Հեղինակը – Գրադարան – Mashtoz.org

Հեղինակը

Նոր Կտակարանի գրքերից շատերի մեջ նշվում է տվյալ գրության մարդկային հեղինակի անունը (օրինակ, Նամակներում): Այս առումով հստակ ու միանշանակ ոչինչ ասված չէ, մինչդեռ, Ավետարանների և Գործք Առաքելոց գրքի վերաբերյալ: Խնդիրը կարող է աննշան թվալ, քանի որ այն, ինչը որ իրոք կարևոր է, այն է, որ այդ գրությունը որպես կանոնական ընդունված է Եկեղեցու կողմից, այսինքն՝ այդ գրքի աստվածային ներշնչվածության վերաբերյալ կասկածներ չկան: Այո՛, հիմնականում այդպես է. բայց և այնպես, իմանալը, թե ո՛վ է շարադրել աստվածաշունչ այդ գիրքը, զուրկ չէ որևէ հետաքրքրությունից, մանավանդ՝ երբ մարդկային հեղինակն ականատես վկան է եղել այն բաների, որոնք պատմում է: Է՛լ ավելի, երբ այն, ինչը որ պատմվում է, Հիսուս Քրիստոսի կյանքն է, Նրա ուսմունքը, Նրա Մահն ու Հարությունը: Այսպիսին է չորրորդ Ավետարանի պարագան, ուր ասվում է, որ «նա, ով տեսավ, վկայեց. և նրա վկայությունը ճշմարիտ է» (19, 35). ինչպես նաև. «Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, և որ գրի առավ այս բաները. և գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է» (21, 24):

Նոր Կտակարանի գրքերից մեկի հեղինակի անունն իմանալու համար հարկավոր է դիմել Եկեղեցու Ավանդությանը. Առաքյալներին անմիջական կերպով ժամանակակից կամ գրքի շարադրմանը ժամանակային առումով մոտիկ Ավանդությանը: Սրբազան Գրությունների վավերականությունը հետաքրքրում էր քրիստոնյաների առաջին իսկ սերնդին արդեն: Նրանք ապրում էին Քրիստոսի երկրային կյանքի տարիներին բավական մոտիկ ժամանակաշրջանում, իրար հետ խոսում էին այն անմիջականությամբ, որը բնորոշ է նրան, ով վերհիշում է քիչ ժամանակ առաջ կատարված դեպքերն ու իրադարձությունները՝ Նրա կյանքի անցուդարձերը Պաղեստինում, աստվածային Վարդապետի պատմական իրականությունը. նրանք հավատում էին Հիսուսի Աստվածությանը, քանի որ վկայված փաստերը – հրաշքները, մարգարեությունները և, հատկապես, փառավոր Հարությունը – հայտնում էին ակնհայտ կերպով, որ Նա Աստծո Որդին էր: Ուստի նաև պաշտպանում էին քրիստոնեական ճշմարտությունն ընդդեմ նրանց, ովքեր կասկածում էին. ապրում էին «պատրաստ՝ պատասխան տալու որևէ մեկի, ով կհարցներ իրենց հույսի պատճառը» (1Պտ 3, 15), հիմնվելով վկայությունների վրա նրանց, ովքեր անձամբ տեսել և լսել էին Քրիստոսին, քանի որ «ո՛չ թե հնարովի առասպելների ետևից գնալով է, որ ձեզ ճանաչել տվեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու գալուստը, այլ՝ որովհետև մենք իսկ ականատես եղանք Նրա մեծությանը» (2Պտ 1, 16):

Ավետարանի վերաբերյալ, որն այժմ մեզ հետաքրքրում է, պահպանվել են հնագույն վկայություններ, որոնք ցույց են տալիս այն մեծ հեղինակությունը, որ Հովհաննեսի Ավետարանը վայելում էր Երկրորդ դարի սկզբից ևեթ, քանի որ բառացի կամ իմաստային մեջբերումներ են կատարում չորրորդ Ավետարանից: Օրինակ, Իգնատիոս Անտիոքացին (†107-115) խոսում է Հոգու մասին, որ հայտնի չէ, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում[1], և ասում է, որ Բանը՝ Աստծո Որդին, ամեն ինչում կատարում է կամքը Նրա, Ով Իրեն ուղարկել է[2]. նաև Պողիկարպոսը, Փիլիպպեցիներին ուղղված Նամակում (մոտ 110), անուղղակի տարբեր խոսքեր է մեջբերում չորրորդ Ավետարանից, այնպես՝ ինչպես նաև Հուստինոսը (մոտ 150), երբ ասում է, որ հարկավոր է ծնվել ի վերուստ՝ կարողանալու համար մտնել Երկնքի Արքայություն[3]:

Տեղեկատվական այս տվյալներից բացի, ունենք ուղղակի վկայություններ, որոնք հաստատում են, որ չորրորդ Ավետարանը գրվել է Հովհաննես Առաքյալի կողմից: «Մուռատորյան կանոնը», որ գրվել է Հռոմում մոտավորապես 180 թվականին, պարունակում է մի Նախաբան ընդդեմ Մարկիոնի ու իր հետևորդների, ուր ասվում է, որ «Հովհաննեսի Ավետարանը Եկեղեցիներին տրվել է նույն ինքն Հովհաննեսի կողմից, մինչ նա ողջ էր, ինչպես որ հաստատում է Պապիաս Հերապոլսեցին»: Պապիասն ապրել է Առաջին-Երկրորդ դարերի միջև (վստահաբար ողջ էր 135 թվականին), և իր վերաբերյալ գիտենք, որ եղել է Հովհաննես Առաքյալի աշակերտը: Իր վկայությունը, հետևաբար, ամբողջովին յուրահատուկ արժեք է ներկայացնում:

Հովհաննեսի Ավետարանի վավերականության մասին է խոսում նաև Իրենեուս Լուգդունացին, ով ծնվել է 130 թվականին Զմյուռնիայում, ուր ճանաչել է Պողիկարպոսին, ով, Տերտուղիանոսի վկայության համաձայն, այդ քաղաքի եպիսկոպոս է կարգվել անձամբ Հովհաննեսի կողմից: Իրենեուսը բառացի ասում է, որ «Հովհաննեսը՝ Տիրոջ աշակերտը, – այն աշակերտը, որ հանգչեց Նրա կրծքին, – Ավետարանը հրապարակեց այն ժամանակ, երբ բնակվում էր Ասիայի Եփեսոս քաղաքում»[4]: Այս վկայությունը վճռական արժեք ունի, եթե հաշվի ենք առնում Պողիկարպոսի հետ ունեցած Իրենեուսի հարաբերությունները:

Իր «Եկեղեցական պատմություն» աշխատության մեջ[5] Եվսեբիոսը հիշատակում է վկայությունը Կղեմես Ալեքսանդրացու, ով գրի է առել մի ավանդություն, որի համաձայն՝ Հովհաննեսն իր Ավետարանը շարադրել է վերջինը, երբ մյուս հեղինակներն արդեն գրի էին առել Հիսուսի մասին իրենց հուշերը: Պահպանվել է նաև Ստիրիայի Պետտաու քաղաքի եպիսկոպոս Վիկտորինուսի վկայությունը՝ մոտ 305 թվականի[6]: Չորրորդ դարից սկսած, ապա, բազմաթիվ ու միշտ միաձայն են վկայությունները, որոնք Հովհաննես Առաքյալին են վերագրում Ավետարանը, որ կրում է իր անունը:

Գրքի ներքին վերլուծությունը հաստատում է այն, ինչ ասում է Ավանդությունը: Չորրորդ Ավետարանում պարունակված ուսմունքային ընդարձակ զարգացումներն արդարև մատնանշում են, որ իրենց մարդկային հեղինակը մեկն է, ով երկար ժամանակ ապրել ու մտորել է այն բաների շուրջ, որ պատմում է Հիսուսի ու Նրա ուսուցումների մասին: Մյուս կողմից, կան բազմաթիվ մանրամասնություններ, որոնք կարող են բացատրվել միայն այն դեպքում, եթե ընդունվում է, որ չորրորդ Ավետարանի հեղինակը Հովհաննես Առաքյալն է: Օրինակ, մինչ Հիսուսի Նախակարապետը համատես երեք Ավետարաններում անվանվում է Հովհաննես Մկրտիչ, չորրորդ Ավետարանում անվանվում է պարզապես Հովհաննես: Համատես Ավետարանների հեղինակները հարկադրված էին ընդգծել Մկրտիչ անունը, որպեսզի չշփոթեին Հովհաննես Առաքյալի հետ, մինչդեռ չորրորդ Ավետարանում այդ խնդիրը չկա, քանի որ Ավետարանիչը երբեք չի հիշատակում իր անունը:

Ինչպես նաև, Ավետարանից իսկ գիտենք, որ իր հեղինակը Հիսուսի սիրելի աշակերտն է (հմմտ. Հվհ 21, 24), և որ Տասներկու Առաքյալներից մեկն է, քանի որ նրանց հետ էր, երբ Հարուցյալ Հիսուսը երևաց նրանց Տիբերական լճի ափին (հմմտ. Հվհ 21, 7.20-23): Արդ, համատես Ավետարաններից գիտենք, որ Հիսուսը որոշակի նախասիրություն ուներ Առաքյալներից երեքի հանդեպ, որոնց ընտրել էր, որպեսզի տեսնեին Իր փառքն (հմմտ. Մտթ 17, 1-2) ու Իր տառապանքը (հմմտ. Մրկ 14, 33): Այդ երեք Առաքյալները Պետրոսը, Ավագ Հակոբոսն ու Հովհաննեսն էին: Այս երեքից մեկն է, հետևաբար, Հիսուսի սիրելի աշակերտը, որ գրել է չորրորդ Ավետարանը: Դա չի կարող Պետրոսը լինել, քանի որ նրան տարբեր առիթներով տեսնում ենք հենց սիրելի աշակերտի ընկերակցությամբ (հմմտ. Հվհ 20, 2-10; 21, 7.20-22): Հակոբոսն էլ չի կարող լինել, քանի որ նա մարտիրոսացել է մոտ 40 թվականին (հմմտ. Գրծ 12, 2), իսկ չորրորդ Ավետարանը գրվել է Առաջին դարի վերջին տասնամյակում: Մնում է, ուստի, Հովհաննես Առաքյալը:

Գրական բազմաթիվ տեսանկյուններ հաստատում են Ավետարանի հեղինակային վերագրման վավերականությունը: Տեսանելի է, որ այդ էջերի հեղինակը հրեա է, ով մանրակրկիտ եղանակով ծանոթ է հրեական սովորույթներին ու հետաքրքրված է հրեական տոնակատարություններով: Մոտիկից ծանոթ է Պաղեստինի աշխարհագրությանը և տեղագրական բազմաթիվ մանրամասնություններ է հիշատակում (հմմտ., օրինակ, Հվհ 1, 28; 3, 23; 4, 5-6; 10, 22; 11, 18): Գրության ոճն իր վրա կրում է սեմական լեզվամտածողության կնիքը:

Բոլոր այս պատճառները համադրելով, Եկեղեցին միշտ հետևել է ավանդական տվյալներին, որոնք միաբերան հաստատում են, որ չորրորդ Ավետարանի հեղինակը Հովհաննես Առաքյալն է[7]:

[1] Նամակ Ֆիլադելֆիացիներին, 7, 1; հմմտ. Հվհ 3, 8.
[2] Հմմտ. Հվհ 1, 1; 7, 28; 8, 29.
[3] Հմմտ. Հվհ 3, 5.
[4] Ընդդեմ հերետիկոսությունների, III, 1, 1.
[5] Եկեղեցական պատմություն, VI, 14, 5-7.
[6] Հայտնության մեկնություն, 11, 1.
[7] Enchiridion Biblicum, 180-182, 200-202, 475, Napoli-Roma 1961.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։