01-10. Թափուր գերեզմանը – Գրադարան – Mashtoz.org

01-10. Թափուր գերեզմանը

→ Մտթ 28, 1-8; Մրկ 16, 1-8; Ղկս 24, 1-12
⁓ Հվհ 2, 22; 5, 39; 11, 44; 13, 23; 14, 26; 18, 15; 19, 40
≈ Մտթ 28, 10; Ղկս 24, 12.21; Գրծ 2, 24-32; 1Կր 15, 4
 
1Արդ, շաբաթվա առաջին օրը Մարիամ Մագդաղենացին վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, գերեզման գնաց և քարը գերեզմանից վերցված հեռացված տեսավ: 2Վազեց, ուստի, և գնաց Սիմոն Պետրոսի ու այն մյուս աշակերտի մոտ, որին Հիսուսը սիրում էր, և նրանց ասաց. «Տիրոջը վերցրել են գերեզմանից, և չգիտենք, թե ո՛ւր են Նրան դրել»: 3Պետրոսն, այնժամ, դուրս ելավ, նաև մյուս աշակերտը, և գնացին գերեզման: 4Արդ, երկուսը միասին էին վազում, բայց մյուս աշակերտն ավելի արագ վազեց և Պետրոսից առաջ անցավ, և առաջինը հասավ գերեզման: 5Եվ կռանալով ու դեպի ներս նայելով՝ տեսավ, որ կտավները դրված էին այնտեղ, բայց ներս չմտավ: 6Ապա հասավ նաև Սիմոն Պետրոսը, որ նրա ետևից էր գալիս, և գերեզմանի մեջ մտավ ու տեսավ, որ կտավները դրված էին այնտեղ, 7իսկ վարշամակը, որ Նրա գլխին էր, դրված չէր կտավների հետ, այլ՝ առանձին ծալված դրված էր մի կողմ: 8Այնժամ, ապա, ներս մտավ նաև մյուս աշակերտը, որ առաջինն էր գերեզման հասել. և տեսավ ու հավատաց: 9Նրանք, իրոք որ, դեռևս չէին հասկացել Գրվածքը, թե՝ Նա պետք է մեռելներից հարություն առնի: 10Աշակերտներն, այնժամ, վերադարձան իրենց տները:
20, 1 - «շաբաթվա առաջին օրը». Տե՛ս Մտթ 28, 1+-ի երրորդ մասը: ꟷ
- «դեռ մութ էր». Կարող է հասկացվել հարաբերական իմաստով, այսինքն՝ լույսը լրիվ չբացված: Մարկոսն ասում է «առավոտյան շատ շուտ՝ արևածագին» (16, 2), Մատթեոսը՝ «արշալույսին» (28, 1), Ղուկասը՝ «վաղ առավոտյան» (24, 1): Հովհաննեսի համաձայն՝ Մարիամը տեսնում է քարը գերեզմանի մուտքից վերցված հեռացված, բայց ներս չի մտնում, չի տեսնում, որ դատարկ է:
 
20, 2 - «Վազեց ... չգիտենք». Հովհաննեսի ներկայացմամբ՝ Մարիամն իսկույն վազում հեռանում է գերեզմանից, առանց հրեշտակի կամ սպիտակազգեստ երիտասարդի կողմից առաջնորդված լինելու, ինչպես պատմում են համատես Ավետարանները, որոնք խոսում են նաև ա՛յլ կանանց ներկայության մասին: Հովհաննեսն իր ուշադրությունը կենտրոնացնում է միայն Մագդաղենացու վրա, որը, թերևս, առաջինն է հասել Առաքյալների մոտ և հաղորդել սույն լուրը: Իրոք, թեև նախադասության առաջին մասում հիշում է միայն Մարիամին, երկրորդ մասում գործածում է հոգնակի թիվը («չգիտենք»), ինչը և լիովին համաձայնվում է համատես Ավետարաններում առկա վկայության հետ: Ինչպես նաև, ուշագրավ է Մարկոսի վկայությունը՝ իր Ավետարանի 16, 8 տողում, ուր ասում է, որ կանայք «փախան գերեզմանից ... և ոչ ոքի ոչինչ չասացին»: Ամենայն հավանականությամբ՝ միայն Մարիամն է, որ կարողացել է հաղթահարել «ահի ու ապշանքի» սկզբնական զգացմունքները և վազել է Առաքյալների մոտ (հմմտ. նաև Մրկ 16, 9-10): ꟷ
- «Տիրոջը վերցրել են գերեզմանից». Մարիամի, ապա նաև աշակերտների վախն այն է, որ հրեա իշխանությունները, Հիսուսին սպանելուց հետո, որոշել են նաև անհետացնել Հիսուսի մարմինը, Նրանից ոչ մի հետք չթողնելու մտադրությամբ: Հրեա իշխանավորները, մինչդեռ, այդ նույն կասկածն ունենում են Հիսուսի աշակերտների վերաբերյալ (հմմտ. Մտթ 28, 11-15): Հարության գերբնական իրականության դիմաց հայտնվելով՝ և՛ աշակերտները, և՛ հրեա իշխանությունները բնական բացատրություն են փնտրում այն փաստին, որի առաջ գտնվում են: Միմիայն աշակերտների սերն է հնարավորություն ստեղծում այդ պատնեշի գերազանցման համար:
 
20, 5 - «բայց ներս չմտավ». Թեև, ավելի երիտասարդ լինելով, կարողացել է ավելի արագ վազել և առաջինը հասնել գերեզման, այդուհանդերձ՝ աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, ներս չի մտնում, այլ՝ հարգանքով սպասում է Պետրոսին, որովհետև հանձինս նրա ճանաչում է Վեմին (հմմտ. Մտթ 16, 18+; հմմտ. նաև Հվհ 21, 15-17):
 
20, 6-8 - «տեսավ ու հավատաց». Հովհաննեսի հասկացողության մեջ ուղղակի առնչություն կա «տեսնելու» և «հավատալու» միջև. հավանաբար՝ տեսնելով, թե ի՛նչ վիճակում էին գտնվում կտավներն ու վարշամակը, և թե ի՛նչ ձևով էին դրանք ծալված, նա հասկանում է, որ դա Հիսուսն Ինքն է արել (գուցե Նա Իր զգեստները ծալելու մի ինքնատիպ ձև ուներ) և որ Նրա մարմինը չեն գողացել:
 
20, 9 - «դեռևս չէին հասկացել Գրվածքը». Ավետարանիչը ոչ մի կոնկրետ մեջբերում չի կատարում Հին Կտակարանի գրքերից, ընդամենը ուզում է ընդհանուր կերպով ընդգծել աշակերտների անպատրաստվածությունը՝ ըմբռնելու զատկական հայտնությունը, հակառակ այն բանի, որ իրենց ժողովարաններում փոքրուց ևեթ միշտ լսել էին Սուրբ Գրքերը (հմմտ. Ղկս 24, 27.32.44-45):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։