Սերը – Գրադարան – Mashtoz.org

Սերը

Սերը տիրող թեմա է Ավետարանում այն աշակերտի, որին Հիսուսը սիրում էր: Նա ըմբռնել էր Քրիստոսի սերը ամբողջովին եզակի կերպով, և անձնական փորձառությամբ կարող էր ուսուցանել, թե ի՛նչ է նշանակում սիրված լինել Հիսուսի կողմից և սիրել Նրան:

Սիրո մեջ Աստված է, որ կատարում է առաջին քայլը (1Հվհ 4, 10; հմմտ. Հվհ 1, 11; 4, 7; 15, 16). և ով առաջինն է սիրում, ավելի շատ է սիրում: Սիրո մեծությունը կարող է չափվել ընծայված պարգևի արժեքով, իսկ Աստված մարդկանց ընծայում է այն, ինչը որ ամենաթանկագինն է Իր համար, Նրան, Ում սիրում է ամեն ինչից ավելի, Իր Միածին Որդուն. «Աստված, արդարև, այնքա՜ն սիրեց աշխարհը, որ Որդուն՝ Միածնին տվեց» (3, 16), Նրան, Ով առարկան էր Իր ողջ բարեհաճության (հմմտ. Մտթ 3, 17):

Գերագույն սերն իր գագաթնակետը գտնում է Խաչի զոհի մեջ: Աստված բռնեց Աբրահամի ձեռքը, երբ նա պատրաստվում էր զոհաբերել իր միակ որդուն, բայց չբռնեց ձեռքերը նրանց, ովքեր Խաչին էին գամում Իր Միածին Որդուն: Պողոս Առաքյալն, ուստի, հույսով լցված, կարողանում է բացականչել. «Նա, որ չխնայեց Իր Որդուն, [...] մի՞թե ամեն բան չի պարգևի Նրա հետ» (Հռմ 8, 32):

Աստծո այսքա՜ն մեծ սիրո դիմաց մարդը պետք է որ իրեն գրեթե հարկադրված զգա համապատասխանելու, ապրելու այս մեծ ճշմարտությունը. «Սերը սիրով է վճարվում»: Մարդը ստեղծվել է Աստծո պատկերով ու նմանությամբ (Ծնդ 1, 27), իսկ Աստված – ասում է Հովհաննես Ավետարանիչ Առաքյալը – Սեր է (1Հվհ 4, 8): Մարդու սիրտն, ուստի, ստեղծված է սիրելու համար, և որքան ավելի է մարդը սիրում, այնքան ավելի է նմանվում Աստծուն. միայն երբ սիրում է, մարդը կարող է երջանիկ լինել: Աստված ուզում է մարդու երջանկությունը, նաև այստեղ՝ երկրի վրա, նաև այժմ: Հե՛նց սրա համար է, որ Իր պատվիրանը սիրո պատվիրանն է: Հովհաննես Ավետարանիչը խորաթափանց մտքով է ներկայացնում սիրո վերաբերյալ Հիսուսի ուսմունքը՝ գրի առնելով Նրա խոսքերը, բայց հատկապես՝ պատմելով Նրա կյանքի այս առումով նշանակալի դրվագները:

Սիրո ամենամեծ փաստը հավատարմությունն է, անտեղիտալի խոստմնապահությունը, անպայմանադիր հարումը Աստծո կամքին: Այս ուղղությամբ Հիսուսը հայտնում է մարդկանց, որ Հոր կամքը կատարելու քաղցն ունի, և ասում է, որ Իր կերակուրը կատարելն է կամքը Նրա, Ով ուղարկել է Իրեն (4, 34): «Ես իմ Հոր պատվիրանները պահեցի և մնում եմ Իր սիրո մեջ» (15, 10): Հարկավոր է, հաստատում է Հիսուսը, որ «աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը», և դրա համար «ես ճիշտ այնպես եմ անում, ինչպես որ պատվիրել է ինձ Հայրը» (14, 31): Այս խորը արմատներ ունեցող սերը Քրիստոսին մղում է սիրելու աշխարհը և մարդկանց, քանի որ հնարավոր չէ չսիրել այն, ինչը որ սիրում է սիրեցյալդ (հմմտ. 3, 16), ո՛չ էլ հնարավոր է սիրել մի հոր՝ առանց սիրելու նաև իր զավակներին: Բոլոր մարդիկ կանչված են դառնալու Աստծո զավակները՝ Մկրտության շնորհի միջոցով (1, 12-13; 3, 3): Եթե Հայրը սիրում է աշխարհը և մարդկանց, Հիսուսն էլ է նրանց սիրում: Ահա՛ այս սերն է, որ Նրան մահվան է հասցնում: Խոսելուց հետո այն անհրաժեշտության մասին, որ աշխարհն իմանա, որ Ինքը սիրում է Հորը, հավելում է. «Վե՛ր կացեք, գնա՛նք այստեղից» (14, 31): Այս խոսքերով ցույց է տալիս Իր ամբողջական հրաժարումը Իր սեփական Անձից, քանի որ գնում է Գեթսեմանի, ընդառաջ չարչարանքներին ու մահվանը: Հիսուսն ինքնազոհաբերվում է բերկրալի սրտով, որպես Լավ Հովիվը, որն իր կյանքը տալիս է իր ոչխարների համար (10, 11): Նշում է, որ ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն ընծայում է իր սիրելիի համար (15, 13). Ավետարանիչը մեկնաբանում է, որ Քրիստոսը, աշխարհում գտնվող յուրայիններին սիրելուց հետո՝ նրանց մինչև վերջ սիրեց (13, 1):

Հիսուսի վերաբերյալ Հովհաննես Ավետարանիչը եզակի ընդգծումով ակնհայտ է դարձնում սիրո այսքա՜ն աստվածային ու այսքա՜ն մարդկային դիմագիծը: Հովհաննեսի Ավետարանի ընթերցմամբ կարողանում ենք հավաստել, թե Քրիստոսն ինչքա՜ն էր սիրում Իր ընկեր Ղազարոսին և նրա քույրերին՝ Մարթային ու Մարիամին (11, 5): Երբ ընկերը մահանում է, Հիսուսը նրա գերեզմանին մոտենում է առանց հեկեկանքն ու արցունքները խեղդել կարողանալու: Եվ ներկաները հասկանում են, թե որքա՜ն խորն էր Քրիստոսի սերը (11, 35-36):

Հիսուսն օրինակ տվեց, որպեսզի Իր աշակերտներն էլ Իր նման վարվեն (13, 15): Առաքյալները պատասխանեցին այն անծայրածիր սիրույն, որն Հիսուսը տածում էր իրենց հանդեպ. «Հայրն Ինքը սիրում է ձեզ, որովհետև դուք սիրեցիք ինձ և հավատացիք, որ ես Աստծուց եմ ելել» (16, 27): Բոլորը, առարկելով, սեր ու հավատարմություն են խոստանում, երբ Քրիստոսը խոսում է դավաճանության մասին (Մտթ 26, 35; Մրկ 14, 31). «Կյանքս Քո համար կզոհեմ», բացականչում է Պետրոսը (13, 37): Առաքյալներն իրենց հասկացածի ու կարողացածի չափով պատասխանում էին Քրիստոսի սիրույն, բայց Նա նրանց խրատում էր՝ նկատել տալով, որ ով պահում է Իր պատվիրանները, նա է, որ իրոք սիրում է Իրեն (14, 21). բազմաթիվ անգամներ ասում է, որ կմնան Իր սիրո մեջ, եթե կպահեն Իր պատվիրանները (15, 9-10):

Կա, ապա, մի երկրորդ մեծ օրենք, որ նման է առաջինին. աշակերտները Քրիստոսին պետք է նմանվեն ո՛չ միայն Հոր հանդեպ տածած սիրո, այլ նաև՝ եղբայրների հանդեպ ունեցած ու դրսևորած սիրո հարցում (15, 9): Վերջին Ընթրիքի ժամանակ Հիսուսը երեք անգամ կրկնում է Սիրո Պատվիրանը. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. որ դուք սիրեք միմյանց: Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեցեք միմյանց» (13, 34; հմմտ. 15, 12.17): Սա՛ է լինելու ճշմարիտ աշակերտի, Քրիստոսի ճշմարիտ հետևորդի բնորոշ հատկանիշը, հատկությունը, որով բնութագրվում է քրիստոնյան. «Միմիայն սերն է, ուստի, որ զատորոշում է Աստծո զավակներին դևի զավակներից: Եթե բոլորն էլ խաչակնքվելու լինեին, եթե պատասխանելու լինեին ''Ամեն'' և բոլորը երգելու լինեին ''Ալլելուիա''ն. եթե բոլորն էլ մկրտվելու լինեին և այցելեին եկեղեցիները, եթե կառուցելու լինեին տաճարների պատերը. մնում է փաստը, որ միմիայն սերն է զանազանել տալիս Աստծո զավակներին դևի զավակներից: Նրանք, ովքեր սերն ունեն, Աստծուց են ծնված. նրանք, ովքեր սերը չունեն, Աստծուց չեն ծնված: Սա՛ է զատորոշման մեծ չափանիշը: [...] Սերն է այն թանկարժեք քարը, որ հայտնաբերում և գնում է Ավետարանում հիշվող առևտրականը, ով, դա անելու համար, վաճառում է իր բոլոր ունեցվածքները (հմմտ. Մտթ 13, 46): Սերն այն թանկարժեք քարն է, որը չունենալու դեպքում ոչ մի օգուտ չունի որևիցէ ուրիշ բան, որ դու կարող ես ունենալ (հմմտ. 1Կր 13, 1-3.13). մինչդեռ, եթե սերն ունես, սերը միայն բավական է քեզ»[1]: Սերն է արմատը միության, որն Հիսուսը հայցում է այդ հիշարժան գիշերվա ավարտական աղոթքի ժամանակ. «Ես՝ նրանց մեջ, և Դու՝ իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհը ճանաչի, որ Դու ուղարկեցիր ինձ, և սիրեցիր նրանց այնպես, ինչպես որ ինձ սիրեցիր» (17, 23): Միմիայն սիրո միջոցով է, որ կարող է պայծառաշուք փայլել փրկության նշանը (հմմտ. 17, 21):

Աստված ուզում է մեր երջանկությունն ու մեր ուրախությունը: Ճիշտ այս նպատակով է մեզ մատնանշում Սիրո Օրենքը: Նաև Վերջին Ընթրիքի ժամանակ Վարդապետն ուսուցանում է ուրախության իմաստը. Առաքյալներին, որոնք տրտմել էին, որովհետև կանխազգում էին Հիսուսի մեկնումը, Նա ասում է, որ եթե սիրեին Իրեն, չէին տրվի տրտմությանը, այլ՝ կուրախանային Իր հետ, տեսնելով, թե որքա՜ն մոտ է վերջնական հաղթանակին (14, 28): Նրանց կոչ ուղղելուց հետո՝ հարատևելու Իր սիրո և Իր պատվիրանների հանդեպ հավատարմության մեջ, Հիսուսը վստահեցնում է, որ այն ամենն, ինչ ասել է, ասել է, որպեսզի Իր ուրախությունը նաև նրանց մեջ լինի. այդպիսով, Առաքյալների ուրախությունը, այս կյանքի վշտերի մեջ գտնվելով հանդերձ, կհասնի իր լիությանը (15, 11): Հիսուսը չի թաքցնում դժվարությունները, որ սպասում են աշակերտներին, բայց երաշխավորում է, որ նրանց տխրությունը փոխվելու է ուրախության. «Նույն կերպ նաև դուք. այժմ, այո՛, վիշտ եք կրում, բայց կրկին տեսնելու եմ ձեզ և ձեր սիրտն ուրախանալու է, և ձեր ուրախությունը ոչ ոք չի խլի ձեզնից» (16, 22): Հարուցյալ Հիսուսի վերադարձն, իրոք, նրանց լցնում ու լիացնում է հույսով ու բերկրանքով: Քրիստոսի խոսքերը, առաջին հայացքից անհասկանալի, կատարվում են լիուլի: Գործք Առաքելոց գրքում պատմվում է, թե ինչպե՛ս Առաքյալները, դաժան ծեծի ենթարկվելուց հետո՝ հոգով ուրախ ու զվարթ դուրս ելան Ատյանից, երջանիկ, որ կարողացել էին տառապանք կրել Տիրոջ Անվան համար (Գրծ 5, 40): Սերն իր հետ բերում է լիակատար բերկրանք (16, 24):

[1] Օգոստինոս Հիպպոնացի, Հովհաննեսի Առաջին Նամակի մեկնություն, 5, 7.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։