01-11. «Ահա՛ մարդը» – Գրադարան – Mashtoz.org

01-11. «Ահա՛ մարդը»

→ Մտթ 27, 26-31; Մրկ 15, 15-20
⁓ Հվհ 1, 29.36; 3, 27; 5, 18; 8, 21.44; 10, 18.33-36
≈ Գրծ 2, 23; Ղևտ 24, 16; Իմս 6, 3; Ես 50, 6
 
1Այդ ժամանակ, ուրեմն, Պիղատոսը վերցրեց Հիսուսին և Նրան խարազանել տվեց: 2Իսկ զինվորները փշերից պսակ հյուսելով՝ Նրա գլխին դրեցին, և Նրա վրա որդան կարմիր գույնի թիկնոց գցեցին. 3և գալիս էին Նրա մոտ ու ասում. «Ողջո՜ւյն, Հրեաների Թագավոր»: Եվ Նրան ապտակներ էին տալիս: 4Իսկ Պիղատոսը դարձյալ դուրս ելավ և նրանց ասաց. «Ահա՛, ես նրան դուրս եմ բերում ձեր մոտ, որպեսզի իմանաք, որ ես նրա մեջ հանցանք չեմ գտնում»: 5Այնժամ Հիսուսը դուրս ելավ՝ փշե պսակն ու որդան կարմիր գույնի թիկնոցը հագին: Եվ [Պիղատոսը] նրանց ասաց. «Ահա՛ մարդը»: 6Երբ, այնժամ, քահանայապետներն ու ծառաները տեսան Նրան, գոռացին՝ ասելով. «Խաչի՛ր, խաչի՛ր»: Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք վերցրեք նրան և խաչեցեք, որովհետև ես նրա մեջ հանցանք չեմ գտնում»: 7Հրեաները պատասխանեցին նրան. «Մենք օրենք ունենք, և օրենքի համաձայն՝ նա պետք է մեռնի, որովհետև ինքն իրեն Աստծո Որդի հռչակեց»:
8Երբ, այնժամ, Պիղատոսն այս խոսքը լսեց, է՛լ ավելի վախեցավ, 9և դարձյալ ներս մտավ և Հիսուսին ասաց. «Որտեղի՞ց ես դու»: Բայց Հիսուսը պատասխան չտվեց նրան: 10Այնժամ Պիղատոսը Նրան ասաց. «Չես խոսո՞ւմ իմ հետ: Չգիտե՞ս, որ իշխանություն ունեմ քեզ ազատ արձակելու, և իշխանություն ունեմ քեզ խաչելու»: 11Հիսուսը պատասխանեց. «Դու ո՛չ մի իշխանություն բնավ չէիր ունենա իմ վրա, եթե քեզ տրված չլիներ ի վերուստ: Այդ իսկ պատճառով, ով ինձ հանձնել է քեզ, նրա մեղքն ավելի մեծ է»:
19, 1 - Պիղատոսը, թեև գտնում է, որ Հիսուսն անմեղ է, այդուհանդերձ՝ Նրան խարազանել է տալիս, հավանաբար հրեաների գութը շարժելու մտադրությամբ, կամ էլ – ինչպես կարելի է ենթադրել Ղուկասի վկայության հիման վրա (23, 22) – իր նպատակը եղել է հրեաների պահանջը մասամբ գոհացնելը՝ Հիսուսին պատժելով, որպեսզի դրանից հետո Նրան ազատ արձակի: ꟷ
- «վերցրեց». Հուն. «ἔλαβεν» - «էլաբեն». Բառացի՝ ստացավ, բռնեց: Այսինքն՝ հրեաների ձեռքից վերցրեց, ընդունեց (իրավական, դատավարական գործընթացի իմաստով):
 
19, 4 - «նրանց». Այսինքն՝ հրեա իշխանավորներին:
 
19, 5 - «Ահա՛ մարդը». Հուն. «Ἰδοὺ ὁ ἄνθρωπος» - «Իդու հո անթռօպոս». Որոշ ձեռագրեր, հավանաբար հաջորդ տողի հետ համաձայնեցնելու նպատակով, ավելացնում են «ձեզ»: Գրաբարը ևս. «Ահա այրդ ցձեզ»։
Եթե համատես երեք Ավետարանները Հիսուսի վերաբերյալ երբեք չեն գործածում «մարդ» եզրը, Հովհաննեսը դա անում է տարբեր ձևերով: Առաջին անգամ Սամարացի կնոջ շուրթերով (4, 29), ապա Նրան ձերբակալելու ուղարկված ոստիկանների (7, 46), ի ծնե կույրի (9, 11) և, ի վերջո, Կայիաֆասի (11, 50): Հիսուսն Ինքն էլ խոսում է Իր մասին որպես մարդու, և ասում է, որ «տալու է Իր մարմինը՝ աշխարհի կյանքի համար» (հմմտ. 6, 51): Բոլորն էլ արտահայտություններ են, որ ընթերցողին վերադարձնում են այն խոսքին, որ գրված է Ավետարանի Նախաբանում. «Բանը մարմնացավ» (1, 14), ինչը որ նշանակում է, որ Հոր Միածինը ստանձնեց մեր ողջ մարդկային տկարությունը: Եվ ահա՛ այս տկարության մեջ է, որ Ավետարանիչը տեսնում է Նրան, երբ Պիղատոսն ասում է. «Ահա՛ մարդը»: Ազատորեն ստանձնված այդ տկարության մեջ, սակայն, Նա պահպանում է Աստծո Միածին Որդու Իր ողջ արժանապատվությունը (հակադիր վիճակների միություն, որ արտահայտվում է «փշե պսակի» ու «որդան կարմիր գույնի թիկնոցի» համատեղությամբ):
Պատկերն է, նաև, յուրաքանչյուր մարդու. Աստծո պատկերն ու նմանությունը իր մեջ կրող (արքայական որդան կարմիր հագած), բայց միաժամանակ՝ մեղքի հետևանքով անկյալ ու աքսորի տառապանքները կրող (փշե պսակը) այս էակին ի տես, ամենայն ճշտությամբ կարելի է ասել. «Ահա՛ մարդը»:
 
19, 6 - «քահանայապետներն ու ծառաները». Հովհաննեսի ներկայացման մեջ ամբոխը լիովին բացակայում է և Հիսուսի դատապարտման ու մահվան միակ և ուղղակի պատասխանատուները քահանայապետներն ու իշխանավորներն են:
 
19, 7 - «հռչակեց». Հուն. «ἐποίησεν» - «էպոյեսեն». Բառացի՝ դարձրեց, սարքեց, շինեց (կուռքի նման): Գրաբար. «զանձն իւր որդի Աստուծոյ արար»։ Հմմտ. Ղևտ 24, 16:
Չկարողանալով համոզել Պիղատոսին քաղաքական տեսանկյունից դիտված, հրեաներն անցնում են կրոնական հիմնավորում տալու առ այն, թե ինչո՛ւ Հիսուսը պետք է մահապատժի ենթարկվի: Երբ այս հիմնավորումը ևս հաջողությամբ չի պսակվում, վերադառնում են քաղաքականին, այս անգամ անձնավորելով խնդիրը (12):
 
19, 9 - «Որտեղի՞ց ես դու». Պիղատոսի հարցը չի վերաբերվում Հիսուսի ծննդավայրին կամ բնակության հասցեին («Ո՞ր երկրից կամ ո՞ր քաղաքից ես»), այլ՝ թե «Ո՞րն է քո խորհրդավոր ծագումը, ո՞վ ես դու»: Կանայի բնակիչներից (2, 9), սամարացի կնոջից (4, 11), առաքյալներից (Մրկ 4, 41), ժողովրդի բազմությունից (6, 5; 8, 25), հրեա իշխանավորներից հետո (7, 25-29; 8, 14; 9, 29-30) Պիղատոսը ևս հայտնվում է Հիսուսի խորհրդի դիմաց (16, 28; 17, 25). խորհուրդ, որ ամբողջ Ավետարանի առանցքային թեման է (1, 13):
 
19, 10 - Որոշ ձեռագրերում հերթականությունը հակառակն է, նախ հիշվում է խաչելու իշխանությունը, ապա՝ ազատ արձակելու: Գրաբարը ևս այդպես է:
 
19, 11 - «ով ինձ հանձնել է քեզ». Այսինքն՝ հրեա իշխանավորները, ո՛չ թե ժողովուրդը, և մասնավորապես՝ Կայիաֆասը (11, 49-53; 18, 14), բայց նաև Հուդան (6, 71; 13, 2.11.21; 18, 2.5):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։