01-15. Հացերի բազմացումը – Գրադարան – Mashtoz.org

01-15. Հացերի բազմացումը

→ Մտթ 14, 13-21; Մրկ 6, 32-44; Ղկս 9, 10-17
⁓ Հվհ 1, 21; 2, 13; 11, 55; 12, 13; 18, 36
≈ Մտթ 5, 1; Մրկ 1, 34; Ղկս 22, 1; Թց 11, 13.22; 2Օր 18, 15; 2Թգ 4, 42-44
 
1Այդ բաներից հետո Հիսուսը Գալիլեայի՝ Տիբերական ծովի մյուս կողմն անցավ, 2և մի հոծ բազմություն հետևում էր Նրան, որովհետև տեսնում էին նշանները, որ Նա կատարում էր հիվանդների վրա: 3Հիսուսն, այնժամ, լեռ բարձրացավ և նստեց այնտեղ Իր աշակերտների հետ: 4Եվ մոտ էր Զատիկը՝ հրեաների տոնը:
5Հիսուսն, ապա, աչքերը վեր բարձրացնելով և տեսնելով, որ մի հոծ բազմություն գալիս է Իր մոտ, ասաց Փիլիպպոսին. «Որտեղի՞ց ենք հաց գնելու, որ նրանք ուտեն»: 6Բայց դա ասում էր նրան փորձելու համար. Ինքը, մինչդեռ, գիտեր, թե ի՛նչ էր անելու: 7Փիլիպպոսը պատասխանեց Նրան. «Երկու հարյուր դահեկանի հացը նրանց չի բավականացնի, որպեսզի յուրաքանչյուրը մի փոքր վերցնի»: 8Նրա աշակերտներից մեկը՝ Անդրեասը՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց Նրան. 9«Այստեղ մի պատանի կա, որ գարու հինգ նկանակ և երկու փոքր ձուկ ունի: Բայց դա ի՞նչ է այսքանի՜ համար»: 10Հիսուսն ասաց. «Բազմե՛լ տվեք մարդկանց»: Այնտեղ, իրոք, առատ խոտ կար: Ուստի բազմեցին տղամարդիկ, թվով շուրջ հինգ հազար հոգի: 11Այնժամ Հիսուսը վերցրեց նկանակները, և գոհություն հայտնելով՝ բաժանեց բազմածներին. նույն կերպ նաև ձկներից, որքան որ կամեցան: 12Իսկ երբ կշտացան, Նա Իր աշակերտներին ասաց. «Հավաքեցե՛ք ավելացած կտորտանքները, որպեսզի ոչինչ չկորչի»: 13Նրանք, ուստի, հավաքեցին դրանք, և տասներկու սակառ լցրեցին գարու հինգ նկանակներից մնացած կտորտանքներով, որ ավելացել էին նրանց, ովքեր կերել էին:
14Այդ ժամանակ մարդիկ, տեսնելով՝ թե ի՛նչ նշան գործեց, սկսեցին ասել, թե. «Ճշմարտապես, սա՛ է մարգարեն, որ գալիս է աշխարհ»: 15Հիսուսը, սակայն, տեղեկանալով, որ նրանք պատրաստվում են գալու և Իրեն բռնելու, որպեսզի թագավոր հռչակեն, դարձյալ լեռան վրա քաշվեց՝ Ինքը միայնակ:
6, 1-15 - Հացերի բազմացումը չորրորդ «նշանն» է. միակ հրաշքը, որ ներկա է բոլոր չորս Ավետարաններում (հմմտ. Մտթ 14, 13-21; Մրկ 6, 32-44; Ղկս 9, 10-17): – Այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի նշանակության համար՝ տե՛ս Մտթ 14, 13-21+; 15, 32-39+ և Մրկ 6, 32-44+:
 
6, 1 - «մյուս կողմն». Խոսքը «Գալիլեայի ծովի» արևելյան ափի մասին է: Այս անունը Ավետարաններում գործածվում է ևս 4 անգամ (Մտթ 4, 18; 15, 29; Մրկ 1, 16; 7, 31), որպես Գեննեսարեթի լճի անվան տարբերակ: Այստեղ և 21, 1 տողում ավելացվում է նաև «Տիբերական» անունը, ակնարկելով ծովափին կառուցված այն քաղաքին, որն Հերովդես Անտիպասը 20 թվականին հիմնել էր Տիբերիուս Կեսարին ի պատիվ:
 
6, 3 - «լեռ». Գալիլեայում գտնվող այդ լեռը համատես Ավետարաններում հաճախ է ներկայացվում որպես կարևոր իրադարձությունների կատարման վայր (հմմտ. Մտթ 5, 1 և 5, 1+; 14, 23 և 14, 23+-ի առաջին մասը; 28, 16; Մրկ 3, 13; և այլն):
 
6, 4 - Ժամանակային նշումը («մոտ էր Զատիկը») ծառայում է ներածելու կյանքի հացի մասին Հիսուսի ճառը: Հրեական տոնի ընթացքում, իրոք, ժողովարաններում ծիսակատարությունների ժամանակ առաջարկվում էր մանանայի թեման՝ ընթերցելու և մտորելու համար:
 
6, 5 - Մինչ համատես Ավետարաններում նախաձեռնությունը կատարում են աշակերտները, Հովհաննեսի մոտ, ընդհակառակը, նախաձեռնությունը Հիսուսինն է:
 
6, 6 - «ի՛նչ էր անելու». Հուն. «τί ἔμελλεν ποιεῖν» - «տի էմելլեն պոյեին». Ավելի ճշգրիտ կերպով՝ ի՛նչ անելու վրա էր, ի՛նչ էր պատրաստվում անել քիչ անց:
 
6, 9 - «պատանի». Հուն. «παιδάριον» - «պայդառիոն». Միակ դեպքն է Նոր Կտակարանում, ուր գործածվում է այս եզրը: ꟷ
- «հինգ ... և երկու». Երկու թվերի գումարը կազմում է յոթ, ամբողջության խորհրդանիշը: ꟷ
- «գարու նկանակ». Կամ՝ գարեհաց: Գրաբար. «հինգ նկանակ գարեղէն»։ Հավանաբար ակնարկվում է Եղիսե Մարգարեին, ով բազմացրել էր գարեղեն նկանակները (հմմտ. 2Թգ 4, 42-44). մանրամասնություն, որ կրկնվում է նաև քիչ անց (13):
 
6, 10 - «Բազմե՛լ տվեք մարդկանց». Թիկն տված ուտելը բնորոշ էր ազատ մարդկանց, ի տարբերություն ծառաների ու ստրուկների (հմմտ. Մտթ 26, 20+):
 
6, 11 - Այս տողն իր վրա ակնհայտ կերպով կրում է Ամենասուրբ Հաղորդության խորհրդի կնիքը: «Εὐχαριστέω» - «էուխառիստէօ» - «գոհություն հայտնել» բայը նույնն է, որ համատես Ավետարաններում (Մտթ 26, 27; Մրկ 14, 23; Ղկս 22, 17; հմմտ. 1Կր 11, 24) գործածվում է Վերջին Ընթրիքի ժամանակ (որն Հովհաննեսը չի ներառել իր Ավետարանի մեջ):
Հովհաննեսի տարբերակում Հիսուսն Ինքն է բաժանում հացերը, մինչ մյուս երեք Ավետարաններում, ավելի իրապաշտական կերպով, դա անում են աշակերտները: Բայց հակասություն չկա երկուսի միջև. Հովհաննեսը, իր աստվածաբանական մոտեցմամբ, կամենում է ընդգծել, որ նույնիսկ եթե բաժանումը կատարվում է աշակերտների ձեռքով, վերջին հաշվով Հիսուսն Ինքն է, որ տալիս է այդ հացը: Հովհաննեսի այս մոտեցումը ևս ընդգծում է փաստը, որ հացերի բազմացման հրաշքն իր համար «նշան» է, որ միտքն ուղղում է դեպի Վերջին Ընթրիքը, դեպի Քրիստոսի Մարմնի ու Արյան Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը:
 
6, 12 - «կշտացան». Հովհաննեսը կամենում է ընդգծել, որ Հիսուսն իսկապես կերակրել է ներկաներին և, հետևաբար, խոսքը սոսկ սիմվոլիկ պատմության մասին չէ:
 
6, 14 - «մարգարեն». Այդ ժամանակվա մեսսիական գաղափարների ու սպասումների ետնանկարի վրա դժվար է գեթ մոտավոր կերպով ասել, թե ի՛նչ ի նկատի ունեին այդ մարդիկ, երբ հանձինս Հիսուսի ցանկանում էին տեսնել «մարգարեն», որին սպասում էին: Ամենայն հավանականությամբ, սակայն, դա կարող է վերաբերվել Մովսեսին, ըստ 2Օր 18, 15-18 հատվածում տրված խոստման: ꟷ
- «գալիս է». Հուն. «ἐρχόμενος» - «էռխոմենոս». Բառացի՝ եկողը, այսինքն՝ նա, որ գալու վրա է, ուր որ է գալիս է: Տե՛ս նաև 3, 31+ և 4, 21+:
 
6, 15 - «բռնելու». Հուն. «ἁρπάζειν» - «հառպազէին». Արտահայտում է ուժով բռնելու, բռնի ուժ գործադրելու, հարկադրելու իմաստը: Ամբոխը, քանի որ կերել ու կշտացել էր, ցանկանում է պարտադրել Հիսուսին՝ ընդունել թագավորական պաշտոնը և գլխավորել հրեական ազգային ազատագրական պայքարն ընդդեմ հռոմեացիների: ꟷ
- «դարձյալ ... քաշվեց». Հուն. «ἀνεχώρησεν» - «անէխօռեսեն». Նշանակում է կրկին ետ քաշվել, հետ գնալ, վերադառնալ, հեռանալ. գաղափարներ, որոնց հիմքում ընկած է, սակայն, հնարավոր կամ անխուսափելի վտանգից փախչելու, ապահով տեղում պատսպարվելու իմաստը (և իրոք, որոշ հին ձեռագրերում հանդիպում է «փախավ» տարբերակը): Հովհաննեսի այս տողը ցույց է տալիս, թե Աստծո մարդացած Որդին որքա՜ն էր խուսափում (սոսկում) Իր փրկարար աստվածային առաքելությունը քաղաքական շարժումների հետ շփոթելու (իրական ու միշտ այժմեական) վտանգից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։