20-36. Հիսուսն ավետում է Իր փառավորումը մահվամբ – Գրադարան – Mashtoz.org

20-36. Հիսուսն ավետում է Իր փառավորումը մահվամբ

⁓ Հվհ 1, 14.44; 2, 4.11; 3, 14.19.35; 5, 37; 7, 34-35; 8, 12.28; 9, 5; 11, 20.33.42.55; 12, 32; 13, 21; 14, 3.30; 17, 5.24; 18, 11
≈ Մտթ 8, 20; 16, 24-25; 17, 5; 26, 38; Մրկ 8, 35; Ղկս 9, 24; 10, 18; 22, 40-46; Գրծ 8, 26; Հռմ 3, 19; 14, 9; Եփս 5, 8; 1Կր 15, 36; Եբր 5, 7-8; Հյտ 12, 9.11; 20, 1-6; 2Սմ 7, 16; Սղմ 6, 3; 22, 20-24; 110, 4; Ես 2, 19; 9, 6-7; 53, 10-12; Երմ 13, 16; Դն 7, 14
 
20Արդ, որոշ թվով հելլեններ կային նրանց մեջ, ովքեր եկել էին, որպեսզի տոնի ժամանակ երկրպագություն անեին: 21Նրանք, ուրեմն, մոտեցան Փիլիպպոսին, որ Գալիլեայի Բեթսաիդայից էր, և աղերսում էին նրան՝ ասելով. «Տե՜ր, ուզում ենք Հիսուսին տեսնել»: 22Փիլիպպոսը գնաց ու Անդրեասին ասաց. Անդրեասն ու Փիլիպպոսը գնացին ու ասացին Հիսուսին: 23Եվ Հիսուսը պատասխանեց նրանց՝ ասելով. «Հասավ ժամը, որ Մարդու Որդին փառավորվի:
24Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, ինքը միայնակ կմնա. իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: 25Ով սիրում է իր կյանքը, կորցնում է այն. իսկ ով ատում է իր կյանքն այս աշխարհում, հավիտենական կյանքի համար կպահի այն: 26Եթե մեկն ինձ ծառայում է, թող որ իմ ետևից գա. և ուր ես եմ, այնտեղ կլինի նաև իմ ծառան: Եթե մեկն ինձ ծառայում է, Հայրը կպատվի նրան:
27Այժմ հոգիս խռովված է, և ի՞նչ պետք է ասեմ. Հա՜յր, փրկի՞ր ինձ այս ժամից: Բայց սրա՛ համար եմ հասել այս ժամին: 28Հա՜յր, փառավորի՜ր Քո Անունը»: Երկնքից, այնժամ, մի ձայն եկավ. «Ե՛վ փառավորել եմ, և՛ դարձյալ փառավորելու եմ»:
29Ժողովրդի բազմությունն, ուստի, որ ներկա էր և լսում էր, ասում էր. «Որոտում եղավ»: Ուրիշներ ասում էին. «Մի հրեշտակ Նրա հետ խոսեց»: 30Պատասխանեց Հիսուսը և ասաց. «Այս ձայնը իմ համար չեկավ, այլ՝ ձեր համար: 31Հիմա այս աշխարհի դատաստանն է, հիմա այս աշխարհի իշխանը պիտի դուրս նետվի: 32Եվ ես, երբ երկրից վեր բարձրանամ, ամենքին դեպի ինձ կձգեմ»: 33Նա, հիրավի, այս բանն ասում էր՝ նշելու համար, թե ի՛նչ մահով էր շուտով մահանալու: 34Ժողովրդի բազմությունն, այնժամ, պատասխանեց Նրան. «Մենք Օրենքից լսել ենք, որ Քրիստոսը մնալու է հավիտյան. իսկ դու ինչպե՞ս ես ասում, թե Մարդու Որդին պետք է վեր բարձրանա: Ո՞վ է այդ Մարդու Որդին»: 35Հիսուսն, ուստի, նրանց ասաց. «Դեռ մի փոքր ժամանակ լույսը ձեր հետ է: Քայլեցե՛ք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը հանկարծակիի չբերի ձեզ, քանի որ խավարի մեջ քայլողը չգիտի, թե ո՛ւր է գնում: 36Քանի դեռ լույսն ունեք, հավատացեք լույսին, որպեսզի լույսի որդիներ դառնաք»:
Հիսուսն այս բաներն ասաց, և հեռանալով՝ նրանցից թաքնվեց:
12, 20 - «հելլեններ». Հուն. «Ἕλληνές» - «Հելլենես». Առաջնահերթ կերպով նշանակում է հույն, կամ հունախոս, կամ հունական մշակույթը կրող: Նոր Կտակարանում, հելլենացի կամ հույն անունով մատնանշվում են ընդհանուր առմամբ այն այլազգիները, որոնք դարձի են եկել հրեության, ընդունել են հրեական կրոնը (հմմտ. 7, 35), ինչպես նաև այն հրեաները, ովքեր սփյուռքի համայնքներում ծնված լինելով՝ հունախոս են: Այստեղ հասկացվում են նրանցից ոմանք, որ Զատկի առիթով Երուսաղեմ են եկել որպես ուխտավոր: – Այս եզրը չպետք է շփոթվի «ἔθνος» - «էթնոս» եզրի հետ, որով միանշանակ կերպով մատնանշվում են ազգերն ու հեթանոսները, թեև որոշ մեկնաբաններ ցանկանում են տեսնել այստեղ այն «բարեպաշտ ու աստվածավախ» անձանց, որոնց վերաբերյալ ակնարկ է կատարվում Գրծ 10, 2 տողում:
 
12, 24-25 - Այս խոսքը նմանատիպ տեսքով հանդիպում է նաև 1Կր 15, 36 տողում: Թերևս խոսքը վերաբերվում է քրիստոնեական համայնքներում տարածված մի ասույթի, Հիսուսի կողմից արտասանված և Առաքյալների միջոցով բանավոր եղանակով տարածված, որն Հովհաննեսն այս դրվագի ներսում գործածում է՝ հարմարեցնելով տվյալ իրավիճակին, ավետելու համար, որ մահանալուց, հարություն առնելուց և երկինք համբառնալուց հետո Հիսուսը բոլորին՝ հրեաներին և մյուս ժողովուրդներին, ձգելու է դեպի Ինքը (32): Ցորենի հատիկի նման, սակայն, Նա նախ պետք է «մեռնի», որպեսզի ամուլ չմնա Իր կղզիացման մեջ, այլ՝ կարողանա, ընդհակառակն, բազում արդյունք տալ, ընդարձակելով հավատքի ու սիրո տարածքները: Այս ասույթը բազմաթիվ զուգահեռներ է գտնում համատես Ավետարաններում (Մտթ 16, 25-ը Մրկ 8, 35-ի և Ղկս 9, 24-ի հետ; Մտթ 10, 39-ը Ղկս 17, 33-ի հետ): Հովհաննեսն ավելացնում է (25) «այս աշխարհում» և «հավիտենական կյանքի համար» խոսքերը: Եվ այն, ինչ ասվում է Քրիստոսի համար, վավերական է նաև քրիստոնյաների համար:
 
12, 26 - «ուր ես եմ». Հոր փառքի մեջ (հմմտ. 14, 3; 17, 24): ꟷ
- «Հայրը». Որոշ ձեռագրեր ավելացնում են «իմ»: Գրաբարը ևս. «պատուեսցէ զնա Հայրն իմ»։ ꟷ
- «կպատվի նրան». Հիսուսի նույնացումն Իր հետևորդների հետ՝ առավել ուրույն կերպով ընդգծվելու է հրաժեշտի ճառերի մեջ (հմմտ. 13, 14.16; 15, 20): Հավատարիմ ու վեհանձն հետևորդության ավարտին – ուր Հիսուսի խաչը դառնալու է անհրաժեշտ անցում՝ ինքնանվիրմամբ ծախսված կյանքի համար – որպես հատուցում գալու է Հոր կողմից ստացված «պատիվը». միությունն ու սերտ հաղորդությունը Նրա հետ (14, 23; 16, 27):
 
12, 27 - 23րդ տողին վերակապակցվելով, – այն «ժամին», որ հասել է, – Հովհաննեսն ընդգծում է Հիսուսի հոգու խռովքը (վախ, տագնապ)՝ ի տես հոգեվարքի ու բռնի մահվան, որ սպասվում են Իրեն: Տեսարան, որ բազմաթիվ տեսանկյուններից դիտված՝ հիշեցնում է Գեթսեմանիի դրվագը, թեև կան նաև բազմաթիվ տարբերություններ Հովհաննեսի և մյուս երեք Ավետարանիչների ընկալումների միջև:
 
12, 28 - «փառավորի՜ր Քո Անունը». Աստվածաշնչյան ընկալման համաձայն՝ անունը մատնանշում է տվյալ անձն ինքնին, ուստի «Քո Անունը» նշանակում է «Քո Անձը»: Հիսուսն ինքնազոհաբերվում է՝ կատարելու համար գործը, որով Հայրը փառավորվելու է, որովհետև Հիսուսի մահվամբ բացահայտվելու է աշխարհի նկատմամբ Հոր սերը (17, 6; հմմտ. 3, 16-18):
 
12, 31 - «այս աշխարհի». Այսինքն՝ աշխարհի ներկա կարգի, որ ստրկացած է սատանային և թշնամի է Աստծուն: ꟷ
- «իշխանը». Այսինքն՝ սատանան (հմմտ. 8, 12; 14, 30; 16, 11; 2Կր 4, 4; Եփս 2, 2; 6, 12), որ իշխում էր աշխարհի վրա (1Հվհ 5, 19). Հիսուսի մահը մարդկանց ազատում է սատանային բռնապետությունից (հմմտ. Հվհ 3, 35; Մտթ 4, 1; 8, 29; Ղկս 8, 31; Հռմ 8, 3; Կղս 1, 12-13):
 
12, 32 - «վեր բարձրանամ». Հուն. «ὑψωθῶ» - «հյուփսօթօ». Տե՛ս 3, 14+: ꟷ
- «կձգեմ». Հուն. «ἑλκύσω» - «հելկյուսօ». Ավետարանիչներից միայն Հովհաննեսն է գործածում այս բայը (5 անգամ): Նշանակում է ձգել, քաշել՝ գործի դնելով համոզելու, ձգողության, գրավչության ուժը:
 
12, 34 - Հին Կտակարանում չկան ուղղակի հաստատումներ, թե «Քրիստոսը մնալու է հավիտյան»: Հրեաներն այստեղ թերևս ի նկատի ունեն խոսքը, որ Նրա սերունդը տևելու է հավիտյան (հմմտ. Սղմ 89, 35-37):
 
12, 36 - «լույսն ունեք». Որոշ ձեռագրեր ավելացնում են «ձեր հետ»: Գրաբարը ևս. «զլոյսն ընդ ձեզ ունիք»։ ꟷ
- «լույսի որդիներ». «Լույսի որդիները» (հմմտ. նաև Ղկս 16, 8; Եփս 5, 8; 1Թղ 5, 5) հավատացյալներն են, ովքեր Աստծուց կանչված են ընդունելու, Քրիստոսի մեջ, Իր ճշմարտության լույսը, և Սուրբ Հոգուց լուսավորված՝ աշխարհի առաջ միշտ լինելու «լույս Տիրոջ մեջ» (Եփս 5, 8): Այստեղ հակադրվում են այն հրեաներին, որոնք մերժում են Հիսուսի հայտնությունը և որոնցից Նա «թաքնվում է». վերջավորություն, որ վերակապակցվում է 10, 40 տողին (Հիսուսը գնում է Հորդանանից այն կողմ) և որ արտահայտում է անհավատ հրեաների վերջնական դատապարտությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։