21-30. Հուդայի դավաճանության բացահայտումը – Գրադարան – Mashtoz.org

21-30. Հուդայի դավաճանության բացահայտումը

→ Մտթ 26, 21-25; Մրկ 14, 18-21; Ղկս 22, 21-23
⁓ Հվհ 8, 12; 12, 6.27; 13, 2; 19, 26; 20, 2; 21, 7.20
≈ Ղկս 8, 51; 22, 3.53
 
21Երբ այս բաներն ասաց, Հիսուսը խորապես հուզվեց Իր հոգում, և վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ դավաճանելու է»: 22Աշակերտները սկսեցին շփոթված մեկը մյուսին նայել, չիմանալով, թե ո՛ւմ մասին էր ասում: 23Նրա աշակերտներից մեկը – այն մեկը, որին Հիսուսը սիրում էր, – թիկնել էր Հիսուսի կողքին: 24Սիմոն Պետրոսն, ուստի, նշան արեց նրան՝ հարցնելու, թե ո՛ւմ մասին էր ասում: 25Եվ նա, այդպիսով, Հիսուսի կրծքի վրա կքվելով՝ ասաց Նրան. «Տե՜ր, ո՞վ է»: 26Հիսուսն, այնժամ, պատասխանեց. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմ և կտամ իրեն»: Ապա թաթախելով պատառը՝ այն վերցրեց և Հուդա Սիմոնի Իսկարիովտացուն տվեց: 27Եվ այնժամ, այդ պատառից հետո, սատանան նրա մեջ մտավ: Հիսուսն, հետևաբար, ասաց նրան. «Ի՛նչ որ անում ես, արա՛գ արա»: 28Արդ, սեղանակիցներից ոչ մեկը չհասկացավ սա, թե ի՛նչ ասաց նրան. 29հիրավի, ոմանք մտածում էին. «Քանի որ փողի քսակը Հուդայի մոտ է, նշանակում է՝ Հիսուսը նրան ասաց. ''Գնի՛ր այն, ինչը որ մեզ հարկավոր է տոնի համար''», կամ էլ՝ որ ինչ որ մի բան տա աղքատներին: 30Եվ ուրեմն, պատառը վերցնելով՝ նա իսկույն դուրս ելավ: Գիշեր էր, ահա՛:
13, 21 - «խորապես հուզվեց». Երրորդ անգամն է (հմմտ. 11, 33; 12, 27), որ Հիսուսը խորը հուզմունք կամ խռովք է ապրում: ꟷ
- «վկայեց». Հովհաննեսին յուրահատուկ կերպով հոգեհարազատ բայ է սա. «μαρτυρέω» - «մառտյուռէօ» (որից՝ հայերենի մարտիրոս, մարտիրոսանալ եզրերը): Նոր Կտակարանում հանդիպող 76 անգամներից 47ը իրենն են (33ը՝ Ավետարանում, 10ը՝ Նամակներում, 4ը՝ Հայտնության գրքում), մինչ Մատթեոսն (23, 31) ու Ղուկասը (4, 22) այն գործածում են ընդամենը մեկական անգամ, իսկ Մարկոսը բնավ չի գործածում (Մարկոսը միայն մեկ անգամ - 14, 63 - գործածում է «վկա» գոյականը, որը Հովհաննեսն ընդհանրապես չի գործածում Ավետարանում ու Նամակներում, այլ միայն՝ 5 անգամ Հայտնության գրքում. Մատթեոսն ու Ղուկասը այն գործածում են երկուական անգամ):
 
13, 23 - «որին Հիսուսը սիրում էր». Ավետարանի բեմահարթակին հայտնվում է այս աշակերտի խորհրդավոր կերպարը, որի մասին միայն Հովհաննեսն է տեղեկություններ հաղորդում, առանց սակայն հայտնելու նրա անունը: Այս աշակերտը ներկայանում է որպես ականատես վկա՝ այն բոլոր գլխավոր իրադարձությունների, որ վերաբերվում են Հիսուսի երկրային կյանքի վերջին շաբաթվան. ընթրիքի ընթացքում (13, 23-25; 21, 20), խաչի ստորոտին (19, 25-27), դատարկ գերեզմանի դրվագում (20, 1-10): Ավելի ուշ, Տիբերիայի ծովեզերքին, միակն է, որ ճանաչում է Հիսուսին, երբ Նա երևում է աշակերտներին (21, 7): Հովհաննեսի Ավետարանի ա՛յլ դրվագներ ևս (1, 35-42; 18, 15; 19, 35; 20, 2) թերևս անուղղակի ակնարկներ են պարունակում այս աշակերտի վերաբերյալ, ով վերջում (21, 24) նշանակալի կերպով մատնացույց է արվում որպես Հիսուսի վերաբերյալ ճշմարտացի վկայության վավերական աղբյուր. վկայություն, որն Հովհաննեսի կողմից ամփոփվել է իր Ավետարանի էջերում:
Բազմաթիվ փորձեր են կատարվել՝ ճշգրտելու համար այս աշակերտի ինքնությունը: Զեբեդեոսի որդի Հովհաննեսի ավանդական վարկածից բացի, ով Տասներկու Առաքյալներից մեկն էր և սույն Ավետարանի հեղինակը, ի թիվս այլոց առաջ է քաշվել նաև ենթադրությունը, որ «Հիսուսի սիրելի աշակերտի» կերպարը կարող է և խորհրդաբանական լինել, որն Հովհաննեսի աստվածաբանական տեսության ներսում ստանձնում է գաղափարական աշակերտի դերը: Բայց առավել հավանական է մնում վարկածը, որ այս խորհրդավոր աշակերտի կերպարի ներքո թաքնված է մի իրական անձնավորություն, ով ականատես վկայի հեղինակությամբ երաշխավորում է ներկայացված պատմությունների պատմականությունն ու ճշմարտացիությունը: ꟷ
- «սիրում էր». Հուն. «ἠγάπα» - «էգապա». Տե՛ս 11, 5+-ի առաջին մասը: ꟷ
- «թիկնել էր Հիսուսի կողքին». Հուն. «ἐν τῷ κόλπῳ τοῦ Ἰησοῦ» - «էն տօ կոլպօ տու Յիեսու». Բառացի՝ Հիսուսի կրծքին (կրծքավանդակի մոտ, դոշին): Քանի որ կերակուրներն ուտում էին ձախ ձեռքի վրա թիկնած (տե՛ս Մտթ 26, 20+), ով թիկնած էր Հիսուսի աջ կողմում, Նրա կողմը թեքվելով՝ գտնվում էր Նրա կրծքավանդակի մոտ: Աշակերտի այս մոտիկությունը, հետևաբար, մատնանշում է Հիսուսի հետ ունեցած նրա մտերմությունը:
 
13, 26 - «պատառը». Հուն. «ψωμίον» - «փսօմիոն». Մերձավոր արևելյան սովորույթների համաձայն՝ մի ախորժալի պատառ վերցնելը, այն հյութեղ թացանի մեջ թաթախելը և դրանով ինչ որ մեկին հյուրասիրելը՝ հարգանքի ու մտերմության նշան էր (հմմտ. Հռթ 2, 14): Այս եզրը Նոր Կտակարանում գործածված է միայն 4 անգամ, բոլորը այս գլխում: Հստակ չէ, թե խոսքը վերաբերվում է հացի պատառի, թե՝ մսի կամ ա՛յլ կերակուրի: Գրեթե վստահաբար՝ խոսքը հացի մասին չէ: Բայց, համենայն դեպս, եթե նույնիսկ ընկալվի որպես հացի պատառ, սույն համատեքստում հաղորդութենական ոչ մի իմաստ չի պարունակում: – Հմմտ. Մրկ 14, 20+-ի առաջին մասը:
 
13, 27 - Միակ դեպքն է, ուր Հովհաննեսը գործածում է «սատանա» անուն-եզրը: Մյուս դեպքերում (6, 70; 8, 44; 13, 2) գործածվում է «դև» («διάβολος» - «դիաբոլոս») եզրը, որի նշանակության համար՝ տե՛ս Մտթ 4, 1+-ի երկրորդ մասը: ꟷ
- «արագ». Հուն. «τάχιον» - «տախյոն». Բնագրի եզրը համեմատական մակբայ է. «արագորեն», առանց անօգուտ հապաղումների:
 
13, 28 - «սեղանակիցներից». Բառացի՝ թիկնածներից, բազմածներից:
 
13, 30 - «Գիշեր». Նկատելի է այս ժամանակային նշման այլաբանական նշանակությունը (հմմտ. 9, 4; 11, 10):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։