27-31. Քրիստոսի խաղաղությունը – Գրադարան – Mashtoz.org

27-31. Քրիստոսի խաղաղությունը

⁓ Հվհ 6, 38; 10, 18; 12, 31; 13, 2.19; 14, 1-3.6.18; 16, 4.14.33
≈ Մտթ 26, 46; Մրկ 14, 42; Ղկս 24, 52; Հռմ 5, 1; Եփս 2, 2.14-18; Փլպ 4, 7; 2Թղ 3, 16
 
27«Խաղաղությո՛ւն եմ թողնում ձեզ, ի՛մ խաղաղությունն եմ տալիս ձեզ: Ո՛չ ինչպես աշխարհն է տալիս, ես տալիս եմ ձեզ: Ձեր սիրտը թող որ չխռովվի և մի՛ վախեցեք: 28Լսեցիք, որ ես ասացի ձեզ. ''Գնում եմ, սակայն վերադառնալու եմ ձեր մոտ'': Եթե ինձ սիրեիք, կուրախանայիք, որ գնում եմ Հոր մոտ, որովհետև Հայրն ավելի մեծ է, քան ես: 29Իսկ ասացի ձեզ այժմ, նախքան կատարվելը, որպեսզի երբ կատարվի, հավատաք: 30Ավելի երկար չեմ խոսելու ձեր հետ, որովհետև գալիս է այս աշխարհի իշխանը. նա, սակայն, ո՛չ մի իշխանություն չունի իմ վրա: 31Բայց որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, ես ճիշտ այնպես եմ անում, ինչպես որ պատվիրել է ինձ Հայրը: Վե՛ր կացեք, գնա՛նք այստեղից»:
14, 27 - «Խաղաղությո՛ւն». Հուն. «εἰρήνη» - «էիռենէ». Խոսքը ներանձնական խաղաղության մասին է. եզրը նշանակում է նաև անդորր, հանգիստ, հոգեկան բարօրություն: Մարգարեներն ավետել էին խաղաղությունը՝ վախճանաբանական ժամանակների համար (հմմտ. Ես 9, 6; 52, 7; Զքր 9, 10; Միք 5, 9; և այլն), բայց խոսքն այստեղ աշխարհի դյուրաբեկ ու վաղանցուկ, արտաքին խաղաղության մասին չէ, այլ՝ հոգեկան անամպ անդորրի, որ կարող է վայելել միայն նա, ով լիակատար վստահությամբ գիտի, որ ճշմարտության ու կյանքի անշեղ ճանապարհի մեջ է (6): ꟷ
- «սիրտը». Որոշ ձեռագրերում հոգնակի է: Գրաբարում ևս. «սիրտք ձեր»։
 
14, 28 - «ասացի ձեզ». Հմմտ. 13, 33 և 14, 4: ꟷ
- «Հայրն ավելի մեծ է, քան ես». Հորը հավասար լինելով ըստ բնության (հմմտ. 10, 30+; 8, 24+), Որդին Նրա միևնույն փառքն ունի, որը սակայն, փրկագործության աստվածային ծրագրի համաձայն, քողարկված է (հմմտ. 1, 14+-ի երրորդ և չորրորդ մասերը). Հոր մոտ Իր վերադարձը կրկին հայտնի կդարձնի այն (17, 5; հմմտ. Փլպ 2, 6-9; Եբր 1, 3):
 
14, 30 - Խոսքը սատանայի մասին է, ով «այս աշխարհի իշխան» է անվանվում նաև 12, 31 և 16, 11 տողերում (տե՛ս 12, 31+): ꟷ
- «ո՛չ մի իշխանություն չունի իմ վրա». Բառացի՝ «ոչինչ չունի իմ մեջ»: Գրաբար. «եւ յիս ինչ ոչ գտանէ»։ Այսինքն՝ իմ մեջ չկա որևիցէ մի բան («մեղք». հմմտ. 8, 46), որը նրան տիրապետության իրավունք կտա իմ վրա:
 
14, 31 - Հոր հանդեպ Հիսուսի սիրալիր հնազանդությունը Հովհաննեսին բնորոշ թեմաներից է (հմմտ., օրինակի համար, 4, 34 և 8, 55 տողերը):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։