01-17. Ճշմարիտ որթատունկը – Գրադարան – Mashtoz.org

01-17. Ճշմարիտ որթատունկը

⁓ Հվհ 3, 11.29.35; 6, 38.56-57; 8, 29-31; 10, 11.14-15; 13, 1.6.10.18.34.40; 14, 13-15; 15, 2.16; 16, 21-24; 17, 13.23
≈ Մտթ 3, 10; 5, 16; 12, 50; 13, 30.40; 15, 13; 21, 33; 28, 10; Մրկ 11, 24; 12, 31; Ղկս 12, 4; Հռմ 5, 6-8; 6, 20-23; 7, 4; 1Կր 12, 12.27; 2Կր 3, 5; 1Հվհ 1, 4; 2, 4.8; 3, 11.16; 4, 10; 5, 14; Ել 33, 11; 2Օր 7, 6; Սղմ 79, 9-16; Սրք 24, 23; Ես 5, 1; 18, 5; Երմ 2, 21; Եզկ 15, 1-8
 
1«Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է: 2Յուրաքանչյուր ճյուղ, որ իմ մեջ պտուղ չի բերում, Նա կտրում է այն, իսկ յուրաքանչյուր ճյուղ, որ պտղաբերում է, Նա էտում է այն, որպեսզի առավել ևս պտղաբեր լինի: 3Դուք արդեն իսկ էտված եք, շնորհիվ այն խոսքի, որ ավետեցի ձեզ: 4Մնացեք իմ մեջ, և ես՝ ձեր մեջ: Ինչպես ճյուղը կարողություն չունի պտղաբերելու ինքնուրույն, եթե չի մնում որթատունկի ամբողջության մեջ, նույնպես նաև դուք, եթե չեք մնում իմ մեջ: 5Ես եմ որթատունկը, դուք՝ ճյուղերը: Ով մնում է իմ մեջ, և ես՝ իր մեջ, նա շատ պտուղ է բերում, որովհետև ինձնից հատված՝ ոչինչ չեք կարող անել: 6Եթե ինչ որ մեկը չի մնում իմ մեջ, դեն է գցվում ճյուղի նման և չորանում է. ապա դրանք հավաքվում են միասին և կրակը նետվում ու այրվում: 7Եթե մնաք իմ մեջ և իմ խոսքերը մնան ձեր մեջ, – եթե կամենաք սա, – հետամուտ եղեք և կկատարվի ձեր համար: 8Այս բանի մեջ է փառավորվում իմ Հայրը. որ դուք առատ պտուղ բերեք և իմ աշակերտները լինեք:
9Ինչպես Հայրը սիրեց ինձ, ես էլ սիրեցի ձեզ: Մնացե՛ք իմ սիրո մեջ: 10Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և մնում եմ Իր սիրո մեջ: 11Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի և ձեր ուրախությունը լիակատար լինի:
12Սա՛ է իմ պատվիրանը. որ սիրեք միմյանց՝ ինչպես ես ձեզ սիրեցի: 13Սրանից ավելի մեծ սեր ոչ ոք չունի. որ մեկն իր կյանքը զոհի իր ընկերների համար: 14Դուք իմ ընկերներն եք, եթե անեք այն, ինչը որ ես պատվիրում եմ ձեզ: 15Ձեզ այլևս ստրուկներ չեմ կոչում, քանի որ ստրուկը չգիտի, թե իր տերն ի՛նչ է անում. ձեզ, մինչդեռ, ընկերներ կոչեցի, որովհետև այն ամենը, որ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ: 16Ո՛չ թե դուք ինձ ընտրեցիք, այլ՝ ես ընտրեցի ձեզ, և ձեզ կարգեցի, որ գնաք ու պտղաբերեք, և ձեր պտուղը մնայուն լինի. այնպես, որ այն ամենը, ինչ իմ անունով խնդրեք Հորից, տա ձեզ: 17Այս բաներն եմ պատվիրում ձեզ. որ դուք միմյանց սիրեք»:
15, 1-17 - Այս հատվածում, որ առակի է նմանվում, Հին Կտակարանից վերցված բազմաթիվ պատկերներ ու հղումներ են գտնվում: Աստծո ժողովուրդը խաղողի այգի է անվանվում Ես 5, 1-7; Երմ 2, 21; Եզկ 15, 2; 17, 5-10; 19, 10; Ովս 10, 1 հատվածներում: Խաղողի որթատունկի նույնացումը Մարդու Որդու հետ՝ Սղմ 80, 16-ում, և Իմաստության ինքնանկարագրումը որպես խաղողի տունկ՝ Սրք 24, 17-ում, մաս են կազմում այն ենթահողին, որի վրա հիմնվում է նաև Հիսուսի ներկայացումը որպես ճշմարիտ որթատունկը: Հավատացյալների արգասաբերությունը սերում է նրանց միությունից Նրա հետ (5). միություն, որ իրագործվում է աղոթքով (7) և հնազանդ սիրով (9-10), որոնք առաջնորդում ու հասցնում են ամենաառատ բերկրանքին (11):
Համատես Ավետարաններում Հիսուսը խաղողի այգու պատկերը գործածում է որպես երկնքի Արքայության առակ (Մտթ 20, 1-8; 21, 28-41) և «խաղողի հյութը» փոխակերպում է Նոր Ուխտի Իր Արյանը (Մտթ 26, 26-29): Այստեղ՝ Ինքն իսկ հռչակվում է որպես ճշմարիտ որթատունկ, որի տված պտուղը՝ Նոր Իսրայելը՝ Եկեղեցին, հուսախաբ չի անելու Աստծո ակնկալիքները:
 
15, 2 - «իմ մեջ պտուղ չի բերում». «Պտուղը», որի մասին խոսվում է այստեղ, և որ Հիսուսն ակնկալում է Իր աշակերտներից, պատվիրաններին հավատարիմ կյանքի սրբությունն է, հատկապես՝ սիրո պատվիրանին (12-17; հմմտ. Ես 5, 7; Երմ 2, 21): ꟷ
- «կտրում է ... էտում է». Հին Կտակարանն արդեն նկարագրում է անպտուղ ճյուղերի ճակատագիրը (Երմ 5, 10; Եզկ 17, 9), և նմանատիպ զգուշացումներ գտնվում են նաև համատես Ավետարաններում (հմմտ., օրինակի համար, Մտթ 3, 10; 13, 30): Հովհաննեսը բառախաղ է կազմում «αἴρω» - «աիռօ» - «կտրել, հեռացնել» (գրաբար. «կտրէ») և «καθαίρω» - «կաթաիռօ» - «մաքրել, սրբել» (գրաբար. «սրբէ») բայերի գործածմամբ. իրենց բուն իմաստով ո՛չ գյուղատնտեսական բայեր, որ գործածվում են որթատունկի վերաբերյալ Հիսուսի կողմից արտասանված խոսքի մեջ:
 
15, 3 - «էտված եք». Բառացի՝ սրբված: Գրաբար. «սուրբ էք»։ Այսինքն՝ ձերբազատվել եք ավելորդություններից, որոնք խլում են կյանքի ավիշը և չեն թույլատրում առատ պտղաբերել: Այդ ավելորդությունների մեջ կարելի է տեսնել Մովսիսական Օրենքի շուրջ տրվող հրեական մեկնաբանությունները (շաբաթ օրվա, մաքուրի ու անմաքուրի և ա՛յլ խնդիրների վերաբերյալ): ꟷ
- «խոսքի, որ ավետեցի». Այսինքն՝ Հիսուսի անձն ու ուսուցումն իր ամբողջության մեջ (հմմտ. 5, 38; 1, 1-4.14.16-18):
 
15, 4 - «Մնացեք իմ մեջ». Ընդգծելու համար «Քրիստոսի մեջ մնալու» կարևորությունը՝ Նրա խոսքի հանդեպ հավատարմության և սիրո պարգևի դիրքորոշմամբ, «մնալ» բայը («μένω» - «մենօ») 4-10 տողերում գործածվում է ճիշտ 10 անգամ: Անունով քրիստոնեական կոչվող մի կյանք, որն արմատացած չէ Քրիստոսի մեջ, ամբողջովին ամուլ է մնում (հմմտ. 6, 56-57): – Տե՛ս նաև 8, 31+: ꟷ
- «կարողություն չունի». Ո՛չ թե «չի կարող» արտաքին հանգամանքների բերումով, այլ՝ ներքին անուժության, անկարողության պատճառով:
 
15, 5 - «Ով մնում է իմ մեջ, և ես՝ իր մեջ». Հիսուսի այս խոսքը լիովին հասկանալու համար հարկավոր է միշտ հիշել, թե Նա Ո՛վ է. Լոգոսը՝ Բանն Աստված, աստվածային Միտքը, Իմաստությունը (հմմտ. 1, 1+-ի երկրորդ մասը): ꟷ
- «ինձնից հատված». Ինձնից բաժանված, ինձնից առանձնացած, առանց ինձ: Հատված՝ ինչպես նախադասությունը գրքից. թվում է, թե ամբողջական է, բայց ընդհանուր առմամբ՝ զուրկ է համապարփակ իմաստից:
 
15, 7 - «հետամուտ եղեք». Հուն. «αἰτέω» - «աիտէօ». Գրաբարը. «խնդրեսջիք»։ Այս խնդրելը՝ ինքն իր առաջ «խնդիր դնելու», ուստի՝ ակտիվ կերպով հետամուտ լինելու իմաստով: Իրոք, խոսքը շարունակելով չի ասում «կտրվի ձեզ», այլ՝ «կլինի», «կկատարվի» («γενήσεται» - «գենեսետայ») ձեր համար:
 
15, 8 - Իմ աշակերտները «լինեք», կամ «դառնաք» («γένησθε» - «գենեսթէ»): Ինչպե՞ս: Առատ պտղաբերելով, իմ նման՝ սիրո առատ պտուղներ հասունացնելով (հմմտ. 13, 34-35): Միայն այդպես է փառք տրվում Հորը:
 
15, 11 - «իմ ուրախությունը». Աստծո և Քրիստոսի ուրախությունը մարդկանց երջանիկ, փրկված ու ապահով տեսնելն է (հմմտ. Մտթ 18, 12-14; Ղկս 15, 4-7):
 
15, 12 - «իմ պատվիրանը». Հմմտ. 13, 34-35:
 
15, 13 - «զոհի». Տե՛ս 10, 11+-ի երրորդ մասը: ꟷ
- «ընկերների». Հուն. «φίλος» - «ֆիլոս». Սիրելիների, թանկագինների:
 
15, 15 - «ստրուկներ ... ընկերներ». Հին Կտակարանում Մովսեսը (2Օր 34, 5), Հեսուն (Հս 24, 29) և Դավիթը (Սղմ 89, 21) անվանվում են «ծառաներ» կամ «Տիրոջ ծառաներ»: Միայն Աբրահամն է անվանվում «Աստծո ընկեր» (Ես 41, 8; 2Մն 20, 7; հմմտ. Հկբ 2, 23): Հիսուսն Իրեն «ընկերներ» է համարում բոլոր նրանց, ովքեր լսում են Իր խոսքը և գործադրում են այն (14; հմմտ. Մտթ 12, 50):
 
15, 16 - «ընտրեցի». Հմմտ. Մտթ 24, 22+-ի երկրորդ մասը: ꟷ
- «կարգեցի». Հուն. «ἔθηκα» - «էթեկա». Բառացի՝ դրեցի: Գրաբար. «եդի»։ Հմմտ. 10, 11+-ի երրորդ մասը: – Հաշվի առնելով գործածված բայաձևերը և դրանք կապակցելով միմյանց՝ հասկացվում է, որ ընտրված (հարմար նկատված) աշակերտները, որպեսզի առատ պտուղ տան և նրանց պտուղը մնայուն լինի, Քրիստոսի կողմից դրվում են զոհասեղանի վրա և անհրաժեշտաբար էտվում են (1-8): Եթե ընդդիմանում են զոհասեղանի վրա դրվելու և էտվելու գաղափարին, մնում են անպտուղ, հատվում և դեն են գցվում, չորանում են և կարող են միայն մի բանի ծառայել. այրվելու: – Այդ ամենին մաս են կազմելու նաև հալածանքները (20):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։