12-16. Հիսուսը դատապարտվում է մահվան – Գրադարան – Mashtoz.org

12-16. Հիսուսը դատապարտվում է մահվան

⁓ Հվհ 18, 33-37; 19, 6
≈ Մտթ 26, 17; Գրծ 17, 7
 
12Այդուհետև Պիղատոսը փորձում էր ազատ արձակել Նրան, բայց հրեաները գոռում էին՝ ասելով. «Եթե դրան ազատ արձակես, Կայսրին բարեկամ չես: Յուրաքանչյուր ոք, ով իրեն թագավոր է հռչակում, հակառակվում է Կայսրին»: 13Պիղատոսն, այնժամ, երբ այս խոսքերը լսեց, Հիսուսին դուրս բերել տվեց, և նստեց դատական գահին, այն վայրում, որ Քարահատակ էր կոչվում, իսկ եբրայեցերեն՝ Գաբբաթա՛: 14Արդ, Զատկվա Նախապատրաստության օրն էր, կեսօրին մոտ: Եվ նա ասաց հրեաներին. «Ահա՛ ձեր Թագավորը»: 15Նրանք, այնժամ, գոռացին. «Վերացրո՛ւ դրան, վերացրո՛ւ դրան: Խաչի՛ր դրան»: Պիղատոսն ասաց նրանց. «Ձեր Թագավորին խաչե՞մ»: Քահանայապետները պատասխանեցին. «Մենք թագավոր չունենք, Կայսրից բացի»: 16Այդ ժամանակ, ուստի, Նրան նրանց հանձնեց, որպեսզի խաչվեր:
19, 12 - «Կայսրին բարեկամ». Հուն. «φίλος τοῦ Καίσαρος» - «ֆիլոս տու Կայսառոս». Լատ. «amicus Augusti» - «ամիքուս Աուգուստի». Ավելի սեղմ իմաստով՝ Կայսրին ընկեր: Սա Հռոմի ծերակուտականներին (սենատորներին) և կայսերական արքունիք ելումուտի իրավունք ստացած ազնվականներին տրվող տիտղոս էր: Կայսեր ընկերներից ընտրվում էին նրա խորհրդականները («consiliarii») և ճամփորդությունների ժամանակ նրան ընկերակցողները («comites»):
 
19, 13 - «դատական գահին». Հուն. «ἐπὶ βήματος» - «էպի բեմատոս». Նշանակում է աստիճան, հատակից բարձրացված տեղ, բեմ, որին հասնում են աստիճաններով վեր բարձրանալով. ուստի, դատական համատեքստում, դատավորի գահը: ꟷ
- «Քարահատակ ... Գաբբաթա՛». Հուն. «Λιθόστρωτον ... Γαββαθα» - «Լիթոստռօտոն ... Գաբբաթա». Քարահատակը՝ խճանկարներով զարդարված հռոմեական ոճի հատակի իմաստով: Միակ տեղն է, որ այս եզրը գործածված է Նոր Կտակարանում: Միակ տեղն է նաև, որ գործածվում է նույնի եբրայեցերեն տարբերակը:
 
19, 14 - «Նախապատրաստության օրն». Հմմտ. Մտթ 27, 62+: ꟷ
- «կեսօրին». Բառացի՝ վեցերորդին: – Մարկոսը (15, 25. տե՛ս 15, 25+) խաչելությունը ժամանակագրում է «երրորդ ժամին», ընդարձակ իմաստով՝ առավոտյան 9-ից մինչև 12-ն ընկած ժամանակահատվածում. Հովհաննեսը՝ «կեսօրին մոտ», այսինքն՝ այն ժամին, երբ քահանաները Տաճարում մորթում էին զատկական գառներին (հմմտ. 1, 29):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։