04բ-15. Աջակցողի գալուստը – Գրադարան – Mashtoz.org

04բ-15. Աջակցողի գալուստը

⁓ Հվհ 3, 18; 4, 26; 7, 33; 8, 21-24; 12, 31; 13, 33.36; 14, 1.5.16.26.28.30; 15, 22; 17, 10.12
≈ Ղկս 15, 31; Գրծ 5, 31; 8, 31; 24, 25; Հռմ 1, 8; 4, 25; 1Կր 3, 1; 14, 24; Եբր 4, 12; 5, 11; 1Հվհ 2, 27; Սղմ 25, 5; 86, 11
 
«Արդ, այս բաները ձեզ սկզբից ևեթ չասացի, որովհետև ձեր հետ էի:
5Այժմ, մինչդեռ, գնում եմ Նրա մոտ, Ով ուղարկել է ինձ, և ձեզնից ոչ ոք չի հարցնում ինձ. ''Ո՞ւր ես գնում'': 6Այլ՝ հակառակը, որովհետև այս բաներն ասացի ձեզ, տրտմությունը լցրեց ձեր սիրտը: 7Բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ. ձեր համար շահավոր է, որ ես գնամ. որովհետև, եթե ես չգնամ, Աջակցողը ձեր մոտ չի գա. իսկ եթե գնամ, Նրան ձեր մոտ կուղարկեմ: 8Եվ գալով՝ Նա ցույց կտա աշխարհի հանցավոր լինելը մեղքի հարցում, և արդարության հարցում, և դատաստանի հարցում: 9Մեղքի հարցում, այո՛, որովհետև չհավատացին ինձ. 10արդարության հարցում, ապա, որովհետև գնում եմ Հոր մոտ և ինձ այլևս չեք տեսնի. 11դատաստանի հարցում, նաև, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտվել է:
12Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց դրանց կշիռը կրելու ուժը դուք այժմ չունեք: 13Սակայն երբ կգա Նա՝ Հոգին ճշմարտության, Նա կառաջնորդի ձեզ դեպի ամբողջական ճշմարտությունը. հիրավի, Ինքն Իրենից չի խոսի, այլ՝ ի՛նչ որ լսի, ա՛յն կխոսի, և գալիք բաները ձեզ կավետի: 14Նա ինձ կփառավորի, որովհետև այն բաներից կվերցնի, որոնք իմն են, և դրանք ձեզ կավետի: 15Այն ամենը, ինչը որ Հայրն ունի, իմն է. դրա համար ասացի, որ այն բաներից կվերցնի, որոնք իմն են, և դրանք ձեզ կավետի»:
16, 4-6 - Այս հատվածի նախաբանը բազմաթիվ արտահայտություններ է կրկին գործածության բերում նախորդ ճառերից, կամ էլ՝ հակադրվում է դրանց. «սկզբից ևեթ չասացի» խոսքը (16, 4) կապակցվում է «այս բաներն ասացի ձեզ» խոսքին (14, 25; 15, 11; 16, 1.4). հակադրությունը աշակերտների միջև ներկա Հիսուսի և Նրա մոտալուտ մեկնումի միջև (14, 27-28.30; 16, 4-5). «սկզբից» խոսքը («ἐξ ἀρχῆς» - «էքս առխես». 16, 4) արտացոլում է «սկզբից ևեթ» խոսքի գաղափարը («ἀπ’ἀρχῆς» - «ապ'առխես». 15, 27). Հիսուսի խոսքերը, որ տրտմեցնում են աշակերտներին (16, 6), հակադրվում են 15, 11 տողին:
 
16, 5 - Դժվարությունը՝ հաշտեցնելու այս տողը Պետրոսի հարցի (13, 36) և Թովմասի խոսքերի (14, 5) հետ, ոմանց կարծել են տալիս, որ այս ճառը մի տեսակ հավաքածու է, որի մեջ կողք կողքի են դրվել հովհաննեսյան ավանդությանը պատկանող նյութերի տարբեր մասեր: Ուրիշներ, մինչդեռ, պնդում են, որ հակասությունը սոսկ կարծեցյալ է, քանի որ համատեքստն ամբողջովին ա՛յլ է. այստեղ Հիսուսը հետաքրքրված է Իր առաքելության եզրափակմամբ, մինչդեռ այնտեղ աշակերտները դեռ չէին հասել հարկավոր գիտակցությանը՝ խնդրի վերաբերյալ հարցեր տալու համար, և մինչև վերջ չէին հասկացել իրենց իսկ կողմից առաջ քաշված հարցը: Ինչպես նաև լիովին ընդունելի է կարծիքը, որ Հիսուսի խոսքը («ձեզնից ոչ ոք չի հարցնում ինձ») չի ասվում ընդհանուր առմամբ, այլ՝ վերաբերվում է միայն կոնկրետ այդ պահին:
 
16, 7 - «ճշմարտությունն». Հուն. «ἀλήθεια» - «ալեթեյա». Նշանակում է ճշմարտություն, բայց ո՛չ սոսկ խոսքերով արտասանված ճշմարտությունը, այլ՝ մտքի ճշմարտացիություն, իրականություն, անկեղծություն, բարոյական ոլորտի ճշմարտություն, մարդուն հայտնված աստվածային ճշմարտություն, ուղղամտություն: Հովհաննեսին շա՜տ հոգեհարազատ եզր է. Նոր Կտակարանում գործածվածության 109 անգամներից 45-ն իրենն են (25ը՝ Ավետարանում, 20ը՝ Նամակներում): ꟷ
- «շահավոր է». Հուն. «συμφέρει» - «սյումֆեռեյ». Բառացի՝ «բերել միասին», համադրել, զուգադրել այնպես, որ շահ, օգուտ կամ զարգացում ապահովվի: Հմմտ. 11, 50:
 
16, 8 - «ցույց կտա ... հանցավոր լինելը». Հուն. «ἐλέγξει» - «էլենքսեյ». Տե՛ս 8, 46+: ꟷ
- «արդարության». Փաստը, որ Հիսուսը գնում է Հոր մոտ (10), ցույց է տալիս, որ Նա Աստծո կողմից էր ուղարկվել, և որ, հետևաբար, անարդար է Նրան մահվան դատապարտելը:
 
16, 9 - Աշխարհի մեղքը անհավատությունն է, Աստծուն չվստահելը (8, 21. 24.46; 15, 22):
 
16, 10 - Պառակլետոսը բացահայտելու է իրավունքը, որ Հիսուսն ուներ՝ հռչակվելու «Աստծո Որդի» (հմմտ. 10, 33; 19, 7): Դրա փաստը լինելու է Հիսուսի «անցումը» Հոր մոտ (13, 1; 20, 17), որով ապացուցվելու է Իր երկնային էակ լինելը (6, 62):
 
16, 11 - Հիսուսի մահվան իմաստը, որ հայտնվելու է Պառակլետոսի կողմից, հիրավի գտնվում է սատանայի պարտության ու դատապարտման մեջ, որով նա կորցնում է աշխարհի վրա ունեցած իր անսանձ իշխանությունը. աշխարհի, որն այդուհետև ազատված է Քրիստոսի Արյամբ:
 
16, 13 - Հիսուսից՝ լավ Հովվից (10, 11-16), աշակերտների առաջնորդության առաքելությունն անցնում է «ճշմարտության Հոգուն»: Չի փոխվում առաքելությունը, փոխվում է միայն վկան, բայց շարունակվում է – մանավանդ թե՝ ավելի է խորանում – կապը Հիսուսի հետ, քանի որ այս նոր Առաջնորդը մշտապես հիշեցնում է «Ճանապարհը» («ὁδός» - «հոդոս» - «ճանապարհ»; «ὁδηγός» - «հոդեգոս» - «առաջնորդ»; «ὁδηγέω» - «հոդեգեօ» - «առաջնորդել»), որ Հիսուսն է (14, 6): ꟷ
- «դեպի ամբողջական ճշմարտությունը». Հուն. «ἐν τῇ ἀληθείᾳ πάσῃ» - «էն տէ ալեթեյա պասէ». Որոշ ձեռագրերում հանդիպում է «ամենայն ճշմարտությամբ» տարբերակը: Գրաբարում ևս. «առաջնորդեսցէ ձեզ ամենայն ճշմարտութեամբ»։ ꟷ
- «կավետի». Հուն. «ἀναγγελεῖ» - «անանգելեյ». «Անանգելլօ» բայը նշանակում է հռչակել ամբողջը, պատմել մինչև վերջ, հստակ կերպով միտք հայտարարել: Գրաբարում. «պատմեսցէ»։ Ավետարաններում գործածված է միայն Հովհաննեսի մոտ (5 անգամ. 4, 25; 5, 15; 16, 13.14.15):
 
16, 15 - «այն բաներից կվերցնի, որոնք իմն են». Հոգին փառավորելու է Հիսուսին՝ բացահայտելով Նրա խորհրդի հարստությունները: Հիսուսն Ինքը փառավորում է Հորը (14, 13; 17, 4): Հայտնությունը, հետևաբար, կատարյալ կերպով մեկ ու միասնական է. ծնունդ առնելով Հոր մեջ և իրագործվելով Որդու միջոցով, ամբողջանում է Հոգու մեջ՝ ի փառս Որդու և Հոր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։