46-54. Երկրորդ նշանը Կանայում. պալատական պաշտոնյայի որդու բժշկումը – Գրադարան – Mashtoz.org

46-54. Երկրորդ նշանը Կանայում. պալատական պաշտոնյայի որդու բժշկումը

→ Մտթ 8, 5-13; Ղկս 7, 1-10;  ⁓ Հվհ 2, 1-11.18; 20, 29
≈ Մտթ 8, 5-10; 12, 38; Գրծ 16, 15.31; 1Կր 1, 22
 
46Ապա կրկին Գալիլեայի Կանա գնաց, ուր ջուրը գինու էր փոխել: Եվ մի պալատական պաշտոնյա կար, որի որդին հիվանդ էր Կաֆառնաումում: 47Երբ նա լսեց, որ Հիսուսը Հուդեայից Գալիլեա է եկել, գնաց Նրա մոտ և խնդրում էր, որ իջնի ու բժշկի իր որդուն, քանի որ մահամերձ էր: 48Վերջում, Հիսուսը նրան ասաց. «Եթե նշաններ ու սքանչելիքներ չեք տեսնում, դուք չեք հավատում»: 49Պալատական պաշտոնյան Նրան ասաց. «Տե՜ր, իջի՜ր, քանի դեռ երեխաս չի մեռել»: 50Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, որդիդ ողջ է»: Մարդը հավատաց խոսքին, որն ասաց իրեն Հիսուսը, և ճանապարհ ընկավ: 51Եվ քանի դեռ նա ճանապարհին էր, ծառաները նրան ընդառաջ եկան՝ ասելով, որ նրա երեխան ողջ էր: 52Ապա տեղեկացավ նրանցից, թե ո՛ր ժամին սկսեց ապաքինվել: Ուստի ասացին նրան, թե. «Երեկ, ցերեկվա ժամը մեկին, ջերմը թողեց նրան»: 53Հայրը, հետևաբար, գիտակցեց, որ հենց այդ ժամին էր, որ Հիսուսն իրեն ասել էր. «Որդիդ ողջ է», և հավատաց ինքն ու իր ողջ ընտանիքը:
54Արդ, սա արդեն երկրորդ նշանն էր, որ Հիսուսն արեց, երբ Հուդեայից վերադարձավ Գալիլեա:
 
4, 46-54 - Պալատական պաշտոնյայի որդու բժշկության դրվագը կարող է մի երրորդ տարբերակը լինել հարյուրապետի ծառայի բժշկության պատմության (Մտթ 8, 5-13; Ղկս 7, 1-10):
 
4, 46 - «պալատական պաշտոնյա». Հուն. «βασιλικός» - «բասիլիկոս». Բառացի նշանակում է «թագավորական» և մատնանշում է որևիցէ մի բան կամ անձ, որ առնչություն ունի թագավորի հետ. պալատականներ, արքունիք, թագավորապատկան հողեր, հրովարտակներ, օրենքներ, և այլն: Այստեղ և 49րդ տողում գործածված է որպես գոյական, իսկ Գրծ 12, 20.21 և Հկբ 2, 8 տողերում՝ որպես ածական: Նորկտակարանյան ա՛յլ հատվածներում այս եզրը չի գործածվում: Գրաբարը. «թագաւորազն»։
 
4, 47 - «իջնի». Կանան Կաֆառնաումի համեմատ ավելի բարձրադիր տեղանքում է գտնվում: Խոսքը, սակայն, կարող է նաև փոխաբերական իմաստով հասկացվել. իջնել, այսինքն՝ գթալ:
 
4, 48 - «Վերջում». Հուն. «οὖν» - «ուն». Շաղկապ, որ նշանակում է հետևաբար, ապա, և այսպես, ի վերջո, ուրեմն, արդ, այժմ, արդ ուրեմն, և այլն: Նոր Կտակարանի նախադասություններում գործածվում է 502 անգամ, իմաստային կարևոր նրբերանգներ հաղորդելով խոսքին: Թարգմանությունների մեծամասնությունը, սակայն, անտեսում և չի թարգմանում այս շաղկապը (գրաբարը ևս. «Ասէ ցնա Յիսուս»): Տվյալ նախադասության մեջ այս շաղկապի ներկայությունը մինչդեռ հասկացնում է, որ մինչև այդ խոսքին հասնելը բավական ծավալուն զրույց է տեղի ունեցել երկուսի միջև, որից Ավետարանիչը մեջբերել է միայն վերջին, ավարտական մասը:
 
4, 49 - «երեխաս». Հուն. «παιδίον» - «պայդիոն». Բառացի՝ մանուկս, փոքրիկս:
 
4, 50 - «ողջ է». Հուն. «ζῇ» - «զէ». Բառացի՝ ապրում է: Այսինքն՝ վտանգից դուրս է այլևս, վերադառնում է կյանքի:
 
4, 51 - «ճանապարհին էր». Բառացի՝ իջնում էր: Գրաբարը. «իջանէր»։
 
4, 52 - «Երեկ». Քանի որ այդ ժամանակ, ըստ Հռոմեական օրացույցի, օրն ավարտվում էր մեր արդի հասկացողությամբ երեկոյան ժամը 6-ին, պալատական պաշտոնյայի ու իր ծառաների հանդիպումն ու խոսակցությունը տեղի է ունեցել (կրկին, մեր արդի հասկացողությամբ) այդ նույն օրվա երեկոյան (հաշվի առնելով նաև, որ Կաֆառնաումը գտնվում էր Կանայից 26 կմ հեռավորության վրա, բայց ճանապարհը լեռնային քարքարոտ արահետ էր), ուստի իրենց համար օրն արդեն փոխված էր և ամենայն իրավացիությամբ են խոսում «երեկվա» մասին: ꟷ
- «ցերեկվա ժամը մեկին». Բառացի՝ յոթերորդ ժամին:
 
4, 53 - «իր ողջ ընտանիքը». Հուն. «ἡ οἰκία αὐτοῦ ὅλη» - «հէ օյկի՛ա աուտու հոլէ». Բառացի՝ իր ողջ տունը: Գրաբարը. «ամենայն տուն իւր»։ Տուն ասելով՝ այդ ժամանակ հասկացվում էր, հռոմեական սովորությամբ, և՛ տունն իբրև կառույց, և՛ տանտիրոջ ընտանիքը, և՛ ընտանիքի ունեցվածքը, և՛ ընտանեկան հարկի ներքո բնակվողները՝ հյուրերը, ազգականները, ծառաները, ստրուկները: – Սույն ասելաձևը հաճախակի է հանդիպում Գործք Առաքելոց գրքում (հմմտ. 10, 2; 11, 14; 16, 15.31.34; 18, 8):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։