01-21. Զրույց Նիկոդեմոսի հետ – Գրադարան – Mashtoz.org

01-21. Զրույց Նիկոդեմոսի հետ

⁓ Հվհ 1, 5.9-13.18.21.33; 2, 11; 3, 32.36; 4, 42; 5, 22-24; 6, 60-63; 7, 16.48.50-52; 8, 12.26-28; 12, 32.42-49; 18, 32; 19, 39; 20, 17
≈ Մտթ 3, 5; 5, 14-16; 18, 3; 21, 37; 22, 16; Ղկս 1, 34; 17, 21; 19, 10; 22, 67; Գրծ 4, 12; 17, 31; Հռմ 5, 8; 8, 32; 10, 6; 1Կր 15, 44-50; 2Կր 5, 19; Եփս 4, 8-9; 5, 13.26; Փլպ 3, 19; Տիտ 3, 5; Հկբ 1, 18; 1Պտ 1, 23; 1Հվհ 3, 9; 4, 9; 5, 1; Ծնդ 6, 3; 22, 1-18; Թց 21, 4-9; Հոբ 24, 13-17; Ժղվ 11, 5; Իմս 9, 16-17; 16, 5-7; Առկ 30, 4; Եզկ 36, 25-27
 
1Արդ, փարիսեցիների մեջ մի մարդ կար, նրա անունը՝ Նիկոդեմոս, հրեաների իշխանավորներից մեկը: 2Նա գիշերով Նրա մոտ գնաց և Նրան ասաց. «Ռաբբի՜, մենք գիտենք, որ Դու Աստծուց ես եկել որպես վարդապետ. ոչ ոք, արդարև, չի կարող այս նշաններն անել, որ Դու ես անում, եթե Աստված իր հետ չլինի»: 3Պատասխանեց Հիսուսը և ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկն ի վերուստ չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել»: 4Ասաց Նրան Նիկոդեմոսը. «Ինչպե՞ս կարող է մի մարդ ծնվել, երբ ծեր է: Չի կարող իր մոր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնվել»: 5Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել: 6Մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը հոգի է: 7Դու մի՛ զարմացիր, որ ասացի քեզ. հարկավոր է ձեզ ի վերուստ ծնվել: 8Հոգին փչում է ո՛ւր ուզում է, և դու լսում ես Նրա ձայնը, բայց չգիտես որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում. այդպես է ամեն ոք, որ Հոգուց է ծնված»: 9Պատասխանեց Նիկոդեմոսը և ասաց Նրան. «Այդ ինչպե՞ս կարող է լինել»: 10Պատասխանեց Հիսուսը և ասաց նրան. «Դու Իսրայելի վարդապետն ես և այս բաները չգիտե՞ս: 11Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ խոսում ենք ի՛նչ որ գիտենք և վկայում ենք ի՛նչ որ տեսել ենք, բայց մեր վկայությունը դուք չեք ընդունում: 12Եթե ձեզ երկրային բաներ ասացի և դուք չեք հավատում, ինչպե՞ս կհավատաք, եթե ձեզ երկնավոր բաներ ասեմ: 13Արդ, ոչ ոք երկինք չի բարձրացել, եթե ո՛չ Նա, Ով երկնքից է իջել. Մարդու Որդին: 14Եվ ինչպես Մովսեսն օձը բարձրացրեց անապատում, այդպես էլ հարկավոր է, որ Մարդու Որդին բարձրացվի, 15որպեսզի Նրան հավատացող ամեն ոք հավիտենական կյանք ունենա»:
16Աստված, արդարև, այնքա՜ն սիրեց աշխարհը, որ Որդուն՝ Միածնին տվեց, որպեսզի ամեն ոք, որ Նրան հավատում է, չկորչի, այլ՝ հավիտենական կյանք ունենա: 17Աստված, արդարև, Որդուն աշխարհ չուղարկեց, որպեսզի աշխարհը դատապարտի, այլ՝ որպեսզի աշխարհը Նրա միջոցով փրկվի: 18Ով հավատում է Նրան, դատապարտված չէ. ով չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ չհավատաց Աստծո Միածին Որդու Անվանը: 19Արդ, դատաստանը սա՛ է. որ լույսն աշխարհ եկավ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին: 20Ամեն ոք, արդարև, որ չարիք է գործում, ատում է լույսը և չի գալիս լույսին, որպեսզի իր գործերը չբացահայտվեն: 21Իսկ ով ճշմարտությունն է գործում, գալիս է լույսին, որպեսզի հայտնի լինի, որ իր գործերն Աստծո համաձայն են կատարվել:
3, 1 - «Նիկոդեմոս». Հավանաբար եղել է Երուսաղեմի Ատյանի անդամներից մեկը: Անունը նշանակում է «հաղթական ժողովուրդ» (նիկոս + դեմոս):
 
3, 2 - «գիշերով». Նիկոդեմոսը ներկայացնում է այն ''տեսակ'' հրեաներին, որոնք տրամադիր են հանդիպելու Հիսուսին, մտերմաբար զրուցելու Նրա հետ, լսելու Նրա խոսքը, հավատալու Նրա գործած հրաշքներին: Փաստը, որ Հիսուսին հանդիպելու է գնացել գիշերով, կարող է և նշանակել, որ տակավին չէր հաղթահարել մարդկային վախերը և չէր ցանկանում բացահայտ առճակատման գնալ քահանայապետների հետ: Սակայն ակնհայտ կերպով նկատելի է նաև այլաբանական կիրառումը, որով այդ տվյալը գործածվում է Հովհաննես Առաքյալի կողմից. խավարն ու գիշերը չարիքի պատկերն են (9, 4; 11, 10), և մինչ Հուդան թողնում է լույսը՝ ընտրելով խավարը (13, 30), Նիկոդեմոսն, ընդհակառակը, խավարի մեջ փնտրում ու գտնում է լույսը (3, 19-21; հմմտ. նաև 19, 39):
 
3, 3 - «ի վերուստ». Հուն. «ἄνωθεν» - «անօթէն». Այս մակբայը, որ Մատթեոսի (27, 51), Մարկոսի (15, 38) և Ղուկասի (1, 3) կողմից գործածվում է մեկական անգամ, իսկ Հովհաննեսի Ավետարանում՝ 5 անգամ (3, 3.7.31; 19, 11.23), – ևս 5 անգամ գործածվում է Գրծ 26, 5; Գղտ 4, 9; Հկբ 1, 17; 3, 15.17 տողերում, – առաջին հերթին նշանակում է վերևից՝ երկնքից, ի վերուստ, ապա կարող է նշանակել սկզբից, ծննդից, աղբյուրից, ուստի նաև՝ կրկին, նորից, վերստին (նշանակությունների մի միահյուսմամբ, որն երբեմն դժվարին է լինում զանազանել): Հիսուսն այն գործածում է «ի վերուստ» իմաստով (նաև 7րդ և 31րդ տողերում), այսինքն՝ երկնքից, Աստծուց, մինչդեռ Նիկոդեմոսը հասկանում է «կրկին», ինչից էլ առաջ է գալիս իր շփոթմունքը: Հիսուսի խոսքի համաձայն, միմիայն նա, ով ծնվում է «ի վերուստ», ի վիճակի է լինում տեսնել («ὁράω» - «հոռաօ») – իմաստի, նշանակության ու փորձառության իր ողջ ճշմարտությամբ (հմմտ. 3, 36; 8, 51) – «Աստծո արքայությունը» («τὴν βασιλείαν τοῦ Θεοῦ» - «տէն բասիլեյան տու Թէու»). արտահայտություն, որ միայն այս և 5րդ տողում է գործածվում Հովհաննեսի Ավետարանում, մինչդեռ շատ հաճախակի է հանդիպում մյուս երեք Ավետարաններում: «Արքայություն» եզրին Հովհաննեսի Ավետարանում համապատասխանում են «կյանք» կամ «հավիտենական կյանք» եզրերը: ꟷ
- Որոշ (նաև հին) թարգմանություններ ևս գրանցել են այս շփոթմունքը՝ Հիսուսի խոսքը նույնացնելով Նիկոդեմոսի հասկացածի հետ: Գրաբարը ևս. «եթէ ոչ ոք ծնցի վերստին»։
 
3, 5 - «ջրից և Հոգուց». Ի վերուստ վերածնունդը կատարվում է ջրի միջոցով (որով խորհրդապատկերվում է Մկրտությունը. հմմտ. 1, 33; Եփս 5, 26) և Սուրբ Հոգու արարիչ ներգործությամբ (Եզկ 36, 25-27; Տիտ 3, 5): Ասելով «ջուր»՝ հասկացվում է ո՛չ թե բնական տարրն ինքնըստինքյան, այլ՝ Քրիստոսով սրբագործվածը, որ բխում է Նրա տիգախոց կողից (հմմտ. 19, 34): ꟷ
- «չծնվի». Որոշ հին ձեռագրերում հանդիպում է «չվերածնվի» տարբերակը, որով հստակ ակնարկ է արվում Մկրտությանը (հմմտ. Հռմ 6, 4):
 
3, 6 - «մարմին ... հոգի». Հուն. «σάρξ ... πνεῦμά» - «սառքս ... պնէումա». Մարմինը մարդն է իր դյուրաբեկ ու անցողիկ վիճակի մեջ. «հոգին», մինչդեռ, Սուրբ Հոգու զորությամբ ի վերուստ վերածնված մարդն է: Այս տողը կրկին անդրադարձ է կատարում 1, 12-13 հատվածում արտահայտված գաղափարներին (տե՛ս 1, 12-13+): – Տե՛ս նաև Մտթ 26, 41 և 26, 41+-ի երկրորդ մասը:
 
3, 8 - «Հոգին փչում է ո՛ւր ուզում է». Բացարձակ կերպով հաստատվում է Աստծո լիակատար Ազատությունը, այն ազատությունը, որն Աստված կամենում է տալ նաև Իր Որդու հետևորդներից յուրաքանչյուրին, ով Նրան հավատալով՝ ստացել է Աստծո զավակ լինելու իշխանությունը (հմմտ. 1, 12; 8, 31-32.36; հմմտ. նաև Գղտ 4, 1-7): Աստծո այս բացարձակ ազատությունը, որով Հոգին փչում է «ո՛ւր ուզում է», քմահաճ կամայականության արտահայտություն չէ, այլ՝ անձնական նախասիրության, գրեթե կարելի է ասել՝ Աստվածային Ճաշակի. Սուրբ Հոգին, լինելով Անձ, ունի կամք և ընտրողություն, և շնչում է միայն այնտեղ, ուր Ի՛նքն է կամենում, ուստի ենթակա չէ մարդկային ինչ ինչ մոգական ցանկությունների կամ մանկամիտ կամակորությունների: Իսկ Նրա ճաշակը մենք շատ հստակ գիտենք. Նա Երիցս Սուրբն է, Սրբություն Սրբոցը, ուստի փչում է այնտեղ, ուր – Իր նմանությամբ – գտնում է սրբություն՝ խոնարհություն և սեր, մանավանդ՝ ուր գտնում է Սրբության մարմնացումը՝ Հիսուս Քրիստոսին «մարմնով եկած» (1Հվհ 4, 1-6), որովհետև «Հիսուս Քրիստոսի մեջ է մարմնապես բնակվում Աստվածության ողջ լիությունը» (Կղս 2, 9): ꟷ
- «Հոգին». Հունարենում, ինչպես և եբրայեցերենում («רוח» - «ռուախ»), միևնույն «πνεῦμά» - «պնէումա» եզրը նշանակում է և՛ հոգի, և՛ շունչ, և՛ քամի (փչող շունչ, շարժուն, կենդանի իրականություն): Այստեղից էլ՝ փաստը, որ թարգմանությունների մեծամասնության դեպքում հանդիպում է այս տարբերակը. «Քամին փչում է ո՛ւր ուզում է», Հիսուսի խոսքը ներկայացնելով որպես համանմանություն. Հոգուց ծնված ամեն ոք նման է քամու: Գրաբարը ևս. «հողմ՝ ուր կամի շնչէ»։ Բայց այս տարբերակի խնդիրն այն է, որ քամին չի փչում այնտեղ, «ուր ուզում է», այլ՝ ուր պատահում է, ուստի Հիսուսի խոսքի ընկալումը որպես համանմանություն՝ Հոգուց ծնվածի ու քամու կույր ուժի միջև, այնքան էլ համոզիչ չէ: ꟷ
- «փչում է». Հուն. «πνεῖ» - «պնէի». Կարող է թարգմանվել նաև «շնչում է»: Փչում է՝ ինչպես առկայծող ածուխները բորբոքող շունչ, ինչպես գարնան բեղմնափոշին տարածող քամի, բայց նաև՝ ինչպես գոռոզ մայրիները ջախջախող հողմ (հմմտ. Սղմ 29, 5): Նույն ընտանիքին է պատկանում «ἐκπνέω» - «էկպնէօ» բայը, որը Մարկոսը գործածում է Քրիստոսի մահվան դրվագում (տե՛ս Մրկ 15, 37 և 15, 37+): Հմմտ. նաև Հվհ 20, 22: ꟷ
- «դու լսում ես Նրա ձայնը». Հմմտ. Եբր 1, 1-3: ꟷ
- «չգիտես որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում». Չգիտես ո՛չ թե բացարձակ, այլ՝ հարաբերական իմաստով. գիտես, որ Աստծուց է գալիս և Աստծո մոտ է վերադառնում (հմմտ. 16, 28), բայց չգիտես՝ լիովին չես ըմբռնում, թե դա ի՛նչ է նշանակում, որովհետև քեզնից չափազանց մեծ իրողություն է, և որովհետև «ոչ ոք երբևէ չի կարողացել ճանաչել Աստծո գաղտնածածուկ իրողությունները, այլ միայն՝ Աստծո Հոգին», որովհետև Սուրբ Հոգին «քննում է ամեն ինչ, նաև Աստծո խորությունները» (1Կր 2, 10-11): ꟷ
- «այդպես է ամեն ոք, որ Հոգուց է ծնված». Հմմտ. Հվհ 10, 10բ:
 
3, 10 - «վարդապետն». Հուն. «ὁ διδάσκαλος» - «հո դիդասկալոս». Որոշյալ հոդով, ինչը որ յուրահատուկ կերպով ընդգծում է Նիկոդեմոսի բարձրագույն դիրքը հրեական հասարակության ներսում, հատկապես կրոնական ուսուցման առումով: Նա ուսուցիչների ուսուցիչ, վարդապետների վարդապետ է եղել:
 
3, 11 - Հիսուսի ինքնահայտնության ճառերից մեկն է, որ Հովհաննեսի կողմից արտահայտվում է խոսել, ասել, [Ավետարանն] ավետել («λαλέω» - «լալէօ»), գիտենալ, ձեռքբերված ճանաչողությամբ իմանալ, տեղեկացված, սեփական աչքերով տեսած լինել («οἶδα» - «օյդա, էյդօ»), վկայել («μαρτυρέω» - «մառտյուռէօ») բայերով:
«Մենք» անձնական դերանվան գործածումը («ἡμῶν» - «հէմօն» - «մեր») տարբեր ձևերով է մեկնաբանվել. Հիսուսը թերևս կամենում է ներգրավել նաև աշակերտներին, որոնք, սակայն, այդ հանգրվանում տակավին քիչ բան գիտեին. թերևս պատասխանում է Նիկոդեմոսի կողմից 2րդ տողում գործածված հոգնակի թվին, որով ենթադրվում է – ինչպես որ հավանական է – գոյությունը մի խմբավորման, որի գլուխն ինքը՝ Նիկոդեմոսն էր, որի անդամները դրական դիրքորոշում ունեին Հիսուսի նկատմամբ և հակադրվում են «մյուս» հրեաներին, որոնք չեն հարում իրենց. կամ էլ, ամենայն հավանականությամբ, քանի որ դրվագում Հիսուսը շարունակ խոսում է Սուրբ Հոգու մասին, այս «մենք»ն էլ վերաբերվում է Իրեն և Սուրբ Հոգուն, միշտ, անշուշտ, Հոր հետ միության մեջ (հմմտ. 5, 17-30; 10, 30-38; և այլն):
 
---
 
3, 11 - «խոսում ենք ի՛նչ որ գիտենք». Քրիստոսն Ինքն Իրենից չի խոսում (7, 17-18), ասում է այն, ինչ տեսել է Հոր մոտ (1, 18; 3, 11; 8, 38; հմմտ. 8, 24), ավանդում է Հոր խոսքերն ու ուսուցումը (3, 34; 8, 28; 12, 49-50; 14, 24; 17, 8.14), Հոր Խոսքն է (1, 1.14): Գործուն, արդյունավետ Խոսք. Նրա միջոցով ամեն ինչ ստեղծվել է ոչնչից (1, 1), մեռյալները վերակենդանացած դուրս են գալիս գերեզմաններից (11, 43-44; 5, 28-29), մարդիկ կենագործվում են (5, 24; 6, 63; 8, 51), մաքրագործվում (15, 3). Սուրբ Հոգու՝ անմահության սկզբունքի պարգևման միջոցով (1, 33; 20, 22) մարդը դառնում է Աստծո զավակ (10, 35; 1, 12):
Միայն մեկ պայման է դրված մարդու առաջ. հավատալ Խոսքին (1, 12), մնալ Նրա մեջ (8, 31; 15, 7; հմմտ. Կղս 3, 16), պահպանել Այն (8, 37.55; 12, 47; 14, 23; 15, 20; 17, 6), հետևել Նրա սիրո պատվիրանին (14, 34):
Խոսքը, սակայն, խորհրդավոր է (2, 20), դժվարըմբռնելի (6, 60; 7, 36). Նրա ունկնդրումը բաժանում է մարդկանց (7, 43; 10, 19). ոմանք հավատում են (4, 41; 7, 40-46; 8, 30), ուրիշներ ետ են քաշվում՝ հուսախաբ (6, 66), հակառակ այն փաստի, որ «նշաններ» են տեսել (2, 11). այս մերժված Խոսքը նրանց դատելու է Վերջին Օրը (12, 48): ꟷ
- «վկայում ենք ի՛նչ որ տեսել ենք». «Վկայություն» հասկացողության շարունակական ընդգծումը Հովհաննեսի Ավետարանին հաղորդում է մի գերմարդկային դատավարության նկարագիր. Հովհաննես Մկրտչի վկայությամբ ավետված (1, 7-8.15.19; 3, 26; 5, 33; 10, 41), Հիսուսը վկայում է ճշմարտությանը (18, 37), աշխարհի դեմ (7, 7). վկայում է Հորը և Ինքն Իրեն որպես Հոր կողմից ուղարկված (3, 11.31-32; 5, 36; 10, 25; հմմտ. Հյտ 1, 5; 3, 14; 1Տմ 6, 13): Հայրն Իր հերթին վկայում է ի նպաստ Որդու (5, 31-37; 8, 18), նույն կերպ է վարվում նաև Հոգին (15, 26; հմմտ. 14, 26; 1Հվհ 5, 6-12; Հռմ 8, 16): Վկայությունների այս փնջին Առաքյալները (հմմտ. 17, 20) և բոլոր ժամանակների նրանց հաջորդները ավելացնելու են իրենց վկայությունները (15, 27; 19, 35; Գրծ 1, 8; և այլն):
 
---
 
3, 12 - Հավատքը (հմմտ. Մտթ 8, 10 և 8, 10+; Հռմ 1, 16) Հովհաննեսի համար կայանում է Հիսուսին «ընդունելու» մեջ (1, 12; 5, 43), Հիսուսին և միաժամանակ Հորը «ճանաչելու» մեջ (10, 38; 14, 7), ճանաչելու և ընդունելու մեջ, հանձինս Նրա, Հոր կողմից ուղարկվածին և Որդուն (3, 16-18; 14, 1.10; 17, 8.21-25; 20, 31), Հիսուսի մոտ գնալու մեջ (6, 35), Նրան «տեսնելու» մեջ (6, 36.40; 11, 40; 20, 8.29): Հրահրված լինելով նշանների կողմից (2, 11; 4, 53; և այլն; 20, 31) և հիմնված լինելով վկայությունների վրա (3, 11; 10, 25; և այլն), հավատքը ներածում է մեզ հավիտենական կյանքի մեջ (3, 15; 5, 25; 10, 26-28): Կիրառվում է գործուն սիրով, որ պահում է խոսքն ու պատվիրանները. Հիսուսը մարդկանց դատում է Իր հանդեպ նրանց ունեցած այս առանցքային դիրքորոշման հիման վրա (3, 17-18.36; 5, 19.44-47):
 
3, 13 - Ուշ շրջանի որոշ ձեռագրեր նախադասության վերջում ավելացնում են «որ երկնքում է» խոսքերը, ակնհայտ ակնարկ կատարելով Հիսուսի Համբարձմանը: Այսինքն. «Մարդու Որդին, որ այժմ երկնքում է»: Գրաբարը ևս. «Որդին Մարդոյ՝ որ էն յերկինս»։
 
3, 14 - «բարձրացրեց ... բարձրացվի». Հուն. «ὕψωσεν ... ὑψωθῆναι» - «հյուփսօսէն ... հյուփսօթէնայ». Թց 21, 9-ում Մովսեսը մի պղնձե օձ է բարձրացնում փայտե ձողի վրա, որպեսզի օձերի կողմից խայթվածներն այդ պատկերին նայելով փրկվեն: Դրվագն ակնհայտ կերպով մարգարեական է և Հիսուսը հաստատում է դա: Բարձրացման գործողության մեջ Հովհաննեսը տեսնում է Հիսուսի փառավորումը մահվամբ ու հարությամբ. իշխանությունները նրան բարձրացնում են խաչի վրա, կարծելով այդ կերպ հաղթել, բայց դա ճանապարհ է դառնում Հիսուսի աստվածային բարձրացման՝ փառավորման համար:
 
---
 
3, 14 - «հարկավոր է, որ Մարդու Որդին բարձրացվի». Մարդու Որդին (հմմտ. Դն 7, 13; Մտթ 8, 20 և 8, 20+; 12, 32; 24, 30) պետք է խաչ «բարձրացվի», և միաժամանակ՝ կրկին մուտք գործի Հոր փառքի մեջ (1, 51; 8, 28; 12, 32-34; 13, 31-32): Փրկվելու համար՝ հարկավոր է սեփական հայացքն ուղղել խաչ բարձրացված Քրիստոսին (Թց 21, 8; Զքր 12, 10; Հվհ 19, 37), այսինքն՝ հավատալ, որ Նա – հե՛նց Նա – Աստծո Միածին Որդին է (3, 18; Զքր 12, 10): Այդպես է, որ մարդը կարող է մաքրագործվել Նրա տիգախոց կողի ջրով (Հվհ 19, 34; Զքր 13, 1):
 
---
 
3, 15 - «հավիտենական կյանք». Հուն. «ζωή αἰώνιος» - «զօէ այօնիոս». Առանց որոշյալ հոդի: Սա առաջինն է այն բազմաթիվ անգամների, որոնցում Հովհաննեսը գործածում է «հավիտենական կյանք» արտահայտությունը (3, 16; 4, 14.36; 5, 24.39; 6, 27.40.47.54.68; 10, 28; 17, 2-3; և այլն): ꟷ
- Որոշ ձեռագրերում հանդիպում է «որպեսզի հավատացող ամեն ոք հավիտենական կյանք ունենա Նրա միջոցով» տարբերակը:
 
---
 
3, 15 - «որպեսզի Նրան հավատացող ամեն ոք հավիտենական կյանք ունենա». Աստված, բացարձակ Տերը կյանքի (Ծնդ 9, 4-5; 2Օր 32, 39; Սղմ 36, 10), կյանքի վրա տիրապետությունը փոխանցել է Որդուն (5, 21; 10, 18; 17, 2): Որդին Ինքը կյանքն է (11, 25; 14, 6): Կյանքն Իր մեջ ունի և այն տալիս է (5, 26) նրանց, ովքեր հավատում են Իրեն (1, 4.12; 4, 14; 5, 24; 6, 35; 20, 31): Այս կյանքը հաճախ որակավորվում է որպես «հավիտենական», խոսք, որով մատնանշվում է ինքնատիպ կերպով աստվածային մի որակ, որի համաձայն՝ կյանքն անդին է, քան այն ամեն ինչը, որ մարմնավոր է ու ժամանակավոր, որի տևողությունը հնարավոր է չափել (հմմտ. Ծնդ 21, 33; Ես 40, 28; Սղմ 90, 2; Իմս 5, 15-16; և այլն): Կյանքը խոստացված է հավատացյալներին (հմմտ. 2Կր 4, 18), բայց արդեն տրված է նրանց (3, 36; 5, 24; 6, 40.68; 1Հվհ 2, 25). ամբողջանալու է հարության ժամանակ (6, 39-40.54; 11, 25-26; հմմտ. նաև Մտթ 7, 14; 18, 8; 19, 16):
 
---
 
3, 16-21 - Սույն տողերը մաս չեն կազմում Հիսուսի խոսքին, այլ՝ Հովհաննեսի կողմից ավելացված մեկնաբանություն են:
 
3, 16 - Հուն. «Οὕτως γὰρ ἠγάπησεν ὁ Θεὸς τὸν κόσμον, ὥστε τὸν Υἱὸν τὸν μονογενῆ ἔδωκεν, ἵνα πᾶς ὁ πιστεύων εἰς αὐτὸν μὴ ἀπόληται ἀλλ’ἔχῃ ζωὴν αἰώνιον» - «Հուտօս գառ էգապեսեն հո Թէոս տոն կոսմոն, հօստէ տոն Հյուիոն տոն մոնոգենէ էդօկեն, հինա պաս հո պիստէուօն էիս աուտոն մէ ապոլետայ ալլ'էխէ զօէն այօնիոն»։
 
3, 17 - «դատապարտի». Հուն. «κρίνω» - «կռինօ» բայի արմատը մատնանշում է և՛ դատելը, և՛ դատապարտելը: Հիսուսի նպատակը յուրաքանչյուրի փրկությունն է, բայց Նրա գալուստը ենթադրում է նաև դատաստան, և ոմանք ինքնադատապարտվում են՝ թիկունք դարձնելով լույսին (19):
 
3, 18 - «Ով հավատում է Նրան, դատապարտված չէ». Տե՛ս 3, 33+: ꟷ
- «Անվանը». Սեմական լեզուներին բնորոշ ասելաձև է. անունը ներկայացնում է հենց անձը: Նախադասությունն, ուստի, նշանակում է «քանի որ չհավատաց Աստծո Միածին Որդուն»:
 
3, 19 - «լույսն աշխարհ եկավ». Ակնարկում է Նախաբանին (հմմտ. 1, 1-18):
 
3, 20 - «չբացահայտվեն». Հուն. «μὴ ἐλεγχθῇ» - «մէ էլենխթէ». Կարող է թարգմանվել նաև «չմերկացվեն, չդիմակազերծվեն, չհանդիմանվեն, ցույց չտրվի դրանց սխալ լինելը»:
 
3, 21 - «Աստծո համաձայն». Բառացի՝ Աստծո մեջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։