30-31. Ավետարանի շարադրման նպատակը – Գրադարան – Mashtoz.org

30-31. Ավետարանի շարադրման նպատակը

⁓ Հվհ 1, 12; 2, 11; 12, 37; 21, 25
≈ Գրծ 3, 16; Հռմ 1, 17; 1Հվհ 5, 13; 2Օր 18, 15; 34, 10-12
 
30Արդարև, բազմաթիվ ա՛յլ նշաններ էլ Հիսուսն Իր աշակերտների աչքի առաջ ճշմարտապես կատարեց, որոնք գրված չեն այս գրքում: 31Այս բաները, մինչդեռ, գրվեցին, որպեսզի դուք հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծո Որդին, և որպեսզի հավատալով՝ դուք կյանք ունենաք Նրա Անունով:
20, 30-31 - Մինչ ձեռագրերի մեծամասնությունը ներկայացնում է «որպեսզի դուք հավատաք» ընթերցումը, քիչ թվով հին ձեռագրերում հանդիպում է նաև «որպեսզի դուք շարունակեք հավատալ» տարբերակը, հասկացնելով, որ Ավետարանի ընթերցողները – և առաջին հերթին անդամներն այն համայնքի, որին է ուղղված Հովհաննեսի խոսքը – արդեն իսկ քրիստոնյաներ են, որոնց հավատքն այս գրության միջոցով ո՛չ թե պետք է ծնվի, այլ՝ ամրապնդվի (հմմտ. 19, 35):
Այս երկու տողերն, համենայն դեպս, մի ավարտական հորդոր են՝ բոլորին ուղղված, անմնացորդ կերպով ամբողջական վստահություն ունենալու Հիսուսի հանդեպ, Ով Իր երկրային ընթացքը կատարեց որպես Աստծո կողմից ուղարկված Միածին Որդին (1, 18) և բազմաթիվ «նշաններ» թողեց՝ ի վկայություն այս իրողության:
Միաժամանակ, չպետք է մոռանանք, որ բոլորի համար – հատկապես փորձությունների (հալածանքների) ժամանակ – հարկավոր է բավականաչափ արիությունն ունենալ՝ ամեն օր վերանորոգելու Տիրոջ հանդեպ սեփական հավատքը, «մնալով» Նրա մեջ (հմմտ. 1, 32+; 8, 31; 15, 4+-ի առաջին մասը):
 
20, 30 - «աչքի առաջ». Հուն. «ἐνώπιον» - «էնօպիոն». Միակ տեղն է Հովհաննեսի Ավետարանում, որ գործածված է այս եզրը: Հեղինակը կամենում է ընդգծել Առաքյալների ականատես վկաներ լինելու փաստը:
 
20, 31 - «կյանք ունենաք». Որոշ ձեռագրեր հավելում են «հավիտենական»: Գրաբարը ևս. «զկեանսն յաւիտենականս»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։