29-34. Աստծո Գառը – Գրադարան – Mashtoz.org

29-34. Աստծո Գառը

⁓ Հվհ 1, 1.15-17.36; 3, 5.34; 4, 42; 8, 58
≈ Մտթ 3, 11-17; Մրկ 1, 8-11; Ղկս 3, 16.21-22; 9, 35; 23, 35;
Հյտ 5, 6; Ել 12, 1; 1Սմ 9, 17; Ես 11, 2; 42, 1; 53, 7.12; 61, 1
 
29Հաջորդ օրը նա տեսավ Հիսուսին, որ գալիս էր դեպի իրեն, և ասաց. «Ահա՛ Աստծո Գառը, որ վերցնում հեռացնում է աշխարհի մեղքը: 30Նա՛ է, որի մասին ես ասացի. Ինձնից հետո գալիս է մի մարդ, որ ինձնից վեր է, որովհետև ինձնից առաջ էր: 31Ես էլ չէի ճանաչում Նրան, բայց որպեսզի Նա հայտնվեր Իսրայելին, դրա՛ համար ես եկա ջրով մկրտելու»: 32Եվ Հովհաննեսը վկայեց՝ ասելով. «Տեսա Հոգին, որ աղավնու նման իջնում էր երկնքից և հանգչում Նրա վրա: 33Ես էլ չէի ճանաչում Նրան, բայց Նա, Ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, Նա ինձ ասաց. ''Ո՛ւմ վրա տեսնես, որ Հոգին իջնում և որ հանգչում է Նրա վրա, Նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով'': 34Եվ ես տեսա ու վկայեցի, որ Նա Աստծո Որդին է»:
1, 29 - «Աստծո Գառը». Հուն. «ὁ Ἀμνὸς τοῦ Θεοῦ» - «հո Ամնոս տու Թէու». Հիսուսի սահմանումը որպես «Աստծո Գառ» Նոր Կտակարանում գործածվում է միայն 2 անգամ, երկուսն էլ այս գլխում: Այս տողում շարունակվում է «որ վերցնում հեռացնում է աշխարհի մեղքը» արտահայտությամբ (հմմտ. նաև 1Հվհ 3, 5): Հովհաննես Մկրտչի կողմից Հիսուսին տրված այս տիտղոսի ամենաապահով հիմնավորումը զատկական գառն է: Գառան ծիսական զոհաբերման և որպես ազատագրման ու փրկության նշան՝ դռներին ցողված արյան արարողակարգի (հմմտ. Ել 12, 7-13; Ղևտ 14) և խաչի վրա զոհաբերված Գառան արյան մերձեցումը նշանակում է, որ Քրիստոսի Զոհը («մեր Զատիկը». 1Կր 5, 7) մեղավոր, բայց Աստծո հետ հաշտեցված ու փրկագործված մարդկության համար ներկայանում է որպես «ելք»՝ մահից կյանքի (5, 24), խավարից լույսի (8, 12): Հիսուսը՝ Հոր առաքյալը, Իր ինքնազոհընծայմամբ սկիզբ է տալիս Նոր Ուխտի Զատկին և Աստծո զավակների նոր ազատությանը (հմմտ. Հյտ 5, 6.12 և այլն): ꟷ
- «վերցնում հեռացնում է». Հուն. «αἴρων» - «աիռօն». Գրաբար. «բառնայ»։ Նշանակում է բռնել, բարձրացնել՝ մեջտեղից հանելու, հեռացնելու նպատակով, այնպես՝ ինչպես ճանապարհից վերցվում հեռացվում է խոչընդոտը: ꟷ
- «աշխարհի». Տե՛ս 1, 10+-ի առաջին մասը:
 
1, 30 - «ինձնից վեր է». Բառացի՝ իմ նկատմամբ առաջնահերթություն ունի: Կամ՝ իմ համեմատ վերադաս է: Գրաբարը. «առաջի իմ եղեւ»։
 
1, 31 - «հայտնվեր». Հուն. «φανερωθῇ» - «ֆանեռօթէ». Տեսանելի, հստակ, ակնհայտ, ճանաչված, բացահայտ լիներ:
 
1, 32 - «աղավնու նման». Տե՛ս Մտթ 3, 16+-ի երրորդ մասը: ꟷ
- «հանգչում». Հուն. «ἔμεινεν» - «էմեինեն». Բառացի՝ մնում: Սա առաջին անգամն է, որ «μένω» - «մենօ» - «մնալ» բայը գործածվում է Հովհաննեսի Ավետարանում, ուր գործածվելու է դեռ 39 անգամ ևս: Սա Հովհաննեսին խիստ հոգեհարազատ եզր է, որով հատուկ շեշտադրում է կատարում Հոր և Որդու, ապա նաև Որդու և քրիստոնյայի միջև հարաբերության մնայուն կապի, զոդի վրա:
 
1, 33 - «Նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով». Հուն. «οὗτός ἐστιν ὁ βαπτίζων ἐν Πνεύματι Ἁγίῳ» - «հուտոս էստին հո բապտիզօն էն Պնեումատի Հագիօ». Սույն արտահայտությամբ սահմանվում է Մեսսիայի՝ Փրկչի առաքելության էական կետը, որ կանխավ ավետվել էր Հին Կտակարանի կողմից (հմմտ. Գրծ 2, 33). վերածնել մարդկությունը Սուրբ Հոգու մեջ: Քանի որ Սուրբ Հոգին հանգչում է Իր վրա (Ես 11, 2; 42, 1), Մեսսիան կարողանալու է հաղորդել Նրան մարդկանց (Մկրտությունը Սուրբ Հոգու մեջ. հմմտ. Հվհ 1, 33 և Գրծ 1, 5), բայց Հարությունից հետո միայն (7, 39; 14, 26; 16, 7.8; 20, 22; Ղկս 24, 49; Գրծ 2): Արդարև, միայն այն բանից հետո, որ «կբարձրացվի» և կանցնի Հոր մոտ, Հիսուսը, որ եկել էր մարմնով (1, 14), Իր փառավորված մարմնի մեջ կունենա Աստծո կենարար զորության լիությունը. այդ ժամանակ է, որ այդ Մարմնից, կարծես Իր ակունքից, Սուրբ Հոգին կհեղվի աշխարհի վրա (7, 37-39; 19, 34; հմմտ. Մրկ 15, 37 և 15, 37+; Հռմ 5, 5):
 
1, 34 - «Աստծո Որդին է». Որոշ խիստ սակավաթիվ ձեռագրեր-թարգմանություններում հանդիպում է «Աստծո Ընտրյալը» տարբերակը: Բայց հունարենը միանշանակ է. «οὗτός ἐστιν ὁ Υἱὸς τοῦ Θεοῦ» - «հուտոս էստին հո Հյուիոս տու Թէու» (Որդի գոյականը որոշյալ հոդով):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։