01-21. Լավ հովիվը – Գրադարան – Mashtoz.org

01-21. Լավ հովիվը

⁓ Հվհ 3, 2.11.17.35; 5, 25-26; 7, 20.43; 8, 29.48; 9, 16.30-33; 10, 27; 11, 52; 15, 9; 18, 37; 21, 16
≈ Մտթ 11, 25-27; Մրկ 3, 21; Ղկս 15, 4-7; Գրծ 20, 29; Եփս 2, 14; 4, 4-5; Փլպ 2, 8-9; 2Տմ 2, 19; 1Պտ 2, 25; Սղմ 23, 1-3; 117, 20; Ես 9, 9-10; 49, 9-10;
Երմ 23, 1-3; 31, 10; Եզկ 34, 1-31; 37, 22-24; Միք 2, 13; Զքր 11, 17
 
1«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ո՛վ ոչխարների փարախից ներս չի մտնում դռնով, այլ՝ ուրիշ տեղով է բարձրանում, այդպիսին գող է ու ավազակ: 2Իսկ ո՛վ դռնով է մտնում, հովիվ է ոչխարների: 3Դռնապանը նրա առաջ բացում է, և ոչխարները լսում են նրա ձայնը. և նա իր ոչխարներին անուններով է կանչում և նրանց դուրս է հանում: 4Եվ երբ իր բոլոր ոչխարներին դուրս է հանում, նրանց առջևից է քայլում, և ոչխարները գնում են նրա ետևից, որովհետև ճանաչում են նրա ձայնը: 5Օտարի ետևից, մինչդեռ, նրանք չեն գնա, այլ՝ կփախչեն նրանից, որովհետև չեն ճանաչում օտարների ձայնը»: 6Այս այլաբանությունն ասաց նրանց Հիսուսը, բայց նրանք չհասկացան, թե ի՛նչ էր Նա իրենց ասում:
7Հիսուսն, ուստի, նորից ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը: 8Բոլոր նրանք, որ եկել են ինձնից առաջ, գողեր են և ավազակներ. բայց ոչխարները չլսեցին նրանց: 9Ես եմ դուռը. եթե մեկն իմ միջով է ներս մտնում, կփրկվի. և ներս կմտնի, և դուրս կգա, և արոտ կգտնի: 10Գողը գալիս է՝ միայն որպեսզի գողանա, և սպանի ու ավերի: Ես եկել եմ, որպեսզի կյանք ունենան, և այն առատորեն ունենան:
11Ես եմ լավ հովիվը: Լավ հովիվն իր կյանքը զոհաբերում է ոչխարների համար: 12Իսկ վարձկանը, որ հովիվ չէ և ոչխարներն իրեն չեն պատկանում, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին և փախչում է. և գայլը հափշտակում է նրանց և ցրում է. 13քանի որ վարձկան է և ոչխարների համար հոգ չի անում: 14Ես եմ լավ հովիվը, և ճանաչում եմ իմ ոչխարներին, և իմ ոչխարները ճանաչում են ինձ, 15ինչպես որ ճանաչում է ինձ Հայրը և ես ճանաչում եմ Հորը, և իմ կյանքը զոհաբերում եմ ոչխարների համար: 16Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս փարախից չեն. նրանց ևս ես պետք է հովվեմ. և նրանք իմ ձայնը կլսեն, և կլինեն մեկ հոտ և մեկ հովիվ: 17Սրա համար Հայրը սիրում է ինձ. որովհետև ես զոհաբերում եմ իմ կյանքը, որպեսզի այն նորից ետ վերցնեմ: 18Այն ոչ ոք չի վերցնում ինձնից. այլ՝ ես ինքս եմ այն տալիս: Իշխանություն ունեմ տալու այն, և իշխանություն ունեմ այն նորից ետ վերցնելու: Այս հրամանը ես ստացել եմ իմ Հորից»:
19Դարձյալ պառակտում եղավ հրեաների միջև՝ այս խոսքերի պատճառով: 20Եվ նրանցից շատերն ասում էին. «Նրա մեջ դև կա և խոսում է խելագարի նման: Ինչո՞ւ եք լսում նրան»: 21Ուրիշներն ասում էին. «Դիվահարի խոսքեր չեն սրանք: Մի՞թե դևը կարող է կույրի աչքերը բանալ»:
10, 1-21 - Հին Կտակարանում հաճախակի է հանդիպում իր հոտին պաշտպանող ու առաջնորդող հովվի պատկերը. փոխաբերություն՝ արտահայտելու համար Աստծո հոգատարությունը, ուշադիր հսկողությունն ու սերը Իր ժողովրդի հանդեպ, հատկապես՝ այն ոչխարների նկատմամբ, որ մոլորվել են (հմմտ., օրինակի համար, 1Թգ 22, 17; Սղմ 119, 76; Ես 53, 6): Ի տարբերություն Իսրայելի իշխանավորների, որոնք հոգատար չեն իրենց հոտի հանդեպ և ոչխարներին լքում են բախտի քմահաճույքին (Երմ 50, 6; Եզկ 34, 4):
Նոր Կտակարանում հովիվը Հիսուսն է (11.14). ճշմարիտ և լավ Հովիվը, Ով մտերմորեն ճանաչում է Իր ոչխարներին, նրանց ընկերակցում է ապահով արահետներով, վտանգից հեռու, բայց հատկապես՝ նրանց սիրում է խանդակաթ սիրով և միշտ պատրաստ է սեփական կյանքը տալու նրանց համար (11):
Հիսուսը, սակայն, լավ Հովիվը լինելուց բացի, նաև ոչխարների «դուռն» է (7.9), այսինքն՝ ճանապարհը, որի միջով անցնում են փրկությունն ու կյանքի առատությունը (10): Դուռը բաց է բոլորի առաջ. այն ոչխարների, որոնք արդեն իսկ փարախի ներսում են (հրեաները), բայց նաև նրանց, ովքեր դեռ դրսում են (հեթանոսները), այնպես՝ որ վերջում – լսելով և հետևելով ձայնին Նրա, Ով իրենց կանչում է – կարողանա կազմվել մեկ միակ հոտ՝ մեկ միակ Հովվի շուրջը (16): Իր այս դերակատարությամբ՝ Հիսուսն ընդմիշտ մնում է Աստծո հոտի առաջնորդն ու պաշտպանը (1Պտ 2, 25), հաղորդության ու ծառայության մի անխզելի կապով, որն Իրեն տրվում է այն սիրուց, որով Ինքը կապված է Իր Հորը (18):
 
10, 1 - «փարախից». Հուն. «αὐλή» - «աուլէ». Բառացի՝ ներքին բակ, տան ներքին պարտեզ, ներքին հրապարակ, և երկրորդական իմաստով միայն՝ փարախ (Նոր Կտակարանում գործածված է 12 անգամ. Մտթ 26, 3.58.69; Մրկ 14, 54.66; 15, 16; Ղկս 11, 21; 22, 55; Հվհ 10, 1.16; 18, 15; Հյտ 11, 2):
 
10, 6 - «այլաբանությունն». Հուն. «παροιμία» - «պառոիմիա». Համատես երեք Ավետարանների կողմից գործածվող «παραβολή» - «պառաբոլէ» - «առակ» եզրի փոխարեն, Հովհաննեսը նախընտրում է գործածել այլաբանություն, փոխաբերություն, նմանաբանություն նշանակող այս եզրը (այստեղ և 16, 25.29 տողերում), որոնց իմաստը, համենայն դեպս, գրեթե նույնն է: ꟷ
- «նրանց ... նրանք». Հոգով կույր փարիսեցիներին (9, 40), որոնք, սակայն, չեն հասկանում, որ առակն ուղղված է նաև իրենց:
 
10, 7 - «ոչխարների դուռը». Բացի այն իմաստը, որ Հիսուսն է դուռը, որի միջով անցնելով՝ ոչխարները գտնում են փրկություն և կյանքի լիություն, Նա ոչխարների դուռն է նաև այն իմաստով, որ միմիայն Ինքն է մուտք շնորհում դեպի ոչխարները: Ոչխարներին ու գառներին օրինավոր կերպով հովվելու համար՝ հարկավոր է անցնել Հիսուսի արտոնության, Նրա կողմից տրվող մանդատի «դռնով» (21, 15-17):
 
10, 8 - Այս խոսքերը – որ բացակայում են հնագույն և լավագույն ձեռագրերից շատերի մեջ – վերաբերվում են ո՛չ թե Հիսուսից առաջ գործունեություն ծավալած բոլոր անձնավորություններին, այլ միայն՝ կեղծ մեսսիաներին, ինքնահռչակ փրկիչներին (հնարավոր է, որ ակնարկ է կատարվում փարիսեցիներին. հմմտ. Մտթ 23, 1-36; Ղկս 11, 39-52 և Մտթ 9, 36; Մրկ 6, 34): Խոսքեր են, որոնք ա՛յլ առիթներով տարածվում են նաև ապագա կեղծարարների վրա (հմմտ. Մտթ 24, 4-5.11): ꟷ
- «բայց». Հուն. «ἀλλά» - «ալլա». Կարող է նաև թարգմանվել՝ ինչևէ, համենայն դեպս:
 
10, 9 - «կմտնի, և դուրս կգա». Արտահայտում է փրկված հոգու լիակատար ազատության գաղափարը:
 
10, 10 - «կյանք». Հուն. «ζωή» - «զօէ». Հիսուսը տալիս է հավիտենական կյանքը (3, 16.36; 5, 40; 6, 33.35.48.51; 14, 6; 20, 31), առատաձեռն, մեծաշուք, փառավոր կերպով (հմմտ. Հյտ 7, 17; Մտթ 25, 29; Ղկս 6, 38): ꟷ
- «առատորեն». Հուն. «περισσὸν» - «պեռիսսոն». Արտահայտում է և՛ քանակական, և՛ որակական առավելության իմաստ. առատ, ավելի շատ, ավելի մեծ, գերակա, առավել: Գրաբարը. «առաւել եւս»։
 
10, 11 - «լավ». Հուն. «καλός» - «կալոս». Սույն ածականն իր մեջ միահյուսում է արտաքին գեղեցկության, ներքին լավության, բարիության, վեհության, արժեքավորության, պատվականության գաղափարները: Այսինքն՝ մի բան, որ ո՛չ միայն արտաքուստ է հրապուրիչ (ինչը որ անձանց դեպքում կարող է և խաբեական լինել), այլ նաև՝ որ ներքին վեհությունը համապատասխանում է արտաքին գեղեցկությանը: – Գրաբարը թարգմանում է «քաջ» («Ես եմ հովիւն քաջ»), թերևս կապակցության մեջ դնելով ոչխարների համար սեփական կյանքն ընծայելու պատրաստակամության հետ: ꟷ
- «հովիվը». Աստված, Ով Ինքն իսկ Իր ժողովրդի Հովիվն է, մեսսիական ժամանակներում Իր կողմից ընտրված Հովիվ էր տալու Իր հավատարիմներին (հմմտ. Եզկ 34, 11-16): Իրեն որպես «Լավ Հովիվը» ներկայացնելով՝ Հիսուսն Իրեն հռչակում է որպես խոստացված և սպասված Մեսսիան: ꟷ
- «զոհաբերում է». Հուն. «τίθημι» - «տիթեմի». Բառացի՝ դնում, տեղադրում, տեղավորում է: Զոհասեղանի վրա դնելու իմաստով: Գրաբարը. «դնէ»։ Հովհաննես Ավետարանչին բնորոշ արտահայտություն է (տե՛ս նաև 10, 15.17; 13, 37-38; 15, 13; 1Հվհ 3, 16), որ համապատասխանում է Մարկոսի «կյանքը տալ» կամ «կյանքն ընծայել» («δίδωμι» - «դիդօմի») արտահայտությանը (Մրկ 10, 45):
 
10, 12-13 - «վարձկանը ... հոգ չի անում». Խոսքն ակնհայտ կերպով ուղղված է փարիսեցիներին և հրեա իշխանավորներին (հմմտ. Եզկ 34, 2-10):
 
10, 14 - «ճանաչում եմ ... ճանաչում են». Բառացի՝ «և ճանաչում եմ իմոնց, և ճանաչվում եմ իմոնցից»: Գրաբար. «եւ ճանաչեմ զիմսն, եւ ճանաչիմ յիմոցն»։
Աստվածաշնչում (հմմտ. Ովս 2, 14-23) «ճանաչողությունը» («γινώσκω» - «գինօսկօ») արդյունքը չէ սոսկ մտային (ինտելեկտուալ) գործողության, այլ՝ մի «փորձառության», մի ներկայության (հմմտ. Հվհ 10, 14-15 և 14, 20; 17, 21-22; հմմտ. 14, 17; 17, 3; 2Հվհ 1-2). այն անհրաժեշտորեն հանգում է սիրույն (հմմտ. Ովս 6, 6 և 1Հվհ 1, 3): Այստեղ ևս, հետևաբար, Հիսուսը խոսում է Իր և Իր Եկեղեցու միջև սիրո մասին, որի բնօրինակը Հոր և Որդու միջև Սերն է՝ Սուրբ Հոգին (15):
 
10, 16 - «ուրիշ ոչխարներ ... , որ այս փարախից չեն». Այսինքն՝ հեթանոսները, որ Իսրայելի ''փարախից'' չեն, բայց լսելու են իրենց կանչող ձայնը (հմմտ. 8, 47; 18, 37): Նրանք էլ են ներս մտնելու՝ անդամակցելու միակ Հովվի շուրջը հավաքված միակ Հոտին («եւ եղիցին մի հօտ եւ մի հովիւ»): ꟷ
- «հովվեմ». Հուն. «ἀγαγεῖν» - «ագագեին». Բառացի՝ առաջնորդեմ, ճանապարհ ցույց տամ, ձեռքից բռնած, ուղղորդեմ, տանեմ:
 
10, 17-18 - Ի տարբերություն համատես երեք Ավետարանների, որոնց համաձայն Հայրը «ընծայում է» Որդուն, Հովհաննեսի ընկալմամբ՝ Որդին Ինքն է, որ «դնում է» Իր կյանքը զոհասեղանին, և ապա այն ետ է վերցնում, Հորից ստացած հրամանի համաձայն (հմմտ. Գրծ 2, 24; 4, 10; Հռմ 1, 4; 4, 24, ուր ուղղակի կերպով Հայրն է, որ վերադարձնում է կյանքը):
 
10, 18 - «ես ինքս եմ այն տալիս». Քրիստոսը կյանքն ունի Իր մեջ (1, 4; 3, 35-36) և ոչ ոք չի կարող այն խլել Իրենից (7, 30.44; 8, 20; 10, 39). Նա ազատորեն է տալիս այն (10, 18; 14, 30; 19, 11): Այստեղից էլ՝ Իր հանդարտ ու անդորր վեհությունը, Իր լիակատար ազատությունը մահվան դիմաց (12, 27; 13, 1-3; 17, 19; 18, 4-6; 19, 28):
 
10, 20 - «խոսում է խելագարի նման». Հուն. «μαίνεται» - «մաինետայ». «Մաինոմայ» բայն է, որ արտահայտում է խելակորույս մոլեգնության, բանականության հսկողությունը կորցրած կատաղության, անզուսպ և մոլի վիճակի (մանի՛ա) գաղափարը: Նոր Կտակարանում գործածված է 5 անգամ. այստեղ և Գրծ 12, 15; 26, 24.25; 1Կր 14, 23: – Գրաբարը. «մոլեգնի»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։