2; Ղկս 3, 20; 1Կր 4, 7; Եբր 5, 4; Հկբ 1, 17; 1Հվհ 4, 5; 5, 10-12; 2Սմ 3, 1; Մղք 3, 1
 
22Այդ բաներից հետո Հիսուսն Իր աշակերտների հետ Հուդեայի երկիրը գնաց, և նրանց հետ այնտեղ էր մնում, և մկրտում էր: 23Արդ, Հովհաննեսն էլ մկրտում էր Աէնոնում, Սալիմի մոտ, որովհետև այնտեղ շատ ջրեր կային, և մարդիկ գնում ու մկրտվում էին, 24քանի որ Հովհաննեսը դեռ չէր բանտարկվել:
25Այդ ժամանակ բանավեճ ծագեց Հովհաննեսի աշակերտների ու մի հրեայի միջև՝ մաքրագործության վերաբերյալ: 26Եվ գնացին նրանք Հովհաննեսի մոտ և ասացին նրան. «Ռաբբի՜, նա, որ քո հետ էր Հորդանանի մյուս կողմում, որի մասին դու վկայեցիր, ահա՛ նա մկրտում է և բոլորը գնում են նրա մոտ»: 27Հովհաննեսը պատասխանեց և ասաց. «Մարդ ոչինչ չի կարող վերցնել, եթե իրեն տրված չէ երկնքից: 28Դուք ինքներդ վկայում եք ինձ, որ ես ասացի. ''Ես չեմ Քրիստոսը, այլ՝ առաքված եմ Նրա առջևից'': 29Հարսին ունեցողը փեսան է, իսկ փեսայի ընկերը, որ ներկա է և լսում է նրան, բերկրանքով ցնծում է ի լուր փեսայի ձայնի: Արդ, իմ այս ուրախությունն ամբողջական է: 30Նա պետք է աճի, իսկ ես՝ նվազեմ»:
31Ով ի վերուստ է գալիս, բոլորից վեր է. ով երկրից է սերում, երկրին է պատկանում և երկրավորից է խոսում: Ով երկնքից է գալիս, բոլորից վեր է: 32Նա վկայում է այն, ինչ տեսել ու լսել է, սակայն Նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում: 33Նրա վկայությունն ընդունողը հաստատում է, որ Աստված ճշմարիտ է: 34Նա, արդարև, Ում Աստված առաքել է, Աստծո խոսքերն է խոսում. իրոք, չափով չէ, որ Նա տալիս է Հոգին: 35Հայրը սիրում է Որդուն և ամեն ինչ տվել է Նրա ձեռքը: 36Ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք ունի, իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանք չի տեսնի, այլ՝ Աստծո ցասումը մնում է նրա վրա:
 
3, 22 - «Այդ բաներից հետո». Կարծրատիպային արտահայտություն է, որ ծառայում է պարզապես անցում կատարելու Ավետարանի մի բաժնից դեպի մյուսը, առանց ժամանակագրական արժեք ներկայացնելու: ꟷ
- «մկրտում էր». 4, 2 տողում ճշգրտվում է, որ մկրտում էին աշակերտները՝ Հիսուսի անունից, ամենայն հավանականությամբ՝ նաև Իր ներկայությամբ: Այսինքն՝ մկրտում էր Հիսուսը, բայց աշակերտների ձեռամբ: Ծիսական ընկալմամբ՝ ոչ մի հակասություն չկա:
Աշակերտների ձեռամբ կատարված այս առաջնատիպ մկրտությունը տակավին նույնանման էր Հովհաննես Մկրտչի կողմից մատակարարվող մկրտությանը՝ զղջման ու ապաշխարության համար: «Սուրբ Հոգու մեջ» մկրտությունը տրվելու էր Քրիստոսի հարություն-փառավորումից հետո (հմմտ. 1, 33 և 1, 33+):
 
3, 23 - «Աէնոն». Կամ՝ Էննոն, հավանաբար՝ արամայերեն «עַיִן» - «ային» արմատից, որ նշանակում է աղբյուր: Եվսեբիոսի ու Հերոնիմոսի կողմից ավանդված տեղեկությունների համաձայն՝ գտնվում էր Սկիտոպոլսից հռոմեական 8 մղոն հեռավորության վրա (մոտ 11,85 կմ), դեպի հարավ, Հորդանանին մոտիկ, այսինքն՝ Հորդանանի հյուսիսային հովիտներում կամ Սամարիայի տարածքում: Միակ անգամն է, որ հիշատակվում է Նոր Կտակարանում: ꟷ
- «Սալիմ». Կամ՝ Սալեմ (Եբր 7, 1-2), Մելքիսեդեկ թագավորի ծննդավայրը (Ծնդ 14, 18-20): ꟷ
- «մարդիկ». Բնագրում բացակայում է: ꟷ
- «գնում էին». Հուն. «παρεγίνοντο» - «պառէգինոնտո». Այս բայն արտահայտում է նպատակային ուղևորության, գնալ հասնելու իմաստ: Մարդկանց այս գնալը մի ուխտագնացություն էր: Մատթեոսն այս բայը գործածում է 3 անգամ (2, 1; 3, 1.13), մատնանշելու համար արևելքից Մոգերի ժամանումը և Հովհաննես Մկրտչի ու ապա Հիսուսի «գալը»՝ գործունեության սկզբնավորումը: Մարկոսն այն գործածում է 1 անգամ, բացասական իմաստով, երբ Հուդան «գալիս է» Հիսուսին մատնելու (14, 43): Հովհաննեսն այս բայը գործածում է ևս 1 անգամ, 8, 2 տողում: Այս տողերի համադրությունից հասկանում ենք, որ այս բայն Ավետարանիչների համար արտահայտում է սեփական կյանքում որոշիչ շրջադարձ կատարելու իմաստ, ուստի մարդիկ Մկրտության գալով՝ կատարում էին այն, ինչը Հովհաննեսի, ապա նաև Հիսուսի կողմից անվանվում է «դարձի գալ», «ապաշխարել» (տե՛ս Մտթ 3, 2+-ի առաջին մասը):
 
3, 25 - Հովհաննես Մկրտչի աշակերտների և Հուդեայի բնակիչներից մեկի միջև մաքրագործության վերաբերյալ ծագած վիճաբանությունից Ավետարանիչը մեջբերում է միայն այն հատվածը, որ վերաբերվում է Հովհաննեսի և Հիսուսի կողմից մատակարարված մկրտությունների արժեքին: Դրա համար էլ՝ հաջորդ տողերում այլևս չի խոսվում մաքրագործության մասին, այլ՝ երկուսից յուրաքանչյուրի ունեցած հաջողության: ꟷ
- «մի հրեայի». Որոշ ձեռագրերում հոգնակի թվով է. «հրեաների»: Ամենայն հավանականությամբ, սակայն, Հովհաննեսի սկզբնական տեքստը աղավաղվել է: Հավանաբար, բնագրում եղել է. «Հիսուսի» կամ «Հիսուսի աշակերտների»:
 
3, 26 - Հովհաննես Ավետարանչի կողմից հետևված ավանդության համաձայն, Հովհաննես Մկրտիչը ժողովրդի կողմից դիտվում էր որպես Վարդապետ, Ուսուցիչ (Ռաբբի), իբրև մարգարե ընդունվելուց բացի (Ղկս 11, 1):
 
3, 28 - Կարծես պաշտպանվելով ապօրինի յուրացման մեղադրանքից, Հովհաննեսը կրկին անդրադառնում է վկայությանը, որ տրվել էր Ավետարանի Նախաբանում (1, 7-8): Ինքը Քրիստոսը չէ, այլ՝ մի վկա. քայլում է Հիսուսի առջևից, Նրա նախակարապետն է, ավետելու համար, որ «ճշմարիտ լույսը» (1, 9) ահա՛ ուր որ է գալու է, և որ այդ պահից սկսած՝ Հիսուսին է, որ հարկավոր է լսել ու հետևել, քանի որ Նա իր նման պարզ պատգամաբեր չէ, այլ՝ Ինքնին Աստծո անձնավորված Խոսքը, որ աշխարհ է եկել՝ կատարելու Աստծո գործը (4, 34):
 
3, 29 - Հարսանեկան արարողակարգին առնչվող պատկեր գործածելով՝ Հովհաննես Մկրտիչն ինքն իրեն անվանում է «փեսայի ընկեր», ակնարկելով, որ Փեսան Քրիստոսն է: Իր վերջին վկայությունը տալով՝ նա հիշեցնում է, որ իբրև Փեսայի ընկեր՝ իր դերակատարությունն ավարտվել է. նախապատրաստել ու կազմակերպել է հարսանիքը, բայց այժմ, երբ Փեսան արդեն ժամանել է, ինքը պետք է մի կողմ քաշվի: Պատմության թատերաբեմի կենտրոնում այժմ Հիսուսն է. Հովհաննես Մկրտչի ձայնը չէ այլևս, որ մարդիկ պետք է լսեն, այլ՝ Նրա, Ում ինքն ավետել է՝ Նրա առաջ ուղղելով ու հարթելով ճանապարհը (1, 23): Իրեն՝ հավատարիմ գործընկերոջը, այլևս միայն մեկ բան է մնում անելիք. կանգնել Փեսայի կողքին և ուրախանալ Նրա ձայնը լսելով: ꟷ
- «ընկերը». Հուն. «φίλος» - «ֆիլոս». Նշանակում է սիրելի, ընկեր, մտերիմ, բարեկամ, սերտ գործընկեր: Մարկոսը երբեք չի գործածում այս եզրը, Մատթեոսը միայն 1 անգամ, ուր Հիսուսն այն գործածում է Ինքն Իր վերաբերյալ (11, 19): Ղուկասն ամենաշատն է գործածում այս եզրը. 15 անգամ Ավետարանում և 3 անգամ Գործք Առաքելոցում: Հովհաննեսը՝ 6 անգամ, որոնց միմյանց համեմատումը օգտակար է Ավետարանչի միտքը հասկանալու համար (3, 29; 11, 11; 15, 13.14.15; 19, 12): Հմմտ. նաև Հկբ 2, 23; 4, 4; 3Հվհ 1, 14: ꟷ
- «ներկա է». Բառացի՝ կանգնած է: Գրաբարը. «որ կայ եւ լսէ նմա»։
 
---
 
3, 29 - «Հարսին ունեցողը փեսան է». Ամուսնական խորհրդապատկերը Հին Կտակարանում կիրառվում է Աստծո և Իսրայելի միջև հարաբերությունների վերաբերյալ (Ովս 1, 2): Հիսուսը յուրացրել է այդ խորհրդապատկերը (Մտթ 9, 15; 22, 1-14; 25, 1-13), Պողոսը կրկին անդրադարձել է դրան (Եփս 5, 22; 2Կր 11, 2), իսկ Հայտնության գիրքը նկարագրել է Գառան հարսանիքի վախճանաբանական կատարումը (Հյտ 19, 7-8; 21, 2; այս լույսի ներքո տե՛ս նաև Հվհ 2, 1-11 հատվածը):
 
---
 
3, 31-36 - Սույն տողերը որոշ հրատարակություններ ներկայացնում են որպես Հովհաննես Մկրտչի խոսքի մի մասը: Բայց նվազագույն քննությամբ իսկ ակնհայտ է դառնում, որ դրանք մաս չեն կազմում Հովհաննեսի խոսքին, ո՛չ էլ պատկանում են Հիսուսին, այլ՝ կրկին Հովհաննես Ավետարանչի կողմից ավելացված մեկնաբանություն են, ինչպես 16-21 տողերում:
 
3, 31 - «Ով ի վերուստ է գալիս». Հուն. «Ὁ ἄνωθεν ἐρχόμενος» - «Հո անօթէն էռխոմենոս». Բառացի՝ «Ի վերուստ Եկողը», որ գրեթե ստանում է անվան, տիտղոսի արժեք, տրված Նրան, Ում մարդկությունը սպասում է (հմմտ. Մտթ 11, 3 և Ղկս 7, 19) և Ով ամենքից ու ամեն ինչից վեր է (հմմտ. Հռմ 9, 5): ꟷ
- «բոլորից». Հուն. «πάντων» - «պանտօն». Ամեն ինչ բովանդակող եզր է: Նշանակում է ամենքից և ամեն ինչից, բոլորից և յուրաքանչյուրից:
 
3, 33 - «հաստատում է». Հուն. «ἐσφράγισεν» - «էսֆռագիսեն». Բառացի՝ «կնքում է» (հմմտ. 6, 27): Գրաբար. «կնքեաց»։ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը, հետևաբար, իրավական հանդիսավոր ակտ է, սեփական ստորագրություն-կնիքի զետեղում, մի տեսակ անձնական հոգևոր հռչակագիր առ այն, որ Աստված ճշմարիտ է, և հետևաբար, որպես տրամաբանական հետևություն, որ Աստծուն հակառակ որևէ անձ ու գաղափար ու իրողություն սուտ է և կեղծ: Այս լույսի ներքո հասկանալի է դառնում Հիսուսի խոսքի տարողությունը 18րդ տողում: – Հմմտ. նաև Հվհ 8, 44-45:
 
3, 34 - «չափով չէ, որ Նա տալիս է Հոգին». Նա՝ Աստված, չափով չի տալիս Հոգին՝ Նրան, Ում առաքել է, Նրան, Ով Աստծո խոսքերն է խոսում, այսինքն՝ Քրիստոս Հիսուսին: Հիսուս Քրիստոսի մեջ է մարմնապես բնակվում Սուրբ Հոգու ողջ լիությունը (հմմտ. Կղս 2, 9), և Նրա այս լիությունից է, որ մենք բոլորս ստանում ենք Սուրբ Հոգին, նաև շնորհ շնորհի վրա (հմմտ. 1, 16): ꟷ
- Որոշ ձեռագրերում հանդիպում է հետևյալ տարբերակը. « ... Աստծո խոսքերն է խոսում, որովհետև Աստված Նրան առանց չափի է տալիս Հոգին»:
 
3, 35 - «Հայրը սիրում է Որդուն». Հուն. «Ὁ Πατὴρ ἀγαπᾷ τὸν Υἱόν» - «Հո Պատեռ ագապա տոն Հյուիոն». Գլուխը, որն ամբողջովին նվիրված էր Սուրբ Հոգուն, չէր կարող փակվել ավելի գեղեցիկ կերպով: Հայրը սիրում է Որդուն, Նրան տալիս է Իր ողջ Սերը, և Իր այդ ողջ աստվածային Սերը հենց Սուրբ Հոգին է, անձնավորված Սերը: Նույն Հովհաննես Առաքյալն է իր նամակներից մեկում տալիս հանճարեղ սահմանումը. «Աստված սեր է» (1Հվհ 4, 8): Սերն ինքնին Երրորդություն է, ենթադրում է ներկայությունը մի Սիրողի, մի Սիրվածի, և ինքնին Սիրո, որ նրանց միավորում է: Հայրը՝ Սիրողը, Որդին՝ Սիրվածը, Հոգին՝ Սերը, որ Երեք Անձերին միավորում է Մեկ Միության մեջ:
 
---
 
3, 35 - «ամեն ինչ տվել է Նրա ձեռքը». Հոր կամքով՝ ամեն ինչ Որդու «ձեռքում» է, այսինքն՝ իշխանության տակ (3, 35; 10, 28-29; 13, 3; 17, 2; հմմտ. 6, 37-39; Մտթ 11, 27; 28, 18): Սա հիմքն է Նրա թագավորության (12, 13-15; 18, 36-37), որին Նա սկիզբ է տալու Իր «բարձրացման» օրը (12, 32; 19, 19; Գրծ 2, 33; Եփս 4, 8), երբ այս աշխարհի իշխանի տիրապետությունը վերջ կգտնի (12, 31):
 
---
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։