23-24. Զգեստների բաժանումը – Գրադարան – Mashtoz.org

23-24. Զգեստների բաժանումը

→ Մտթ 27, 35; Մրկ 15, 24; Ղկս 23, 34
≈ Սղմ 22, 19
 
23Զինվորներն, ապա, երբ Հիսուսին խաչեցին, Նրա զգեստները վերցրեցին և չորս մասի բաժանեցին, յուրաքանչյուր զինվորի՝ մեկ մաս, և պատմուճանը: Բայց պատմուճանն առանց կարի էր, վերևից մի կտորով գործված: 24Նրանք, ուստի, ասացին միմյանց. «Չպատռենք դա, այլ՝ դրա վրա վիճակ գցենք, ո՛ւմ որ ելնի»: Եվ այդպես կատարվեց Գրվածքը.
 
«Զգեստներս իրար մեջ բաժանեցին,
իսկ պատմուճանիս վրա վիճակ գցեցին»:
 
Զինվորներն, ուրեմն, հե՛նց այս բաներն արեցին:
 
19, 23-24 - Մինչ բոլոր չորս Ավետարաններն էլ հիշատակում են զինվորների կողմից զգեստների բաժանման և պատմուճանի վրա վիճակ գցելու դրվագը (հմմտ. Մտթ 27, 35+), միայն Հովհաննեսն է մեջբերում Սղմ 22, 19-ը և միայն ինքն է կատարված տեսնում մեջբերված տողերը, որոնք երկու, միմյանցից զատ գործողությունների մասին են խոսում (23-24): ꟷ
- «պատմուճանն առանց կարի էր». Ավետարանիչներն ամենայն հավանականությամբ ակնարկում են Քրիստոսի Քահանայապետությանը, որ Խաչի վրա մատուցում է սուրբ և միակ կատարյալ Զոհը: Հինկտակարանյան ավանդության համաձայն այդպիսին – այսինքն՝ առանց կարի, մի կտորով գործված – պետք է լինեին քահանայապետի ծիսական զգեստները: ꟷ
- «կատարվեց Գրվածքը». Որոշ ձեռագրեր հավելում են. «որ ասում է»: Գրաբարը ևս. «Զի լցցի գիրն որ ասէ»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։