01-11. Օծում Բեթանիայում – Գրադարան – Mashtoz.org

01-11. Օծում Բեթանիայում

→ Մտթ 26, 6-13; Մրկ 14, 3-9
⁓ Հվհ 7, 31; 11, 1-2.45.56; 13, 29
≈ Ղկս 7, 38; 8, 3; 10, 40; 2Օր 15, 11
 
1Արդ, Զատիկից վեց օր առաջ Հիսուսը գնաց Բեթանիա, ուր գտնվում էր Ղազարոսը, որին Նա հարություն էր տվել մեռելներից: 2Այդ ժամանակ Նրա համար այնտեղ ընթրիք պատրաստեցին, և Մարթան սպասավորում էր, իսկ Ղազարոսը Նրա հետ բազմածներից մեկն էր: 3Մարիամն, այնժամ, նարդոսի մի լիտր մաքուր, թանկարժեք անուշահոտ յուղ վերցնելով՝ Հիսուսի ոտքերը օծեց, և Նրա ոտքերն իր մազերով սրբեց. և տունն, ահա՛, յուղի բույրով լցվեց:
4Այնժամ Հուդա Իսկարիովտացին՝ Նրա աշակերտներից մեկը, – նա, որ շուտով մատնելու էր Նրան, – ասաց. 5«Ինչո՞ւ այս անուշահոտ յուղը չվաճառվեց երեք հարյուր դահեկանի և չտրվեց աղքատներին»: 6Սա, սակայն, ասաց, ո՛չ որովհետև հոգատար էր աղքատների հանդեպ, այլ՝ որովհետև գող էր, և քանի որ փողի քսակն ինքն էր պահում, ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում: 7Այնժամ Հիսուսն ասաց. «Թո՛ւյլ տուր նրան, որպեսզի իմ հուղարկավորության օրվա համար պահի դա: 8Աղքատներին, արդարև, միշտ ձեր հետ ունեք. ինձ, մինչդեռ, միշտ ձեր հետ չունեք»:
9Այդ ընթացքում հրեաների մի մեծ բազմություն իմացավ, որ Նա այնտեղ է. և եկան, ո՛չ միայն Հիսուսի համար, այլ նաև՝ որպեսզի Ղազարոսին տեսնեն, որին Նա մեռելներից հարություն էր տվել: 10Քահանայապետներն, ուստի, որոշում կայացրեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, 11քանի որ շատերը նրա պատճառով հեռանում էին հրեաներից և հավատում էին Հիսուսին:
12, 1-8 - Ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերվում է այն նույն օծմանը, որ պատմվում է Մտթ 26, 6-13 և Մրկ 14, 3-9 հատվածներում (տե՛ս այդ տողերի համապատասխան ծանոթագրությունները), մինչդեռ տարբեր է Ղկս 7, 36-50 դրվագի մեղավոր կնոջ կողմից ստացած օծումից:
Դեպքերը սկսվում են Հիսուսի ժամանումով Բեթանիա, շաբաթ օրվա երեկոյան, երբ արդեն սկսվել էր Կիրակին (ծիսական օրն արդեն ավարտվել էր, այլապես Մարթան չէր կարող ընթրիք պատրաստել ու սպասավորել):
Ընթրիքի ժամանակ Մարիամն օծում է Հիսուսի ոտքերը: Արարքը զարմանք չէր պատճառի, եթե օծեր Նրա գլուխը (հմմտ. Մտթ 26, 7 և Մրկ 14, 3), ինչպես որ ներկայացվում է մյուս Ավետարանիչների կողմից, կարծես խոսքն արքայական օծման է վերաբերվում: Փաստը, որ Հովհաննեսը մինչդեռ ընդգծում է ոտքերի օծումը, – երկու ավանդություններն հակասական չեն, այլ՝ միմյանց լրացնող են, – թերևս այն է, որ այս դրվագը կամենում է կապակցության մեջ դնել ոտնլվայի հետ (13, 1-11):
Մարիամն, ապա, Հիսուսի ոտքերը սրբում է իր մազերով, այդպիսով խախտելով հրեական սովորույթները, որոնք կանանց արգելում էին արձակ մազերով ներկայանալ տղամարդկանց առաջ: Բայց Հիսուսի հանդեպ Մարիամի սերն ակնհայտորեն չափազանց մեծ էր և չէր կարող բանտարկվել կաղապարների ներսում:
 
12, 1 - «Զատիկից վեց օր առաջ». Հիսուսի հրապարակային կյանքի վերջին շաբաթը, որին Հովհաննեսը հետևում է նույնքան հոգատարությամբ ու մանրամասնություններով (12, 12; 13, 1; 18, 28; 19, 31), որքան առաջինին (տե՛ս 2, 1+-ի առաջին մասը): Երկուսն էլ ավարտվում են Հիսուսի փառքի բացահայտմամբ: Այս անգամ, սակայն, Կանայում կատարվածի նման չէ, երբ տակավին «նշանների» ժամանակն էր (2, 4.11). «հասել է ժամը, որ Մարդու Որդին փառավորվի» (12, 23; 13, 31-32; 17, 1.5): ꟷ
- «Ղազարոսը». Որոշ ձեռագրերում հանդիպում է «մեռած Ղազարոսը» տարբերակը: Գրաբարում ևս. «Ղազար մեռեալն»։ ꟷ
- «հարություն էր տվել». Բառացի՝ ոտքի էր կանգնեցրել, արթնացրել էր:
 
12, 2 - «բազմածներից». Հմմտ. Մտթ 26, 20+:
 
12, 3 - «մի լիտր». Հուն. «λίτρα» - «լիտռա». Հռոմեական Կայսրությունում այդ ժամանակ գործածվող չափման միավորների համաձայն՝ 1 լիտրը հավասար էր այժմյան 327,5 գրամին: Հետևաբար, Մարիամը Հիսուսի ոտքերն օծելու համար գործածել է – այժմյան արժեքով – մոտ 0,33 լիտր թանկարժեք յուղ:
Չափման այս միավորը Նոր Կտակարանում գործածում է միայն Հովհաննեսը, ընդամենը երկու անգամ. այստեղ և 19, 39 տողում:
 
12, 4 - «Հուդա Իսկարիովտացին». Հմմտ. Մտթ 26, 8+:
 
12, 5 - Հուդան ավելի առաջնային է համարում փողը, քան սերը. Մարիամը փողը շռայլում է սիրո գերառատ արտահայտությամբ (հմմտ. Երգ 8, 7):
 
12, 6 - «քսակն». Հուն. «γλωσσόκομον» - «գլօսսոկոմոն». Նոր Կտակարանում միայն 2 անգամ գործածված եզր է (այստեղ և 13, 29): Նշանակում է տուփ, պատյան, պայուսակ, վզից (լանջին կամ թևատակին) կախված քսակ, (դրամա)պանակ: Գրաբարը. «զարկղն»։
 
12, 7 - «հուղարկավորության». Հուն. «τοῦ ἐνταφιασμοῦ» - «տու էնտաֆիասմու». Այս եզրը Նոր Կտակարանում գործածված է այստեղ և Մրկ 14, 8 տողում (տե՛ս Մրկ 14, 8+): Նշանակում է նախապատրաստություն հուղարկավորության համար, անուշահոտ յուղերով դիակի օծում, զմռսում, դիակի պատրաստում թաղման համար: Գրաբարը. «յօրն պատանաց իմոց»։
 
12, 8 - Հիսուսի խոսքը աղքատների նկատմամբ անհոգության արտահայտություն չէ (հմմտ. 2Օր 15, 11), ո՛չ էլ՝ աղքատներին ողորմություն տալու առաքինության թերարժևորում: Հովհաննեսը կամենում է պարզապես շեշտը դնել այն փաստի վրա, որ ժամանակի մեջ չսահմանափակված իրականության համեմատ – աղքատների ներկայությունը – Հիսուսի ֆիզիկական ներկայությունն այս երկրի վրա, մինչդեռ, ժամանակավոր է, հետևաբար՝ հարկավոր է բաց չթողնել առիթը: Ինչպես որ վարվել է, իրավամբ, Մարիամը:
 
12, 11 - Նախադասության շարահյուսությունը հունարենում այնպիսին է, որ կարող է թարգմանվել և՛ «շատերը հեռանում էին հրեաներից», և՛ «հրեաներից շատերը հեռանում էին»: ꟷ
- «հրեաներից». Հմմտ. Մտթ 28, 15+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։